Sunday, August 29, 2010

ԳԻՇԱՆԳՂՆԵՐԸ

Նախօրեին ավարտվել է տարվա նոմենկլատուրային ամենանշանակալի իրադարձությունը` «Բազե» երիտասարդական հավաքը, որի հովանու ներքո Ծաղկաձորում չորս օր շարունակ առանց հանգստի ու դադարի «ինտեգրվում էին» քաղաքական մի քանի կուսակցության երիտթևեր: Ամենամյա այս միջոցառումն իբր միտված է համախմբել քաղաքական տարբեր հայացքներ ու դիրքորոշումներ ունեցող երիտասարդների, դարձնել նրանց մի կուռ ամբողջություն և ձևավորել քաղաքացիական հասարակության կորիզը:

Համենայնդեպս, այսպիսի եզրակացության կարելի է հանգել միջոցառման կազմակերպիչների հարցազրույցներից: Դե իսկ հավաքի կարգախոսն ուղղակի չքնաղ է և ցնցող` «Համախմբված երիտասարդություն` կայուն զարգացող ապագա»: Ավելին, «բազեականներին» իրենց բարձրաշուք ներկայությամբ և հուզիչ ելույթներով հարգել- պատվել են այնպիսի կարկառուն նեոնժդեհականներ, ինչպիսիք են նախագահն ու վարչապետը` ընդ որում վերջինն այս անգամ նույնպես չի կարողացել շրջանցել գիտելիքի կարևորության հոշոտված ու բազմաչարչար թեման: Մի խոսքով, ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես նախորդ անգամ, երբ պետության ուշադրության կենտրոնում էին «Միասին» շարժման երևելի անդամները. բազում գեղեցիկ ճառեր, լավատես բարեմաղթանքներ ու դիտարկումներ, պարզագույն ճշմարտությունների արձանագրումներ (գիտելիքի կարևորություն և այլն...), երկրի ապագան մի աննախադեպ լուսավոր ու հարթ ուղիով տանելու խոստումներ:
Բան չունեմ ասելու, երկրի ապագան հենց երիտասարդությունն է, որ կա: Իսկ եթե այն համախումբ է, ապա ազգը բառացիորեն դատապարտված է կայուն զարգացող ապագայի: Ուղղակի ողջ հարցն այն է, թե պետությունը և հասարակությունն ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ համախումբ և օրինապաշտ երիտասարդության ձևավորման համար:
Օրինակ, մեր իշխանավորները խորին համոզմունք ունեն, որ կարելի է տարին մի երկու հավաք կազմակերպել, համայն Հայաստանից հավաքել մի քանի հարյուր երիտասարդի, նրանց կյանքից մի քանի օր դարձնել մշակութա-սպորտային, նախագահի և վարչապետի մակարդակով խելամիտ ելույթներ մատուցել, և, ահա խնդրեմ, պետության հզորության և ազգի բարեկեցության գաղափարով տոգորված միահամուռ երիտասարդության սլացիկ շարքերը Սևանից և Ծաղկաձորից կհոսեն Երևան` կառուցելու աշխարհի ամենաքաղաքացիական հասարակությունը: Ըստ իս, սրանից բթամտության սուր հոտ է փչում…
Ինչքան էլ տխուր հնչի, բայց օրինապաշտության և քաղաքացիականության մասին դատարկաբանությամբ սնուցված գլուխները տարվա մնացյալ 360 օրը «հագենում» են քաղաքական անբարոյականության, կաշառակերության, պետական մակարդակով իրականացվող գանձագողության, գիտության և գիտելիքի նկատմամբ ամենանողկալի վերաբերմունքի ցայտուն դեպքերով, և ահա հենց այս միջավայրն է ձևավորում երիտասարդի կամ էլ ապագա քաղաքական գործչի իրական աշխարհաընկալումն ու մտածողությունը: Իսկ այդ խղճուկ չորս կամ հինգ օրը ոչ այլ ինչ են, քան աննշան կաթիլ համաշխարհային ջրոլորտում, նամանավանդ որ մասնակիցների թիվն ընդամենը 300-ն էր (կարծես թե, Հայաստանի երիտասարդությունը հենց 300 հոգի է):
Մի՞թե հայաստանյան իշխանավորները չեն ընկալում այս պարզագույն ճշմարտությունը, առավել ևս որ «պետականակերտ» հավաքները կազմակերպվում են ռեժիմի սպասարկու կառույցների, այսինքն նույն իշխանավորների միջոցներով: Չէ՞ որ ուղղակի աննպատակահարմար է գումարներ վատնել ինչ-որ նախագծերի վրա, որոնք էական ոչ մի նպաստ չեն բերելու իրենց հռչակած նպատակների իրագործմանը (համախումբ երիտասարդություն կամ էլ գիտահեն հասարակություն): Չէ՞ որ կարելի է այդ գումարներն առավել արդյունավետորն իրացնել (օրնակ Yerevan-City-ի մի նոր մասնաճյուղ գործարկել, կամ էլ, ինչու չէ, գեղեցիկ մի բանկ, որ չլսված տոկոսներով կծծի ազգի արյունը):
Խնդիրն այն է, որ իրականում այդ նախագծերը շատ էլ լավ ծառայում են նպատակին և նախանձելի ճշգրտությամբ կատարում իրենց առաքելությունը, ուղղակի իրական նպատակները քողարկվում են «համախումբ երիտասարդություն», «կայուն ապագա» և նմանատիպ այլ շքեղաշուք բառակապակցությունների շղարշով: Իսկ քողածածկույթը ցրելիս պարզ կդառնա, որ թե «Բազեն», թե «Միասինը» թե մնացյալ նման «ենթակառուցվածքները» ոչ այլ ինչ են, քան լաբորատորիա, որտեղ ընթանում է ազգի նոմենկլատուրայի արտազատումը, նոմենկլատուրա, որ տարիներ անց պետք է դառնա ռեժիմի ապավենն ու հենարանը հասարակության շրջանում: Այնպես որ, սրանք բոլորն էլ իմաստալից և շրջահայաց միջոցառումներ են` միտված ստեղծելու «կայուն զարգացող ապագա», ուղղակի «կայուն զարգանալու է» ոչ թե Հայաստան աշխարհը, այլև դրա աննշան հատվածը, որին սովորաբար անվանում են գանձագող-իշխանություն:

Շաբաթ ուշ գիշեր, Հայկ
--

4 comments:

  1. Միշտ գիտեք ինչից եմ զգուշացել, եթե ոչ վախեցել, որ մեր պետությունը պետություն չի դառնա, քանի դեռ գործում են ժառանգականության այսօրվա պատկերացումները։ 2006-ի աշնանն էր, մինչև գիշերվա հազարը մի քանի հոգով գյալաջի էինք անում, թե սերնդափոխությունը կօգնի միայն երկիրը խելքի բերել, բայց տխուր մի զգուշացմամբ, որ առ այսօր հաջորդում է այն սերունդը, որը ներկաների արժեքների կրող է։ Իհարկե, արժեքների իրավահաջորդությունն ու ժառանգականությունը ինքնին վատ բան չէ, խնդիրն այն է, թե ինչպիսին են այդ արժեքները։ Ժողովրդական իմաստությունն ասում է՝ «Էծն իծուն ավելի լավ է, քան սուրում օչխարը»։ Հաջորդ իշխանավորները հենց այդ գիշանգղներն են լինելու, հույսով, որ անգղությունը մի փոքր քիչ կլինի նրանց մոտ ։)))

    ReplyDelete
  2. Samvel Karabekyan04 March, 2011 18:53

    "...թե «Բազեն», թե «Միասինը», թե մնացյալ նման «ենթակառուցվածքները» ոչ այլ ինչ են, քան լաբորատորիա, որտեղ ընթանում է ազգի նոմենկլատուրայի արտազատումը"

    ReplyDelete
  3. Marat Yavrumyan04 March, 2011 18:53

    Բա վերնագիրը !!!! Սպանեց!!!

    ReplyDelete
  4. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ReplyDelete