Չեք հավատա, բայց, այն, ինչ կարդում եք, գրվել է երազում։ Նոր քնել էի, երբ կարծես ինչ-որ բան հրեց-պոկեց ինձ ներքևից, և զգացի, որ կտրուկ վեր եմ խոյանում։ Ենթագիտակցության մի ծայրով հասկացա, որ դեռ քնած եմ, և անհանգստանալու կարիք չկա՝ պարզապես երևի մի երազ է սկսվում, ու պատրաստվեցի հարմարավետ դիրք ընդունելով հետևել իրադարձությունների զարգացմանը։ Նույնիսկ կատակով հասցրեցի մտածել՝ չլինի՞ Մուհամմադ մարգարեի պես Երուսաղեմ գիշերային ճամփորդություն է սպասում ինձ ։)
Իսկապես, շուտով զգացի, որ բարձր, շատ բարձր եմ արդեն սավառնում։ Մեկ էլ կտրուկ կանգառ և անշարժություն։ Ինչ-որ բան սկսեց հոսել վրայիցս, ու հասկացա, որ ժամանակն է հոսում՝ ժամանակի բջիջները արագորեն տեղաշարժվում էին՝ տարբեր համակցություններ կազմելով՝ խճանկարի պես։ Տարբեր ծանոթ ու անծանոթ տեսարաններ, իրադարձություններ, որոնց ականատեսը երբեք չեմ եղել, հետո տեսարաններ, որտեղ ինքս ինձ նկատեցի։ Ես հետևում էի այդ տեղաշարժերին մինչև հասկացա՝ ինքս դարձել եմ ժամանակի մի մեքենա, որն ինձ հետ-ու-առաջ է տանում՝ ցուցադրելով իր ողջ կատարելությունը։ Պատկերներն այնքան արագ էին փոխվում, որ ակամա լարվում էի, որ հասցնեմ տեսնել ու ճանաչել-հասկանալ-գուշակել, թե որտեղ եմ հայտնվում, բայց պետք է խոստովանեմ, որ ավելի հետաքրքիր՝ գիշերային աստղաշատ երկնքի տեսարանից առաջացող տագնապալի զգացում երբեք չէի տեսել։ Ահա տեսնում եմ աստեղային պահերի ճիշտ այն համակցությունը, որը երբեք իրական կյանքում չեմ գտնի, բայց... բայց չեմ հասցնում՝ ժամանակի ակնթարթներն արդեն վերադասավորվել են... Մեկ էլ հանկարծ ժամանակը կանգնեց ու մի ափսե հայտնվեց առջևս՝ հին մի մուլտֆիլմից՝ «Аленький цветочек», և այդ նույն անդրշիրիմյան ձայնը ասաց՝ «Узнаёшь берег родимый?»: Վերադարձի մութ նախազգացումով նայեցի ափսեի մեջ, և ամեն ինչ նույնն էր.
...Սեպտեմբերյան արևով պատված սպիտակ քարե շենք, մուտքի մոտ դրված աթոռի վրա կախված չորանում է պահակներից մեկի վերնաշապիկը։ Անկյունի ստվերում շուն է պառկած։ Ճաքճքած դուռը բաց է, որ զսպանակը չփակի՝ քար է դրված։ Դռան ետևից շխքշխքոց է լսվում՝ նարդի են խաղում։ Վերևի հարկերում դռներ են ճռճռում, դռների ետևում դժգոհ դեմքեր, սեղանին՝ թափված ու չորացած սուրճ։ Արևադարձային բուսականություն հսկայական տակառներով դրված քանդված հատակին։ Կիսաշագանակագույն պատերին կիսապոկված հայտարարություններ և հրամաններ...
Ես շտապեցի շրջել հայացքս՝ պարզ էր. մեր մասնաշենքն էր։ Ժամանակն այստեղ կանգնել էր։
Հ.Գ. Իսկ «Լա՛վ կլինի», թե «Լավ չի՛ լինի»՝ մենք պիտի որոշենք։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե կկարողանա՞նք արդյոք տեղից պոկել ժամանակի մեքենան։ Պարզ ասած՝ «խոդի տալ»...
Այսպիսի երազներ կիրակի գիշերը։
--
Սիրելի Ս.Բ., լավ կլինի երևի միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս որոշենք, որ արդեն լավ է։ Ռեֆլեքսիայի խնդիր է, կարծում եմ, ոչ օբյեկտի։ Չնայած ով իմանա։))
ReplyDelete