Tuesday, August 10, 2010

CONSUMER SOCIETY ԿԱՄ ԷԼ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ

Այս գրառումն էլ նոր չէ. գրվել է մոտ երկու ամիս առաջ: Սակայն քանի որ բլոգի ու Facebook-ի «լսարանները» տարբեր են, ապա ուզում եմ տեղադրել նաև այստեղ: Գրառումը երկար է, շատերին միանշանակ անհետաքրքիր կթվա, բայց, կարծում եմ, արժե ընթերցել, նամանավանդ որ թեման խորհրդածությունների տեղիք է տալիս:

ԱՄՆ-ում բնակվում է մի փիլիսոփա-քաղաքագետ՝ Ֆրենսիս Ֆուկույաման, որն աշխարհին առաջին անգամ իր մասին հայտնեց 1992 թ.՝ հրատարակելով "Պատմության ավարտն ու վերջին մարդը" աշխատությունը։ Լինելով նեոհեգելական (ոմանց համար էլ պսևդոհեգելական)՝ Ֆուկույաման գրքում զարգացնում է Հեգելի «պատմության ավարտի» տեսությունը՝ պայմանավորելով այն ազատական գաղափարների ու ժողովրդավարական կարգի անթերիությամբ և ունիվերսալությամբ։
Նշեմ, որ «պատմության ավարտ»-ի տակ հարկ է հասկանալ ոչ թե մարդկության կործանում կամ էլ ժամանակի կանգառ, այլ որ այլևս չի լինի պրոգրես հասարակության կառուցվածքի սկզբունքների և ինստիտուտների փոխակերպան գործընթացում, քանի որ բոլոր հիմնական խնդիրները կլինեն լուծված։
Այսինքն, ազատականությունը (լիբերալիզմ) կդառնա մարդկության գաղափարական էվոլյուցիայի վերջնակետը, իսկ ժողովրդավարությունը՝ մարդկային հասարակության կառավարման վերջնական ձև։ Այլևս չեն լինի անցումներ մի համակարգից մյուսը, շարժումը կդառնա անհնար (կամ, եթե կուզեք, կլինի շարժում ըստ շրջանի)։ Նոր որակներն այլևս անհնար են, կա միայն կանխիկ քանակի փոփոխություններ։
Ֆուկույաման մեծ փիլիսոփա է և, ի տարբերություն հայ քաղաքական մտքի տիտանների, յուրաքանչյուր միտք և դատողություն կառուցում է դասական տրամաբանության բոլոր կանոններով, կատարում վերլուծություններ, որոնց խորությամբ կարելի է միայն հիանալ, ինչպես հարկն է հղումներ է անում փիլիսոփայության, քաղաքագիտության և հասարակագիտության այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են Հեգելը, Կանտը, Էդմունդ Գուսերլը, Առնոլդ Թոյնբին, Ալեքսիս դե Տոքսվիլը, Ալեքսանդր Կոժևը (Kojeve) և այլք, ուստի շատ դժվար է բանավեճի մեջ մտնել նրա հետ։
Ինչևէ, դրա կարիքն էլ չկա (մանավանդ, որ դրանով արդեն իսկ զբաղվում են ոչ այնքան լիբերալ հայացքներ ունեցող գիտնականները), քանի որ Ֆուկույամայի ստեղծագործության քաղաքագիտական արժեքը կամ էլ փաստերի հավաստիությունը չէ, որ ինձ այս պահին հուզում է, իսկ այս ամենի շարադրանքն անհրաժեշտ էր որպես ներածական հենարան։
Փաստելով պատմության մոտալուտ ավարտը՝ Ֆուկույաման, ըստ էության, որևէ հեղափոխական միտք չի արտահայտում, քանի որ «վախճանաբանական» նման տեսություններ նրանից շատ առաջ արդեն շրջանառության մեջ էին դրել Հեգելը, այնուհետև Կարլ Մարքսը։ Վերջինս համաշխարհային պատմական գործընթացի շարժիչ էր համարում դասակարգային պայքարը, որի հաջողություններին էլ զուգահեռ տրանսֆորմացվում էին հասարակարգերը, որոնց պսակն էր լինելու կոմունիստական հասարակությունը։ Դրա գալուստով կհաստատվեր պրոլետարիատի բռնապետություն, դասակարգերն ընդհանրապես կվերանային, և քանի որ պատմության շարժիչ ուժը հենց դասակարգերի պայքարն էր, ապա դրանց անհետացմամբ կանգ կառներ նաև պատմությունը։ Հեգելը, իհարկե կոմունիստ չէր, և ոչ էլ համակրանք էր տածում պրոլետարիատի ու բանվոր խաժամուժի նկատմամբ։ Նա նույնպես պատմության ընթացքի հունը փնտրում էր դիալեկտիկայի հարթությունում, բայց ոչ թե մատերիալիստական, այլ իդեալիստական։
Ըստ Հեգելի, մարդը նման է կենդանու, ունի բիոլոգիական նույն պահանջերը՝ ուտելիք, ջուր, կացարան և ի վերջո ինքնապահպանման բնազդ։ Սակայն մարդը կենդանուց արմատապես տարբերվում է նրանով, որ բացի այս ամենից, նա ձգտում է լինել նաև «ճանաչված»։ Մասնավորապես, ցանկանում է, որ իրեն մարդ ճանաչեն, այսինքն էակ, որն ունի որոշակի արժանապատվություն ու կարգավիճակ, և հենց այդ ցանկությունն է, որ մարդուն մղում է առաջ, ստիպում գործել և արարել։ Կենդանիներից միակը մարդն է, որ պատրաստ է հաղթահարել ամենաուժեղ կենդանական բնազդը՝ ինքնապահպանման մղումը, վտանգել կանքը հանուն վերացական գաղափարների և ոչ նյութական արժեքների։
Մի խոսքով, մարդն ապրում է և ընթանում առաջ, որպեսզի բավարարի «ճանաչված» լինելու իր ցանկությունը, ունենա իրավունքների և ազատությունների հստակ ամրագրված մի շրջանակ, որոնց շնորհիվ կկարողանա բավարարել բնազդներից ուժեղագույնը՝ հասարակության մեջ մարդ զգալու և այլոց կողմից ազատ և հավասար ճանաչվելու ցանկությունը։ Ահա այս համամարդկային ձգտումն էր ընկած հասարակության առաջընթացի հիմքում։
Անտիկ Հունաստանում դիալեկտիկան դրսևորվում էր ազատ հույների և ստրուկների միջև դիմակայությամբ, Հին Հռոմում պայքարն ընթանում էր պլեբսի և պատրիկներ միջև, ֆեոդալական Եվրոպայում քաղաքային բնակչության, ավատատերերի և նրանց հպատակակների միջև անտագոնիզմն էր համաշխարհային-պատմական գործընթացի խթանը։ Ինչպես տեսնում եք, շարժման սկզբնապատճառը մարդկանց մի խմբի՝ ազատության և հեղինակության հասնելու և սեփական ինքնագնահատականին համապատասխան կյանք ստեղծելու ձգտումն էր և դրանից բխող պայքարն ու փոփոխությունների ցանկությունը։ Պետական այս բոլոր կարգերն ու հասարակության կառուցվածքի ձևերը ապահովում էին մարդկանց միայն մի հատվածի «ճանաչված» լինելու պահանջի բավարարումը, ինչն անխուսափելիորեն պետք է պայքար ծներ, գործարկեր դիալեկտիկայի օրենքները և ի վերջ հանգեցներ համակարգային փոփոխությունների։
Անցան դարեր, Եվրոպայի տնտեսական և քաղաքական աշխարհագրությունը ենթարկվեց բազմաթիվ փոփոխությունների, եկավ 1789 թ.։ Սկսվեց Ֆրանսիական Մեծ Հեղափոխությունը՝ իր հետ բերելով հավասարության, եղբայրության և ազատության գաղափարները, որոնք կարճ ժամանակ անց ստացան համապատախան իրավական ձևակերպումները և կիրառվեցին պետական մակարդով։ Ավարտվեց «ճանաչված» լինելու համար մղվող դարավոր պայքարը, մարդկությունն ի վերջո հասավ իր գերնպատակին, ստեղծեց պետության և հասարակության մի կատարյալ մոդել, որը բոլոր մարդկանց արժանապատիվ գոյակցության և հոգևոր պահանջները բավարարելու հնարավորություն տվեց։ Սա Հեգելին հիմք տվեց եզրակացնելու, որ քանի որ այլևս չկա պատմական պրոցեսը գործարկող սկզբնապատճառը, մարդկությունն արդեն գտել է այն, ինչը դարերի ընթացքում կանխորոշում էր նրա քայլերը, պատմությունը մի որոշ ժամանակ անց կավարտվի, իսկ ողջ աշխարհում կհաստատվեն Մեծ Հեղափոխության կարգախոսներն օբյեկտիվ իրականության մեջ իրագործող պետական լիբերալ ռեժիմներ։
Ֆուկույաման ելակետային է ընդունում այս դրույթները՝ միաժամանակ օգնության կանչելով լիբերալիզմի անգլոսաքս դպրոցի (Ջեֆերսոն, Մէդիսոն) տեսությունները, ըստ որի մարդիկ ձգտում են ապրել այնպիսի համակարգում, որ թույլ կտա ամենաարդյունավետ ձևով իրագործել հարստություն կուտակելու և տնտեսական պոտենցիալն իրացնելու ցանկությունը։ Այդպիսին կարող է լինել միայն լիբերալ-ժողովրդավարական պետությունը՝ իր մշտական ուղեկից ազատ շուկայի հետ, որը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հասարակության տնտեսական կազմակերպման լավագույն լուծումն է։ Այսպիսով, մարդկությունը հատել է իր հասարակա-քաղաքական էվոլյուցիայի վերջնագիծը և դատապարտված է առանց փոփոխությունների ապագայի։ Պատմությունն ավարտվեց։ Հենց այս կետից է, որ սկսվում է ամենահետաքրքիրն ու ուշագրավը՝ Consumer society երևույթի ծնունդը։
Դարերի ընթացքում մարդն անընդհատ փնտրում էր և պայքարում։ Պատմության շրջապտույտն իր հետ բերում էր նախադեպը չունեցող փոփոխություններ, որոնք կերտում էին հենց նույն մարդիկ՝ ձգտելով բավարարել «ճանաչված» լինելու բնազդը։ Մղվում էին պատերազմներ, ստեղծվում և կործանվում կայսրություններ, մի համակարգին փոխարինելու էր գալիս մեկ այլը։ Կարճ ասած ամեն ինչ գտնվում էր շարժման մեջ, շարժվում էր հենց նույն մարդը, որն իր կյանքի իմաստը տեսնում էր իր ինքնագնահատականը բարձրացնելու, այլոց կողմից իր արժանապատվությունն ու բացառիկությունը ճանաչելու մեջ։
Շուտով այդպես էլ չի լինի։ Շուտով ողջ աշխարհը կընկղմվի լիբերալ կոմֆորտի ու անվտանգ և արժանապատիվ, բայց միաժամանակ առանց շարժման ու ձգտումների կյանքի մեջ։ Ավելի ճիշտ ձգտումներ կլինեն, բայց ինչպես ասում է Ֆուկույաման, անցյալի փառքի ու ճանաչման ձգտմանը փոխարինելու է եկել տնտեսական արդյունավետության մոլուցքը։ Լիբերալ պետության ստանդարտ քաղաքացին այլևս չունի «ճանաչվելու», սեփական արժեքավորությունն ուրիշների առջև ապացուցելու, արժանապատիվ գոյակցությունը պայքարով նվաճելու անհրաժեշտություն։ Այժմ այդ ամենն ապահովված է քաղաքացու անօտարելի իրավունքները պաշտպանող օրենքներով և դրանք պահպանող պետական ինստիտւտներով։ Նիցշեն, ի տարբերություն Հեգելի, ասում էր, որ ժամանակակից դեմոկրատիան ոչ թե անցյալի ստրուկների ազատագրում է, այլ ստրուկի և ստրկամտության անխոս ու վերջնական հաղթանակ։ Ըստ նրա, լիբերալ ժողովրդավարական պետությունը ճզմում է մարդու ես-ը, տարրալուծում նրան միատարր գորշ զանգվածում, սպանում վեր բարձրանալու, պայքարելու և սեփական բացառիկությունը վերահաստատելու ցանկությունը, փոխարենը մարդուն մղելով անվտանգ և հարմարավետ, բայց միաժամանակ «բույսային» և արգահատելի կենսակերպի եզրերը։ Դժվարանում եմ ասել, արդյոք ճիշտ է նման ձևակերպումը, արդյոք մարդիկ պետք է ապրեին հավերժական պայքարում, առաջնորդվեին ուժի և ամենաթողության, թույլի նկատմամբ ուժեղի բռնապետության սկզբունքներով (հենց դա էր քարոզում Նիցշեն, ուղղակի մատուցելով սարսափելի գայթակղիչ և մարդկային հոգու ամենանուրբ լարերին դիպչող ձևակերպումներով), բայց փաստը մնում է փաստ, որ այսօր աշխարհը կանգնած է Consumer society տրամաբանությամբ վերակառուցվելու հեռանկարի առջև։ Թե ինչ է Consumer society-ի քաղաքացին, կարելի է հասկանալ հայացք նետելով Արևմուտք, որտեղ ազատական գաղափարներն արդեն տասնմյակներ է ինչ հաղթարշավ են արել, դարձել հանրային գիտակցության մաս, ներդրվել պետության հիմքերում։ Այսօրվա եվրոպացին/ամերիկացին աշխահը տեսնում է նյութական բարիքներ կուտակելու, հնարավորինս շատ վայելքների հնարավորություն ձեռք բերելու և հարմարավետ ու առանց ցնցումների կյանք ապահովելու պրիզմայով։ Միաժամանակ վերանում է բարոյականություն ասվածը, իսկ դրա ֆունկցիաներն իրենց վրա են վերցնում օրենքները։ Այսինքն, ազատական պետության քաղաքացու համար ինչ արգելված չէ օրենքով, դասվում է թույլատրելի արարքների շարքին, մինչդեռ օրենքը երբեք չի կարող փոխարինել բարոյականությանը, կատարել դրա հասարակական գործառույթները։ Սա մի խնդիր է, որ այօրվա մշակութաբաններին և հասարակագետներին մղում է մռայլ խորհրդածությունների ծիր, իսկ անգամ մակերեսային դիտարկումը բացահայտում է այս երևույթի՝ պետության, և ընդհանրապես, հասարակության հիմքերը խարխլելու հատկությունը։
Ըստ էության, սա այնքան էլ կարևոր չէ, որովհետև այս պահին ինձ հետաքրքրում է Consumer society-ի ազդեցությունը ոչ թե պետության ամրության և հզորության, այլ հասարակ մարդու կյանքի վրա, կյանք, որը վերածվել է կանխատեսելի ու անբովանդակ, ընդամենի մի քանի տարատեսակի բաժանվող ժամանակահատվածի, որի ընթացքում մարդը ձգտում է ոչ այնքան ապրել, ինչքան կուտակել, ծախսել, կուտակել, ծախսել, կուտակել, ծախսել, կուտակել…
Անընդհատ մի շրջանառություն, որի պարույրնեում կա միայն ֆիզիկական ցանկությունների բավարարում՝ ընդ որում միայն նյութական արժեքների սպառմամբ։ Միակ բանը, որով մարդը տարբերվում էր մյուս կենդանիներից, հանուն գաղափարի ու արժեքների պայքարելու ցանկությունը, կյանքի իմաստը պայքարի ու նորի արարման ընթացքի մեջ տեսնելու ՛՛մենաշնորհը՛՛ այլևս չկա։ Փոխարենը կա մի քանի կարծրատիպի շրջանակում կաղապարվող կյանք. դպրոց, համալսարան, աշխատանք, ընտանիք, լավ ապրելու ցանկություն, նորանոր բարիքներ սպառելու չմարող մոլուցք և այլն… Ընդ որում, այս ամենի ընթացքում մարդ անընդհատ սպանում է իր մեջի մյուս ԵՍ-ը, որը նրան կոչ է անում առաջնորդվել ոչ թե արդյունավետության ցանկությունը բավարարելու, այլ որպես նորմալ մարդ ապրելու, հաճախ ոչ այնքան արդյունավետ արարքներ գործելու տրամաբանությամբ։ Սակայն Consumer society-ն անում է իր սև գործը և գեներով ժառանգած ԵՍ-ն աստիճանբար ճզմվում է, լռեցվում և ի վերջո անէանում։ Երևի դա է պատճառը, որ պրագմատիզմը համակել է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները՝ անգամ սպորտը, որտեղ ամենացայտուն ձևով են դրսևորվում Consumer society-ի թերությունները։ Վառ օրինակն է ֆուտբոլի Աշխարհի այս առաջնությունը, որտեղ բոլորը ձգտում են հաղթել ու արդյունավետ խաղալ, և միայն քչերն են փորձում խաղալ ուղղակի ֆուտբոլ։ Հատկանշական է, որ «ամենապրագմատիկը» հենց եվրոպացիներն են. տգեղ, անհետաքրքիր, վանող, բայց միաժամանակ միավոր բերող ֆուտբոլ։ Նույնն է նաև շախմատում։ Հաշվենկատ և «արդյունավետամետ» պարտիաներ՝ կուռ պաշտպանության և «ապահով» հարձակման մարտավարությամբ։ Երևի դա է պատճառը, որ ես շախմատին այլևս գրեթե չեմ հետևում, իսկ երբ կարոտը դառնում է անտանելի, նախընտրում եմ վերանայել անցյալի «արքաների» խաղերը։ Հեռացավ վերջին ռոմանտիկը՝ Գարի Կասպարովը (ի դեպ, հեռացավ ինչպես վայել է իսկական ռոմանտիկին), և այլևս չկան + 6 կամ +7 արդյունքով լինարեսներ։ Լավագույն դեպքում լինում է + 4՝ Վիշվանաթան Անանդի հաջորդող մեկնաբանություններով. «Այս արդյունքը համեմատելի է կասպարովյանների հետ»։ Այո, իհարկե համեմատելի է, բայց վատագույնների հետ…
Հայաստանը միանշանակ լիբերալիզիմ հիմնասյուններից չէ, բայց միևնույնն է, Consumer society-ն հասում է նաև մեր քաղաքակրթական «գավառը»։ Ինքս ինձ վրա եմ զգում դրա դրոշմը։ Ես միանշանակ այն չեմ, ինչ վեց տարի առաջ էի, երբ դեռ ոտք չէի դրել այսպես ասած հասուն աշխարհ։ Հիշում եմ, որ խորապես թքած ունեի թե իմ ապագա աշխատանքի բնույթի, թե ուսմանս ոլորտի և թե մնացյալ նմանատիպ բաների վրա։ Ինձ հաճելի էր սովորելն ու կարդալը, իսկ թե ԵՊՀ որ ֆակուլտետում գրանցված կլիներ անունս, ինձ հետքրքրում էր անասելի քիչ (ասածներս հիմնավոր դարձնելու համար ասեմ, որ ընդունվել եմ վերջին հայտով, իսկ անունս ընդունվածների ցուցակում նախավերջինն էր…)։
Այժմ ես սրտի թրթիռով ընտրում եմ մասնագիտություն, որի վրա, անկեղծ ասած խորապես թքած ունեմ, իսկ ընտրությանս ուղենիշը, հասկանալի է, Consumer society-ի արժեքներն են։ Կանցնեն էլի տարիներ, ինձ դեռ սպասվող հասարակական կառույցներն ու ինստիտուտները (մագիստրատուրա, ասպիրանտուրա, աշխատավայր և այլն) կդնեն իրենց դրոշմները, և ԵՍ-իս այն մասը, որին դեռ խորթ են թե մորթապաշտությունը, թե «բույսային» կյանքի մյուս ատրիբուտները, վերջնականապես կանհետանա, և Consumer society-ն կհամալրվի հերթական գորշ միջակությունով, որը կունենա այն ամենն, ինչ ցանկանում են Consumer society-ի անդամները, բայց որի կյանքը ոչ այլ ինչ է քան իրական կյանքի խղճուկ կրկնօրինակ՝ դժգույն, խամրած, զուրկ էպիկական տարրից։
«Վերջին մարդը չունի ուրիշներից բարձր լինելու ցանկություն, իսկ առանց դրա նվաճումներն անհնար են։ Գոհացած իր երջանկությամբ, անընդունակ իր խղճուկ կրքերի ու ցանկությունների նկատմամբ վեր բարձրանալ, վերջին մարդը դադարում է ՄԱՐԴ լինել»։ Մոտավորապես այսպես է ավարտվում նեոհեգելական փիլիսոփա Ֆրենսիս ֆուկույամայի «Պատմության ավարտն ու վերջին մարդը» աշխատությունը։


Հայկ


P.S. Իրոք, դժվար է հստակ ասել, Consumer society-ի ասվածից մարդկությունն ընդհանուր առմամբ կշահի՞, թե ոչ։ Սակայն, եթե անգամ շահում է, ապա միևնույն է, անասելի ծանր է այն գիտակցումից, որ այդ դեպքում այլևս չեն ծնվի նոր Մոցարտներ ու Բեթհովեններ, Հայնեներ և Շիլլերներ, քանի որ Consumer society-ին օրգանապես խոռթ են օրինաչափությունից շեղվող, առավել ևս տաղանդավոր անձինք։
--

1 comment:

  1. Marat Yavrumyan04 March, 2011 18:37

    Մեկնաբանությունը ևս նոր չէ, մինչ Հայկի հետ նույն բլոգն էինք վարում ։) --- Հետաքրքիր էր նույն օրվա չաթի կտրվածքով։) «Սպառողիզմի» ավարտի կամ ավարտի անհրաժեշտության կամ այն վերանայելու անհրաժեշտության մասին Մեծ ութնյակում, Յոթնյակում, Քսանյակում սկսել են քիչ-քիչ խոսել, ճգնաժամն է ստիպում։ Բենեդիկտոսն է անգամ քարոզում։ Այնպես որ, մի բան կփոխվի, այսպես չի մնա։))) Վերջին հատվածը իրոք հիանալի էր, ես այդ պահերին միշտ իմ վերջին զանգն եմ հիշում՝ թունդ, թնդագույն սիրահարված, վառ վառ վառ վարդագույն ակնոցներով ու համալսարանը գրավելու անհագ ցանկությամբ։ Համալսարանը իմ մասին ՀՀ օրաթերթում հոդվածով գրավեցի (անհամեստաբար գլուխ եմ գովում), իմ պես թունդ սիրահարված աղջկա հետ ամուսնացա, բայց թե վարդագույն ակնոցներից քիչ բան է մնացել։ Դրանք էլի կան, ոչ արդեն զգացական, շատ ավելի գիտակցական մակարդակում։ Տարիներն իրենց հետ շատ բաներ են բերում ու տանում, անբացատրելի գիտակցում է, երբ դա գիտակցում ես։ եթոդներից է։ Իսկ գիտես ինչո՞ւ է Սիբը հետաքրքիր, որովհետև Սիբը ոչնչով չէր զիջում Տրուբեցկոյին, Յակոբսոնին, Բլումֆիլդին, հետո Խոմսկիին, հիմա չի զիջում, թեև նման վառ անուններ չկան, կամ կան, մենք չենք նկատում, իրականությունում տեսնելը դժվար է։ Չի զիջի ասենք մի 20-30 տարի հետո եկող մյուս-մյուսներին։ Չի զիջի, քանի դեռ լեզուն հոդաբաշխ է։ Նա քալիմ էր ասում, Լևինը մորֆեմ, մյուսներեը պլերեմ, էությունը չի փոխվում, քալիմն ու պլերեմը համեմատ մորֆեմի քիչ բան են ասում, բայց նույն կոնֆետն (կամ ուրիշ բանն) են տարբեր փաթեթներում։ Մարդկային հիմնական ցանկությունները կարծում եմ էականորեն չեն փոխվել, տաք սուպ, սեքս, տաք սուպ, սեքս, վերջ երևի։ Մնացածը «պոբոչնի» է, կա՛մ սուպը հերիք չի անում, կա՛մ սեքսը։))))))

    ReplyDelete