Մի երկու օր առաջ ճակատագիրը քշեց ինձ մետրո: Ասեմ, որ հաճախ եմ քշվում այնտեղ, որովհետև հենց այդ նույն ճակատագիրն ինձ ավտոմեքենա դեռ չի նվիրել, իսկ երթուղայիններն ու քաղաքային մնացյալ տրանսպորտը չգիտես ինչու բացասական են ազդում էկոհամակարգիս վրա, դե իսկ տաքսու վրա էլ ափսոս է գումար ծախսել , համենայնդեպս երբ մետրոն հասանելի է (հավատացեք, որ ժլատ չեմ, ուղղակի տաքսուց ավելի արժանավոր բաներ կան): Սա այսպես ասած անձնական «Գանգատ ֆալաքին» ընդդեմ երևանյան շոգի, հասարակական տրանսպորտի և, ինչու չէ, մեքենայի բացակայության: Այժմ բացեմ հասարակական-քաղաքական բողոքի գիրքը:
Վագոնում հենց կողքս նստած էին երկու երիտասարդ, որոնց շեկ մազերն ու ճերմակ մաշկը բացահայտում էին վերջիններիս օտարերկրյա ծագումը: Սպիտակ վերնաշապիկ, կոկիկ արտաքին, բարեհամբյուր ժպիտ, իսկ կրծքներին կրոնական ինչ-որ կազմակերպության անդամագրության վկայական:
Չանցավ 5 րոպե, և մեր միջև երկխոսություն սկսվեց, որի թեման, հասկանալի է, Աստծո նկատմամբ հավատքն էր: Նախքան զրույցի մեկնարկը, իհարկե, կռահել էի, որ գործ ունեմ աղանդավորների հետ: Հարցին, թե արդյոք հավատում են Աստծոն, հետևեց դրական պատասխանս: Այնուհետ աղանդավորը փորձեց ճշտել, թե ինչու:
Երկար բլբլալու ցանկություն չունեի, քանի որ այդ պահին միտքս զբաղված էր շատ ավելի կարևոր բաներով, քան աստվածաբանական թեմաներով քննարկումները: Գլուխս ազատելու համար ասեցի զարմացնեմ սրանց, թող գիտակցեն, որ ինձ հավաքագրել չեն կարող:
Պատասխանեցի հղումներ անելով Թովմա Ակվինացուն, որը կաթոլիկ վաղ միջնադարյան դավանաբանությունը համապատասխանեցրել էր արիստոտելյան փիլիսոփայությանը, և դասական տրամաբանության ու փիլիսոփայական կատեգորիաների օգնությամբ ապացուցել Աստծո գոյության հինգ պատճառ:
Ընդհանրապես, այս հնարքը փայլուն հաջողություն է ունենում, որովհետև նման բաներից հեռու աղանդավոր-միսիոներները հիմնականում իրենք էլ չգիտեն, թե ինչի մասին են քարոզում, և երբ զրույցը զգացմունքային հարթությունից տեղափոխվում է մի քիչ ավելի բարձր մատերիաների շուրջ, սսկվում են ու հավաքվում: Բայց սրանք բացառություն էին...
Ի զարմանս ինձ գլխով տմբտմբացրեցին ու սկսեցին խոսել քրիստոնեական սխոլաստիկայի փիլիսոփայական հանգուցային երեք խնդիրների` Հավատքի ու ճանաչողության, Աստծո գոյության ապացուցելիության և Ընդհանուրի (իդեայի) ու մասնակիի հարաբերակցության մասին: Մի քանի կարծիք էլ հայտնեցին Թովմա Ակվինացու զինակից Ալբերտ Մեծի մասին, որը նույնպես ահռելի ներդրում է ունեցել փիլիսոփայության և կրոնի հաշտեցման գործում:
Շշմելու հերթն իմն էր...
Բացի այն, որ երիտասարդները սահուն և գեղեցիկ հայերեն էին խոսում, նրանք նման էին աստվածաբանության թեկնածուի կամ էլ առնվազն փիլիսոփայության մագիստրոսի: Զրույցը մի քիչ էլ շարունակվեց փիլիսոփայության բարձր եթերներում և այնուհետ վայրէջք արեց ավելի պարզունակ իրականություն: Ու ես կրկին շշմեցի...
Միսիոներներն անմիջապես հաջողեցրին այնպիսի ջերմ մթնոլորտ ստեղծել, որ ես առանց երկմտելու պատմեցի կյանքիս ուղիղ կեսը: Նրանք էլ իրենց կյանքից էին պատմում, խոսում Հայաստանի մասին և այլն և այլն...
Կարճ ասած, մոտ 20 րոպե (գնացքում այնուհետ մետրոյի կառամատույցում) անցավ նրանց շրջապատում, ընդ որում զարմանալին այն էր, որ այդ 20 րոպեներից և ոչ մեկը չնվիրվեց իմ «հավաքագրմանը»: Ծանոթացանք որպես «որս ու որսկան», բաժանվեցինք հաճելի զգացողությամբ ու բարձր տրամադրությամբ: Այսպես ավարտվեց իմ առաջին շփումը «հոգեորս ու դժոխքի ծնունդ, մարդկանց կյանքը կործանող և մշակույթներ բնաջնջող աղանդավորների» հետ:
«Հոգեորսվելուց» հետո մոտս մտքեր շարադրելու և կարծիքներ արտահայտելու մեծ ցանկություն առաջացավ, քանզի իմ գլխում բազում հարցեր հղացան, որոնցից շատերը անկասկած կարող են վիճահարույց թվալ, բայց ուշադրության են արժանի միանշանակ:
Հայաստանում հանրային կարծիքը մարդկանց բաժանում է երկու խմբի` «հավատացյալներ» և «նորմալ մարդիկ»: Ընդ որում, վերջին խումբը նաև ընդգրկում է հարբեցողների, կաշառակերների, կրիմինալների, հոգով անբարոյականների և այլ աղտեղության, իսկ «հավատացյալները» հիմնականում բարեհամբույր և երկչոտ մարդիկ են, որոնք մարդկանց չեն ծեծում, չեն ստորացնում, հարևաններին խնդիրներ չեն պատճառում, օրգիաներ ու ինչ-որ կասկածելի ծեսեր չեն կատարում. մի խոսքով, վարքուբարքի առումով հաստատ սրիկա չեն:
Բայց նրանք ունեն մի մեծ թերություն` Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չեն, ու դրա համար էլ հաճախ բնութագրվում են վիրավորական ածականներով ու գոյականներով:
Հոգեորսներն արժանանում են էլ ավելի կոշտ վերաբերմունքի, իսկ բժիշկ-մանկավարժ-գիտնական-քաղաքական գործիչ-նեոնժդեհական, և, ընդհանրապես, հաճելի անձնավորություն Արմեն Աշոտյանը դեռ խորհրդարանական տարիներին փորձում էր փոփոխություններ կատարել օրենսդրությունում և օրենքով հետապնդել այդ մասնագիտության տեր անձանց: Լավ, իսկ ո՞րն է նման սուր ատելության և անհանդուրժողականության պատճառը:
Պատճառը պարզ է և բավական հասարակ. միսիոներներն ու գրանտակերները ոչ այլ ոք են, քան օտարերկրյա գործակալներ, մեզ օտար ու խորթ արժեքների տարածողներ, որոնց գործունեության գերնպատակն է զրկել մեզ ազգային ինքնությունից, ջնջել մշակութային դիմագծերը և դարձնել անմարմին ու տձև մի զանգված` ենթարկվող Արևմուտքից եկող ազդակներին:
Հարց. իսկ մշակութային ո՞ր դիմագծերն ու ազգային ո՞ր ինքնությունն են լիկվիդացնում այդ «ստոր» արարածները: Ինչ է, Հայ առաքելական եկեղեցին այսօր մեր ինքնության և ազգային առանձնահատկության կրո՞ղն է, որ դրա հետ կապի խզմամբ սկսվի հայ ազգի անհետացումը Երկիր մոլորակի արևելյան կիսագնդից:
Պատասխան. իհարկե ոչ:
Հայ Առաքելական եկեղեցն համարվում է հայ ժողովրդի, նրա ազգային ինքնության ու մշակութային վեհության դարավոր պահպանը, որը պետության բացակայության պայմաններում իր ուսերին է վերցրել դրա պարտականությունները, դարձել հայապահպանության վսեմ հիմնասյունը: Չեմ վիճում. ինչ խոսք, հենց այդպես էլ եղել է:
Անցած դարերի ընթացքում հայ եկեղեցին ոչ այլ ինչ էր, քան ինքնատիպ լաբորատորիա, որտեղ ընթանում էր ազգի կրթված հատվածի և հասարակության մտավոր սերուցքի ձուլումը: Նույն եկեղեցին վտանգի դեպքում անմիջապես կանգնում էր ժողովրդի կողքին, դառնում դրա գաղափարական ու կազմակերպչական առաջնորդը, պահպանում հայ մշակույթի ժառանգությունը, ծխական դպրոցների միջոցով ներարկում այն սերունդներին: Սա է այն անգնահատելի ներդրումն ու արժանիքը, որ այսօր արժանիորեն վերագրվում է Հայ Առաքելական եկեղեցուն և որն ուրանալ չի կարելի:
Բայց դա անցյալ է, անցյալ, որն անգամ մասնակի կապ չունի 21-րդ դարի առաջին տասնամյակի Հայաստանի հետ:
Այսօր աշխարհում կան ժողովուրդներ, որոնց քաղաքակրթական կողմնորոշումն ու մշակութային իդենտիֆիկացիան նույնանում է վերջիններիս կրոնական ինքնագիտակցության հետ:
Օրինակ սերբերն ու ռուսները վստահորեն կարող են պնդել, որ սլավոնական քաղաքակրթությունն անբաժան մասն է ուղղափառ եկեղեցու: Չինական մշակույթն ուղղակիորեն կապված է կոնֆուցիականության հետ, Արևմտյան Եվրոպան իր այսօրվա տնտեսական «աշխարհագրությամբ» և քաղաքական բնութագիրով Մեծ Ռեֆորմացիայի և բողոքականության օրգանական շարունակությունն է: Այս ազգերի հանրային գիտակցությունն իր բնույթվ պարտական է կրոնական դավանաբանական արժեհամակարգերում արտացոլված դրույթների հասարակա-քաղաքական մեկնությանը: Այսինքն, եթե բողոքականությունը քարոզում էր աշխատասիրություն և ազատություն (պուրիտան քրիստոնեան իր հավատքն առ Աստված պետք է ապացուցեր միմիայն ինքն իր ներսում` ձերբազատվելով կաթոլիկ եկեղեցու պարտադրած ծեսերից), իսկ կոնֆուցիականությունը՝ անմռունչ հնազանդության և ակնածանք կառավարող խավի նկատմամբ, ապա այդ կրոնների էթիկա-բարոյական արժեհամակարգն այսօր Եվրոպայի և Չինաստանի բնակչության հասարակա-քաղաքական մտածողության (ազատականություն կամ հանդուժողականություն ավտորիտար ռեժիմի նկատմամբ) և մշակութային ինքնության էական բաղադրյալն են: «Եղծ կրոնաց»-ն (կրոնի հերքում) այդ երկրներում ինքնաբերաբար կհանգեցներ օտարացման քաղաքակրթական հարազատ օրրանից և մշակութային իդենտիֆիկացիայից, ինչը կնշանակեր աստիճանական ձուլում այլ ազգերին:
Առաջնորդվելով այս տրամաբանությամբ` հայ եկեղեցու սուրբ հայրերն ու հայրենասեր hայերի մի մասը ջախջախիչ պարսավանքի են ենթարկում «հոգեորսներին», պիտակում որպես «ծախու էակներ» ու «համբալներ», քանզի վերջիններս փորձում են խզել կապն ազգի և Էջմիածինի միջև, ինչն ըստ նրանց, կդարձնի մեզ երկպառակված և թույլ՝ զրկված բոլորիս միավորող եկեղեցուց:
Իսկ ինձ մոտ մի շատ «հերետիկոս», բայց բնական հարց է ծագում. այդ ո՞րն է մեր օրերի հայ ազգի և մեր օրերի հայ եկեղեցու ընդհանրությունը: Իհարկե, կապեր կան, եթե կապ կարելի է համարել եկեղեցում պսակադրության արարողությունը կամ էլ ասենք Զատիկի օրվան նվիրված պատարագի ուղիղ հեռարձակումը: Ուղղակի ողջ ցավն այն է, որ եկեղեցին նախատեսված չէ կնունքների ու հարսանքիների համար քահանաներ մատակարորղ կառույցի գործառույթների համար: Առաջին հերթին այն ազգի հոգևոր հովիվն է, դրա ուղեկցորդն ու խրատուն, որի խոսքը հանրությունը պետք է ընկալի որպես բարձր ճշմարտություն: Եկեղեցին էլ իր հերթին պարտավոր է մնալ հասարակա-քաղաքական կյանքի բովում, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հրապարակել կարծիք՝ ելակետ ընդունելով իհարկե կրոնական և համամարդկային արժեքները:
Լեհաստանում կաթոլիկ եկեղեցին այդպես էլ չդարձավ խորհրդային ռեժիմի սպասարկուն, չանցավ Մոսկվայի թրի տակով: Ընդհակառակը, երբ հասունացավ ըմբոստության և ընդվզման պահը, հենց եկեղեցին էր, որ դարձավ համազգային պոռթկման սայրը՝ գլխավորելով պայքարն ընդդեմ ներմուծած կարգերի: Եվրոպայում եկեղեցին՝ կաթոլիկ թե բողոքական, հասարակա-քաղաքական կյանքի ամենաակտիվ մասնակիցներից է, որն ունի հստակ դիրքորոշում յուրաքանչյուր իրադարձության և յուրաքանչյուր երևույթի նկատմամբ՝ լինի դա հղիության արհեստական ընդհատում, թե մարդու իրավունքների ոտնահարում:
Իսկ ինչպիսի՞ն է Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեր իրականության նկատմամբ: Ո՞րն է մշակութային բեռնվածքը, որ հայ եկեղեցին ներարկում է աճող սերնդին, ո՞րն է մեր եկեղեցու հայապահպան գործառույթը մեր օրերի Հայաստանում:
Սրանք ինձ համար հարցեր են, որոնց պատասխանն այդպես էլ չկարողացա գտնել: Ավելին, մտորումները բացահայտեցին, որ Հայ Առաքելական եկեղեցին չունի որևէ դիրքորոշում բացի «հզոր Հայաստանի և անկախ Արցախի» մասին աղոտ հայտարարություններից: Դե իսկ դա ոչ թե դիրքորոշում է, այլ բարի ցանկություն, իսկ դիրքորոշում կդառնար, երբ Էջմիածինը պաշտոնապես հայտարարեր, որ ասենք կողմ է օտարալեզու դպրոցների վերաբացմանը կամ էլ հակառակը, խայտառակություն անվաներ այն երևույթը, որ ոստիկանության իբր «ամենաապահով» սենյակներում մարդիկ են ինքնասպան լինում, զինվորական վերնախավին կոշտ ձևակերպումներով կոչ աներ առավել հետևողական լինել իրենց ծառայության մեջ, հարկ եղած դեպքում էլ սաստեր ընդդիմությանը: Եվ այս ամենն աներ ոչ թե որպես քաղաքական ուժ, այլ որպես հայ ազգի հոգևոր հայր, դրա ազգային և մշակութային արժեքների պահապան, որը քննադատում և կոչ է անում միմիայն բարոյական նորմերի և քրիստոնեական պատվիրանների դիրքերից: Այ այդ դեպքում կասեի, որ, իրոք, Էջմիածինի դերը հայ հասարակության կյանքում անուրանալի է և անզուգական, քանզի վերջինս դարերի ընթացքում բյուրեղացած արժեքները շարունակաբար քարոզում է ժողովրդի շրջանում, դարձնում հասարակությունն ավելի մաքուր և ախտազերծ: Այ այդ դեպքում կհամաձայնվեի, որ միսիոներն ու աղանդավորները անդուդ փորելով եկեղեցու և ազգի միջև «զրկում են մեզ հունից ազգային»:
Փոխարենը, հիմա ստիպված եմ ասել, որ օտար աղանդավորներն ընդամենը լցնում են այն վակուումը, որն առաջացել է հասարակության շրջանում: Ի՞նչ է մնում անել օրը 10 ժամ բանող, մեջք կոտրող աշխատանքի դիմաց մի քանի գրոշ վաստակող, կյանքում որևէ լուսավոր կետ չունեցող հասարակ մարդուն, եթե ոչ նետվել աղանդավորների գիրկը, որոնք, ճիշտ է, պսակադրություններ կամ կնունքներ չեն անում (ընդ որում բավական թանկ վարձատրմամբ…), փոխարենը մի քանի ժամով կարողանում են կտրել մարդկանց դառը իրականությունից ու առօրյա հոգսերից, ստեղծում են հանգիստ միջավայր ու անկաշկանդ մթնոլորտ, որտեղ մարդ ստանում է այսպես ասած հոգևոր սնունդ ու ջերմ վերաբերմունք: Եվ մարդ իրեն կրկին մարդ է զգում, զգում է գնահատանք, զգում է մարդկային տաքություն, որով ուղղակի ճառագում են «դժոխքի ծնունդերը»:
Սա միանշանակ վնաս է մեր պետության հզորությանը: Դա անվիճելի է: Վնաս է, որովհետև հավաքագրվածներն ինտեգրվում են ավելի բարձր ու հարազատ սոցիումի, քան ազգայինն է, և կրոնական համայնքն ու դրա շահերը նրանց համար դառնում են ավելի նվիրական:
Բայց ես էլի մի դիտարկում ունեմ, ու արդեն «դավաճանական», ավելին` «հինգերորդ շարասյունական»:
Առավոտից երեկո բոլորս ապրում և աշխատում ենք հանուն այդ պետության հզորությանը: Ամեն ոք դա անում է յուրովի. մեկը թե արևին թե ձյան տակ մեջք է ծռում շինարարական աշխատանքներում, մյուսը օրը 14 ժամ մտավոր աշխատանք է անում, մեկ այլն առանց հանգստյան օրերի առևտրի մեջ է խրված, և այսպես շարունակ: Ուսերին ահռելի բեռ, մարդիկ ամեն ինչ տալիս են պետությանը` առողջություն, նյարդեր, ընտանիք, ազատ ժամանակ: Եվ ի՞նչ են ստանում փոխարենը: Արդյոք ջանքերն ու զոհաբերությունները տալի՞ս են արդյունք, արդյոք հայոց պետությունը դառնո՞ւմ է ավելի կուռ ու համախումբ, արդյոք…
Ոչ, չի դառնում: Չի դառնում, որովհետև հազարների տաժանակիր աշխատանքը լափում են մի քանիսը, չի դառնում որովհետև պետություն ասվածն արդեն երկար ժամանակ է ինչ դադարել է գոյություն ունենալ` վերածվելով բիզնես-կորպորացիայի, որի աշխատավորներն ենք բոլորս: Չի դառնում, որովհետև Հեգելի երազած պետությունը, որը պետք է լիներ Ազատության Ոգու մանիֆեստացիա օբյեկտիվ իրականության մեջ և դառնար հանրային շահերի պաշտպանության և մարդկանց ազատությունների անխախտելիության գրավականը, Հայաստանում երբեք գոյություն չի ունեցել և չկա: Եվ անասելի դառնություն ես զգում ներսումդ, երբ սկսում ես գիտակցել, որ ամեն ինչդ նվիրում ես մի երկու կառույցի, որ իրականում կապ չունեն ոչ պետության և ոչ էլ ազգի հետ, այլ միայն հարստահարում են դրան:
Ու նաև սկսում ես հարց տալ ինքդ քեզ, թե ո՞րն է գերության ավելի նողկալի տեսակ. գերություն օտարերկրացո՞ւն, որտեղ սակայն չկա ոչ բռնություն, ոչ տանջանք ու ոչ էլ արգահատանք, թե՞ գերություն ազգակիցներիդ մի խմբի, որտեղ կա վերըթվարկված ամենը…
P.S. Հետգրությունս այնքան էլ կապված չէ գրառման առանցքային թեմային: Սակայն սա ամենահարմար առիթն է, որպեսզի արտահայտվեմ ինձ ներսից կրծող մի բանի մասին: «Շողակաթ» ալիքի մասին գիտենք բոլորս: Ինչ խոսք, նորմալ ալիք է: Նորմալ հայաստանյան չափանիշներով: Նորմալ է, հավանաբար, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի հեռուստաալիքն է: Ու հավանաբար հենց դա է պատճառը, որ ցնցվեցի, երբ «Շողակաթի» գովազդային վազող տողով տեսա հայտարարություն, որով «փնտրվում էին սուռոգատ մայրեր»... Այսինքն, «Շողակաթ» հեռուստաալիքն իր վազող տողում զետեղել էր հայտարարություն, որը փնտրում էր աղջիկների և կանանց՝ պատրաստ իրենց մարմինը տրամադրել արհեստական հղիության համար: Հակսանո՞ւմ եք… Նոր կյանքի արարման սրբազան գործընթացն ու մայր-զավակ ամենամաքուր կապն առևտրայնացվում է, դառնում գործարքի առարկա, կինն իջնում է «զավոդ-իզգատավիտելի» մակարդակի, իսկ հայ հեռուստաեթերում քրիստոնեական արժեքների հիմնասյուն «Շողակաթը» տարածում է դա…
Երկուշաբթի, Հայկ
-
Իսկապես շա՜տ հետաքրքիր հոդված Է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել շարադրողին, որ պատիվ ունեցա նման արժեքավոր շարադրանք կարդալու:
ReplyDeleteԳիտեք, նույնիսկ ինչ-որ մեկանաբանություններ գրելը այս պարագայում ինչ-որ ավելորդ զբաղմունք Է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարադրանքը խիստ ինքնաբավ Է, որին ծայրահեղ դժվար Է որևԷ բան ավելացնել և նույնքան Էլ դժվար՝ պակասեցնել:
Այնուամենայնիվ՝ կցանկանայի որոշ մտորումներ գրի առնել: Երբ հեղինակը խոսեց հագած-կապած երիտասարդների մասին, ես միանգամից հասկացա, թե ովքեր են նրանք. Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու (ավելի տարածված անվանումը՝ մորմոններ) հետևորդները: Ես ինքս նրանց հետ բազմաթիվ անգամ զրույցի եմ բռնվել և պետք Է փաստեմ, որ Հայկը իրոք զարմանալու առիթ ուներ: Հետաքրքիրն այն Է, որ մենք՝ երկնքից իջացներս (ոտքներս Էլ ամպոտ), նրանց աղանդավոր ենք անվանում, կամ, որ ավելի նվաստացուցիչ Է՝ "հավատացյալ": Աստված մի՛ արասցե, եթե հանկարծ այս հասարակությունում քեզ կպցվի "հավատացյալ" պիտակը. օ՜, ինչպես Մեծն Շնորհալին կասեր՝ "քան զմեռնելն այլ ճար չի լինի"... ձեզ կհայտարարեն "օրենքից դուրս", որտեղ "կլինի լաց և ատամների կրճտոց"
Հեղինակի այս հատված ճշմարտացիությունը ինձ պարզապես ցնցեց ---- "Հայաստանում հանրային կարծիքը մարդկանց բաժանում է երկու խմբի` «հավատացյալներ» և «նորմալ մարդիկ»: Ընդ որում, վերջին խումբը նաև ընդգրկում է հարբեցողների, կաշառակերների, կրիմինալների, հոգով անբարոյականների և այլ աղտեղության, իսկ «հավատացյալները» հիմնականում բարեհամբույր և երկչոտ մարդիկ են, որոնք մարդկանց չեն ծեծում, չեն ստորացնում, հարևաններին խնդիրներ չեն պատճառում, օրգիաներ ու ինչ-որ կասկածելի ծեսեր չեն կատարում. մի խոսքով, վարքուբարքի առումով հաստատ սրիկա չեն:" --- Մի՞թե հնարավոր Է սրանից ավելի լավ բնորոշում տալ:
Ինչ վերաբերում Է Հայաստանյայց առաքելական "եկեղեցուն", ապա ես արդեն բավական երկար ժամանակ եկել եմ այն համոզմանը, որ "եկեղեցի" բառը պետք Է փոխարինվի "ինստիտուտ" բառով: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն Է, և ես գիտակցում եմ, որ որպես հերետիկոս՝ "արժանի եմ" ողջակիզման: Խնդրում եմ ներեցե՛ք ինձ ծայրահեղական մտքեր դրսևորելու համար:
Վարդգես ջան, մերսի գովեստի համար: Իսկ եթե բանը հասավ ողջակիզվելուն, ապա հաստատ միայնակ չես մնա... :)
ReplyDeleteԽնդրե՛մ, Հա՛յկ ջան: Ե՛ս եմ շնորհակալ. և՛ փայլուն մտքերի, և՛ համատեղ ողջակիզվելու պատրաստակամության համար: :)))
ReplyDeleteՈնց հասկանում եմ, ողջակիզվողների թիվը գնալով շատանում Է:)
Շնորհիվ Հայկ Զ.-ի ես արդեն մեր համատեղ բլոգի ամենամոլի ընթերցողն եմ !!!! «Դեմք է մեր ախպերը, լրիվ», քեֆս բերեց, անգամ մի շնչով չէ է, կես շնչով։)
ReplyDeleteՓորձեցի մի հատված առանձնացնել՝ անհնար էր, այնքան խտացված է բովանդակությունը, որ մտքերը օրգանապես միաձուլվում են՝ անանդամատելի իմաստային մի մարմին կազմելով։ Բայց մի բան հաստատ է, Հայկ ջան՝ դու ապացուցում ես, որ մեր պետությունը շանս ունի դառնալու ավելի կուռ ու համախումբ, որովհետև հասարակություն է ձևավորվում՝ քիչ-քիչ, բայց ձևավորվում է։ Քեզնով նաև։
ReplyDeleteԽոսքեր չեմ գտնում, ուղակի...
ReplyDeleteԲրավո