Monday, August 31, 2009

Նախերգանք

Հարցը, թե ինչու որոշեցի բլոգ վարել, երևի ամենից շատ հետաքրքրում է ինձ. պատասխանը նույնպես ավելի շուտ ինձ համար է. ընկերներիցս մեկը միշտ կատակում էր, թե «Սողոմոն իմաստունն ասում ա». այս դեպքում Սողոմոն իմաստունը չէ, որ ասում է, բայց դա կարևոր չէ։ Իսկ միտքը մոտավորապես այսպիսին է. «Մարդ միշտ պատերազմների մեջ է, և երբ արդեն չկա մեկը ում հետ կարող է նա պատերազմել, սկսվում է կռվել ինքն իր դեմ»։
Իմ դեմ ես վաղուց եմ կռվում, որն արտահայտվում հայկական ժողովրդական իմաստությամբ՝ «առողջ տղամարդն ինչ է անում գիշերները» ..., այլ բան չկարծեք՝ մտածում է։
Հիմա կռվի իմ տարբերակն էլ գիշերային «մտորումներն» են, նոր նախագծերն ու ծրագրերը, որոնք կազմում եմ հինգ րոպեում, ու կրկնում մի քանի ժամ, հետո ջղայնանում նախ աշխարհի վրա, հետո գիտակցում որ ավելի հեշտ է իմ վրա ջղայնանալ, որ դրանք հնարավոր չէ իրականացնել ու այսպես շարունակ։
Դե մտածեցի այս ամենը կարելի է գրել, հետո կարդալ ու ծիծաղել կամ չծիծաղել դրա վրա, իսկ շատ ավելի լավ կլիներ նաև խորհուրդներ քաղել գրածներից։
Գրել սեփական համակարգչում չուզեցի, առանց այն էլ ֆայլերի քանակը, որը գրում, գրում, գրում ես, և որը հետո ոչ դու ես օգտագործում և ոչ էլ ուրիշներին մոտ թողնում, շատ մեծ է։ Լավագույն տարբերակը թերևս սա է, կամ էլ ոչ, ժամանակը ցույց կտա։
Իսկ ուրբաթ իրիկուն, որովհետև երգ կար, բայց հիմա հաստատ չեմ հիշում, թե «Ուրբաթ իրիկուն, ժամ տասերկուսին...» էր, թե «Շաբաթ իրիկուն, ժամ տասերկուսին...»։ Կարևորը, որ շաբաթվա մեջ ես ժամանակ կունենամ բլոգը թարմացնել միայն ուրբաթ իրիկուն կամ շաբաթ իրիկուն։

Մարատ