Wednesday, October 17, 2012

Թե ինչու չեմ ուզում Մարատին հիշե´լ

Վաղու՜ց, շատ վաղուց չեմ մտել «Ուրբաթ»` որպես հեղինակ: Պատճառներ չկան, կամ կան, բայց այնքան խորքային են, որ դրանց վերլուծությունը անխուսափելիորեն տանելու է ազգային մակարդակ, իսկ դրանից վաղուց արդեն խուսափում եմ: Խուսափում եմ, որովհետև, ըստ էության, վերլուծությունն արդեն վաղուց արված է` այն էլ բազմակողմանի, տարբեր գաղափարախոսությունների ոսպնյակով զննված, փորձարկված: Գոնե ես ինձ համար վերլուծել եմ: Ախտորոշումն էլ պարզ է` ախտանիշները այնքան ցցուն են. եթե «բարձրագույն» մակարդակում քննարկման է դրվում «երկիրդ երկիր չի» ասույթի խնդիրը և դրան «գաղափարախոսական հակահարված» է տրվում, դա ախտանիշ է, որովհետև նման բանաձևերը արմատախիլ են արվում ոչ թե գաղափարախոսական հակահարվածներով, այլ երկիրը գրագետ կառավարելով, նման կարծրատիպերի կենսունակության համար նպաստավոր միջավայրը վերացնելով: Ահա տեսեք` ճիշտ էի, որքան էլ խուսափեցի, բայց հենց խորքային պատճառներից խոսեցի, ինձ անմիջապես տարավ-հանեց ազգային մակարդակ :)

Tuesday, October 2, 2012

Մի քանի փոր հաց ու գրանիտ Պանթեոնում

Վրացական ընտրությունների մասին դեռ երկար կխոսեն։ Կարծիքների տարափ կտեղա, համեմատականների՝ ևս, նաև Հայաստանի հետ։ Ձեռքի հետ կհիշեն հայ-վրացական դարավոր բարեկամության կամ թշնամության կամ վրացիների ապերախտության կամ հայերի նվիրվածության մասին։ Շատ բան կհիշեն։ Բայց կարևորը սա չէ։ Կարևորն այն էր, ինչ ընտրատեղամասերին փակումից հետո գոնե Թբիլիսիի մայր պողոտայում էր ու Ազատության հրապարակում։ Վերջինը ծանոթ է չէ հնչո՞ւմ...