Վրացական ընտրությունների մասին դեռ երկար կխոսեն։ Կարծիքների տարափ կտեղա, համեմատականների՝ ևս, նաև Հայաստանի հետ։ Ձեռքի հետ կհիշեն հայ-վրացական դարավոր բարեկամության կամ թշնամության կամ վրացիների ապերախտության կամ հայերի նվիրվածության մասին։ Շատ բան կհիշեն։
Բայց կարևորը սա չէ։ Կարևորն այն էր, ինչ ընտրատեղամասերին փակումից հետո գոնե Թբիլիսիի մայր պողոտայում էր ու Ազատության հրապարակում։ Վերջինը ծանոթ է չէ հնչո՞ւմ...
Երկար (երբեմն՝ երկար-բարակ) կարելի է խոսել՝ ինչպիսին պիտի լինեն ընտրությունների արդյունքները, որ ընդունելի լինեն՝ մրցակիցների համար, երկրի ապագայի համար, բոլորի համար։ Ընդ որում, արդյունքները տոկոսներով չէ, որ չափվելու են։ Մի քանի տոկոս այս կամ այն կողմ, հազիվ թե շատ բան որոշի՝ ինչքան էլ որ աբսուրդային թվա պնդումը, չէ որ քվեաթերթիկներ են հաշվվում։
Կարևորը թերթիկները չեն։
Կարևորը իրադարձությունն է, իրադարձությանը մաս լինելու իրավունքը, իրադարձության ընթացքը քո ու մյուսների մեկ քվեով որոշելու իրավունքը։
Կարևորը պատասխանատվությունն է. սեփական որոշմամբ սեփական ճակատագիրը որոշելու պատասխանատվությունը։ Պետք չէ սպասել, թե ըստ դիտորդների քանի մետր ես շարժվել ժողովրդավարության ճանապարհին։ Պետք չէ սպասել, թե ինչ կասեն քո որոշման մասին, չէ որ պատասխանատվությունը դու ինքդ ես վերցրել ու ինքդ քեզ համար։ Կյանքը դու ես ապրելու, երկիրը դու ես կառուցելու, երկիրը քոնն է։
Կարևորը պարտության հետ հաշտվելու ունակությունն է։ Անկախ նրանից՝ ինչ ես արել, ինչքան երկար ես արել, ում համար ես արել, հանուն ինչի ես արել կամ՝ արե՞լ ես ընդհանրապես։ Պարտվել կարողանալու խիզախություն է պետք, խիզախություն, որ մրցակիցն ավելի խիզախ է եղել քեզանից։ Քաղաքականությա՞ն համար չէ այս ամենը։ Բարոյազրկությունը թույլ կտա ամեն ինչի հիմնավորել՝ անգամ երեխաներիդ ապագան խլելու ինքնաոչնչացման բութ կարճամտությունը։
Կարևորը հիշողությունն է, որ այս մի քանի հազար քառակուսի կիլոմետրերի համար կյանքեր են վճարվել, որոնք ջահերով կամ առանց ջահերի ոգեկոչում ես ապրիլին կամ էլ ինչ-որ այլ ամիսների։ Երևի տուրք տալով ձևականությանն ես ոգեկոչում, ինչի՞դ է պետք, եթե հիշողությունը մեկ մարդու կյանք անգամ չարժե...
Կարևորը պահի գիտակցումն է։ Միգուցե քեզ նման պահ էլ չտրվի։ Չէ որ երրորդ հանրապետություն կոչվող այս պահին մի քանի հարյուր տարի ես սպասել։ Դու միգուցե չես սպասել, դու քեզ համար ապրել ես, միգուցե կռվել էլ ես, բայց չգիտես ինչու որոշել ես մսխել։ Մտածել ես երևի՝ իմ կռվածն է, իմն է՝ կարող եմ և մսխել...
Կարևորը կանգ առնել կարողանալն է։ Հավերժ երախտապարտ երևի չեն լինում։ Հավերժ գին չեն վճարում։ Գինն էլ սահման ունի։ Ապագայի իրավունք ունենալը չի վաճառվում։ Քո համար միգուցեև սա ապրանք է, որը գին ունի, ասենք՝ «մի քանի փոր հաց» ու կարմիր գրանիտ Պանթեոնում։ Մի՞թե սա գին են...
Չգիտեմ ինչ կլինի Վրաստանում։ Հազիվ թե նրանք էլ գիտեն։ Բայց նրանք ընտրեցին՝ ընտրեցին ընտրություն ունենալու իրենց իրավունքը ու կարողացան կանգ առնել, գիտակցել պահը, պատասխանատվություն ստանձնել։
Կհեգնեք՝ սա մեր «եղբայր» վրացիների՞ մասին չէ...
Երեքշաբթի իրիկուն, Մարատ
--
No comments:
Post a Comment