
Իսկ ես ուզում էի ընդամենը ասել, որ ամեն անգամ համակարգչիս սեղանին տեսնելով «Ուրբաթի» պատկերակը, կարծես, պահարանում գրքերին հենած մի հին լուսանկար տեսնեմ, որ բազմաթիվ հուշեր է արթնացնում, ու թեև այդ պահին պարզապես մի հայացք ես նետել լուսանկարին, շտապելով վազել դեպի օրվա ունայն խառնաշփոթը, հասկանում ես, որ այդ պատկերին ես ի պահ տվել ինչ-որ կարևոր բան, որ կարող է դուրս ընկնել կամ գողացվել հոգուդ գրպանից անիմաստ ու անպտուղ պարտականությունները կատարելիս... Ու այդ պահին կրկին հիշում եմ Մարատին:
Հիմա կասեք` ո՞նց թե հիշում, միասի՞ն չեք աշխատում: Չէ, իհարկե,աշխատում ենք նույն վայրում, բայց միասին չէ, քանի որ տարբեր վայրերում ենք վաստակում, և այնտեղ, որտեղ ՄԻԱՍԻՆ աշխատում ենք, չենք հանդիպում, քանի որ լինում ենք այնտեղ, որտեղ ԱՌԱՆՁԻՆ վաստակում ենք: Եվ ինձ ոչինչ չի մնում, բացի հիշելուց, ինչպես հիշում եմ ընկերոջս, ով վաղու՜ց արդեն այլ երկրում է, որտեղ աշխատում ու վաստակում է նույն տեղում, և ամիսը մեկ-երկու անգամ խոսում ենք Skype-ով...
Չեմ ուզում Մարատին հիշե´լ... Արդեն հասկացաք թե ինչու:
--
No comments:
Post a Comment