Monday, November 5, 2012

Քաղաքական հիգիենան կարևոր է

Կառավարության որոշմամբ Երևանի մշակույթի պետական քոլեջը միացվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, իսկ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։

Վարչապետն այս ֆոնին անհրաժեշտ է համարել սկսել նաև բուհերի խոշորացման գործընթացը, ու հիմնավորել՝ միջազգային փորձագետներն առաջարկում, քանի որ մեր բուհերը համարվում են փոքր: «Պետական բուհերում նման բան դեռևս չենք իրականացրել, թեև շատերը խոսում են դրա առաջնահերթության մասին, և որ մենք պետք է լուրջ համադրությունների ու վերլուծությունների հիման վրա նաև պետական բուհերի խոշորացման գործընթաց սկսենք: Սա անխուսափելի է, պարզապես պետք է նոր քաղաքական որոշում կայացնել»,- նույն ֆոնին ասել է Արմեն Աշոտյանը (tert.am)։ Աշոտյանն ասել է նաև, որ գործընթացը կարող է ակնհայտ շահարկումների ու սիրողական կարծիքների առիթ դառնալ, ուստի հարցին պետք է ճիշտ ժամանակին ճիշտ լուծում տալ:

Իհարկե, վարչապետի ու Աշոտյանի ու միջազգային փորձագետների մասնագիտական կարծիքից ու ֆինանսավորման համաձայնագրից հետո ամեն ինչ շահարկում ու սիրողական է թվալու։ Դե ուրեմն սիրողական։

Եթե ավելի պարզ. պետական որոշ բուհեր միավորվելու են, Աշոտյանն էլ սպասում է «նոր քաղաքական որոշման» (նոր՝ այսինքն՝ որոշումը կա՞ր, պիտի թարմացնե՞լ)։ Իսկ քաղաքական որոշումը այս երկում լինում է միայն նախագահի, ո՛չ անգամ իշխող կուսակցության (ծրագրային դրույթների, նախընտրական ծրագրի, խոստումների) մակարդակում, էլ չեմ ասում ոլորտը կարգավորող գերատեսչության մասնագիտական լուրջ քննարկումների կամ դրա շուրջ հասարակության կամ գոնե մասնագիտական հանրույթի կոնսոլիդացիայի հիման վրա։ Իրենք էլ, քանի որ բացի իրենցից ամեն ինչ սիրողական է ու շահարկում, որոշելու են՝ որ բուհը որին է միանալու, ռեկտորը ով է լինելու, գույքը ում տնօրինմանն է անցնելու։ Սրանք ամենակարևոր խնդիրներն են։ Մնացածը՝ կրթական ծրագրեր, ուսանողներ, դասախոսներ, գրադարաններ և այլն և այլն «տեխնիկայի հարց» է, կլուծվի, էդպես չի մնա։ Եթե խոշորացման համար միջազգային մի երկու կառույցից էլ վարկավորում հնարավոր լինել ներգրավել՝ լավ, իսկ եթե դրամաշնորհ՝ ապա շատ ավելի լավ (ինչպես վերևի երկու միավորումներն էին ԵՄ ֆինանսավորման շրջանակում)։

Ահա և ձեզ խոշորացում. իսկ ձեզ ի՞նչ էր թվում, չլինի՞ հավատացել էիք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը երկու այս կամ հետագա մյուս հնարավոր միավորումներից կտրուկ բարեփոխվելու է։

Իսկ բուհերի խոշորացման մասին թեզը չգիտես ինչու չի վիճարկվում։ Նկատի ունեմ խոշորացման այն տարբերակը, որի մասին այս պահին խոսվում է ու այս պահին քաղաքական նոր որոշումից հետո ավելի լայն թափով է իրականացվելու։ Այդ տարբերակը ֆիզիկական, մեխանիկական միավորում է, որը պարտադրված ու թելադրված է վերևից, կառավարվելու ու վերահսկվելու է վերևից։ Վերահսկվելու է մինչև ուղնուծուծը, մինչև վերջին լուման, ինչպես «հիմնարկ», անգամ ոչ հիմնարկություն, էլ չեմ ասում բուհ։ Խամաճիկների պես։

Երկիրն աբսուրդ է, պետությունն աբսուրդ է՝ կրթության ոլորտից հրաշքներ սպասել պետք չէ, չնայած չգիտես ինչու միշտ էլ թվացել է, թե գոնե այստեղ են մտածելու ունակ մարդիկ գերակշիռ թիվ կազմում։

Իշխանություններն էլ են աբսուրդ. ամենուր հանրապետականներ են, անգամ այնպիսիք, որոնք անթաքույց հպարտությամբ են կուսակցության կրծքանշանը կրում։ Ու այս պայմաններում ի՞նչ էիք կամ էինք ակնկալում։ Նրանց հետ քննարկե՞լ ինչ-որ ոլորտ, ինչ-որ համալսարան, ինչ-որ քաղաքականություն, ինչ-որ բարեփոխում։ Նվազագույնը ինքնախաբկանք է։ Նրանց հետ աշխատե՞լ։ Նվազագույնը ինքնաբավարարում է, թատրոն կամ կրկես (կախված ում հետ է աշխատանքը)։ Հիմարություն է այդ ամենը։

Ի՞նչ անել։

Ոչնինչը ամենահեշտն է։ Ասենք՝ մի կողմ քաշվել Հայաստանում կամ դառնալ ռուսներին համերկրացի կամ եվրոպաներում քեզ հալածյալ ազգային փոքրամասնություն համարել կամ «Գրին քարտ» շահել կամ էլ սպասել, որ Ամերիկայում հարուստ պապ կունենաս, որը կմահանա ու միլիոնների (ո՛չ հազարների) հասնող ժառանգությունը քեզ կթողնի (հայկական միֆոլոգիայի ոլորտից)։

Ծա՞ղր, հեգնա՞նք ու առողջ ցինի՞զմ- նրանցից գոնե զտվելու համար՝ հիգիենայի կանոնները պահպանելու անհրաժեշտության պես։ Չնայած ծաղրն ու հեգնանքն ու ցինիզմն էլ բան չեն տալու։

Խոսելն էլ բան չի տալու։ Գրելն էլ։ Նրանք լեզու չեն հասկանում, կարդալ միգուցե գիտեն, բայց նախընտրում են In God We Trust-ը՝ կանաչ թղթի վրա։

Չընտրելն էլ չի օգնի, նրանք ինքնաընտրվում են։ Ընտրությունները բոյկոտելն էլ չի օգնի, մի քանի հարյուր հազար պահեստային ընտրողներ ունեն։

Ինչ անելու պատասխան չկա ... չնայած տարբերակ կա՝ խանգարել նրանց, ամեն տեղ ու ամեն ինչում ու ամեն կերպ՝ խստիվ պահպանելով հիգիենայի կանոնները։

Ուրբաթ, Մարատ
--

No comments:

Post a Comment