Հայաստանի բանկային կամ ֆինանսական (նկատի ունեն երևի բանկայինը) համակարգի մասին որպես կանոն՝ կա՛մ դրական, կա՛մ ոչինչ. ամենակայունն է, ամենազարգացածը։ Ժամանակներ կային՝ տարածաշրջանային հավակնություններ ուներ։ Հիմա էլ կարծեմ ունի։
Իսլանդիան էին հին ու բարի տարիներին հիշում՝ մինչև ճգնաժամին Եվրոպայում առաջին զոհը Իսլանդիան չգնաց։
Զբաղվածության ոլորտի բերումով ժամանակ առ ժամանակ, կամա թե ակամա զեկույցների ու վարկանիշների մասին եմ կարդում՝ տնտեսական հիմնականում։ Հրապարակում են, ասենք՝ ՀԲ, ԱՄՀ, ՀՏՖ, ԵԶԲ, ԱԶԲ, ՎԶԵԲ ու էլի նմանօրինակ ինչ-որ ԶԲ-ներով կազմակերպություններ։
Դրանցում երբեմն Հայաստանն էլ կա, երբեմն դրական, երբեմն բացասական, երբեմն էլ չես հասկանում ինչ լույսի ներքո։ Ցուցիչները կամ ենթացուցիչները սոցիալ-տնտեսական են, երբեմն մարդու իրավունքների բնագավառում։
Հայաստանի ֆինանսական (իմա՝ բանկային) համակարգի մասին էլ են երբեմն ինչ-ինչ գնահատականներ հանդիպում։ Ամենատիպիկը, որը չգիտես ինչու հիշեցի (չնայած բավական ծիծաղեցինք ու հիստերիկ ծիծաղ էր ու դրա համար տպավորվեց) ՎԶԵԲ-ի տարածաշրջանային վերջին զեկույցի հետևյալ ձևակերպումն էր. «Ըստ ՎԶԵԲ-ի՝ եվրոգոտու պարտքային ճգնաժամի ազդեցության նկատմամբ Հայաստանի տնտեսությունը կայուն է եղել, քանի որ թույլ է ինտեգրված եվրոպական ֆինանսական շուկաներին»։ Ծանոթացման կարգով՝ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը ԵՄ-ն է ու Ռուսաստանը։
Ի դեպ, Ռուսաստանի մասին։
ԱՄՀ-ի տարածաշրջանային նոյեմբեր ամսվա զեկույցում Ռուսաստանի մասին մի հետաքրքիր դիտարկում կար՝ Հայաստանի մասով (թող տարօրինակ չթվա նման ուղղակի կապը)։ Բառացի չմեջբերեմ, բայց մոտավորապես հետևյալ տոնայնությամբ։ Մենք կախված ենք արտասահմանից մասնավոր դրամական փոխանցումներից՝ տրանսֆերնտերից։ Տրանսֆերտները գերակշիռ (80%-ը գերազանցող) մասով գալիս են Ռուսաստանից։ Ռուսաստանում շատ բան կախված է նավթի գներից։ Հետևություն՝ ինչ կլինի Հայաստանում՝ կախված է ռուսական նավթի գներից, քանի որ Հայաստանի ու էլի նման մի քանի երկրների (Ղրղըզստան, Տաջիկստան) տնտեսությունների հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանից եկող մասնավոր փոխանցումներ են։
Ստացվում է, որ ժողովուրդը նավթի հաշվին է ապրում, մյուսները՝ ժողովրդի։ Ու այս ամենի հետ ընդհանրապես կապ չունի կամ էլ քիչ կապ ունի այն, թե բյուջեում ինչ է գրված, կամ գործադիրը ինչ է անում, կամ էլ բիզնեսը հարկեր վճարում է, թե չէ, կամ հարկերի վերածված արժեքները Հայաստանում են ստեղծվել, թե էլի որպես տրանսֆերտ Ռուսաստանից եկել։
Ու հիմա այս պայմաններում՝ ի՞նչ բանկ, ի՞նչ բանկային, առավելևս՝ ֆինանսական համակարգ։ Առավելագույնը՝ վաշխառուություն, չնայած «վաշխառու» բառի ասոցիացիան է բացասական, իրականում, իսլամական բանկինգի վերափոխված, այն կարծես ավելի արդար փոխհարաբերություններ է առաջարկում բանկի ու հաճախորդի միջև, քան միայն (ավանդային կամ վարկային) տոկոսադրույքների մեխանիզմը։
Վերևում երկար-բարակ այս պատմությունը միայն վաշխառու բառի համար էր. հայկական բանկերը գոնե ինձ, գոնե այս պահին այլ գնահատական (ոչ որակում կամ պիտակում) չեն հիշեցնում։
Երկրում փող չկա, միակ փողը բանկերում է։ Ու բանկերը թանկ ենք վաճառում փողը, անասելի թանկ։ Դե, իրենց իրավունքն է, ապրանքը միայն իրենց մոտ է, կարգավորումը՝ պետության, կամ էլի իրենց մոտ (չնայած ԿԲ-ով ու բանկի սեփականատերերով միջնորդավորված)։
Իսկ դուք ասում եք ֆինանսական համակարգ ու ամենակայունը, ամենազարգացածը, ամենա…, ամենա…։
Վաշխառուն չմոռանաք։
Ուրբաթ, Մարատ, civilnet.am-ի համար։
--
No comments:
Post a Comment