Sunday, August 29, 2010

ԳԻՇԱՆԳՂՆԵՐԸ

Նախօրեին ավարտվել է տարվա նոմենկլատուրային ամենանշանակալի իրադարձությունը` «Բազե» երիտասարդական հավաքը, որի հովանու ներքո Ծաղկաձորում չորս օր շարունակ առանց հանգստի ու դադարի «ինտեգրվում էին» քաղաքական մի քանի կուսակցության երիտթևեր: Ամենամյա այս միջոցառումն իբր միտված է համախմբել քաղաքական տարբեր հայացքներ ու դիրքորոշումներ ունեցող երիտասարդների, դարձնել նրանց մի կուռ ամբողջություն և ձևավորել քաղաքացիական հասարակության կորիզը:

Friday, August 27, 2010

ԹՇՆԱՄԻՆ ՏՆԻՑ Է ԼԻՆՈՒՄ

Պաշտոնական Բաքուն հերթական քայլն է արել՝ վերադարձնելու հպատակ ադրբեջանցի ազգի քոչվոր ու խաշնարած նախնիների «դարավոր հայրենիքը»՝ Լեռնային Ղարաբաղը։ Այս անգամ հարձակման նշանակետը տեղեկատվական ոլորտն է։ Օրերս Բաքվի պետական համալսարանին կից բացվել է Հայկական ուսումնասիրությունների գիտական կենտրոն, որի գործունեությունը, հասկանալի է, չի սահմանափակվելու զուտ գիտական աշխատանքներով։

Wednesday, August 25, 2010

Յո՞ երթամք...

Այս գրառումը պատմություն ունի։ Ծառի նման, որի կեղևի շերտերով կարելի որոշել նրա տարիքը։ Այն, ըստ էության, կուտակվել ու ձևավորվել է 2006-2009 թթ., որոշ հատվածներ ձևավորվել են ռեկտորին ուղարկած իմ վերլուծական զեկուցագրերում, ռեկտորատի նիստերի ընթացքում առաջացած մտորումներում, հետո, երբ պարզ դարձավ, որ այս ամենը չի տեղավորվում բարեփոխումների պաշտոնական վարկածի շրջանակներում, փորձեցի այն հոդված դարձնել համալսարանական թերթի համար, մանավանդ, որ հոբելյանական տարի էր։ Իհարկե, դա սպասելի բարդություններ առաջացրեց, և հետո որոշ հատվածներ օգտագործեցի բարեփոխումներին նվիրված տարբեր ձևաչափի կոնֆերանսներում իմ ելույթներում... և այսպես շարունակ։ Այսպիսի տեսքով շարադրել եմ հիմա ու ինձ թվում է, որ հարցերը մնում են ակտուալ, ու արժե դրանց մասին խոսել. Հայկի վերջին գրառումն էլ է դա վկայում։ Եվ ուրեմն.

ԿԱՐՄԻՐ ՄԱԿՈՒԼԱՏՈՒՐԱ ԿԱՄ ԲԱԼԼԱԴ «ԳԻՏԱՀԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Արդեն մի երկու ամիս անցել է այն օրից, երբ վերջին անգամ մտա համալսարան` կատարելու դիպլոմային աշխաքանքիս պաշտպանության վեհ առաքելությունը: Դրանով շրջվեց կյանքիս հերթական էջը: Անցյալ դարձան համալսարանական երկար ու ձիգ չորս տարիները, իսկ դրանցից հուշ մնացին մեր մասնաշենքի պատկերը հենց այնպես, ինչպես նկարագրել էր պ-ն Կարաբեկյանն իր գրառման մեջ, անթիվ-անհամար առարկաներ ու դրանցից անբաժան ստուգարք-քննություններ, մեկ էլ երևի ջերմ հիշողություններ մի քանի մարդու (թե դասախոս, թե ընկեր) մասին:
Հուշերի կողքին համալսարանից մնաց նաև գիտելիքի որոշակի պաշար, որի կրողը արաբագետ-իսլամագետ կոչվելու բարձր պատվին է արժանանում: Պատիվը շնորհում է կարմիր ստվարաթղթի կտորը` 3 000 դրամ ինքնարժեքով (հենց այդքան գանձվեց ինձնից դիպլոմիս համար), որի տերը դառնալու բախտին արժանացա նաև ես:

Monday, August 23, 2010

"Если у вас нету тёти..."

Ամբողջ օրը մտածում եմ՝ ի՛նչ ահռելի պատասխանատվություն վերցրեցինք 20 տարի առաջ, երբ ընդունեցինք Անկախության հռչակագիրը։ Չեմ շփոթում դերանունը. այո՛, վերցրեցինք, որովհետև սա այն բացառիկ դեպքերից էր, երբ բոլորս անխտիր մասնակցեցինք այդ արարողությանը, անկախ նրանից, պատգամավոր էինք, թե կանգնած էինք շենքը շրջապատած մարդկանց բազմության մեջ։ Ինչպես ասում են՝ մեկ շնչով։
Քսան տարի անց նույն շենքի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հետ փորձում էի պաշտպանել Հռչակագրի հիմնական դրույթներից մեկը՝ հայոց լեզվին վերաբերող։

Saturday, August 21, 2010

Ժամանակի մեքենան

Չեք հավատա, բայց, այն, ինչ կարդում եք, գրվել է երազում։ Նոր քնել էի, երբ կարծես ինչ-որ բան հրեց-պոկեց ինձ ներքևից, և զգացի, որ կտրուկ վեր եմ խոյանում։ Ենթագիտակցության մի ծայրով հասկացա, որ դեռ քնած եմ, և անհանգստանալու կարիք չկա՝ պարզապես երևի մի երազ է սկսվում, ու պատրաստվեցի հարմարավետ դիրք ընդունելով հետևել իրադարձությունների զարգացմանը։ Նույնիսկ կատակով հասցրեցի մտածել՝ չլինի՞ Մուհամմադ մարգարեի պես Երուսաղեմ գիշերային ճամփորդություն է սպասում ինձ ։)

Իմաստուն նախագահ եմ ուզում՝ իմ ու ձեր քվեներով

Վերջին օրերի ու կարծում եմ առաջիկա մի քանի շաբաթների, եթե ոչ ամիսների անցուդարձի հիմնական թեման ՌԴ նախագահի այցն է լինելու։ Եկավ, կքնեց, ինչ-որ զրուցեցին, հետո գնաց։ «Վերլուծություններ», «ռեպորտաժներ», «քննարկումներ», ռեպլիկներ, գրառումներ, ինչպիսին սա է, ինչքան ուզեք։ Դրանք երբեմն հետաքրքիր է կարդալ, երբեմն քմծիծաղով, երբեմն զգացումով, որ միգուցե ապուշություն ես կարդում, հեռուստատեսային ռեպորտաժների մասին էլ չեմ խոսում, ոչ միայն հայկական, այլև ռուսական կողմից։ Ինչ-որ մի գրառում, որը կարդալիս ինչ-որ բավարարվածության զգացում կունենաս, առայժմ գոնե ինձ չի հանդիպել։ Շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ հղում հուշեք, բայց խնդրում մի քիչ «նորմալոտ» գոնե։) Ինչ այցելություն էր դա, ինչ կտա մեզ, նրանց, ինչ կտա հիմա, վաղը, հիսում տարի անց։ Հարցեր են, որոնց պատասխանները կասկածում եմ, որ ունեն անգամ վերևներում՝ բացի ոչ մի բան չասող ժպիտներից։ Ահա այս ամենի մասին։

Friday, August 20, 2010

«ԼԱՎ ՉԻ ԼԻՆԻ...»

2000 թ. շահագաործման հանձնվեց Շվեդիան Դանիային կապող Էրեսունյան կամուրջը: Կառույցի շինարարությունն ընդհանուր առմամբ տևեց 4 տարի և դրա արդյունքում կյանքի կոչվեց ծովի մեջ վեր խոյացող 16 կմ. երկարությամբ ահռելի մի կամուրջ` երթևեկության 4 հոսքերով ու երկաթգծով: Պարտադիր չէ լինել շինարար կամ էլ ճարտարապետ, որպեսզի հասկանալ, թե մտքի ու աշխատանքի ինչ հսկայական ծավալներ են ներդրվել այդ նախագծում, ինչքան ճիգ ու եռանդ, ինչքան ֆինանսներ: Ակնհայտ է նաև, որ կամուրջն իսկական օրհնություն է Շվեդիայի և Դանիայի բնակչության համար, քանի որ Սկանդինավիան մայրցամաքից բաժանող անանցանելի ջրային տարածությունը վերածում է բարձրակարգ մայրուղու, ինչով բազմապատիկ հեշտանում է մարդկանց տեղաշարժը:

Saturday, August 14, 2010

«Մի կիլո կլուբնիկ», որը Հայաստան արժե

Առավոտյան, երբ հավաքվում էի, ու գնացքում էի՝ ճանապարհին, մտածում էի՝ սա կգրեմ, նա կգրեմ, հետո մտածում էի, չէ, երկար կլինի, հետո՝ ոչինչ էլ չգրեցի։ Հետո, երբ արդեն օդանավակայանում նստեցի որ գրեի, արդեն մոռացել էի, ինչ էի գրելու։ Բայց հիշում էի, որ անպայման ինչ-որ մի կոնկրետ բանի մասին էի ուզում գրել ու շատ էի ուզում, որովհետև չափազանց կարևոր էի համարում դա։ Հետո էլի փորձեցի հիշել, էլի փորձեցի հետո ինչ որ աղոտ հիշեցի, բայց չեմ կարծում որ կստացվի հենց այն՝ ինչ ուզում էի առավոտյան։ Առավոտյան այն մի շնչով կգրեի, հիմա պիտի որ արհեստական ստացվի մի փոքր, որովհետև «ուղեղիս զոռ եմ տալու», իսկ զոռ տալով արդյունքները միշտ չէ որ ինձ են գոհացնում։)) Դե, գնացինք ուրեմն։

СОБАЧЬЕ СЕРДЦЕ

Այսօր Օպերայի կողքով ինչ-որ տեղ էի շտապում և Արամ Խաչատրյանի արձանի մոտ անհասկանալի իրարանցում տեսա: Առաջին բանը, որ անցավ մտքովս, դա ցուցարարներին ծեծող կարմիր բերետավորներն էին: Սակայն քիչ մոտեցա, ու աչքերիս առջև հետաքրքիր մի տեսարան բացվեց...

Friday, August 13, 2010

ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՅԵՐԻ ԵՎ 4501 ԱՆԻՄԱՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ ԿԱՊԸ

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Կալիֆոռնիայի ֆեդերալ դատարանը հակասահմանադրական ճանաչեց միասեռակաների ամուսնությունն արգելող օրենսդրական դրույթը` կանաչ լույս վառելով հազարավոր միասեռական զույգերի երջանկության համար, ովքեր անցյալում զրկված էին միմյանց «ամուսին» անվանելու հաճույքից:
Դատարանի որոշումը բավական հնչեղ արձագանք ունեցավ ամերիկյան հասարակության շրջանում, իսկ երանգները թե խսիտ դրական էին, թե հակառակը: Ինչպեսև վայել է իսկական ազատական հասարակությանը, ամերիկացիների մի զգալի մասը, չնայած ավանդական սեքսուալ կողմնորոշմանը, սատար կանգնեց միասեռականներին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվող արգելքի մեջ տեսավ Հիմնադիր Հայրերի հռչակած Մարդու իրավունքների դեկլարացիայի ոգուն հակասող խտրականություն: Մի մասն էլ ելակետ ընդունեց ավելի պահպանողական մոտեցումներն ու անզիջում պայքար սկսեց դրա դեմ:

Wednesday, August 11, 2010

Սայլապանս կառավարիդ վնաս չէ, վնաս չէ

Այնպես ստացվեց, որ վերջին երկու օրվա ընթացքում ինչ որ չափազանց շատ էին առիթները մտածել մարդկային հարաբերությունների կամ սոցիալական կապերի մասին։ Իհարկե, ես չափազանց հեռու եմ այս ամենն այս կամ այն կերպ «խորը ընկալելու» ունակություններ ցուցաբերելուց, իսկ թե ինչու, ներքևում։ Բայց չգիտես ինչու, քանի որ ամեն ինչ քո շուրջ է պտտվում, անկախ քեզանից կամ օբյեկտիվորն իրոք այդպես է, թվում է, թե այդ ամենը քո մասին է։ Եվ քանի որ միշտ չէ որ հարաբերությունները դրական կողմից են նկարագրվում, իհարկե, «ցավոտ է» ընկալել կամ ընդունել կամ գիտակցել, որ միգուցե և քեզ է վերաբերում այդ ամենը, միգուցե և չի վերաբերում։

Tuesday, August 10, 2010

CONSUMER SOCIETY ԿԱՄ ԷԼ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ

Այս գրառումն էլ նոր չէ. գրվել է մոտ երկու ամիս առաջ: Սակայն քանի որ բլոգի ու Facebook-ի «լսարանները» տարբեր են, ապա ուզում եմ տեղադրել նաև այստեղ: Գրառումը երկար է, շատերին միանշանակ անհետաքրքիր կթվա, բայց, կարծում եմ, արժե ընթերցել, նամանավանդ որ թեման խորհրդածությունների տեղիք է տալիս:

ԱՄՆ-ում բնակվում է մի փիլիսոփա-քաղաքագետ՝ Ֆրենսիս Ֆուկույաման, որն աշխարհին առաջին անգամ իր մասին հայտնեց 1992 թ.՝ հրատարակելով "Պատմության ավարտն ու վերջին մարդը" աշխատությունը։ Լինելով նեոհեգելական (ոմանց համար էլ պսևդոհեգելական)՝ Ֆուկույաման գրքում զարգացնում է Հեգելի «պատմության ավարտի» տեսությունը՝ պայմանավորելով այն ազատական գաղափարների ու ժողովրդավարական կարգի անթերիությամբ և ունիվերսալությամբ։

Monday, August 9, 2010

Լավ կլինի, ապե՛

Երեկ նայում է այս սա՝ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ», որի հղումը, չգիտեմ որտեղից, երևի Խաչիկն էր Գևորգյան դրել Facebook-ում։ Ինչ որ ներկայացվելու է կառավարության քննարկմանը կամ արդեն իսկ ներկայացվել ու հաստատվել է և այլն։ Այսինքն հերթական ծրագիրը, որը պիտի կյանքի կոչել։ Պիտակումներ կամ որակավորումներ չեմ սիրում տալ, ծրագիր է, որը լավ, թե վատ գրված է, ես չեմ հավակնում պնդել, թե «ես որ լինեի, թույն բան կանեի» և այլն և այլն։ Կրթության կառավարման կամ որակի բարելավման ոլորտի մասնագիտական պատրաստվածություն չունեմ, թեև այս կամ այն կերպ ներառված եմ այդ ոլորտում (դիլետանտություն՝ ելնելով բլոգի նախորդ մի քանի մեկնաբանությունների ու գրառումների ոգուց։)։

Saturday, August 7, 2010

Ոչ մի խճանկար

Մի շաբաթից ավելի է, եթե ոչ շատ, ոչինչ չէի գրում՝ բլոգի համար։ Միգուցե և նկատած կլինեք, չնայած հազիվ թե, Հայկ Զ.-ն հազիվ թե թողներ որ նկատեիք կամ նկատեինք։ Երիտասարդական եռանդն ու խանդավառությունն ասում է իրենը։) Հետաքրքիր էր հետևել, ընթերցողի աչքով հետևել այդ ամենին, դրսից հետևել, սակայն ներսից նայելու հնարավորություն ունենալ, համեմատել, համեմատել, համեմատել, հետևություններ անել, նայել։ Հետաքրքիր է այդ ամենը, իրոք, եթե տեղադրում ես ավելի բարդ կոնտեքստի մեջ ու փորձում ավելի լայն շրջանակում նայել։ Չափազանց պարզ է այն ինչ վիրտուալ իրականություն են անվանում, երբեմն պարզունակության աստիճանի։ Բայց այն մի այլ առավելություն ունի՝ այն մոդել(ոտ) է ու շնորհիվ իր պարզության (տարրերի միջև կապերը խիտ չեն) ելքային ինչ որ գաղափարներ է հուշում, թույլ տալիս տեսնել ավելի բարդ երևույթների առանձին կողմերը։

ՕԹՅԱԿ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՄԵՆՔ

Օրերս Իրանում գործարկվել է մի կայք, որը, կարելի է ասել, ծայրից ծայր «նվիրված է» Հոլոքոստին: Այնտեղ ներկայացված են իրանցի մի ծաղրանկարչի` ոմն Մազյար Բիջանիի աշխատանքները:
Հասկանալի է, որ եթե մի բան ունի իրանական ծագում և այս կամ այն կերպ առնչվում է հրեաներին, ապա պետք է լինի հակասեմականության մարմնացում: Սա էլ բացառություն չէ, ընդ որում ամենադաժան կերպով ծաղրի են ենթարկվում հրեաների ամենասուրբ ու նվիրական զգացմունքները՝ Հոլոքոստի զոհերի հիշատակը: Բիջանին առանց այլևայլության հայտարարում է, որ Հոլոքոստ ասվածը սիոնիստական քարոզչամեքենայի հյուսած առասպելն է, զոհերն ու տառապանքները հնարած են, իսկ իրական մարդասպաններն ու հանցագործները հենց հրեաներն են:

Friday, August 6, 2010

ՊԱՏՎԵՐՈՎ «ՀԱԿԱՀԻՍՏԵՐԻԱ»

Ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում:


Վահան Շիրխանյան

Սա քաղվածք է պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում ինձ անհայտ պաշտոն զբաղեցնող Վահան Շիրխանյանի հարցարզույցից, որի վերնագիրն էր ոչ ավել ոչ պակաս «Հիստերիկ շարժում՝ բանակի դեմ»: Բացի վերևի ինքնատիպ մտքից, Շիրխանյանն արտահայտում է ևս մի քանիսը, որոնցով էլ եզրափակում է իր ոչ պակաս ինքնատիպ հարցազրույցը:

Thursday, August 5, 2010

«Արկածախնդրության» ու «Արկածներ որոնելու» տարբերությունը

Նստած գիրք էի կարդում ու ականջի ծայրով ինչ-որ հաղորդում լսում հեռուստացույցով: Մեկ էլ Play City-ի գովազդն ընդհատեց հեռարձակվող հաղորդումն ու ականջիս ծայրն ինքնաբերաբար սկսեց գովազդով զբաղվել: Ինչ-որ նորամուծություններ են արել, զվարճալիքների քանակն ու որակը ավելացրել, կարճ ասած՝ Play City-ն դարձրել ավելի հրապուրիչ փողատեր հայերի համար: Բան չունեմ ասելու. հսկայական գումարներ են ներդրել, գովազդային հետաքրքիր տեսահոլովակ ստեղծել, հետո հեռուստաընկերություններին վճարել, որ դա պտտացնեն իրենց եթերում...
Բայց դե այդ ամենի տպավորությունը խամրում է, հավասարվում զրոյի, անգամ դառնում հակագովազդ, երբ տեսահոլովակի վերջում ասվում է. «Play City` միայն ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐՆԵՐԻ համար»:
Ախր արկածախնդիրը դա ոչ թե արկած որոնողն է կամ արկածներ սիրողը, այլ` ավանտյուրիստը: Այսինքն, գովազդը եթե թարգմանենք ռուսերեն, ապա մոտավորապես այսպես կհնչի՝ «Play City-Только для авантюристов»։
Զարմանալի է, նաև ցավալի, որ մարդիկ, այն էլ պատասխանատու գովազդի համար, չգիտեն արկածախնդրի ու արկածներ որոնողի տարբերությունը: Չնայած դա Հայաստանում համատարած երևույթ է. ոչ թե արկածախնդիր բառի իմաստային խեղաթյուրումը, այլ իրենց գործից չհասկացող անձինք ու դիլետանտությունը: Այ դա արկածախնդրություն է` արկածախնդրություն ողջ երկրի մասշտաբով...

--

Wednesday, August 4, 2010

«ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ»

Երբ շրջում ես բլոգերով ու սայթերով, ականատեսն ես լինում բաների, որոնց մասին նախկինում միայն լսել էիր, այն էլ ականջի ծայրով: Օրինակ, հանդիպում ես մարդկանց, որ 21-րդ լուսավոր դարի առաջին տասնամյակում խոսում են գենի ու տարածքի միջև սերտ կապի, Հայկական լեռնաշխարհի և Հայ տեսակի հոգե-մարմնական գծերի անբաժանելիության, առանց Սևանի և Արարատի վսեմ տեսարանների հայի գոյատևման անհնարինության մասին (ինքս արդեն 10 տարի է հեշտությամբ գոյատևում եմ առանց Սևանի լողափների ու այնտեղի զզվելի արևի և վստահ եմ, որ առանց Արարատի «վսեմաշուք տեսարանի» էլ մի կերպ կդիմանամ):

Tuesday, August 3, 2010

Գրքի մթնշաղը

ԱՄՆ-ում էլեկտրոնային և «ավանդական» գրքերի միջև բախումը հասել է կիզակետին` արդեն տեղափոխվելով անգամ սրճարաններ: Այսպես, նմանատիպ հաստատություններից շատերում սկսվել են կիրառվել սահմանափակումներ համակարգիչների, և, ընդհանրապես, թվային սարքերի նկատմամբ:
Խնդիրն այն է, որ էլեկտրոնային գրքերն օրավուր դառնում են ավելի ու ավելի պահանջարկված` շուկայից դուրս մղելով իրենց թղթե «նախնիներին»:

Facebook-ն ու գաիշնիկները

Նոր Դելիում ճանապարհային ոստիկանությունը մի նորամուծություն է արել, որի հնարամտությամբ ու արդյունավետությամբ կարելի է միայն հիանալ: Ուրեմն, այս «բիթի» ոստիկաններն ի վիճակի չլինելով վերահսկել ահռելի մեգապոլիսի գերբեռնված փողոցները, որտեղ, ի դեպ, Երևանի համանմանությամբ վխտում են բազմաթիվ անգարգետ վարորդներ, որոշել են օրինապահ աշխատանքներում ներգրավել նաև հասարակ քաղաքացիներին:
Сказано-сделано. Facebook-ում միանգամից բացվել է մի էջ, որտեղ քաղաքացիները «թվայնացված» խախտումներ տեղադրելու հնարավորություն են ստացել: Միանգամից սկսվել է աննախադեպ մի աժիոտաժ: Դժվար է ասել, Նոր Դելիի բնակիչները չափազանց օրինապաշտ են, թե ուղղակի նախանձ են և չուզող, բայց մի բան հաստատ է. կայքէջը տեղում հեղեղվել է տարատեսակ խախտումների լուսանկարներով ու տեսագրություններով, իսկ ոստիկանությանը մնացել է միայն բռնել «տաք հետքն» ու պատժել կարգազանցներին: Բա, սա էլ Facebook-ի հետզհետե աճող կշռի պերճախոս օրինակ:
Ինձ թվում է, որ օրինակը բացի պերճախոս լինելուց նաև ուսանելի է: Օրինակ, Մարգար Օհանյանը, որը հանգամանքների բերումով ճանապարհային ոստիկանության պետն է, կարող է սույն պրակտիկան կիրառել նաև մեր երկրում: Բայց ես հոգուս խորքում վստահ եմ, որ դա երբեք չի լինի...
Իսկ գիտեք ինչո՞ւ...
Եթե դեռ չեք գլխի ընկել, ապա ասեմ: Կյանքի չի կոչվի, որովհետև օրերից մի օր մի «լկտի» անձնավորություն կարող է բռնել ու նկարահանել այնպիսի մի մեքենայի խախտումը, որի տիրոջ մասին պ-ն Մ. Օհանյանը խոսում է ընդգծված ակնածանքով: Եվ նման դեպքեր կլինեն տասնյակներով, որովհետև մարդիկ, ում մասին Մ. Օհանյանն ու նրա կոլեգաները խոսում են անթաքույց հարգանքով, հիմնականում անթաքույց խախտում են օրենքները` նամանավանդ ավտոճանապարհային:
Դե արի, Ճանապարհային ոստիկանություն, և աշխատի նման ճնշող պայմաններում...
Իսկ Նոր Դելիի ոստիկանությանը բութ մատ` ի նշան հարգանքի:

P.S.Մեր ոստիկանությանն էլ մատ, բայց, իհարկե, քիչ այլ կատեգորիայի:

Monday, August 2, 2010

ИМЯ ИМ ЛЕГИОН... ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ

Մի երկու օր առաջ ճակատագիրը քշեց ինձ մետրո: Ասեմ, որ հաճախ եմ քշվում այնտեղ, որովհետև հենց այդ նույն ճակատագիրն ինձ ավտոմեքենա դեռ չի նվիրել, իսկ երթուղայիններն ու քաղաքային մնացյալ տրանսպորտը չգիտես ինչու բացասական են ազդում էկոհամակարգիս վրա, դե իսկ տաքսու վրա էլ ափսոս է գումար ծախսել , համենայնդեպս երբ մետրոն հասանելի է (հավատացեք, որ ժլատ չեմ, ուղղակի տաքսուց ավելի արժանավոր բաներ կան): Սա այսպես ասած անձնական «Գանգատ ֆալաքին» ընդդեմ երևանյան շոգի, հասարակական տրանսպորտի և, ինչու չէ, մեքենայի բացակայության: Այժմ բացեմ հասարակական-քաղաքական բողոքի գիրքը: