Wednesday, August 25, 2010

Յո՞ երթամք...

Այս գրառումը պատմություն ունի։ Ծառի նման, որի կեղևի շերտերով կարելի որոշել նրա տարիքը։ Այն, ըստ էության, կուտակվել ու ձևավորվել է 2006-2009 թթ., որոշ հատվածներ ձևավորվել են ռեկտորին ուղարկած իմ վերլուծական զեկուցագրերում, ռեկտորատի նիստերի ընթացքում առաջացած մտորումներում, հետո, երբ պարզ դարձավ, որ այս ամենը չի տեղավորվում բարեփոխումների պաշտոնական վարկածի շրջանակներում, փորձեցի այն հոդված դարձնել համալսարանական թերթի համար, մանավանդ, որ հոբելյանական տարի էր։ Իհարկե, դա սպասելի բարդություններ առաջացրեց, և հետո որոշ հատվածներ օգտագործեցի բարեփոխումներին նվիրված տարբեր ձևաչափի կոնֆերանսներում իմ ելույթներում... և այսպես շարունակ։ Այսպիսի տեսքով շարադրել եմ հիմա ու ինձ թվում է, որ հարցերը մնում են ակտուալ, ու արժե դրանց մասին խոսել. Հայկի վերջին գրառումն էլ է դա վկայում։ Եվ ուրեմն.

Անցյալ տարի լրացավ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 90 տարին։ Դրանցից շուրջ երեսունն, ասել է թե՝ համալսարանի պատմության մեկ երրորդը, համընկնում է նաև իմ՝ որպես համալսարականի անձնական կենսագրությանը։ Ինչպես և յուրաքանչյուր այդօրինակ բնագիծ, այդ տարելիցն ինձ համար ոչ միայն տոնելու, այլ առաջին հերթին, մտորելու, անցած ուղին գնահատելու և առաջ նայելու կարևոր մի շարժառիթ է։
Ես, իհարկե, գիտեմ, որ դեռ խորհրդային տարիներից եկող ավանդույթին համապատասխան համալսարանում անց են կացվել տարաբնույթ տոնական հանդիսություններ, հոբելյանին նվիրված միջոցառումներ՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլ ձեռնարկումներ։ Շռայլվեցին շնորհավորական խոսքեր, նշվեցին այն նվաճումները, որոնցով համալսարանը դիմավորում է իր տարելիցը։ Որոշակի չափաբաժին հատկացվեց, անշուշտ, «որոշ դժվարությունների», «մի շարք չլուծված խնդիրների» առկայությանը, անգամ «առանձին թերացումների» վերաբերյալ ինքնաքննադատական ակնարկներ արվեցին։ Այդ թերացումները, բնականաբար, չկարողացան «ստվեր գցել» գլխավորի վրա՝ այն անկասելի փաստի, որ համալսարանը հետևողականորեն և անշեղորեն ընթանում է դինամիկ զարգացման մայրուղիով։
Մի խոսքով՝ համալսարականներս և հանրությունը ականատես եղանք հերթական պատասխանատու միջոցառմանը (իսկ ոմանք նաև որոշակի քվոտաներով պարգևատրվեցին և անգամ մասնակից դարձան տոնական մրցավազքը եզրափակող հանդիսավոր նիստին և ընդունելությանը), բառերի հետ շռայլվեցին նաև զգալի ֆինանսական միջոցներ, իսկ հետո՝ «տոնածառը» հավաքվեց, տոնական պիտույքները տեղավորվեցին դարակներում, իսկ համալսարանականներս շարունակեցինք մեն-մենակ մնալ այն իրական պրոբլեմների հետ, որոնք ուղեկցում են մեզ ամենօրյա մեր աշխատանքում, և որոնք, բնական է, հեռավոր առնչություն էլ չունեն այն գունեղ բացիկի հետ, որ նկարվել էր անցած և հիշողություն դարձած տոնին ընդառաջ...
Ես հեռու եմ ստորև տրվող հարցադրումներին միանշանակ պատասխաններ տալու հավակնությունից, սակայն համոզված եմ, որ այդ պատասխանները կարող են գտնվել միայն համալսարանական հանրության կողմից շահագրգիռ և հրապարակային քննարկման ընթացքում։ Գիտեմ, որ այդ և գուցե նաև այլ հարցեր իրենց են տալիս շատերը, քննարկում և մտորում ամբիոններում, լսարաններում, պարզապես միջանցքներում, և կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր alma mater-ի նկատմամբ, հատկապես երիտասարդ համալսարանականներին շարունակել այս շարադրանքով սկսվող քննարկումը՝ եկեք միասին փորձենք պատասխանել այն հարցին, թե ու՞ր ենք հասել և ի՞նչ ճանապարհ ենք բռնել։
***
1995թ.-ին համալսարանական կրթությունն անցավ երկաստիճան կառուցվածքի՝ բակալավրիատ և մագիստրատուրա։ Վաղուց արդեն դադարել են այն օրերի բուռն վեճերը այդ քայլի նպատակահարմարության մասին՝ քչերն են այսօր կասկածում, որ դա անհրաժեշտ քայլ էր, որով մեր համալսարանը նախանշեց իր՝ եվրոպական ընդհանուր կրթական տարածք մուտք գործելու նպատակադրությունը։
Այսօր ակնհայտ է, որ համալսարանական կրթության զարգացումը կարող է ապահովվել արտաքին (մեր դեպքում՝ եվրոպական) կրթական համակարգի բոլոր կազմաձևող մեխանիզմների հետ չափորոշչային համարժեքության խնդիրը լուծելու պարագայում միայն՝ հակառակ դեպքում եվրոպական բարձրագույն կրթության տարածք ինտեգրվելու բոլոր փորձերը կասեցվելու են ըստ սահմանման։ Մինչդեռ միայն այդ տարածքում ձևավորվող կրթական արդիական իրողություններին իրական մասնակցության պայմաններում հնարավոր է գործնականում գնահատել համալսարանի կրթական համակարգի հեռանկարային առավելությունները, մեկուսացումից դուրս բերել, պահպանել և գիտակրթական շրջանառության մեջ զարգացնել սեփական ինտելեկտուալ ռեսուրսը և փորձարկել նորացվող համակարգի մրցակցային հնարավորությունները գլոբալ ցանցերում։
2005թ.-ին Հայաստանը միացավ Բոլոնիայի համաձայնագրին՝ դրանով իսկ պետական մակարդակով հայտարարելով եվրոպական բարձրագույն կրթական տարածք մուտք գործելու իր նպատակադրությունը։ Դա հնարավորություն ընձեռեց համալսարանին 2006–2008 թթ.-ին նախաձեռնելու համալսարանական կրթության համակարգը վերափոխելու, այն եվրոպական բարձրագույն կրթության տարածքը ձևավորող ֆորմալ պահանջներին համապատասխանեցնելունն ուղղված մի նոր փուլ, մասնավորապես՝ մշակվեցին, հաստատվեցին և գործարկվեցին մագիստրոսի և բակալավրի կրեդիտային հենքով կրթական ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը, հաստատվեց որակի ներքին ապահովման համակարգի հայեցակարգը, վերջինիս որոշ տարրեր ներմուծվեցին կրթական պրակտիկա։
Միևնույն ժամանակ, ինչպես և բարձրագույն կրթության ամբողջ համակարգում, ԵՊՀ-ում նույնպես վերափոխված կառուցվածքի գործարկումը ուղեկցվում է մի շարք լրջագույն բովանդակային բարդություններով, որոնք պայմանավորված են մշակութային համատեքստի հետընկնումով, այլ կերպ ասած՝ այն խզումով, որն առաջանում է մակերևութային վերաձևումների և կրթական պրակտիկան պայմանավորող միջավայրի միջև։
Այսօր, համալսարանական բարեփոխումների մեկնարկից մոտ տասնհինգ տարի անց, ստիպված ենք փաստել, որ կրթական համակարգի այդօրինակ վճռական վերափոխումները պահանջում էին համալսարանական կրթության և գիտության ոլորտներում հիմնարար բարեփոխումների անցկացմանն ուղղված հետևողական քաղաքանության մշակում և իրականացում, որը պետք է նախատեսեր համակարգը կազմող հանգուցային մեխանիզմներում խորը կառուցվածքային, մեթոդաբանական, հոգեբանական և ֆինանսական վերափոխումների կատարում։
Պետք է, սակայն, խոստովանել, որ այդօրինակ բովանդակային հենարանների ձևավորումն ու զարգացումն ընթացել է անթույլատրելիորեն դանդաղ տեմպերով, իսկ որոշ հենքային խնդիրներ մնացել են չլուծված՝ ավանդույթ դարձած գործելաոճին համապատասխան, կրթական համակարգը ենթարկվեց հիմնականում դեկորատիվ բնույթ կրող մակերեսային վերաձևումների։
Կրթական համակարգի կարծրացած վիճակը, այն զգալի իներցիոն ուժը, որն առաջանում է համակարգի գործառությունն ապահովող վարչական և ակադեմիական ռեսուրսի՝ կրթական գործընթացի բովանդակության և կառավարման եղանակների վերաբերյալ կարծրատիպային պատկերացումներից և ակադեմիական միջավայրում ինովացիոն մշակույթի ցածր աստիճանից, բարեփոխումների ընթացքը արագացնելու համար անհրաժեշտ նպաստավոր հող չեն ստեղծում։
Եթե առաջին մոտեցմամբ առավել ընդհանուր գծերով վերլուծելու լինենք դրա հիմնական պատճառները, ապա կարելի է նշել հետևյալ խնդիրները.
1. Կրթական գործընթացի ուղղահայաց կառավարման առկայությունը, որի տրամաբանությունն իր բնույթով իսկ դիմադրում է բարեփոխումների համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման նպատակով անհրաժեշտ ակադեմիական դեմոկրատական մեխանիզմների կազմավորմանը՝ հակասելով գիտելիքի հասարակություն ձևավորելու գլխավոր մարտահրավերներից մեկին՝ կոշտ աստիճանակարգված կառավարման մոդելից դեպի փոխկապակցված (ցանցավորված) ինքնավարություն անցնելու հրամայականին։ Ավելին՝ ինչպես յուրաքանչյուր կենտրոնացված վարչարարական մեքենա, այդ կառուցվածքը մշտապես միտված է դեպի ինքնավերարտադրում։ Պատահական չէ, որ բարեփոխմանն ուղղված՝ վերջին տարիներին կայացված անգամ անցումնային որոշումները արագորեն արգելակվում էին գործնական հարթություն իջնելիս։ Այդ ամենը ոչ միայն խոչընդոտում է համալսարանում ինովացիոն իրական մշակույթ ձևավորելու փորձերը, այլ նաև (ինչն առավել վտանգավոր է) կարող է վարկաբեկել բարեփոխումների գաղափարն առհասարակ։ Ակնհայտ է այս առումով, որ մեր առջև կանգնած է կրթական գործընթացի կառավարման արդյունավետ մոդելի մշակում, որի հիմքում պետք է դրված լինի ապակենտրոնացման և համալսարանի վարչական կառույցների ու ֆակուլտետների՝ որպես կրթական գործընթացը իրականացնող կառույցների միջև կառավարման գործառույթների արդյունավետ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող վերաբաշխումը։
2. Համալսարանական կրթության բարեփոխումները կատարվել են որդեգրելով եվրոպական համակարգի ընդամենը մակերեսային կաղապարը (կրթական համակարգի տրոհում երկու աստիճանի՝ բակալավրիատ և մագիստրատուրա, ժամերի վերածում կրեդիտների)։ Արդյունքում առաջացած բովանդակային խառնաշփոթը, հոգեբանական և սոցիալական բնույթի արգելքները պայմանավորված են եղել կրթական արդյունավետ մոդել ձևավորելու նպատակադրության բացակայությամբ։ Դա իր հերթին չի ենթադրել բարեփոխումների լուրջ հայեցակարգ ստեղծելու, այդ ուղղությամբ համապատասխան հետազոտական և վերլուծական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն։ Մինչդեռ բարեփոխումների ընթացքը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում նոր խնդիրներ և առաջնահերթություններ է առաջադրում, մասնավորապես, կրթական արդյունքների վրա հենվող ուսումնական ծրագրերին, դասավանդման այսպես կոչված «դասախոսակենտրոն» մոդելից «ուսանողակենտրոն» համակարգին անցնելու նպատակները, և բարեփոխումների հետագա դանդաղեցումը հղի է կրթության զարգացման արագացող ընթացքից հետ մնալու վտանգով։
Ի՞նչն է կառավարման այսօրվա համակարգում խոչընդոտում արժեքային միասնականության, կամ կորպորատիվ միասնական շահի ձևավորմանը։ Թերևս կարելի է առանձնացնել հետևյալը.
1. Բարեփոխումների նպատակադրությունների և բովանդակության տեղեկատվական աջակցության աննշան աստիճանը և ակադեմիական լայն շրջանակի (դասախոսների, ուսանողների) օտարված լինելը բարեփոխումների գործընթացից.
2. Ուսանողների մոտ որակյալ կրթություն ստանալու հասարակական խթանների բացակայությունը և կրթական գործընթացում սեփական դերը գիտակցելու ցածր աստիճանը։
Փորձենք մանրամասնել։
Կառավարման ներկայիս համակարգում գերակայում է վարչարարա-հրահանգային մշակույթը։ Վարչական կենտրոնը ձգտում է տոտալ վերահսկման՝ իր ներկայությունն ապահովելով համակարգի բոլոր օղակներում՝ միջամտելով անգամ մասնագիտական բնույթի խնդիրների լուծմանը։ Այդ պայմաններում մասնագիտական պատրաստություն իրականացնող կառույցները (ֆակուլտետները) ոչ միայն օժտված չեն իրական ինքնավարությամբ և լիազորություններով, այլ ընդհակառակը՝ չեն ունենում նախաձեռնողականություն ցուցաբերելու որևէ խթան:
Ուսումնական գործընթացի կառավարման ուղղությամբ վարվում է կոշտ ֆիսկալային քաղաքականություն, բացակայում է պրոցեսային մոտեցումը։ Կառավարման օբյեկտ են հանդիսանում կրթական գործընթացում ներգրավված սուբյեկտները՝ դասախոսները, ուսանողները, այլ ոչ թե բուն ինքը՝ կրթական գործընթացը։ Որպես հետևանք՝ կրթական գործընթացին ներկայացվող պահանջները հաշվի չեն առնում վերջինիս իրական հնարավորությունները, ուստի պրոցեսի հնարավորությունները և ներկայացվող պահանջները մտնում են հակասության մեջ, և պրոցեսի դեֆեկտների չափը սկսում է աճել՝ որքան խիստ են ոչ իրատեսական պահանջները, այնքան շատ է խոտանը։
Արդյունքները բարելավելու համար անհրաժեշտ է նախևառաջ բարելավել պրոցեսի հնարավորությունները, որից հետո միայն առաջադրել պրոցեսի նոր հնարավորություններին համապատասխանող նոր պահանջներ։
Հասկանալի է, սակայն, որ բարեփոխումները վերաբերում են ոչ միայն բուն կրթական գործընթացին, այլ նաև այն ապահովող մնացած գործոններին՝ կազմակերպական, ֆինանսական, մեթոդական և այլն, ուստի կրթական համակարգի արդյունավետ զարգացումը կարող է իրականանալ միայն դրանք բոլորը հաշվի առնելու, համակարգված կերպով ուսումնասիրելու, փորձարկելու, և նորացվող համակարգի բաղադրիչները փաթեթ առ փաթեթ ներդնելու դեպքում։
Այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն բարեփոխումների ընթացքի բոլոր պարամետրերով լուրջ հետազոտական, վերլուծական և ստեղծագործական աշխատանք կազմակերպելու պարագայում և, որն ամենակարևորն է՝ համալսարանական հանրության կողմից շահագրգիռ և հրապարակային քննարկման ընթացքում։ Մինչդեռ խիստ աստիճանակարգված կառավարման կառուցվածքի պայմաններում դասախոսական և ուսանողական կազմը չի ներգրավվում կատարվող փոփոխությունների ընթացքին, կրթական համակարգի զարգացման համար սկզբունքային, ռազմավարական նշանակություն ունեցող որոշումները կայացվում են նեղ շրջանակում և միտված են գլխավորապես այդ ուղղությամբ համալսարանում կատարվող քայլերը «վերադասին» զեկուցելու համար համապատասխանորեն «փաթեթավորելու» խնդիրը լուծելուն։ Կայացվելիք որոշումների շահագրգիռ քննարկումներ չեն նախաձեռնվում կամ էլ դրանք կրում են ֆորմալ ընթացակարգային բնույթ։
Ավելորդ է, սակայն, նշել, որ կողմնորոշումը դեպի նոր արժեքներ պետք է կիսեն կազմակերպության բոլոր աշխատակիցները։ Դա նշանակում է, որ գերակայությունները սահմանելու որոշումը չի կարելի ընդունել միայն համալսարանի ղեկավարության վերին մակարդակում։ Նոր գերակայությունները պետք է դրվեն խմբային քննարկման ոչ թե որպես եղելություն, այլ ընդամենը որպես քննարկման խնդիր։ Եվ վարչակազմը պետք է պատրաստ լինի, որ վերջնական ձևակերպումները կարող են որևէ ընդհանուր բան չունենալ այն բանի հետ, ինչ նախապես ենթադրվում էր։ Միակ նրա պահանջը պետք է լինի այն, որ կոլեկտիվի կողմից ընդունված արժեքները պետք է ունենան օրենքի ուժ և անվերապահորեն պահպանվեն։ Եթե նկարագրված սկզբունքները չեն պահպանվել, ապա ղեկավարության հռչակած նոր արժեքները չեն ընդունվի աշխատակիցների կողմից, հետևապես՝ կրթական պրակտիկայում չեն կիրառվի կամ կկիրառվեն ֆորմալ առումով, ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում։
Կրթական գործընթացի թերևս գլխավոր շահագրգիռ կողմը ուսանողությունն է, մինչդեռ ուսանողների մոտ այսօր գրեթե բացակայում են որակյալ կրթություն ստանալու հասարակական խթանները և ցածր է կրթական գործընթացում սեփական դերը գիտակցելու աստիճանը։
Ակնհայտ է, սակայն, որ կրթական բարեփոխումների հաջող և արդյունավետ ընթացքի համար որպես գլխավոր (և որոշ իմաստով նախապայման հանդիսացող) գործոն հանդես է գալիս ուսանողության՝ որպես ընդհանուր սոցիալական շահ ունեցող խավի կազմավորումը։
Ուսանողության՝ որպես երիտասարդության ինտելեկտուալ բնույթի նպատակադրություններով միավորված և, հետևապես, առաջատար հատվածի սոցիալական ֆորմալիզացիան, պետք է մեծապես նպաստի բարեփոխումների ընթացքը «ներքևից» խթանելու և իրական բովանդակությամբ բեռնելու, հասարակաության մեջ ինովացիոն մշակույթ տարածելու և, ի վերջո, հասարակության դեմոկրատացումը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների վերջնական կայացումը ապահովելու գործում։ Դա թույլ կտա նաև շեշտակիորեն բարձրացնել համալսարանի գրավչությունը՝ ժամանակակից մտավոր և հոգևոր պահանջներին համապատասխան մթնոլորտ ձևավորելով բուհական միջավայրում, որի պակասը (կամ, ըստ էության, բացակայությունն) է, որ նաև առաջացնում է ստեղծագործ երիտասարդության արտահոսքը երկրից։
Նման մթնոլորտի ձևավորումը ենթադրում է ընդհանուր ակադեմիական միջավայրի առկայություն, որտեղ իրականում կգործի ժամանակակից աշխարհի հասարակական կառուցվածքներին բնորոշ հարաբերությունների համակարգը և կձևավորվի մարդու և մասնագետի անհատականությունը։ Այդ պարագայում միայն կապահովվի համալսարանի համաչափ համալրումը ակտիվ գիտակրթական դիրքորոշում ունեցող երիտասարդ մասնագետներով, կրթական համակարգում արդեն իսկ աշխատող երիտասարդ մասնագետները ակտիվորեն ներգրավված կլինեն համալսարանական կառավարման գործընթացներում, իսկ ուսանողական կազմակերպությունները թերևս կդադարեն լինել արհեստածին կառույցներ, որոնք ծառայում են որպես «չինովնիկական» ապագային իրենց նախապատրաստող ողորկախոս երիտասարդների դարբնոց։
***
Համալսարանի արդիականացումը և համապատասխանեցումը ժամանակակից որակական չափանիշներին խրթին ու բազմաբևեռ գործընթաց է: Այս պարագայում խիստ կարևոր է ինքնավարության և պատասխանատվության, ակադեմիական մշակույթի և կառավարման ժամանակակից մոդելների կիրառման, ինչպես նաև ավանդույթի և նորույթներին հարմարվելու միջև առաջացած խզման կրճատումը՝ խնդիր, որը պետք է գլխավորի համալսարանի ղեկավարության աշխատանքային օրակարգը։
Կարծում եմ, անվիճելի է, որ մենք կանգնած ենք մշակութային լուրջ տեղաշարժի անհրաժեշտության առջև։ Սակայն պետք է նկատել, որ մշակութային հենարանների ձևավորումը պետք է ընթանա կառուցվածքային վերափոխումներին զուգընթաց, և որքան մենք ուշացնենք շարժումն այդ ուղղությամբ, այնքան մեծ է վտանգը, որ բարեփոխումների նպատակով գործադրվող մեր ջանքերը չեն պսակվի ցանկալի արդյունքներով։ Պետք է ի վերջո հստակ դրվի այն սահմանը, որից այն կողմ կազմակերպական մշակույթի հիմնարար հասկացությունները ձևախեղվում և բովանդակազրկվում են, որից այն կողմ իրական պահանջկոտությունը վերածվում է մանրախնդրականության, դեմոկրատական սկզբունքները՝ տնայնավարության, իսկ շահագրգիռ քննարկումները՝ համատեքստից դուրս բերված առանձին խնդիրների շահարկման։ Այդժամ, թերևս, մենք կկարողանանք վստահ լինել, որ բռնել ենք իրական զարգացման ուղին։

Չորեքշաբթի իրիկուն, Սամվել Կարաբեկյան
--

No comments:

Post a Comment