Նայեցի ծրագիրը, հատկապես, որ այն շատ երկար չէր, խլեց մոտ 20 րոպե, մի երկու հատված դուրս գրեցի, որը հետաքրքրեց, մոտավորապես review-ի պես մի բան կստացվի, ինչ կհաջորդի ներքևում։ Ծրագրից մեջբերումների էջերը նշված չեն, սակայն կան համարակալումներ, որոնք թույլ կտան դրանք հեշտորեն գտնել բնօրինակում։ Քննադատություն չէ, ոչ էլ մասնագիտական արձագանք, այլ մի երկու մտորում «օդի մեջ»։ Մեկ կարևորագույն նախապայման ևս, այն ինչ շարադրվելու է, վերաբերում է բացառապես հումանիտար ոչ հասարակական գիտություններին, միգուցե նաև վերջիններիս։
ՄԵՋԲԵՐՈՒՄ 1
«5. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
3) հայտնաբերել, ձևավորել, զարգացնել գերազանցության օջախները, կապակցել դրանք` ստեղծելով կրթական ցանցեր,
...
90. Հայտնաբերել, ձևավորել, զարգացնել և կապակցել գերազանցության կենտրոններ: Բարեփոխումներն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել գերազանցության կենտրոնների միջոցով կրթական համակարգը զարգացնելու մոտեցումը: Այս մոտեցումը ենթադրում է բարեփոխումներն իրականացնել, մի կողմից` օրինակելի կենտրոններ հայտնաբերելու և զարգացնելու, մյուս կողմից` նմանատիպ կենտրոններ ստեղծելու միջոցով։ Դրանք կստանձնեն բարեփոխումներն առաջնորդողի և տարածողի դերը: Կրթական համակարգի համաչափ զարգացում ապահովելու համար բոլոր մարզերում կկիրառվի գերազանցության կենտրոններ ձևավորելու քաղաքականություն։ Որպեսզի կենտրոնների ազդեցությունն առավելագույնս դրսևորվի, անհրաժեշտ է ապահովել դրանց փոխկապակցումը ինչպես միմյանց, այնպես էլ արտերկրի կառույցների հետ։ Գերազանցության կենտրոնները խրախուսվելու են և պարտավորություն են ստանձնելու աջակցել նոր կենտրոնների ձևավորմանը։
...
91. Նման ռազմավարությունը նախատեսում է`
1) բացահայտել կրթական համակարգի` զարգացման առավել մեծ ներուժ ունեցող օղակները, աջակցել դրանց զարգացմանը և նորերի ստեղծմանը,
2) նպաստել, որ այդ օղակները ժամանակի ընթացքում վերածվեն լիարժեք կառույցների` գերազանցության կենտրոնների,
3) դրանց ներուժը մեծացնելու նպատակով օժանդակել կենտրոնների փոխկապակցմանը,
4) նպաստել, որ գերազանցության կենտրոնները դառնան տարածաշրջանային ռեսուրսային կենտրոններ և դրանց հիմնական առաքելությունը լինի հարակից կրթական հաստատությունների զարգացմանը օժանդակելը:»
-- Հիանալի է չէ գրված, միանգամից զգացվում է, որ գաղափարը տեղական չէ, թեև թարգմանությունը որակյալ է, կամ վերաշարադրումը։ Ամեն ինչ պայմանական է, ենթադրական, ըղձական՝ «մի բան լինի մի բան անենք» տրամաբանությամբ։ Գերազանցության կենտրոնների ցավով, ցավոք, տառապում են նաև Եվրոպայում, գումարների, ահռելի գումարների հիմնական մասնը ուղղվում է այդպիսի կենտրոնների ստեղծմանը, որոնք միտված են ապագային ու սպանում, պարզապես ոչնչացնում են ընթացիկ հնարավորությունները։ Մերձակա ապագայում այսպիսի մոտեցման արդյունքում «բաց անցքեր» չունենալու համար պետք է հիանալի պլանավորում, որը հազիվ թե ենթադրելի է մեր պայմաններում։ Կշահեն երիտասարդները, որոնց համար միանգամից, ինչ որ պահի, շնորհիվ այդ բացի, միանգամից բավականին ազատ աշխատատեղեր կլինեն գիտության ոլորտում։ Բայց դրա մասին չէր, որ ուզում էի։
Գերազանցության կենտրոնները հսկայական ներդրումներ են պահանջում, դրանք գաղափարախոսությամբ առայժմ կրկնօրինակում են սովետա-ամերիկյան ռազմական հակամարտության վրա հիմնված գիտական կենտրոնների գաղափարին։ Ակադեմիական ռազմական փակ (հիմա արդեն մասամբ բաց) քաղաքներ, գիտելիքի շրջանառության ու արտադրության փակ ամբողջական ցիկլով։ Ինչքանով է իրական ու իրատեսական գերազանցության այդպիսի կենտրոնները մեր պայմաններում, մտածելու խնդիր է։ Մարդկային ռեսուրսներ ու ներդրում մարդկային ռեսուրսում՝ ոչ մի տող այս հատվածում։
Տպավորությունն իմ մոտ, գեղեցիկ մի շինություն, եվրոպատուհաններով ու մի քանի տասնյակ համակարգիչներով, մի երկու սիրուն քարտուղարուհի, «թույն թիկնաթոռներ», որոնցից յուրաքանչյուր մոտ 150-200 ԱՄՆ դոլարի (2-3 «միջին» կամ կես «նորմալ» գիրք է սա, եթե հեղինակն ու հրատարակչությունը շատ չեն ժլատացել) սահմաններում է, գրասեղաններ, կահույք, ջեռուցում, մեքենաներ։ Իհարկե սա վատ չէ, բայց այն միայն «ֆուտլյար» է, անգամ ոչ ձև գաղափարի նկատմամբ։ Իսկ ով պիտի կյանքի կոչի այդ գերազանցությունը, ում նկատմամբ է լինելու այդ գերազանցությունը, ով է գնահատելու այդ գերազանցությունը, հարցեր են, որոնք բաց են ու բաց էլ մնալու են։
Ինչքանով է հաջողվում գերազանցության խնդիրը լուծել Եվրոպայում, ցույց կտա ժամանակը։ Ինձ ծանոթ համալսարանում, որը ֆինանսների ու որակյալ պրոֆեսորների պակաս կարծեք թե չունի, ինձ ծանոթ ոլորտում, վերջին 5 տարիների «քրտանաջան» աշխատանքի ու 80 մլն եվրո ֆինանսավորման պայմաններում «հաջողացրել» է ստեղծել միայն «graduate school» ու ավելացրել դոկտորանդների թիվը, արդյունավետության մասին չեմ խոսում։ Ես հոռետես եմ հետագա ձեռքբերումների առումով, թեև ժամանակը ցույց կտա։
Ինչն ինձ բարկացնում, մի փոքր թևաթափ է անում՝ ներդրումները դեպի ընդհանուր ենթակառուցվածքներ (ավելի լայն, քան մեր պատկերացրած եվրոպատուհանները) են հոսում, ինչն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե դրանք մշտապես հոսեն, վերադարձելիություն դրանք չեն ապահովելու (մոտ հեռանկարում), առավել ևս հումանիտար մտքի տեսքով։ Գումարը վերածվում է պրոֆեսորների աշխատավարձի, հիմնականում։ Արվում է արված լինելու համար՝ մենք աֆրիկանագիտության դպրոց ունենք, թեև իրենք էլ գիտեն, որ չունեն, մասնավոր զրույցներում ընդունում են։ Արաբագիտության ոլորտում, հիմնադրման պահից ի վեր (20 տարի)՝ ոչ մի տեղացի շրջանավարտ, որն այդ ոլորտում է։ Այս պայմաններում գերազանցությունը միայն մոդայիկ մի բառ է։ 80 մլն ծախսել հույսով, որ 80 մլն արժողությամբ ենթակառուցվածքից էլի սեփական մղման շնորհիվ կօգտվի ինչ-որ մեկն ու ինքնակրթությամբ երկրորդ, ասենք, Նյոլդեկե կդառնա ...։ Չգիտեմ, չնայած մոդելը բավականին բարդ է, քանի որ միջազգային մաշստաբով է։ Կերևա ինչ կստացվի, չնայած էլի հոռետես եմ։ Հայաստանն, ամեն դեպքում, 80 մլն չէ, որ նկատի ունի ներկայացվող ծրագրում։ Հուսամ, ավելի խելացի կգտնվեն մեր դեպքում ու թիրախավորված լուծումներով կաշխատեն՝ չնայած ոչ մի հույս։ Միանշանակ լուծումներ չկան, չեն կարող լինել, առարկան (որպես ռեալիա) բարդ է։ Խնդիրը, միգուցե, հումանիտար մտքի մեջ է, միգուցե։
Ամեն դեպքում, չեմ կարծում որ կարելի է ընկնել գերազանցության թակարդը, այն դեպքում, որ ՀՀ-ում առկա թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր ռեսուրսների պայմաններում, այն մոտ ապագայի, 2015թ. գործ չէ, հեռահար ծրագիր է։ Բայց սկսել պետք է։ Մտավոր ռեսուրսի խնդիրն այստեղ առաջնային է, ահավոր բարդ խնդիր, դա պիտի ընդունել, յուրաքանչյուր մեկը, ով մի փոքր շատ է պահանջում կրթությունից, գիտությունից, համոզված եմ, որ կընդունի սա։ Թե չէ հայլուրյան տրամաբանությամբ ինքնահավան հնդկահավ ենք ստիպում մեզ ընդունել։
Մի օրինակ միայն, որը թույլ կտա տեսնել, թե ինչի եմ հոռետես ու ինչի մասին եմ խոսում։ Մաքս Պլանկ գիտական ընկերակցություն կա, որը սեփական հետազոտական կենտրոններ, ինստիտուտներ, դասական իմաստով ինստիտուտներ ունի եվրոպական այս կամ այն համալսարանին կից։ Եթե չեմ սխալվում, Լայպցիգում անտրոպոլոգիական լեզվաբանության ինստիտուտի տնօրենը, ղեկավարը Բեռնար Կոմրին է։ Կոմրին լեզվաբանության առանձին ճյուղ է ինքնին, ինքն իրենով, որպես մարդ արարած։ Դրեզդենի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գրադարանի մասին չեմ խոսում, որն ավելի լավ էր կահավորված, քան «ՄԵԿ կահույքի սրահը» Երևանում (կահավորանքը նվազագույնն է, որպեսզի պատկերացնեք, երևակայեք, թե ինչպիսին են մյուս հատվածներն ու հնարավորությունները ու գիտական կազմը)։ Ի՞նչ գերազանցություն, գերազանցության տրամաբանությունը «սադանի մայլեն քյանդրբազություն անել է»։ Ուրիշ բան, պարոնայք, ավելի կրեատիվ։
ՄԵՋԲԵՐՈՒՄ 2
«7. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2) Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնում
ա. բարելավել համակարգչային տեխնիկայով ու ծրագրային փաթեթներով հանրակրթական հաստատությունների համակարգչային ապահովվածությունը,
բ. ընդլայնել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը` ընդգրկելով բոլոր դպրոցները,
գ. բարելավել հանրակրթական հաստատություններում համակարգչային գրագիտության մակարդակը, <<Ինֆորմատիկա>> առարկայի դասավանդման որակը,
դ. ընդլայնել ուսումնական գործընթացում տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների՝ որպես ուսուցման և դասավանդման միջոցի կիրառումը,
ե. մշակել ժամանակակից էլեկտրոնային ուսումնական պաշարներ:»
-- Շատ չեմ ծավալվում, միայն ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի չակերտներ են օգտագործվում այստեղ։ Չակերտամոլ չեմ, վստահեցնում եմ, սա սիմվոլիկա է։ Մի քանի հետևություն մի չակերտից։ Այդպիսի չակերտներ հայերենում չկան, նյութը հավաքվել է չարաբաստիկ KdWin-ի օգնությամբ, որը վաղ բրոնզե դարից է ՏՏ առումով, անգամ ստեղծման գաղափարի, էլ չեմ ասում գաղափարի իրականացման առումով։ Սա այն դեպքում, երբ այսպիսի չակերտներ օգտագործողը խոսում է ՏՏ կիրառության ընդլայնման մասին։) Խնդիրը չակերտները չեն, չակերտները անիմաստ են այս պահին, չնայած վիրտուալ հայերենի խնդրի հետ են փոխկապակցված (չեմ ծավալվում այս ուղղությամբ)։
ՏՏ-ն հերթական մոդայիկ հապավումն է, որը տեղ է գտել այս ծրագրում, առանց իրական ինչ-որ պատկերացման։ Լավագույն ու պարզագույնը օրինակը, համեմատության համար, միայն՝ ԵՊՀ-ում կա՞ արդյոք այսօր առցանց մուտքի հնարավորություն ինչ-որ գիտական ամսագրի։ Կա (կամ միգուցե էլ չկա, մի քանի անհաջող փորձերից հետո դադարեցի տիկնանց նեղություն պատճառել)՝ «ահավոր խուճուճ ու ուրիշից կպցրած», չպատմեմ, խնդրում եմ, խնայեմ սեփական նյարդերը, երբ համեմատում ես, թե ինչպիսին պիտի լինի գրադարանի կայքն ու առցանց հնարավորությունն ինչ է իրականում։ ԵՊՀ-ում ինտերնետն է անգամ վճարովի և սա ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ։ Չեմ շարունակում, էլի եմ խնայում ինձ։ ՏՏ-ն պարոնայք միայն համակարգիչ, ավելի շուտ՝ ինտերնետին միացված համակարգիչ են պատկերացնում։ Փառք Աստուծո, Google կա, ու նաև «լիքը գժեր», որոնք պատրաստ են ժամանակ ծախսել ուրիշի հեղինակային իրավունքը խախտելու ու ոտքի տակ տրորելու համար՝ pdf կամ ավելի լավ է DjView ֆորմատով։
ՄԵՋԲԵՐՈՒՄ 3
«7.2.2. Բարձրագույն և հետբուհական կրթություն
1) Եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան ներդնել որակավորումների ազգային շրջանակ,
2) ստեղծել որակի ապահովման ազգային համակարգ, ինչպես նաև զարգացնել, հզորացնել ու ամրապնդել նրա կարողությունները,
3) ձևավորել և ներդնել բարձրագույն կրթության և կայուն ֆինանսավորման համակարգ,
4) ապահովել բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանաչումը և համարժեքությունը,
5) խթանել ուսանողների շարժունությունը և Հայաստանի կրթական համակարգի գրավչությունը,
6) խթանել բուհերի և գործատուների (աշխատաշուկայի) փոխադարձ կապը, նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորման խնդիրների լուծմանը։»
-- Ինչ-որ մի բան ասեց ձեզ, կոնկրետ բան, ցանկացած բան։ Միգուցե կարևոր կետեր էին, ծրագրի համար չափազանց կարևոր։ Ինչ ես կարողացա ընկալել սեփական գորշ զանգվածի սահմանափակ ծավալով՝ ինչ-որ դիպլոմ-միպլոմ, որը պիտի ճանաչեն ասենք, լավ, լավագույն դեպքում Սիրիայում, Լիբանանում, Ռուսաստանում, միգուցե, Վրաստան-մրաստան՝ եթե բախնտերս բերի, Իրան, երևի Հնդկաստան, Պակիստան, Աֆղանստան ... ստան, ... ստան։ Ու ի՞նչ։
«որակի ապահովման ազգային համակարգ»՝ կհուշե՞ք, ի՞նչ արժե մեկ դիպլոմայինը, մագիստրականը կամ թեկնածուականը։ Ավելի զիլ՝ «զարգացնել, հզորացնել ու ամրապնդել նրա կարողությունները,» ... հարկե՞լ, միգուցե նկատի ունեն, համ կամ հավաստագրել, լիցենզիաներ վաճառել, ասենք, մագիստրական գրելու համար, ՀԴՄ-ներ պարտադրել ։))))))
Շատ ավելի իրական ու ցավոտ՝ «խթանել ուսանողների շարժունությունը», պարոնայք տեղյակ են արդյոք ինչպես կարելի է ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխվել ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ, էլ չեմ ասում Գյումրիի մանկավարժական համալսարանից ՄԱՅՐ ԲՈՒՀ կամ ցանկացած այլ բուհ։)) Լռում եմ, չնայած չեմ լռում, չէ՛, ավելի լավ է լռեմ։
«խթանել ... Հայաստանի կրթական համակարգի գրավչությունը»՝ լավ կլինի, ապե՛։
Շաբաթ իրիկուն, Մարատ
Հ.Գ. Լուծումներ ... Տեսնես երբ են պարոնայք սկսելու համալսարանը զատել շինհրապարակից։
--
Վերջաբանը լավն էր Մարատ ջան.. այսինքն ամբողջությամբ լավն էր` մեջբերումներով և մնացածով.. գուցե և իրոք լավ լինի.. (համենայն դեպս մեր մոտ համարյա ամեն ինչ գուցեների վրայա հիմնված)
ReplyDeleteՄարատ ջան, մի հատված իմ տեքստից, որը ներկայացրել էի ԿԳՆ 2007 թ.-ի աշնանը՝ արտաքին կրթական համակարգի հետ "չափորոշչային համարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ է հիմնական երկու խնդրի լուծում՝ (ա) մոդելի ձևավորման համար գործող համակարգին զուգահեռ փորձարարական հարթակների ստեղծում, (բ) փորձարարական հարթակների կողմից գործող հաստատութենական կառույցների աստիճանական կլանում։ Փորձարարական հարթակներում անհրաժեշտ կլինի կենտրոնացնել առկա ինտելեկտուալ և նյութական ռեսուրսը, ապահովելով դրանց առաջանցիկ զարգացումը և հետագա ցանցավորումը։ Ինովացիոն մշակույթի, ճկունության և զարգացման դինամիկայի վրա հիմնված այդօրինակ «բարձրակարգության ցանցում» ձևավորված կրթական արդիական իրողությունները կազմելու է ԲԿ նախագծվելիք համակարգի կմախքը՝ համակարգ, որի համադրելիությունը և ընթեռնելիությունը կրթական ծառայությունների համաշխարհային շուկայում պայմանավորված է լինելու գործառությանն առնչվող բոլոր համակարգային մեխանիզմների չափորոշչային համարժեքությամբ։"...
ReplyDelete