Ամբողջ օրը մտածում եմ՝ ի՛նչ ահռելի պատասխանատվություն վերցրեցինք 20 տարի առաջ, երբ ընդունեցինք Անկախության հռչակագիրը։ Չեմ շփոթում դերանունը. այո՛, վերցրեցինք, որովհետև սա այն բացառիկ դեպքերից էր, երբ բոլորս անխտիր մասնակցեցինք այդ արարողությանը, անկախ նրանից, պատգամավոր էինք, թե կանգնած էինք շենքը շրջապատած մարդկանց բազմության մեջ։ Ինչպես ասում են՝ մեկ շնչով։
Քսան տարի անց նույն շենքի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հետ փորձում էի պաշտպանել Հռչակագրի հիմնական դրույթներից մեկը՝ հայոց լեզվին վերաբերող։
Պաշտպանում էի, ոչ միայն այն պատճառով, որ համոզված եմ՝ հանրակրթության լեզուն պետք է լինի հայերենը, այլ նաև այն պատճառով, որ պատասխանատվություն էի ստանձնել Հռչակագրի այդ և մյուս կետերի համար։ Ես՝ անձամբ ես, ով դահլիճում չէր, պատգամավոր չէր, տեքստը կազմելուն չէր մասնակցել, առավել ևս չէր հնչեցրել այն ամբիոնից, բայց ում մանդատով, աջակցությամբ և վստանությամբ այն ընդունվեց։ Եվ ինչպե՞ս պատահեց, որ մեզանից շատերը հրաժարվեցին այդ պատասխանատվությունը կրելուց, կարևոր չէ ինչու՝ գիտակցաբար (շահից ելնելով) կամ անգիտակցաբար (պարզապես խճճվելով անձնական և կենցաղային խնդիրների մեջ)։ Ինչպե՞ս պատահեց, որ զիջեցինք այն, որ մեր գլուխներն այլևս չցավա, թե ինչպե՛ս կատարել ստանձնած պարտավորությունները՝ եթե ստացվի՝ լավ է, բոլորս կուրախանանք, քեֆ կանենք, կուրծք կծեծենք՝ «մի տեսե՛ք ովքե՛ր ենք». իսկ եթե ոչ... դե պարզ է՝ «մենք ո՞վ ենք, որ...», «մեր ձեռն ի՞նչ կա», «ժողովրդին ո՞վ ա լսում» և պատասխանատվությունից խուսափելու հայաստանյան սովորական տրտնջոցը՝ բռնազբոսիկ արտիստիզմով, կոկետությամբ մատուցված, աչքերի՝ գովերգած տխուր փայլով՝ որպես տուրք սեփական փախուստը արդարացնելու, որից հետո՝ խորը հոգոց քաշելով, կարելի շարունակել «բուսական» կյանքը։
Գուցե «կախվածության» հարյուրամյակների ընթացքում մեր «հանրային գենետիկ կոդում» «պատասխանատվությունը ցրելու» համար պատասխանատու գե՞ն է մուտացվել, և, ինչպես ծանոթ մի փականագործ մի օր բնութագրեց, այդ նույն տրտունջքի նոպաներից մեկի ժամանակ՝ «սառվատ ազգ ենք»՝ նկատի ունենալով իր մասնագիտական պրակտիկայում տարածված այն դեպքը, երբ պտուտակը հասնելով որոշակի մի կետի՝ այլևս հենց այնպես է պտտվում՝ առանց մինչև վերջ ձգվելու։
Բայց մի՞թե թուլացել է Հռչակագրի հակավարակիչ ազդեցությունը, և «կոլեկտիվ անպատասխանատվության» վիրուսը դարձյալ անամոթաբար բազմանում է ազգային օրգանիզմի արյունատար համակարգում։
Հարյուրամյակներ շարունակ, պետություն չունենալով և արտաքին վտանգներից պատսպարվելու ու ինքնությունը պահպանելու համար, մեր նախնիները փակ սոցիալական մի քանի համակարգերում՝ գաղութներում ամփոփվեցին, որտեղ կոնսերվացրեցին սոցիալական բոլոր պրոցեսները, քանի որ վերջիններիս բնական զարգացումը արտաքին անբարենպաստ պայմաններում կարող էր ապակոնսերվացներ համակարգը և տարալուծել այն։ Հռչակագիրը և նրան նախորդած Շարժումը ապագաղութացվելու, ազգային համակարգը սոցիալական այդ անաբիոզից դուրս բերելու հուժկու փորձ էին։ Սեփական պետության մեջ, այլ ոչ գաղութում, հետևապես՝ ազատ, այլ ոչ կալանավորված ապրելու, ժամանակի պահանջներին համահունչ զարգանալու և այդ ամենի համար ինքնուրույն պատասխանատվություն ստանձնելու լուրջ նախապայմաններ առաջացան։ Ահա սա է, որ, ըստ երևույթին, որևէ կերպ չի հաջողվում։ Ահա սա է, որ ամենադժվարն է թերևս՝ անձնական պատասխանատվություն կրել ոչ միայն սեփական անձի կամ սեփական ընտանիքի կամ մերձավորների, այլ սեփական պետության համար: Հակառակը հեշտ է. չէ՞ որ, ինչպես հայտնի ֆիլմում էր երգվում՝ «Если вы не живёте, то вам и не умирать...»։
20 տարի անց՝ երկուշաբթի իրիկուն
--
Բանավեճը վիրտուալ տիրույթ է փոխանցվում։) Չնայած գրառումից հետո դժվար է բանավիճել, եթե իհարկե կիսում ես ելակետային դրույթները, թեև համաձայն չես դրանց հետագա ճակատագրի շուրջ։) Պատասխանատվությունից չգիտես ինչու միայն ներքևներում են խոսում, քննարկում, բանավիճում, իսկ վերևներո՞ւմ։ Իմ պետությունը իմ աշխատավայրն է, այդքանով եմ ես այս պետության հիմնական ու գլխավոր մասնիկը։ Իհարկե, պատասխանատվության այլ, ձեռքի հետ, տարրեր էլ կան, բայց հիմնական կարծում եմ դա է։ Պարոնայք թող նույնքան պատասխանատու լինեն իրենց աշխատավայրերում, չնայած փոխմեղադրանքներից բան դուրս չի գա ։))) «Որտեղ հաց էնտեղ կաց»-ը առայժմ միակ նորմալ (նորմի լեզվաբանական ընկալմամբ՝ «ռեգուլյարի» ու «պրոդուկտիվի» հետ փոխկապակցվածությամբ) աշխատող սկրիպտը կամ ալգորիթմն է մեր մոտ («մեր»-ը նույնպես հարաբերական է)։ Պետության համար կարելի է աշխատել, եթե պետությունը նույնպես քո համար է աշխատում։ Բարոյական մեծություններով չափումներն այս դեպքում տեղին չեն, կարծում եմ։ Չնայած, ինչպես միշտ՝ «ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս»։
ReplyDeleteԲանավեճ չի սա, ըստ էության, որովհետև "բան" կա, իսկ "վեճ" չկա։ Պատասխանատվություն ասելով հենց դա էլ ի նկատի ունեի։ Պիտի քո տեղում ու դիրքում պատասխանատվություն ստանձնես, այլ ոչ կարգադրությու կամ հրահանգ կատարելով սահմանափակվես, փնթփնթալով, որ "էշ-էշ" բաներ են ուզում, մեկ ա բան չի փոխվի։ Իհարկե, ամեն ինչ մեր ձեռքերում չէ՝ հո ես ու դու լավ գիտենք, բայց երբ պատասխանատվություն ես ստանձնում, ունենում ես պատասխանատվությունների շրջանակ, որտեղ արդեն այդքան էլ հեշտ չի ներխուժել... Իսկ հացն ու կացը՝ անշուշտ, որովհետև հացը բերում է աշխատանքով զբաղվելուն և հետևապես՝ պատասխանատվություն ստանձնելուն։ Գուցե հենց դրանից էլ վախենում են "մեր տերերը", ու հացը դրա համար էլ "պայոկներով" են բաժանում։
ReplyDelete