2000 թ. շահագաործման հանձնվեց Շվեդիան Դանիային կապող Էրեսունյան կամուրջը: Կառույցի շինարարությունն ընդհանուր առմամբ տևեց 4 տարի և դրա արդյունքում կյանքի կոչվեց ծովի մեջ վեր խոյացող 16 կմ. երկարությամբ ահռելի մի կամուրջ` երթևեկության 4 հոսքերով ու երկաթգծով: Պարտադիր չէ լինել շինարար կամ էլ ճարտարապետ, որպեսզի հասկանալ, թե մտքի ու աշխատանքի ինչ հսկայական ծավալներ են ներդրվել այդ նախագծում, ինչքան ճիգ ու եռանդ, ինչքան ֆինանսներ: Ակնհայտ է նաև, որ կամուրջն իսկական օրհնություն է Շվեդիայի և Դանիայի բնակչության համար, քանի որ Սկանդինավիան մայրցամաքից բաժանող անանցանելի ջրային տարածությունը վերածում է բարձրակարգ մայրուղու, ինչով բազմապատիկ հեշտանում է մարդկանց տեղաշարժը:
Իհարկե, Շվեդիան, Դանիան ու դրանց կապող երկար ու չափազանց հանրաօգուտ կամուրջը գրառման առանձնապես մի հրապուրիչ թեմաներ չեն: Սակայն դրանց և մեր իրականության որոշ հատվածների համադրումից հետաքրքիր ելակետեր են հղանում, որոնք արդեն թե մտորումների և թե դրանց հաջորդող գրառման արժանի «հումք» են:
Առաջին բանը, որ եկավ մտքիս, դա «Վստրեչի» կամուրջն է: Անտեղյակների համար պարզաբանեմ, որ Կենտրոնին հարակից թաղամասերից մեկում կա ծանրաբեռնված մի կամուրջ, որը մայրաքաղաքի հանգուցային երթևեկելի երկու հատվածի կապող օղակն է: Ավելի ճիշտ, «ծանրաբեռնված ու կապող օղակ էր» մինչև այն օրը, երբ քաղաքապետարանում կամ էլ նմանատիպ մեկ այլ հաստատությունում որոշեցին վերանորոգել այն...
Վերանորոգումը սկսվել է ավելի քան երկու տարի առաջ և հայտնի էլ չէ, թե երբ է ավարտվելու: Իհարկե, ձգձգման պատճառը ոչ թե հնարավորինս հիմնավոր ու կատարյալ նորոգելու ձգտումն է, այլ շինարարության համար նախատեսված գումարների առեղծվածային անհայտացումները: Դե իսկ պատժվողներ կամ էլ մեղավորներ, հասկանալի է, չկան, քանի որ հայ արդարադատության «հատու» սուրը զբաղված է ավելի մեծ «մեղսագործներին» խոցելով, հասարակությունն էլ գանձագողությունը և թալանը ընկալում է որպես բնականոն երևույթներ և անգամ աննշան ձևով չի ընդվզում դրանց ամենավառ դրսևորումների դեմ:
Փոխարենը արդար ցասում են ժայթքում Արարատին, հայ գենին ու արյունով ցողված ազատագրված տարածքներին անտարբեր վերաբերվող մարդկանց վրա (իսկ Դանիայում և Շվեդիայում հասարակական հալածանքների են ենթարկվում միմիայն օրինախախտներն ու գանձագողերը) և երևի հենց դա է պատճառը, որ մեր թշվառ կամուրջները նորոգվում են երկու տարուց ավել, իսկ Շվեդիայում և Դանիայում գրեթե նույնքան ժամանակում ահռելի նախագծեր են իրագործվում:
Կա նաև հարցի մեկ այլ կողմ:
Կամուրջի շինարարության վիթխարի ձեռնարկումը առաջին հերթին բիզնես-նախագիծ է, որտեղ ներդրված կլորիկ գումարներն ակնկալվում են վերադարձվել կլորիկ եկամուտների տեսքով: Ուղղակի խնդիրն կա մի խնդիր. կառուցողական աշխատանքների կլանած հսկայական գումարները բիզնես-նախագիծը կկարողանա «փոխհատուցել» միայն 2035 թ.` կամուրջով անցումի համար գանձվող տուրքերի հաշվին:
Առաջին հայացքից թվում է, որ արտառոց ոչ մի բան չկա. թե Շվեդիան և թե Դանիան քաղաքակիրթ պետություններ են, որոնց կառավարությունները փորձում են հնարավորինս հեշտացնել իրենց քաղաքացիների կյանքը և դարձնել այն առավելագույնս բարեկեցիկ: Եվ ահա որոշել են պետական միջոցներով կառուցել մի գեղեցիկ ու երկար կամուրջ, որը կծառայի երկու երկրի քաղաքացիներին:
Բայց հետաքրքիրն այն է, որ վիթխարի այս նախագծի իրականացման համար չի ծախսվել հարկատուի վճարած և ոչ մի ցենտ: Ավելի պարզ` շինարարության ֆոնդը ձևավորվել է ոչ թե պետբյուջեի հատկացումների, այլ միմիայն վարկերի ներգրավվման ճանապարհով: Շվեդական և դանիական կառավարությունները հանդես են եկել որպես գործարար ինքնուրույն խաղացողներ, որոնք ձեռնամուխ են եղել կամուրջի շինարարությանը տրամադրության տակ ունենալով մասնավոր հատվածին հասանելի գումարներ: Հետաքրքիր է նաև, որ երբ կփակվեն վարկերն ու դրանց տոկոսները, կամուրջի եկամուտները «խրոխտ» շարքերով կհոսեն պետական բյուջե: իսկ ամենաուշագրավն էլ այն է, որ ներկայիս շվեդական և դանիական վարչակարգերը ոչ մի գռոշ էլ չեն ստանա այդ եկամուտներից, որովհետև դրանք հնարավոր կդառնան հեռավոր 2035 թ., երբ, ցավոք սրտի, նրանք բոլորը կլինեն հանգուցյալ:
Այս բոլոր հատվածների համակցումից ստացվում է մի խճանկար, որի էությունն ուղղակի անըմբռնելի է հայ մարդու համար: Պետությունը, չցանկանալով բեռ դառնալ հարկատուի ուսերին, հավելյալ միջոցներ է ներքաշում մասնավոր սեկտորից, ապա ձևավորում անհրաժեշտ մասնագետներից բաղկացած ուժեղ թիմ, ներդնում մտավոր ահռելի ռեսուրսներ, շուրջ 4 տարով թաղվում խճճված և գերբարդ նախագծի ի կատար ածման մեջ, և այդ ամենը հանուն ինչի՞ ... Հանուն սեփական երկրի քաղաքացիների հարմարավետության, հանուն գալիք կառավարությունների ֆինասնական պոտենցիալի մեծացման, հանուն 2035 թ. և գալիք տարիների բյուջեի ընդլայնման: Դե հիմա կշռադատեք, արդյոք այս ամենի տրամաբանությունը հասո՞ւ է Ձեզ:
Ձեզ` մի երկրի քաղաքացուն, որտեղ հարկատուից կորզվող գումարներն օգտագործվում են հարկայինի աշխատողներին ամանորյա նվերներ գնելու նպատակով, ընդ որում գնումներն արվում են հարկայինի պետի սուպերմարկետից: Ձեզ` մի երկրի քաղաքացուն, որտեղ հասարակ մարդու չարքաշ աշխատանքից գանձվող հարկերի հաշվին բարձրաստիճան, բայց պորտաբույծ չինովնիկները գնում են թանկարժեք մեքենաներ, ասես էժան ավտոմեքենայի սալոնում իրենց փափկասուն մարմինը կվնասվի, ընդ որում մեքենաները պարտադիր գնվում են նախկին նախագահին պատկանող ավտոսալոնից: Մի երկրի քաղաքացուն, ում քրտինից քամված հարկերը հոսում են զանազան նախարարություններ, որտեղ գերասիմ ալավերդյաններն (հիշեք հակադաբաղային շիճուկների սկանդալը) ու մյուս նախարարները չտեսնված հմտությամբ փոշիացնում են դրանք:
Իհարկե հասու չէ, և չի էլ կարող լինել, այլապես հանրությունը զբաղված կլիներ հենց նմանատիպ արատների վերացմանն ուղղված քայլեր ձեռնարկելով, այլ ոչ թե խոպանում գոյատևելու միջոցներ հայթայթելու առավել արդյունավետ ուղիների փնտրտուքով, ստորագրահավաքներ կկազմակերպվեին ոչ թե ինչ-ոչ հիմար եկեղեցիների վերաբացումը կանխելու, այլ գանձագող նախարարների ու միլիարդատեր պատգամավորների ֆենոմենը բացառելու կոչով, իսկ մարդիկ բողոքելու դուրս կգային ոչ թե հանրահավաքից հանրահավաք, կամ էլ քաղաքական այս կամ այն ուժի ահազանգով, այլ ինքնաբուխ և տարերայնորեն` փորձելով հորդորներով ու սպառնալիքներով հասնել բարձրաստիճան, բայց պորտաբույծ չինովնիկների հրաժարականին:
Եվ գուցե այդ ժամանակ այսօրվա Հայաստանը լիներ քիչ ավելի պիտանի արժանապատիվ գոյության համար, իսկ ներկա ռեժիմը բիզնեսմենների կոնգլոմերացիայից կփոխակերպվեր պետության, որը, ճիշտ է, շվեդներից դեռ շատ բան կունենար սովորելու, բայց դե նաև մեկումեջ հաշվի կառներ սեփական երկրի քաղաքացիների կարծիքն ու ցանկությունը:
Հայկ, Ուրբաթ արևածագ
P.S. Համեմատության արդյունքում ծնված խոհերը չեն սահմանափակվում այսքանով: Մասնավորապես, կարելի էր խոսել շվեդ և հայոց կառավարությունների տնտեսական քաղաքականության տարբերությունների մասին, երբ առաջինները ներդրումներն ուղում են ոլորտներ, որոնք, ճիշտ է, պահանջում են տքնաջան աշխատանք ու տարիների ուշադրություն, եկամտաբեր են միայն տասնամյակների կտրվածքով, չեն ավելացնում սեփական դրամապանակի պարունակությունը, սակայն հեռանկարային են և հանրօգուտ, իսկ երկրորդները` այսինքն բիզնեսմեն-չինովնիկները, որպես պետական քաղաքականության ուղենիշ են սահմանում ակնթարթային եկամուտներն ու սեփական շահը:
Իսկ հասարակ քաղաքացին շահում է այնքանով, որ մի քանի կոպեկ է ստանում Հյուսիսային պողոտայի նորակառույցներում բանվորություն անելիս (այդտեղ բնակվում են միայն բարձրաստիճան չինովնիկներն ու նրանց ռեժիմի սպասավորները), պետական դոտացիաներով գոյատևող «Թամարա-ֆրուտում» պահածո փակելիս, կամ էլ հանքարդյունահանման գործարաններում կյանքն ու առողջությունը կործանելիս:
Դե իսկ գիտնականներն ու հանրության կրթված հատվածը, որոնք նորմալ երկրներում տնտեսության սյուներն են, ստիպված են աշխատել ինչ-որ հաստատություններում, որոնք կապ չունեն գիտության հետ (օրինակ, թերթերի խմբագրություններում, կամ էլ դրամաշնորհային խղճուկ ծրագրերում), ապրել հետնախորշերում, և որպեսզի վերջնականապես չխելագարվեն կյանքի անարդարությունից (գիտակցում, որ հարյուրավոր հաստափոր գրքերն ու հազարավոր անքուն գիշերները եղել են ինքնանպատակ), հույս տալ, որ «Լավ կլինի»…
--
No comments:
Post a Comment