Friday, August 27, 2010

ԹՇՆԱՄԻՆ ՏՆԻՑ Է ԼԻՆՈՒՄ

Պաշտոնական Բաքուն հերթական քայլն է արել՝ վերադարձնելու հպատակ ադրբեջանցի ազգի քոչվոր ու խաշնարած նախնիների «դարավոր հայրենիքը»՝ Լեռնային Ղարաբաղը։ Այս անգամ հարձակման նշանակետը տեղեկատվական ոլորտն է։ Օրերս Բաքվի պետական համալսարանին կից բացվել է Հայկական ուսումնասիրությունների գիտական կենտրոն, որի գործունեությունը, հասկանալի է, չի սահմանափակվելու զուտ գիտական աշխատանքներով։
Ենթադրվում է, որ այն դառնալու է միջազգային լրատվական և տեղեկատվական տարածությունում հակահայ քարոզչության ռազմավարության մշակման կենտրոնակայանը, որտեղից ադրբեջանցի «գիտնականներն» ու «օբյեկտիվ» քաղաքագետները» կեղտ ու խաբեություն են սփռելու ողջ աշխարհով՝ կեղծելով պատմությունն ու խեղաթյուրելով իրականությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «գիտական»կենտրոնը զբաղվելու է հայկական ԶԼՄ-ների ու հասարակա-քաղաքական կյանքի մոնիթորինգով և վերլուծությամբ, թողարկելու է գիտական բազմալեզու ամսագիր, գործարկելու է իր կայքը։ Հասկանալի է, որ այս ընդգրկուն ծրագիրը կիրագործվի ամենապատշաճ մակարդակով ու ամենաբանիմաց սուբյեկտների ներգրավմամբ, քանի որ նախաձեռնությունը գալիս է ամենաբարձր շրջանակներից. դոլարների պակաս միանշանակ չի զգացվի, իսկ դա յուրաքանչյուր գործի հաջողության գրավականն է։ Սա կենտրոնի աշխատանքների բնութագիրն էր ըստ պաշտոնական աղբյուրի, իսկ իրականությունը շատ ավելի մտահոգիչ է։
Փաստ է, որ Ղարաբաղի աշխարհագրական տարածքը դարերի ընթացքում եղել է հայ ազգի պատմական հայրենիքը, դրա ամբողջության և ինքնության մի հյուլեն։ Փաստ է նաև, որ այդ հյուլեն բռնությամբ օտարվել է մեզնից նախորդ դարասկզբին և բռնակցվել նորաստեղծ Ադրբեջանին, որն այդ ժամանակ ուներ ճիշտ այնքան պատմություն, ինչքան նորածին գառը։ Ընդ որում, հայ ազգն այդպես էլ չի համակերպվել ադրբեջանական օտար ու ապօրինի տիրապետության հետ, և ազատ կամաարտահայտման առաջին իսկ հնարավությամբ թոթափել է այն։ Ահա հենց այս ելակետներն են, որ ձևավորում են միջազգային հանրությանը Հայաստանի՝ ԼՂՀ անկախության շնորհելու և միջազգային կարգավիճակ տալու պահանջների հիմնավորումները։ Եվ հենց այս ակնհայտ ճշմարտությունների հերքումն էլ կդառնան քարոզչական նորաստեղծ մեքենայի հարձակման թիրախը։
Թիրախ ընտրելը, ինչ խոսք, բավական հետաքրքիր և պատասխանատու գործ է, ուղղակի թիրախներն ունեն մեկ թերություն. ընտելուց հետո դրանց խոցել է պետք։ Իսկ ադրբեջանցին ինչպե՞ս ապացուցի համայն աշխարհին, որ հայերը տարածաշրջանում եկվոր են, երբ իր նախնիներն են քոչվոր ու խաշնարած, ինչպե՞ս ապացուցի միջազգային հանրությանը, որ Արցախը դարեր ի վեր եղել է Ադրբեջանի տարածքային և մշակութային մի մասնիկը, երբ իր պետության պատմությունը հավասար է երկարակյաց մարդու կյանքի տևողությանը, իսկ ազգային մշակույթի ամենավառ դեմքը Մուսլիմ Մագոմաևն է՝ ճիշտ է բարձրակարգ, բայց ընդամենը էստրադային երգիչ։ Ահա այս համատեքստում «գիտական» կենտրոնի նպատակների իրագործումը տասնապատիկ բարդանում է, դառնում կարելի է ասել անիրագործելի:
Ավելի ճիշտ, անիրագործելի կլիներ, եթե որոշ հանգամանքներ չաղտոտեին հայկական իրականությունը` տասնապատիկ հեշտացնելով ադրբեջանցիների երազանքների իրագործումը:
Հունական դասական փիլիսոփայության հիմնադիր Սոկրատեսը բանավեճերի ժամանակ հիմնականում լռում էր, ողջ ուշադրությունը կենտրոնացնում հակառակորդի խոսքի վրա` և բացթողումներ ու անցքեր գտնելով նրա փաստարկներում, զսպանակի նման ակնթարթորեն բացվում: Արդյունքն էլ այն էր, որ անկախ իր տեսակետի բովանդակությունից, Սոկրատեսը նախապես ապահովում էր դրա հաղթանակը, քանի որ շրջահայացորեն ստորացրել ու գետնին էր հավասարեցրել ընդդիմախոսին: Դժվար է ասել, արդյոք նորաբաց կենտրոնում ծանոթ են բանավիճելու սոկրատեսյան մեթոդին, թե ոչ, բայց որ նրանք էլ կորդեգրեն նույն մարտավարությունը դա միանշանակ է:
Կորդեգրեն, որովհետև հարյուրապատիկ հեշտ և արդյունավետ է սևեռուն հետևել հայկական պետական կառույցների և ԶԼՄ-ների գործունեությանը, տեղեկություններ հավաքել մեր երկրի հասարակա-քաղաքական կյանքի վերաբերյալ, համադրել ձեռք բերված ինֆորմացիան և դրա հիման վրա անել ադրբեջանամետ «գիտական» դատողություններ, քան թե մխրճվել պատմությունը կեղծելու և խեղաթյուրելու նման անհեռանկար արկածախնդրության մեջ: Նամանավանդ որ, ինչպես ասվեց վերևում, աղտեղության և խայտառակության առումով ճակատագիրը Հայաստանի նկատմամբ չափից դուրս շռայլ է գտնվել:
Առանց մեծ ջանքերի ադրբեջանցիները կարող են վերցնել հայ մի քանի պատմաբանի և քաղաքական գործչի (ընդ որում, նրանց մի մասը ակադեմիկոս է, մի մասն էլ վայելում է իշխանությունների համակրանքը) տեսակետները հայոց պատմության, հայ ազգի բացառիկության, հայկական լեռնաշխարհի և մեր գենի միջև ինչ-որ մետաֆիզիկական կապերի մասին, թարգմանել դրանք մի քանի լեզուներով, տալ մեկնաբանություններ և այնուհետ մատուցել ամենն աշխարհին: Արձագանքը, հասկանալի է, կլինի ոչ այնքան հիացական, որովհետև քաղաքակիրթ անձը, ով ծանոթ է համաշխարհային պատմությանը, միանգամից կփռթկա Հայկի և Բելի մասին «գիտական» հիշատակումներից, իսկ 4507-ամյա հայկական տոմարը նրան կթվա ֆանտաստիկ գրականության գլուխգործոց: Սա դեռ լավագույն դեպքում: Իսկ եթե՞ ադրբեջանցիները վերցնեն ու ավելացնեն նաև սփյուռքահայ և հայաստանցի որոշ պատմաբանների ցնդաբանությունները 10 000 ամյա պատմության, տրոյական պատերազմին հայերի մասնակցության, եգիպտացի հայ փարավոնների մասին, այդ դեպքում արձագանքը պատկերացնում ե՞ք: Էլ ով կհավատա հայերի հավասիատացումներին, թե մենք տարածաշրջանի բնիկ ժողովուրդն ենք, որ մենք մ.թ.ա. 600-ականներին հայկական պետություն ենք ունեցել, որ Արցախը դարեր ի վեր եղել է մեր ազգի անօտարելի մասը…
Ու սրանք կլինի միայն ծաղիկները: Այնուհետ ադրբեջանական քարոզչամեքենան ձեռնամուխ կլինի «Հանրապետական» կուսակցության ՊԱՇՏՈՆԱԿԱՆ գաղափարախոսության լուսաբանմանը: Ողջ աշխարհը կիմանա, որ հայ ագի վերնախավը 21-րդ դարում երկրպագում է կիսահեթանոսական, կիսանացիստական մի ուսմունք, որի հիմնադիրն է Հիտլերի լեգեոներ Նժդեհը: Եթե նախորդ դեպքում արձագանքը լինելու էր ծաղրական կամ էլ վատագույն դեպքում կիսաարհամարհական, այս դեպքում, կարծում եմ, հայերի անունը զզվանք կառաջացնի աշխարհի ուղիղ կեսի մոտ: Զզվանքին կփախարինի ցասումը, եթե ադրբեջանցիները ֆահմեն (իսկ նրանք հաստատ կֆահմեն), հղումներ անել հայկական մամուլին, որը լի է գանձագող-նժդեհականների, գործարար-օրենսդիրների, կիսակրիմինալ ոստիկանների և մարդու ամենատարրական իրավունքների ոտնահարման մասին պատմություններով (պատկերավորության համար էլ կկցեն մի երկու «ախրաննիկի» ու գեներալի դիմանկար):
Այս ամենին եթե գումարենք գույներ խտացնելու և մարդկանց ուղեղները լվանալու Բաքվի բազմամյա փորձը (արդեն 15 տարի է նրանք հմտանում են իրենց ազգի վրա), ապա պատկերը դառնում է բավական մռայլ, մռայլ մեզ համար: Մնում է հուսալ, որ տեղեկատվական անվտանգության հայրենական մասնագետները կկարողանան ինչպես հարկն է հակահարված տալ Բաքվին: Սակայն, այդ հույսն էլ է գրեթե զրոյանում, երբ գիտակցում ես, որ հայ փորձագետները սովոր են աշխատել այնպիսի պայմաններում, երբ ողջ հեռուստատեսությունն ու մամուլը համբուրում են իրենց ներբանները, պետական ապարատն էլ ամեն պահ պատրաստ է օգնության ձեռք մեկնել իրենց` ընդդիմախոսին վարչական զանազան տույժերի ու ճնշումների ենթարկելու տեսքով: Մինչդեռ միջազգային ասպարեզում միակ բանը որին նրանք կկարողանան ապավինել, դա իրենց հմտություններն են մեկ էլ գլխի պարունակությունը, որոնց մասին կարելի է կարծիք կազմել «Հայլուրի» նկատմամբ ազգի վերաբերմունքից…

Հայկ, Ուրբաթ իրիկուն
--

4 comments:

  1. Գրառումդ մի պատկերների ասոցիատիվ մի շարք առաջացրեց, որոնք արտաքուստ թվում է թե այնքան էլ չեն առնչվում բուն նյութին։ Բայցև...
    Պատկեր 1. Ուղիղ մեկ տարի առաջ վերադառնում էի Ստամբուլից։ Օդանավակայանում (որը բավականին ընդարձակ էր) առանց տեղեկատվական վահանակներին նայելու հնարավոր էր հեռվից տեսնել այն բաժինը, որտեղ կատարվում էր Երևանի ինքնաթիռի հաշվառումը. երկար անկանոն հերթ, բարձրաձայն իրարանցում և այլ ծանոթ տեսարաններ։ Դա սովորական էր, և երևի ուշադրություն էլ չէր գրավի, եթե ճիշտ կողքը Կանդագարի (՜՜) չվերթին սպասող ուղևորները չլինեին, որոնք (համոթ ինձ)այնպիսի տեսք ունեին, որ ինձ թվաց, թե չվերթի ուղղությունն եմ շփոթել։ Հասկանում եմ իհարկե, որ այդտեղ հենց էնպես մարդիկ չեն թռչում՝ որևէ միջազգային առաքելության շրջանակներում աշխատող մարդիկ էին՝ դրանից բխող հետևանքներով, բայց միևնույն է, դա այքան սուր ընդգծեց մերոնց "գնչուական ղալմաղալը"...
    Ի՞նչ անեն, կասեք, լավ կյանքից չէ, բայց՝
    Պատկեր 2. Դարձյալ օդանավակայան։ Այս անգամ Մոսկվա։ 1982 թ.։ Գալիս եմ Երևան։ Դեռ դրսից առանց նայելու գիտեմ, որ այդ՝ իրար գլխի վրայից ուղեբեռը առաջ շպրտող, յուրաքանչյուր սանտիմետրի համար հայրենակից ուղևորների հետ կենաց-մահու պայքար մղող մարդիկ ինձ հետ նույն ողղությամբ են թռչելու՝ դեպի Հայաստան։
    Էդ էլ գովերգած "սովետի լավ կյանքը"...
    Պատկեր 3. Այս անգամ համալսարան (մերը, Բաքվինը չէ)։ 1993 կամ 1994 թ.։ Փորձում էմ համոզել մեր թուրքագետներին ի դեմս... (լավ, կարևոր չէ), որ ժամանակն է ադրբեջանագիտություն սկսել։ Բաքվի հայալեզու թերթի խմբագրին բերեց, որ դասավանդի, հետո մեկին՝ Կիրովաբադից։ Չանցավ՝ դիմադրում էին՝ մեկը վախենում էր, որ, ինչպես ինքն էր ասում, "դաշնակները գյուլլեն", մյուսը՝ զզվում էր և այսպես շարունակ, 15 տարի հետո քիչ-քիչ շարժվեց...
    Չգիտեմ, որքանո՞վ են կապված այդ պատկերները, բայց որ մի կապ հաստատ կա՝ չեմ կասկածում։ Եվ մտածում եմ, որ այդպիսի հազարավոր պատկերներից մի մեծ puzzle պետք է կազմել, որ հասկանալ ամենի ինչ...

    ReplyDelete
  2. Պ-ն Կարաբեկյան, չգիտեմ Ձեր մեկնաբանության կապը գրառման թեմայի հետ ակնայտ ա թե քողարկված, բայց ես այն միանգամից նկատեցի:
    Երեք պատկերում էլ կա մի ընդհանրություն. իր պետության հզորությունը խարխլող և ազգին հեղինակազրկող հայ, ընդ որում ամեն ինչ արվում ա ինքնակամ` առանց պարտադրանքի: Ու կապ չունի, դա հաստագլուխ թուրքագետ ա, անշնորհք ու բարբարոս տուրիստ, թե բորբոքված երևակայությամբ "գիտնական-պատմաբան": Էությունը նույնն ա...

    ReplyDelete
  3. Marat Yavrumyan04 March, 2011 18:50

    Հուսամ Բաքվում մեր բլոգի հասցեն չգիտեն ։))))

    ReplyDelete
  4. :)))) շաաատ հետաքրքիր մտքեր էին... հուսամ Բաքվում չեն էլ իմանա ձեր բլոգի հասցեն

    ReplyDelete