Friday, August 6, 2010

ՊԱՏՎԵՐՈՎ «ՀԱԿԱՀԻՍՏԵՐԻԱ»

Ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում:


Վահան Շիրխանյան

Սա քաղվածք է պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում ինձ անհայտ պաշտոն զբաղեցնող Վահան Շիրխանյանի հարցարզույցից, որի վերնագիրն էր ոչ ավել ոչ պակաս «Հիստերիկ շարժում՝ բանակի դեմ»: Բացի վերևի ինքնատիպ մտքից, Շիրխանյանն արտահայտում է ևս մի քանիսը, որոնցով էլ եզրափակում է իր ոչ պակաս ինքնատիպ հարցազրույցը:
Բանն այն է, որ Վ.Շ.-ն «իհարկե, չի արդարացնում, որ Հայաստանի բանակում խաղաղ պայմաններում զոհվում են հայ ծնողների զավակները», բայց դե չի էլ համարում, որ այս ամենի պատճառով կարելի է «հիստերիկ շարժում սկսել բանակի դեմ»: Ախր մենք կիսապատերազմական իրավիճակում ենք, ախր բանակը մեր միակ ապավենն է, ախր պետք չէ բարոյալքել ազգի պաշտպան բանակայիններին, և շատ այլ «ախր»-եր:
Ավելին, ի մխիթարություն մեզ, ասում է Վ.Շ.-ն, բանակում ինքնասպանությունների ու սպանությունների տարեկան միջին ցուցանիշով Հայաստանը ԱՄՆ-ի հետ նույն հորիզոնականն է զբաղեցնում, այնպես որ մենք դեռ մի բան էլ պետք է ուրախ լինենք, վերջիվերջո աշխարհի հզոր ու զարգացած տերության հետ նույն տեղն ենք կիսում:
Իսկ որպես հիստերիա բնութագրում է մեղադրանքները, թե բանակը ապականված է կոռուպցիայով, թե բանակի ղեկավար օղակները թերացումներով են գործում՝ ավելի շատ տրվելով քյաբաբին ու բիզնեսին, քան թե ծառայությանը, և այսպես շարունակ: Վերջում էլ ինչպես վայել է «հայրենասեր» հնչակին, դավաճան է անվանում հիստերիայի անդամ քաղաքական բոլոր ուժերին, պիտակում պատվեր կատարող գործակալ:
Պ-ն Վահան Շիրխանյան, իհարկե դուք ճիշտ եք, բանակն ազգի ապահովության գրավականն է, դրա անվտանգ գոյության պահապանը, բայց դա ի՞նչ կապ ունի բանակին ուղղված քննադատությունների հետ: Ի՞նչ է, ՊՆ աշխատանքը քննադատելով, իրերի գոյություն ունեցող դասավորվածությունը կործանարար համարելով մարդիկ բարոյալքու՞մ են բանակը, դարձնում այն դասալի՞ք: Այո, իհարկե բարոյալքում են ու հուսահատության դուռը հասցնում, բայց գիտե՞ք ում. այն սպաներին ու չինովնիկներին, որոնց անգործության, կամ էլ հակառակը՝ «գործունեության» մեղքով հետագայում կարող է նման ողբերգություն կրկնվել, այն աղտեղությանը, որ համեստ ու կիրթ անձին կարող է հասցնել ինքն իր վրա ձեռք բարձրացնելու շեմին:
Այ դրանց նմաններն են, որ բարոյալքվում են ծայր առած «հիստերիայից», իսկ շարքային զինվորը, որն էլ հենց ազգի իսկական ապավենն է, դառնում է միայն ավելի ինքնավստահ, որովհետև անտարբեր ու կենդանու պես ամեն ինչ հանդուրժող նախիրի փոխարեն տեսնում է ապօրինության դեպքում «հիստերիայի» պատրաստ հասարակություն, որի օգնությանն ու աջակցությանը կարող է վստահ լինել ամեն պարագայում: Եվ արդյունքում բանակի՝ իրական ԲԱՆԱԿԻ, մարտունակությունը ոչ միայն չի տուժում, այլ, ընդհակառակը, միայն շահում է:
Այժմ այն մտքի մասին, որ «բանակն ու ՊՆ-ն կոռուպացված չեն»: Դա ես չեմ ասել, այլ նույն ինքը՝ Վահան Շիրխանյանը, «հիստերիկներին» մեղադրելով, թե «մասնավոր դեպքերն ընդհանրացնում են ու տարածում ողջ համակարգի վրա»:
Բառ էլ չեմ գտնում հակադարձելու...
Եթե ՊՆ-ն կոռուպացված չէ, ապա որտեղի՞ց են բուսնում դրա չինովնիկների ու մի քիչ բարձր պաշտոն ունեցող սպաների միլիոնները: Կամ էլ ինչ է, բանակում չե՞նք ծառայել, բանակում ծառայող ընկեր (որդի, եղբայր) չե՞նք ունեցել, որ հավատանք ՊՆ բարեխիղճ աշխատանքի պատրանքին:
Վստահ եմ, որ Վ.Շ.-ն, բոլոր մարդկանց նման ունենալով աչք ու ականջ (իսկ դա հերիք է հասկանալու համար, որ ՊՆ-ն ամենակոռուպացվածն է ոչ միայն Հայաստանի, այլև համայն աշխարհի մասշտաբով), շատ էլ լավ գիտակցում է, որ ՊՆ-ին ուղղված մեղադրանքները սկզբից միչև վերջ ճիշտ են ու իրական: Ուստի մնում է միայն եզրահանգել, որ պատվերով աշխատում են ոչ թե «հիստերիկները», այլ հենց ինքը՝ Վ.Շ.-ն:
Մի քանի խոսք էլ ասեմ ԱՄՆ ու Հայաստանի միջև տարված զուգահեռների առթիվ, որպեսզի մարդիկ հանկարծ չկարծեն, թե այդ ցուցանիշը պատվաբեր է մեզ:
Խնդիրն այն է, որ կարևոր չի, թե քո բանակում քանի մարդ է ինքնասպան լինում: Կարևորն ինքնասպանության դրդապատճառներն են ու հաջորդող հետաքննության հետևանքները: Թե չէ բանակում կարող է «հարգելի» պատճառներ ունեցող տասնյակ ինքնասպանություն գրանցվել, որովհետև մարդը բանակում էլ է մարդ՝ իր հոգեկան ու մտավոր բազում խնդիրներով: Բայց երբ ինքնասպանություն են գործում բռնության և ծեծի, ստորացումների ու արժանապատվության կոխկրտման պատճառով, այ դա արդեն ուրիշ հարց է:
Մեզ մոտ ինքնասպանությունների ու սպանությունների գրեթե բոլոր դեպքերն էլ արձանագրվում են հենց բռնությունների հողի վրա, իսկ հաջորդող հետաքննությունները գործի էությունը բացահայտելու փոխարեն ինչպես հարկն է կոծկում են այն: ԱՄՆ-ում ճիշտ հակառակն է... Այնպես որ թքած ցուցանիշի վրա, կարևորը թվերի տակ թաքնված իրականությունն է:
Ու վերջում էլ մի հռետորական հարց Վ.Շ.-ին: Ըստ Ձեզ, պ-ն նախկին փոխնախարար, աշխարհիս երեսին գոյություն ու՞նի մի իշխանություն, որ առանց ձեր բնութագրած հասարակական «հիստերիայի»՝ այսինքն հասարակական վերահսկողության բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները:
Եթե գոյություն ունի էլ, ապա դա միանշանակ մեր կառավարությունը չէ...

Հինգշաբթի ուշ գիշեր, Հայկ
--

1 comment:

  1. Hovhannes Kandiljyan04 March, 2011 18:33

    Ha Hayko Jan, Vahan Shirxanyann el hesa ekav u qo harcin patasxanec :))))

    ReplyDelete