Արդեն մի երկու ամիս անցել է այն օրից, երբ վերջին անգամ մտա համալսարան` կատարելու դիպլոմային աշխաքանքիս պաշտպանության վեհ առաքելությունը: Դրանով շրջվեց կյանքիս հերթական էջը: Անցյալ դարձան համալսարանական երկար ու ձիգ չորս տարիները, իսկ դրանցից հուշ մնացին մեր մասնաշենքի պատկերը հենց այնպես, ինչպես նկարագրել էր պ-ն Կարաբեկյանն իր գրառման մեջ, անթիվ-անհամար առարկաներ ու դրանցից անբաժան ստուգարք-քննություններ, մեկ էլ երևի ջերմ հիշողություններ մի քանի մարդու (թե դասախոս, թե ընկեր) մասին:
Հուշերի կողքին համալսարանից մնաց նաև գիտելիքի որոշակի պաշար, որի կրողը արաբագետ-իսլամագետ կոչվելու բարձր պատվին է արժանանում: Պատիվը շնորհում է կարմիր ստվարաթղթի կտորը` 3 000 դրամ ինքնարժեքով (հենց այդքան գանձվեց ինձնից դիպլոմիս համար), որի տերը դառնալու բախտին արժանացա նաև ես:
Ցավոք, ինչքան էլ կարմիր լինի իմ դիպլոմը, և ինչքան էլ հնչեղ արաբագետ-իսլամագետ մակդիրը, իրականությունն այն է, որ իմ և արաբագիտության մեջ այսօր ոչ մի ընդհանուր եզր չկա, իսկ մեզ կապող վերջին օղակն անէացավ այն օրը, երբ «պաշտպանվեց» Ֆրանսիական լուսավորչականության ազդեցությունն արաբական քաղաքական մտքի վրա թեմայով դիպլոմայինս: Տարիների աշխատանքն ու քրտինքը, որ ներդրվել էին այդ կարմիր թղթի ու բակալավրի կոչման համար, բազմաթիվ գրքերն ու լեզվական ձեռնարկները, որ կրծել ու կրծել էի մաշելու չափ, կյանքի ամենաբեղուն հատվածի ընձեռած ներուժը, երբ մարդու ուղեղը սպունգի նման ներծծում է գիտելիքի ահռելի չափաբաժիններ, մի ակնթարթում նետվեցին ջուրը, դարձան անիմաստ ու վատնված:
Ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչո՞ւ քառամյա մտավոր «ինվեստիցիան» չձգեց խոր արմատներ, չդարձավ գունեղ շարունակության հաջող մեկնարկ, չծառայեցվեց հայրենիքիս և իմ անձնական առաջընթացին, ինչո՞ւ այս «ներկայացումը» ֆինալում հանգուցալուծվեց որպես ի սկզբանե ձախողման դատապարտված բեմադրություն:
Հիմա ուշ, շատ ուշ գիշեր է, և ես, մեկուսացած ամեն ինչից, կյանքումս առաջին անգամ փորձում եմ գտնել այդ խճճված խնդրի պատասխանը (հարցը միշտ էլ եղել է, ուղղակի երբեք չեմ փորձել ինչպես հարկն է մտածել դրա շուրջ): Հարցը կրկին ու կրկին հնչում է ներսումս, և զգում եմ, որ մտքերը սլացիկ «տողաններով» գալիս են լույս աշխարհ, կապվում տրամաբանական օղակներով, վերածվում սիլոգիզմների ու այնուհետ կառչում իրար երկար պարբերություններով` ձուլելով դեռևս սաղմնային գրառման կաղապարը:
Միշտ ինքս ինձ խաբել եմ, թե արաբագիտությունն իր դիսցիպլինաների ողջ կոմպլեքսով երբևէ չի գրավել միտքս, երբևէ չի եղել հարազատ իմ հոգուն: Իրոք, վերջում հենց այդպես էր. չկար հետաքրքրասիրություն, չկար նորը բացահայտելու հուզմունք, չկար դասացուցակով նախատեսվածից ավելին յուրացնելու ցանկություն ու ձգտում: Արաբագիտական կրթությունս ընկալվում էր ինքնանպատակ, ձևակերպվում որպես հերթական տհաճ պատնեշ, որ պետք է հաղթահարել, որովհետև շրջանցելն ուղղակի անհնար է:
Սակայն քանի որ հիմա ուշ գիշեր է, և քանի որ միայնակ եմ ու մեկուսացած ամենից ու բոլորից, կփորձեմ ավելի անկեղծ լինել:
Տաղտկալի ու գորշ էր միայն վերջում… Մինչդեռ սկզբում, երբ «էպոպեան» դեռ նոր-նոր էր հյուսվում, ընկալումն ու վերաբերմունքը իմ ներսում այլ էր: Կար սեր ու հարգանք արաբագիտության նկատմամբ, կար նաև արաբագիտության հետ կյանքը կապելու ցանկություն, կար ակնածանք արաբերեն լեզվի և մշակույթի հանդեպ, կար այդ ամենի ընկալումը ոչ թե որպես դատարկ զբաղմունք (ինչպես վերջում էր), այլ չքնաղ ու կլանող գիտություն: Բայց, ինչպես ասեցի, անցավ ժամանակ և ամեն ինչ ստացավ տրամագծորեն հակառակի պատյանը:
Գալիք ռոտացիայում մեղավորները համալսարանն ու դասախոսներն էի՞ն: Իհարկե ոչ: Ոչ, որովհետև ինչքան էլ թշվառ ու խղճուկ լինի համալսարանը, ինչքան էլ մեր մասնաշենքը համապատասխանի պ-ն Կարաբեկյանի ցավալիորեն ճշգրիտ նկարագրությանը, ինչքան էլ աղքատիկ ու հին լինի գրադարանի գրապահոցը, ինչքան էլ ապակառուցողական լինի դեկանատի աշխատանքը, միևնույնն է, այդ ամենը հերիք չեն, որպեսզի սպանեն խանդավառությունն ու ձգտումը: Իսկ ասել, թե դասախոսներն էին վատ, կամ էլ նրանց ձևավորած մթնոլորտում անհնար էր չհիասթափվել արաբագիտությունից, կնշանակի նախ, զրպարտել ու սուտ խոսել (ինչը, ի դեպ, անբարոյականություն է), ապաև լինել երախտամոռ:
Կային վատ դասախոսներ, կային բարոյական հիգիենայի տարրական կանոնները չպահպանող անձինք, սակայն նրանք հիմնականում եկվոր էին, այսինքն կապ չունեին մեր ամբիոնի կամ էլ զուտ արաբագիտական բնագավառի հետ:
Իրականում, գորշությունն ու անտարբերությունը ոչ թե ներարկվեցին դասախոսների կամ էլ ԵՊՀ-ի կողմից, այլ իմ իսկ ուժերով «բուծվեցին» ներսումս: Բուծվեցին ոչ թե գիտակցաբար ու նպատակաուղղված, այլ աննկատ, արտաքին աշխարհի ազդեցությամբ` խանդավառությունն ու ակնածանքը օր առ օր պատելով հիասթափության մի նոր դառը շերտով: Իսկ այդ փառակալումը սկսվեց հենց այն պահին, երբ առաջին անգամ ինքս ինձ ուղիղ հարց տվեցի. «Լավ, իսկ վերջում ի՞նչ է լինելու, վերջում ի՞նչ հեռանկար է քեզ ժպտում, վերջում ո՞րն է լինելու գիտնականին վայել քո բաժինը»: Ու երբ վերջում տեսա միայն մշուշոտ և մռայլ անորոշություն, տեսա չգնահատված ու չփոխհատուցված անքուն գիշերներ ու տքնաջան աշխատանք, տեսա դժվարություններ ու խոչընդոտներ, որոնք հաղթահարվելուց հետո վեր են հառնում նորովի, զգացի, որ ես չունեմ այդ ամենին գնալու քաջություն: Ավելի ճիշտ, այդքան քաջություն ունեմ, սակայն այն վերջնականապես սպառվեց, երբ գիտակցեցի ամենահուսալքողը` անհեռանկարության փաստը:
Մարդ կարող է առանց սնունդ գոյատևել քառասուն օր, համակերպվել անմարդկային պայմաններին, դիմակայել ամենածանր հոգևոր հարվածներին, սակայն երբ կորում է հեռանկարը, դրան զուգահեռ չքանում է ամեն ինչ...
Դադարելով ընկալել արաբագիտությունը որպես կայուն սոցիալական կարգավիճակ ապահովող ու ստեղծելու հնարավորություն ընձեռող ֆենոմեն, դադարեցի նաև զգալ նախկին ձգողությունը դրա նկատմամբ: Այդ պահից ի վեր, իմ մեջ սպանվեց սերը գիտության նկատմամբ:
Դժվարանում եմ միանշանակ գնահատել, թե ի դեմս ինձ ինչ կորցրեց հայրենի լեզվաբանությունը կամ էլ արաբագիտությունը (չեմ կարծում որ առանձնապես մի մեծ բան), չգիտեմ, թե ինչ նոր բարձունք կնվաճեի այդ ասպարեզում, չգիտեմ, ինչով կնպաստեի երկրիս բարգավաճմանն ու առաջընթացին, չգիտեմ անգամ, արդյոք նման «ուրացումս» բնականոն արձագանք էր օբյեկտիվ իրականությանը, թե միայն կակղամորթին վայել թուլակամություն, բայց մի բանում վստահ եմ. այսօր կան հարյուրավոր, նույնիսկ հազարավոր այլ երիտասարդներ, որոնք ընտրում են «կակղամորթի» նույն ուղին, որովհետև թունելի վերջում չեն տեսնում լույսի անգամ ամենաաղոտ առկայծում:
Ընդ որում եթե արաբագետի կորուստը պետության համար ոչինչ է, ապա ի դեմս մյուս երիտասարդների երկիրը ձեռքից բաց է թողնում տաղանդավոր մաթեմաթիկոսների, քիմիկոսների, կենսաբանների, ֆիզիկոսների, որոնք իրական գիտության ծաղիկն են:
Խանդավառության պոռթկումից հետո գալիս է իրերը սթափ մոտեցմամբ կշռադատելու ժամանակը, ու երբ շնորհալի բնագետը հետահայացք է նետում դեպի անցյալ ու փորձում վերաիմաստավորել անցած ուղին գալիք հնարավորությունների համատեքստում, խորին կսկիծով ու հիասթափությամբ գիտակցում է, որ առջևում չկա որևէ հեռանկար, չկա որևէ հույս:
Եվ արդյունքում, պատանին, որ շատ հնարավոր է մի նոր Մերգելյան էր կամ Համբարձումյան` ի զորու որակական նոր մակարդակի հասցնել հայրենի գիտությունն ու տնտեսությունը, պարտադրված լքում է իր գիտական տարերքը, փորձում առավել արժանավոր ու հեռանկարային մասնագիտություն փնտրել մեկ այլ` պակաս գիտատար ոլորտում: Ճիշտ է, տաղանդաշատ մաթեմատիկոսից կամ ֆիզիկոսից կստացվի փայլուն մենեջեր կամ շուկայագետ, բայց ո՞ւմ է պետք մենեջերը մի երկրում, որտեղ չկա կազմակերպելու ու կառավարելու ոչ մի արժեքավոր բան (միայն հիմար բանկեր, որ տռզում են վարկերի տոկոսադրույքների ու դրամական փոխանցումների միջնորդավճարների վրա, միայն սննդի արտադրություն և սպասարկման ոլոտ)։
Ընդ որում, հեռանկար ասելով պետք չէ հասկանալ միայն նյութական բարեկեցություն և ճոխ կյանք: Գիտնականի համար հեռանկարը դա առաջին հերթին արարելու և ստեղծագործելու հնարավորությունն է, մտքի թռիչքի արգասիքի արդյունավետ կիրառումն օբյեկտիվ իրականությունում, ինչը Հայաստանում տառացիորեն անհնար է:
Բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից Մստիսլավ Կելդիշը ավարտեց կյանքն ինքնասպանությամբ ոչ թե այն պատճառով, որ չուներ փող կամ նյութական բարեկեցություն, այլ որովհետև զրկված էր ազատորեն աշխատելու հնարավորությունից, իսկ բոլոր հայտնագործություններն ու ուսումնասիրությունները սովետական ռեժիմն անմիջապես գաղտնիացնում էր` այդպիսով զրկելով մեծ գիտնականին իրեն հասանելի փառքից ու հոգևոր բավարարվածությունից:
Կան նաև սկզբունքային անձիք`գիտության իսկական անխոնջ նվիրյալներ, որոնք չնայած փուշ ու տատասկին, չեն շեղվում ի սկզբանե ընտրած ուղղուց, չեն դավաճանում գիտնականի իրենց առաքելությանը, չեն լքում հայրենիքը: Սակայն նրանց անձնազոհողությունը, ինչքան էլ ցավալի է, նույնպես մնում է ապարդյուն ու անիմաստ, քանի որ չի արվում և ոչ մի քայլ նրանց աշխատանքն ու ստեղծածը Հայաստանին ծառայեցնելու ուղղությամբ: Լավագույն դեպքում գիտնականի մտավոր ռեսուրսը դրամաշնորհներով ու այլ ծրագրերով հոսում է Արևմուտք, որտեղ դրանից քամվում է վճարած գնի հարյուրապատիկ եկամուտը: Եվ այս ամենի արդյունքում այսօր մենք բնակեցնում ենք մի Հայաստան, ուր չկա գիտություն ու գիտական միտք, չկա գիտությամբ զբաղվելու ձգտում, չկա գիտական նվաճումը տնտեսական հարթություն տեղափոխելու միտում:
Փոխարենը կա ազգի ապագա` այսինքն երիտասարդություն, որ յուրաքանչյուր ակնթարթն առավելագույնս արդյունավետ օգտագործելու փոխարեն անիմաստ վատնում է համալսարանական ամենաթանկարժեք տարիները (ինչքան էլ ցավալի է, ես էլ եմ դասվում նրանց շարքին), կա տնտեսական համակարգ, որ ծայրից ծայր հիմնված է կամ ներկրման կամ էլ հումքի արտահանման վրա (հումք արտահանելը դա ազգի դեբիլության նշանն է, որովհետև այնուհետ այդ նույն հումքը տասնապատիկ թանկ` ավտոմեքենաների և այլ տեխնիկայի տեսքով պարտադրված գնում ենք հումք վերամշակող խելացի ժողովուրդներից), կա մարդկային ռեսուրսի այնպիսի կառավարում, որ դրանից ապաշնորհ ու անարդյունավետ ուղղակի էլ հնարավոր չէ...
Ինքս տնտեսագիտությունից բան չեմ հասկանում, իսկ այդ բնագավառում ընթերցածս էլ եղած-չեղածը մեկ գիրք է` Կարլ Մարքսի «Կապիտալը» (իսկական մոնումենտալ աշխատություն), բայց դրանից քաղել եմ մի անքննելի ճշմարտություն. աշխարհում չկա առավել արժեքավոր ու եկամտաբեր բան, քան մարդկային աշխատուժը, ուղղակի պետք է այն ճիշտ կառավարել:
Ցավն այն է, որ մեր կառավարությունը մարդկային աշխատուժ ասվածը հասկանում է բառիս բուն իմաստով և դրա արդյունավետ օգտագործումը նույնացնում բանվորական ուժ արտահանելու կամ էլ բանվորական ուժը պետական համակարգում կիրառելու հետ (հայ չինովնիկների ճնշող մեծամասնությունը հենց բանվորի ինտելեկտ ունի, ընդ որում սևագործ): Իսկ գիտական մտքի, դրա արդյունավետ օգտագործման ու դրա կրողների նկատմամբ հոգատարությունը սահմանափակվում է «գիտահեն տնտեսության» մասին վարչապետական քրթմնջոցով, ասես այդ «գիտահեն տնտեսություն» ասվածը սյուռեալիստական կատեգորիա է` կտրված իրականությունից և դրա ձևավորման համար անհրաժեշտ չէ որևէ քայլ ձեռնարկել:
Իսկ քայլեր անհրաժեշտ են, այն էլ հարյուրավոր, այլապես ընդամենը տասնամյակ անց Հայաստանում կմնա ճիշտ այնքան գիտության թեկնածու, ինչքան հարուստի տղա բանակից ազատվելու համար որոշել է դիսերտացիա պաշտպանել, իսկ դա էլ կնշանակի, որ տասնամյակ անց Հայաստանը լավագույն դեպքում վերջնականապես կվերածվի հումք և սևագործ ուժ արտահանող կործանվող գաղութի, վատագույն դեպքում` դինոզավրերի նման կանհետանա երկրագնդից:
Իսկ հայ ազգն իր կործանմամբ ողջ աշխարհին կապացուցի, որ իրականում ոչ լեգիտիմ էր ոչ թե իրեն կառավարող իշխանությունը, այլ հենց ինքը, քանզի հանդուրժում էր նման վերադաս...
Չորեքշաբթի ուշ գիշեր, Հայկ
--
No comments:
Post a Comment