Wednesday, August 11, 2010

Սայլապանս կառավարիդ վնաս չէ, վնաս չէ

Այնպես ստացվեց, որ վերջին երկու օրվա ընթացքում ինչ որ չափազանց շատ էին առիթները մտածել մարդկային հարաբերությունների կամ սոցիալական կապերի մասին։ Իհարկե, ես չափազանց հեռու եմ այս ամենն այս կամ այն կերպ «խորը ընկալելու» ունակություններ ցուցաբերելուց, իսկ թե ինչու, ներքևում։ Բայց չգիտես ինչու, քանի որ ամեն ինչ քո շուրջ է պտտվում, անկախ քեզանից կամ օբյեկտիվորն իրոք այդպես է, թվում է, թե այդ ամենը քո մասին է։ Եվ քանի որ միշտ չէ որ հարաբերությունները դրական կողմից են նկարագրվում, իհարկե, «ցավոտ է» ընկալել կամ ընդունել կամ գիտակցել, որ միգուցե և քեզ է վերաբերում այդ ամենը, միգուցե և չի վերաբերում։
Շատ ավելի ցավալի է զգացումը, երբ գիտակցում ես, որ սեփական քայլերը ոչ այնքան ադեկվատ են գնահատվում, հարաբերականությունն այստեղ հարմար չէ, ավելի շուտ ադեկվատության աստիճանի մասին է պետք խոսել, քանի որ այն անմիջականորեն կախված է նրանից, թե շրջակա կամ կոնտեքստային ինչքան գործոններ են ներառվում քայլերը կամ շրջապատը գնահատելու համար։ Ինչքան մեծ է գործոնների քանակը, ենթադրությամբ, որ տեղին կամ ռելեվանտ գործոններ են վերցվել, այնքան մեծ է ադեկվատության աստիճանը։ Հակառակ տրամաբանությանբ մեծ է կամ իրական է վտանգը, որ զգացումները կլինեն այնպիսին, ինչպիսին հիմա իմ մոտ են՝ «հոգու վրա ծանր է» թարգմանած ռուսերենից (ավելի վատ տարբերակը կա)։
Սոցիալական կապեր ամեն կերպ ու ամեն գնով ստեծել երբեք չեմ ջանացել։ Երբեք չեմ ջանացել նաև հասկանալ դրանք, դրանց բնույթը, էությունը և այլն, չնայած հենց հիմա դրանով եմ զբաղված (չնայած Կահիրեում մոտ մեկ տարի ապրելուց հետո մի երկո ամիս «աս» էի այդ ուղղությամբ)։ Երբեք չեմ ջանացել խնայել կամ փայփայել այդ կապերը։ Չէ, չմտածեք թե չեմ գնահատում մարդկանց, չեմ սիրում, հարգում, կապվում նրանց հետ, ինչքան էլ որ առաջին հայացքից բոլորովին հակառակը լինի կարծիքը դեպի ինձ, չմտածեք թե կարևոր չեն մարդիկ ինձ համար։ Խնդիրն այլ տեղ է, ուրիշ է սոցիալական կապերի ընկալումը իմ մոտ, որը գրեթե միշտ տրամաբանորեն հակառակն է ընկալվում շրջապատի կողմից, երբեմն նաև ընտանիքում։
Իհարկե, մեծամասնության հզոր գործոնը հաշվի առնելով, առաջինը, ինչ գալիս է մտքիդ, սեփական անձը խարազանել է, բայց ի՞նչ, եթե չես ուզում ընդհանուր հոսքով հոսել։ Չես ուզում, ոչ թե նրա համար, որ մոդայիկ կամ թիթիզ ես, ուզում ես արհեստականորեն ամեն կերպ քեզ բոլորից զանազանել, այլ որովհետև դրա մասին երբեք չես մտածում, պարզապես անում ես այն, ինչ անում ես, ստացվում է այն, ինչ ստացվում է։ Արձագանքները, ահա, ամբողջ խնդիրն հենց այդ արձագանքներն են։
Ես գիտեմ նույնիսկ, թե որտեղից սոցիալական կապերի այսպիսի ընկալումը իմ մոտ։ Ասեմ որտեղից։ Երբ մեծանում ես մի վայրում, որտեղ բոլորը գիտեն բոլորին, գիտեն անգամ գերդաստանի պատմությամբ, գիտեն բոլոր մահացածներին ու մահվան պատճառները, բոլոր գերեզմանաքարերը, ով, որտեղ, երբ, ինչ, ինչու արեց, այդպիսի հասարակությունում սոցիալական կապերը ի վերսուստ կամ ի սկզբանե կամ արդեն իսկ տրված են, դրանք կապեր են, որն արդեն իսկ կա, այն ստեղծել պետք չէ, այն տրված է ամեն մարդու համար, ով այդ հասարակությունում է, հասարակությունում ընդգրկվելու կամ այդ հասարակության անդամ դառնալու հատուկ ծիսակարգ չկա։
Ծնվեցիր ու քու ազգանվամբ արդեն դու քո տեղն ունես այդ հասարակությունում, դու այդ հասարակության պատմության մի մասն ես՝ Մնացի մեծը, Սոնիկի տղեն, Վալոդի թոռը, Հովասի թոռը ու այսպես շարունակ։ Սրանցից յուրաքանչյուրը կապի մի տեսակ է, որը քեզ այս կամ հնարավորությունը, նաև քո հասարակական տեղն ու արժեքն է տալիս։ Այդ արժեքը դու կարող ես էլ ավելի արժևորել, դրականն ավելացնել, բայց ինչն է հետաքրքրի, դու երբեք այն չես կարող նվազեցնել։ Ամեն դեպքում, դու մնում ես Մնացի տղեն, շնորհիվ Մնացի հետ կապի ու Մնացի սոցիալական ստատուսի, դու նույքան հնարավորություններ ու մուտք ունես, որքան Մնացը։ Եթե դու ինքդ քեզ չես իրացնում, ապա քո որդին նորից մնում է Մնացի թոռը, սոցիումի պատմությունը պարզապես մի փոքր այլ կերպ է իմաստավորումը Մնաց Մարատ Դավիթ կապի տեսակը։
Հուսամ կարողացա շատ թե քիչ նկարագրել այն, ինչի վրա մեծացել եմ ինքս Ղուկասյանում ու ինչպիսին է հասարակության կամ սոցիալական կապերի մասին իմ պատկերացումը։
Մեկ կարևոր հանգամանք ևս. ժամանակն ու տարածությունը, ինչպես նաև դրանց ֆիզիկական կտրվածը (այսինքն 110 կմ կամ 5 տարի) ընդհանրապես դուրս են այս հասարակությունից։ Ես կարող եմ Հլոյի Վարդի թոռանը դիմավորել, ընդունել, ճանապարհել, առաջին իսկ հանդիպման ժամանակ առանց նրա հետ երբևէ որևէ բառ փոխանակած լինելու ընդունել «հարյուր տարվա հարազատի» պես։ Գիտեք ինչու՝ սոցիալական կապը կոչվում է Հլոյի Վարդի թոռ։ Մնացածն արդեն կարևոր չէ, քանի դեռ սոցիումի պատմությունը հիշում է, սոցիումի կոլլեկտիվ հիշողության մեջ Հլոյի Վարդը կա, նրա հետ կապակցված ցանկացած իրականությունը չափվում է հենց իրենով։
Այսպիսի սոցիումում բոլորովին այլ է կողմերի վրա դրվող շեշտադրումը։ Այսինքն առաջնայինը սոցիալական նոր կապ ստեղծելը չէ, դա տրված է ի վերուստ, դու կարող է այն միայն ավելացնել, ավելացնել, ավելացնել՝ նպատակը՝ քեզ խցկել սոցիալական պատմության կամ սոցիումի հիշողության մեջ՝ Դավիթին Մնացի թոռանից վերածել Մարատի տղու։ Էլի եմ կրկնում, Դավիթը նվազագույն դրական կապն արդեն իսկ ունի, Մնացի թոռ, հակառակ դեպքում կլիներ Վալոդի թոռ, այսինքն մեկ օղակ էլի հետ, ամենավատթար դեպքում՝ Յավրումենց, երբ ոչ մի կոնկրետ անձ չկա, ում հետ հնարավոր է ասոցացնել, վերացարկված ասոցիացիա է՝ ազգանվամբ։
Սոցիումի գիտակցությունում հայտնվելու համար (իսկ դա մարդկային նորմալ հերթական ցանկությունն է, նպատակը, բնությունը, բնույթը, էությունը՝ ասենք ուտելու, հետո զուգարան գնալու պես) սկսում ես արդեն «բախտ որոնել» ոչ թե նոր կապեր ստեղծելու մեջ՝ մոտավորապես, թե ինչքան մարդ քեզ կճանաչի ու քանի մարդու հետ «ջան ջիգյարով» կհանդիպես կամ ինչքան մարդ քեզ կհարգի, կբարևի, կծիծաղի, սրանք քո գործողությունները պայմանավորող ռելեվանտ գործոններ չենք, դրանք ի վերուստ տրված են քեզ, պետք է նվազագույնը՝ պահպանել դրանք, առավելագույնը՝ ավելացնել։
Քո իրական գործողությունները այլ բաներ են պայմանավորում «հացով մարդ լինել, դուռը բաց լինել, ջոմարդ լինել, լավ բիձա լինել, հին օսկոր լինել, աշխատող լինել» ու այսպես շարունակ։ Կոնցեպտները միգուցե շատերին ոչ մի բան չասեն, կամ միգուցե դրանցից մի քանիսը ինչ-որ բան ասեն։ Այս շարքում ավելանում է նաև, պայմանավորված պարտադիր միջնակարգ կրթությամբ, «լավ սովորելը»։ Պատկերացրեք, չնայած մի փոքր դժվար է, «լավ սովորելը» նույքան արժեքավոր ու, գլխավորը, նույն մակարդակում է, որքան ասենք «հացով մարդ լինելը»։
Այսինքն ուշադրության կենտրոնում արդեն մարդկային, միջանձնային հարաբերությունները չեն։ Դրանք առկա են, բայց միջանձնային հարաբերությունները նայվում ու գնահատվում են, էլի եմ կրկնում, գերդաստանական կամ ազգանվանական կտրվածքով՝ Քոթանջու (Քոթանջյան), Բալոյի (Բալոյան), Բիրդանենց, Հլոյենց, Ստեպենց ու այսպես շարունակ։
Նեղանալ բան, այսպիսի «ստից բաներ» չկան, «նեղվել» կա, բայց ով է դրա վրա ուշադրություն դարձնում, շատ ավելի կարևոր գործեր կան, որոնք դժվար են, առավոտյան 6-ից մինչև իրիկունը 11-ը ֆիզիկական գործ անողը ժամանակ չունի «կնկավարի կամ կնգա պես» բաների վրա ժամանակ ծախսելու, հասկանում եք։ Երկու բառ ասեցինք իրար, կամ չասեցինք ու վերջ։ Չասելը նույնքան կարևոր է, որքան ասելը, ասելը երբեմն ծայրահեղություն է, որը դատապարտում է սոցիումը, քո գլխավոր դատավորը դու ինքդ ես կամ ինչպես հայրս կասեր՝ հոգի ունես աստծուն տալու։ Ամեն դեպքում 5 րոպե հետո դու նույն Մնացի Մարատն ես ու վերջ, առավելագույնը՝ մեկ-երկու տարի հետ։ Ավելի երկար ժամանակահտվածը չի ընկալվում հասարակության մեջ, հասարակությունն արդեն մեղադրում կամ նույն մակարդակում է գնահատում երկու կողմերին էլ, ճիշտ-սխալ չկա էլ, երկուսդ էլ դուրս եք մնում հասարակության հիշողությունից։
Շատ ավելի կարևոր մեկ բան. իրար բարև տալ չկա, կամ հազվադեպ կամ էլ ողջույնի խոսքեր են դրանք (խոսքի ակտերից ով ծանոթ է, իլոկուտիվը ինչ որ բան կհուշի), որոնք աշխատանքային ինչ որ վիճակ են հիշեցնում կամ հաջողության ու խաղաղության՝ մաղթանքների վրա են հիմնված՝ հիմնականում՝ «հաջողէ, աճողում, խաղաղություն» և այլն։ Դու քո ընտանիքի անդամին չես բարևում, հետաբար բարևել պետք չէ նաև հարևանին։
Սոցիումի ընկալման այս պայմաններում սեփական քո գործողություններում դու այնքան ազատ ես, որքան ազատ ես ընտանիքի մյուս անդամների հետ։ Էլի եմ կրկնում, նեղանալ չկա, քո եղբորից կամ հորից կամ քրոջից չես նեղանում։ Նեղվում ես, որովհետև սպասումներ ունես նրանցից, նրանք քեզ հարազատ են, նրանց նկատմամբ ինչ որ չափազանց մեծ հույսեր կան, որոնք երբեմն իրականության հետ համաքայլ չեն, բայց դա նեղանալու տեղիք չէ, դա նրանց գնահատելու կամ պիտակավորելու տեղիք չէ, դա նվազագույնը քո սեփական պատկերացումների շտկում է, ճշգրտում։ Ինչ որ տեղ հուսախաբ ես, բայց դա ավելի շուտ քեզանից է ու իրականությունից ու իրականության քո ընկալումից։ Մարդիկ անում եմ այն, ինչ անում են։ Դու կարող ես քրոջդ հետ չխոսել, դա պատժի առավելագույն տարբերակն է, ինչը գործում է այս սոցիումի մեջ, բայց դու երբեք նրա դեմ չես գործում։ Գիտեք ինչու, որովհետև նա այնպիսին չէ, ինչպես դու ինքդ ես նրան պատկերացրել։
Մի քիչ իդեալական է ստացվում՝ պարզ չէ, արդար, մաքուր, զուլալ չէ, պարզապես այլ է։ Այն նույքան տարօրինակ է սոցիալական կապերի քաղաքային (հակադրությունը մի փոքր արհեստական է, բայց պիտի որ փոխանցի այն, ինչ ուզում եմ ես փոխանցել) պատկերացման համար։ Կարևոր է, որպեսզի չչափենք մեկը մյուսով, քանի որ դրանց թարգմանելիության հետ խնդիրներ կան, կոնցեպտները եթե անգամ էլ թարգմանվում են, ապա չափազանց բեկված։
Այսպիսի հասարակության մեջ ոչ ոք չի մտածում (կներեք, իհարկե) հետույքալեզության մասին, սրանք քաղաքային իրականություն են, ոչ այն իրականությունը, որում ես եմ մեծացել։
Մեղադրել, պիտակավորել մեկին այն բանի համար, ինչ չկա սոցիալական կապերի նրա պատկերացումներում, անիմաստ է։ Մարդկանց նկատմամբ իմ վերաբերմունքը շատ այլ գործոնների վրա է հիմնված, քան հետույքալեզությունը, երկերեսանիությունը քանի որ դրանք ոչ թե ես չեմ ընկալում, չեմ տեսնում և այլն, այլ պարզապես կապերի մեջ, որոնցով փորձում եմ վերաբերվել շրջապատին, դրանք չկան։
Չեմ ասում, որ տեսեք ես ինչ ազնիվ մարդ եմ ու բլա բլա բլա բլա։ Ոչ ոք այդքան միամիտ չէ դրան հավատալու համար, վերջը մարդը ասուն անասուն է, անասնական ու հիմար ինչ-ինչ պահվածքով և այլն։ Այլ պարզապես ուզում էի ասել, որ հասարակություն կամ սոցիումի տիպ կա, որտեղ նշյալ այդ կատեգորիաները ոչ թե ռելեվանտ չեն և այլն, այլ չկան, պարզապես չկան։ Ասենք, ինչպես կարելի է «ջիգյարն ուտել», «ցավը տանել», «սիրտը քառնել կամ հետ տալ», «պլոճիկով ու անպլոճիկ տղա լինել», ֆիզիոլոգիապես դա հնարավոր չէ (պլոճիկն ու ջիգյարը չհաշված։), նույնպես կարելի է պատկերացում չունենալ հետույքալեզության մասին, կամ ինչ քաղաքային հասարակությունը միանշանակ հետույքալեզություն է գնահատում, քո համար, դա չկա, ոչ թե քո համար դա հետույքալեզության չէ (այդ դեպքում դու արդեն գիտակցում ես որ հետույքալեզություն ես անում, բայց ինքնդ քեզ ինչ-որ կերպ արդարացնում ես, որ հետույքալեզ չեսմ բայց իրականում ես), այլ պարզապես դու այդ կատեգորիաներով չես մտածում, լսել ես, բառը գիտես, բայց քո շրջապատում, քո սոցիումում դու հետույքալեզ չես ճանաչում, որովհետև չգիտես ինչ է դա, գիտես «գերմանացի բանաստեղծն ով է», գիտես «գյադեն» ով է, գիտես «թուլեն» ով է, գիտես նրա սոցիալական կապի պատմությունը, բայց ...։
Գերմաներում ապուշ մի կառույց կա, բառացիորեն՝ «որի վրա, ինչից, ինչ վրա ես ուզում էի», այսինքն, ինչ կցուցանե առակս՝ պիտակները խաբում են, մարդկանց պիտակներով չափել պետք չէ, մարդիկ տարբեր են, ամեն ինչ կարելի է հասկանալ, ընկալել, ներել/չներել, ընդունել/չընդունել, չգիտեմ, մարդկանցից ինչ որ բան սպասել պետք չէ։ Անպատասխանատու, ապասոցիալական է դա, գիտեմ, բայց ... չգիտեմ, հակասում եմ երևի ինքս ինձ, չնայած չեմ հակասում։
Մի խոսքով՝ սոցիալական կապեր ես չեմ ստեղծում, սոցիալական կապեր ես չեմ փայփայում, սոցիալական կապեր ես չեմ խզում՝ քանի որ դրանք չեն չափվում այսպիսի մեծություններով՝ դրանք առկա են, անփոփոխ ժամանակի ու տարածության մեջ, անկախ դրանց նկատմամբ իմ վերաբերմունքից, ավելի շուտ ես դրանց նկատմամբ անհատական վերաբերմունք չունեմ, եթե ավելի շուտ էլ ունեմ, ապա այն հասարակական վերաբերմունքի մի չնչին մասնիկն է միայն։
Կարևորը, այս պայմաններում, մարդուն ընդունել քո սոցիումի մեջ, եթե ընդունում ես նրան, ապա նրա հետ արդեն քո ընտանիքի անդամների պես ես, կարող ես պահանջել, ջան ջիգյար անել, խմել կամ չխմել հետը, ու ոչ մի այլ բանի մասին չմտածել, չմտածել գործողությունների, քայլերի, դրանց հետևանքների և այլնի մասին, դրանք որովհետև՝ դու քո հոր կամ որդու կամ կնոջ կամ եղբոր կամ հորեղբոր կամ հորեղբոր թոռան, կամ հարևանի հորեղբոր թոռան աներձագի հետ շփելվուց ոչ մի հետևանքների մասին չես մտածում, ընդունում ես նրան ու վերջ։ Փոխադարձելիության մասին խոսք չկա այստեղ, կապերը միշտ միակողմանի են, քեզանից դեպի նա, նրանից դեպի քեզ, բայց երկու տարբեր հարթությունների մեջ։
Վերջը՝ հոգի ունես աստծուն տալու...

Երեքշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Ուզում էի, հաստատ հիշում եմ, ուզում էի մի բան գրել, բայց գնաց մտքիցս, միտքը վերբալ չէր, զգայական էր։

Հ.Հ.Գ. Հետո հիշեցի Ջիվանու երգը, ասում են Իսահակյանի հետ հանդիպումից հետո գրված, որն ավելի լավ է այս ամենն ասում.

ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐ

Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունս գաղափարիդ վնաս չէ,
Դու քաղաքացի ես, ես գեղականցի,
Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ:

Ես խսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից մարդ ընկեր,
Ես եզներ եմ լծում, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառավարիդ վնաս չէ, վնաս չէ:

Սրտով քեզ հարգում է, պատվում Ջիվանին,
Դու միամիտ եղիր, գնա քո բանին,
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ, վնաս չէ:


--
Համլետ Գևորգյանի կատարմամբ
--

3 comments:

  1. Մարատ ջան, քո գրածը կարդալուց հետո գիտես ինչ զգացողություն ունեցա. ինչքան ճիշտ ես դու ապրում... Ես շատ կուզեի քո նման մտածեի ու սոցկապերին այդքան մեծ նշանակություն չտայի... Չնայած իրականում դրանց գերին չեմ, բայց այնուհանդերձ դրանք իմ կյանքում որոշակի տեղ են զբաղեցնում... Միայն մի միտք է սփոփում. այն է` ես գյուղում չեմ մեծացել, այլ քաղաքում, ինչի արդյունքում էլ "ստացվել" եմ այսպիսին: Կեցցես, միշտ եղիր այնպիսին, ինչպիսին կաս, ու դու դարձիր օրինակ մեզ համար:

    ReplyDelete
  2. «Օրինակը» խիստ է ասված, եթե իհարկե կատակ չէ ։))

    ReplyDelete
  3. Կատակ է, իհարկե...

    ReplyDelete