Saturday, August 21, 2010

Իմաստուն նախագահ եմ ուզում՝ իմ ու ձեր քվեներով

Վերջին օրերի ու կարծում եմ առաջիկա մի քանի շաբաթների, եթե ոչ ամիսների անցուդարձի հիմնական թեման ՌԴ նախագահի այցն է լինելու։ Եկավ, կքնեց, ինչ-որ զրուցեցին, հետո գնաց։ «Վերլուծություններ», «ռեպորտաժներ», «քննարկումներ», ռեպլիկներ, գրառումներ, ինչպիսին սա է, ինչքան ուզեք։ Դրանք երբեմն հետաքրքիր է կարդալ, երբեմն քմծիծաղով, երբեմն զգացումով, որ միգուցե ապուշություն ես կարդում, հեռուստատեսային ռեպորտաժների մասին էլ չեմ խոսում, ոչ միայն հայկական, այլև ռուսական կողմից։ Ինչ-որ մի գրառում, որը կարդալիս ինչ-որ բավարարվածության զգացում կունենաս, առայժմ գոնե ինձ չի հանդիպել։ Շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ հղում հուշեք, բայց խնդրում մի քիչ «նորմալոտ» գոնե։) Ինչ այցելություն էր դա, ինչ կտա մեզ, նրանց, ինչ կտա հիմա, վաղը, հիսում տարի անց։ Հարցեր են, որոնց պատասխանները կասկածում եմ, որ ունեն անգամ վերևներում՝ բացի ոչ մի բան չասող ժպիտներից։ Ահա այս ամենի մասին։

Պարտադիր չէ, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա ու կարողանա ընկալել ու գնահատականներ տալ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած երևույթի, իրադարձության, անցուդարձի՝ ինչպիսի կարևորության էլ լինեն դրանք։ Իհարկե, ես չեմ խոսում հասարակական կամ քաղաքացիական արձագանքի կամ դիրքորոշման մասին։ Այդպիսի դիրքորոշումը միայն խրախուսելի է ու մեր հասարակության առողջացման հիմնական ուղիներից մեկը։ Սակայն եթե ես, դուք, երրորդը շատ հեռու է հասարակական շարժերը ընկալելուց, էլ չեմ ասում գնահատելուց, ապա ի՞նչ այդ դեպքում։
Նույնը Մեդվեդևի այցի ու Հայաստանում քաղաքական հոսքերի ու արտաքին քաղաքականության մասին։ Ես չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ դրանից, ինձ չի հետաքրքրում դա, չի հետաքրքրում այնքանով, որքանով ես չեմ ուզում ժամանակ, ունակություններ, միջոցներ, ռեսուրսներ ծախսել այդ ամենի վրա։ Ես չեմ ուզում ուղեղի գալարները լարել, հասկանալու համար, թե ինչու եկավ կամ գնաց Մեդվեդևը, բայց ես, որպես այս երկրի քաղաքացի, ինչքան էլ գրեմ, թե չեմ սիրում հայրենիքը կամ սիրում եմ հայրենիքը, ուզում եմ երեկոյան, ինչ-որ մի հեռուստաալիքով կամ ինչ-որ մի թերթում այնպիսի մի ռեպորտաժ նայել կամ էլ հոդված կարդալ, որը «հոգուս հանգստություն» կտա ու ինչ-որ հարցերի ինչ-որ պատասխան։
Գիտեք ինչու եմ ուզում ու շատ եմ ուզում նման հոդված կարդալ՝ որովհետև չեմ վստահում այս կառավարությանը, այս ղեկավարությանը ու չեմ հավատում, որ նրանք չեմ ասի անկեղծ են, սա ռելեվանտ կատեգորիա չէ, կամ գոնե գիտակից են իրենց քայլերում՝ քաղաքական, լինի արտաքին, ներքին, խառը քաղաքական իրենց քայլերում։ Ես չեմ հավատում, որ ռազմական ինչ որ պայմանագիր կնքելիս նրանք հաշվի են առել կամ հաշվարկել են բոլոր հետևանքները, հետագա տարիների զարգացման հնարավոր ուղիները, կարճ ասած, ինչ-որ կոնկրետ երկրի, ցանկալի կլիներ մեր երկրի, զարգացման ռազմավարությունից են նման քայլի գնացել ու հաշվարկված են նման քայլի գնացել, քան, ասենք, նեղ քաղաքական շահաբաժիններ հավաքելու ցանկությունից, կամ ինչ-որ շահ հետապնդելով, կամ պարզապես տեղի տալով «մեծ եղբոր» ճնշումներին ու սեփական քայլերը համաքայլացրել են նույն եղբոր ցանկություններին ու հնարավորություններին։
Հիսուն տարին երկար ժամանակ է, մեկ ու կես սերունդ, եթե ոչ ավելի, արդյոք այս կառավարությունը այնքան իմաստուն, այլ բառ չեմ ասում, իմաստուն է, մեկուկես սերունդի ապագայի համար վճիռներ կայացնելու համար։ Միգուցե, այս կառավարությունը, այս նախագահը այդքան իմաստուն է, չեմ բացառում, ես գլուխ չեմ հանում ու, մեղմ ասած, չեմ էլ ուզում հանել, չնայած միգուցե և ուզում եմ, բայց անճարությունից դրդված եմ ձև թափում, թե չեմ ուզում։ Իհարկե, ինձ հետաքրքրիր է, թե ինչ երկրում եմ ես ապրելու, աշխատելու, արարելու, ժառանգելու։
Մեզանից յուրաքանչյուրը մեր չափով է ընդգրկված այս պետության մեջ։ Նախագահն ու կառավարությունը նույնպես՝ բայց նրանք իմ, ձեր ու մեր բոլորի քվեն ունեն այս պետությունը կառուցելու համար։ Բայց եթե նրանք այնպիսի քայլեր են անում, որոնք չեն բխում իմ, ձեր ու մյուսների քվեների շահերից, ապա ինչ այս դեպքում, կամ էլ ավելի վատ, չունեն իմ ձեր ու մյուսների քվեն, սակայն որոշում են այդ քվեների փոխարեն։
Ահա, թե ինչու եմ ես փնտրում ու առայժմ իզուր փնտրում ինչ-որ լուրջ վերլուծություն, որը ինձ թույլ կտար հասկանալ, թե իմ քվեն, հետևաբար իմ վստահությունը չունեցող կառավարությունն ու նախագահը իմ փոխարեն ի՞նչ որոշում է կայացրել ու այդ որոշումը ի՞նչ կտա կամ կխլի իմ հայրենիքից, ընտանիքից, ժառանգությունից։
Ծայրահեղ դիրքորոշումները՝ Հայլուր vs. հակառուսականություն, այստեղ տեղին չեն, դրանք հեռու են իրականությունից։ Ես ավելի պրագմատիկ մոտեցում եմ ակնկալում, որը քայլ առ քայլ ինձ կբացատրի, թե ես ինչ կունենամ կամ կկորցնեմ այս այցի արդյունքում։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ դա աներ Հայլուրը, բայց թե ... ։)))))
Եսը, իմ էգոն չէ, եսը այս դեպքում այս երկիրն է, այս երկրի մի մասը։ Մեդվեդևը կգա ու կգնա, այս նախագահը ու այս կառավարությունը ևս, ես նույնպես կգնամ, ավելի ուշ, քան Մեդվեդևը ու այս նախագահը ու այս կառավարությունը։ Բայց որդիս դեռ երկար կմնա, թոռներս նույնպես, նվազագույնը հիսուն տարի, եթե հերթական Մեդվեդևը հերթական հիսուն տարով ինչ-որ պայմանագիր չկնքի հերթական ինչ-որ ՀՀ նախագահի հետ, որն էլի չի ունենա իմ ու ձեր ու մեր որդիների ու թոռների քվեները։
Ես հույս ունեմ, շատ մեծ հույս ունեմ, որ մեր կառավարությունում իմաստուն էին, իրոք իմաստուն էին, իր գործն իմացող իմաստուն ծերունու պես, որը գիտի երբ գարնանացան անել, երբ սկսել խոտքաղը, ու ամբողջ գյուղը մեկ մարդու պես հավատում է այդ ծերունուն ու հարգում, որովհետև ծերունին նույնպես հարգում է գյուղը, ու իմաստուն է, որ կարողանում է հարգել գյուղը։ Նա նաև իմաստուն է իր որոշումներում, քանի որ նրա գարնանացանից օգտվում է ողջ գյուղը։ Այսպիսի իմաստուն որոշում էր նվազագույն, հուսամ այս պայմանագիրը։
Չնայած ես չեմ հավատում այս նախագահի իմաստունությանը, մնում է միայն դատարկ հուսալ ու հուսալ, որ իմ, ձեր ու մեր բոլորի հաջորդ քվեները իրոք կօգնեն այնպիսի նախագահ ու կառավարություն ունենալ, որ ես էլ նման գրառում չեմ ուզենա գրել կամ էլ «փրկած» կլինեմ իմ ոչինչ չարժեցող կաշին մեկ այլ երկրում, որտեղ ավելի իմաստուն են մարդիկ ու քվեներն ինչ որ բան արժեն, բայց ոչ 5000 ՀՀ դրամ։

Շաբաթ իրիկուն, Մարատ
--

2 comments:

  1. Garo Tahmaz-ին՝ Հետաքրքիր հարց էր, ում կընտրեի։ Անսպասելի, որովհետև պատասխան չունեմ։ Երևի կամ միգուցե սպասում եք, որ կպատասխանեմ Լևոն Տեր-Պետրոսյանին ։)))) Եթե առաջին վայրկյանից չպատասխանեմ, երկար պիտի մտածեմ։ Ես ամբոխի մի մաս եմ, ամբոխային տրամադրությունների կրող, երբեմն ոչ բանական ու ոչ գիտակից։ Խնդիրը նախագահի մեջ չէ, ավելի շուտ նախագահի անձի մեջ չէ, այլ նախագահի ինստիտուտի։ Ինձ ավելի շուտ համակարգն է հետաքրքրում ու համակարգի կառուցումը։ Նախագահը մարդ է, թույլ, ուժեղ, կաշառակեր, ապուշ, ապուշագույն, հիմար, դեբիլոտ, իր ցանկություններին գերի, ինչպես մեզանից շատերը կամ յուրաքանչյուրը՝ այս կամ այն չափով։ Իսկ ահա նախագահականը՝ սա արդեն հավաքական գիտակցություն է։ Ես հավաքականը կընտրեի։ Իսկ ավելի կոնկրետ՝ երևի թե Դավիթ Հարությունյանին, նա կարծես թե մեկ այլ իրականության մեջ է մեծացել։) Ես քաղաքականությունից հեռու եմ, ինձ իմ մասնագիտությունը լրիվ «վզով է» ու պետությանը հավատարիմ ու հայրենիքին հավատարիմ լինելը իմ մասնագիտության մեջ լավ, հնարավորինս լավ, եթե տարբերակ կա, ապա լավագույնններից մեկը լինելն է։ Սա է պետության, հայրենասիրության ընկալման իմ մոդուսը։ Ես ենթադրում եմ, որ մյուսներից յուրաքանչյուրը ճիշտ նույն կերպ է մոտենում իր մասնագիտությանն ու պետությանը։ Ու ես կարող եմ վստահել մյուսներին ու նրանք էլ կարող են վստահել ինձ՝ մեզանից յուրաքանչյուրի ոլորտում։ Ես հանգիստ կքնեմ, որովհետև զինվորը կկռվի, իսկ զինվորը հանգիստ կկռվի, որովհետև ես նրա որդուց համալսարանում ինչ-որ գումար չեմ ուզի ինչ-որ հիմար ստուգարք դնելու համար կամ գլուխ չեմ պահի ու պետքական գիտելիք կհաղորդեմ կամ այդ գիտելիքի տեղը ցույց կտամ նրան։ Ու մենք բոլորս կգնանք ընտրության ու կընտրվի նա, ով կարտահայտի հասարակության տրամադրությունները՝ այսինքն մեր բոլորի այս կամ այն կերպ ապրելու ցանկության եղանակը։ Ով կլինի, արդեն կարևոր չէ, քանի որ նա մեր բոլորի կամ գոնե մեծամասնության տրամադրությունների կրողը կլինի։ Միգուցե ես չեմ լինի մեծամասնության մեջ, բայց ես արդեն կընդունեմ նրա լեգիտիմությունը ու նման «դարդոդած» գրառումներ չեմ գրի։ Որովհետև եթե նախագահը գիտակցում է լեգիտիմության կարևորությունը, ապա նա միգուցե և գիտակցի պետականություն կառուցելու պատմական առաքելության կարևորությունը։ «Պատմական առաքելության» պահով չեմ դատարկաբանում։ Նայենք հենց հարևան պարսիկներին։ Չնայած մենք ենք սիրում տեղին, անտեղին խոսել հազարավոր տարիների պատմության մասին, բայց նրանք կարող են խոսել հազարավոր տարիների պետականության պատմության մասին։ Հազարավոր տարիների մշակույթի մասին էլ կարող են խոսել, մեր Վարդան Մամիկոնյանի բարոյական հաղթանակի մասին էլ հարկ չեն համարի անգամ ինչ-որ մի «թեթևոտ» հիշատակում անել իրենց պատմագրության մեջ, Շահի օրոք հիմնադրված ատոմակայանը շահագործման կհանձնեն Իսլամական հեղափոխությունից հետո ու Ահմադինեջադի օրոք։ Պատմականության ու պետականության այս պայմաններում Ահմադինեջադը հերթական Ահմադինեջադն է. կառույցը, համակարգը գործում է։ Եթե նախագահը իմաստուն է, ավելի լավ, եթե դեբիլ է կամ դեբիլոտ, արդեն վեզիրներն են երկիրը կառավարում։ Սա եմ ուզում ու սա ընտրել եմ ուզում։ Ուզում եմ, որ մենք ծառա լինենք մեր պետության համար, ո՛չ ինչ-որ հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան հարևանների, մեծ, միջնեկ, փոքր եղբոր համար, մենք մեր համար։ Առանձին թեմա է սա, միգուցե և գրեմ հետո։ Շնորհակալ եմ ամեն դեպքում հարցի համար։

    ReplyDelete
  2. Marat jan, um kntrerir hima vorpes qez naxagah?

    ReplyDelete