Wednesday, September 1, 2010

ՏԵՐ, ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՀԱՅԼՈՒՐԷ

«Հայլուրի» և իմ վերջին հանդիպման արդյունքում ծնվել էր մի գրառում, որը դարձավ այս բոլգում ինձ համար առաջինը: Երեկ այնպես ստացվեց, որ իմ ու «Հայլուրի» ճանապարհները կրկին խաչվեցին, և այս հանդիպումը նույնպես նախորդի նման արգասաբեր էր...

Այս անգամ «Հայլուրի» թղթակիցները որոշել էին մի ռեպորտաժ նվիրել Քաշաթաղի դպրոցներից մեկին, որը լուսաբանում էր կրթական հաստատության առօրյան և ուսումնական գործընթացը։ Ընդ որում, այս ամենը թղթակիցները ներկայացնում էին դպրոցի երիտասարդ ու տոկուն տնօրենի աչքերով, որը հանգամանալիցորեն պատմում էր դպրոցի խնդիրների, նպատակների և հնարավորությունների մասին։

Ռեպորտաժի վերջում «Հայլուրի» տեսախցիկը ֆիքսեց համակարգիչ, որը, բանից պարզվում է ունի մուտք Ինտերնետ։ Դրան հաջորդեց տպրոցի տնօրենի երկարաշունչ մենախոսությունը, թե քանի որ իրենք դժվարություններ ունեն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական կապ պահպանելու առումով, ապա ինքնակրթվում և գրականություն են հայթայթում Ինտերնետի միջոցով...
Չեմ վիճարկում. հնարավոր է, որ Քաշաթաղի Ինտերնետի արագությունը իրոք թվային գրքեր ներբեռնելու և տեղեկատվական օնլայն այլ աղբյուրներից օգտվելու հնարավորություն է ընձեռում (ինչը շատ կասկածելի է), սակայն այն, ինչ հնչեց հետո, չի տեղավորվում ոչ մի տրամաբանության շրջանակներում։
Պարզվում է, որ «նոր սերնդի» տնօրենը և դպրոցի ուսուցչակազմն ինքնակրթման ռեսուրսները քաղում են Ազգային գրադարանի և Մանկավարժական համալսարանի, ինչպես նաև ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ կայքերից... Մնում է զարմանալ, թե այդ ի՞նչ ռեսուրսներից է օգտվում դպրոցի «ուսումնատենչ» աշխատակազմը, եթե Ազգային գրադարանի կայքում կար ընդամենը մի քանի թվային գիրք(http://www.nla.am/Online_BooksPdf.aspx)՝ Արտաշես Գեղամյանի գրչին պատկանող բրոշյուրատիպ ինչ-որ բան, որով կարելի է բթանալ, բայց ոչ երբեք ինկնակրթվել, Երվանդ Քոչարի ու Կոմիտասի արվեստին նվիրված մի երկու գիրք, ինչպես նաև Ազգային Գրադարանի տարեկան հաշվետվությունն ու 2010 թ. ծրագիրը (սրանք նույնպես ի բնույթե զուրկ են «ինքնակրթելու» հատկությունից)։ Ինչ վերաբերում է Մանկավարժական համալսարանի կայքին, ապա ինձ չհաջողվեց պարզել այնտեղ զետեղված գրականության բնույթը, քանի որ կայքն ուղղակի չէր աշխատում (սա նույնպես որակի ցուցիչ է)։ Սակայն ոլորտի բանիմաց մարդիկ բացատրեցին ինձ, որ Մանկավարժականի կայքում ինքնակրթող էլեկտրոնային գրականության թիվն ուղիղ զրո է։ Դե իսկ Մատենադարանի կայքը, չեմ վիճում, բառացիորեն հեղեղված է անգին ձեռագրերի թվային տարբերակներով, սակայն կարծում, որ դրանք Քաշաթաղի դպրոցի տնօրենի և ուսուցչակազմի ատամի բանը չեն, քանի որ հիմնականում գրված են մեռած լեզուներով։
Եվ հիմա ինձ մեջ հարց է ծագում. տնօրենի շուրթերից հնչած սուտը ո՞ւմ ձեռագրով է խզբզած։ Արդյոք դա «Հայլուրի» թիմն է՞ր գրել և մատուցել նրան, որ արագ-արագ խոսի ռեպորտաժի ընթացքում, թե խաբեությունը հորինել էր ինքը՝ «նոր սերնդի» տնօրենը, որպեսզի բարձրացնի Քաշաթաղի դպրոցի տեխնոլոգիական վարկանիշը։ Անկախ պատասխանից եզրակացությունը մեկն է. ռեպորտաժը նկարահանել էին ապաշնորհ ու անպատասխանատու լրագրողներ։ Ապաշնորհ ու ոչ բանիմաց է նաև «Հայլուրի» աշխատակազմի մեծ մասը, որովհետև նրանցից ոչ մեկը գլխի չընկավ կամ էլ չբարեհաճեց ասել, որ ախր Ազգային գրադարանն ու Մանկավարժական համալսարանը դժվար թե թվային լուրջ գրադարաններ ունենան, ուսուցիչները դժվար թե մեռած լեզուներով ձեռագրեր կարդան, եկեք մի հատ ստուգենք նյութի հավաստիությունը, չէ՞ որ վերջիվերջո այն ուղիղ եթեր է հեռարձակվելու Հայաստանի ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ։
Եվ այնքան էլ կարևոր չէ, որ «Հայլուրը» մեկ-մեկ ստում է, մեկ-մեկ խտացնում գույները, մեկ-մեկ էլ լռում կարևոր և էական իրողությունների մասին. պետք է հաշվի առնել, որ «Հայլուրը» իշխանությունների տեսակետի փողահարն է, որը շատ հաճախ տարբերվում է իրականությունից։ Կարևոր է այն, որ սուտը և իրականության խեղաթյուրումը մատուցվում է այն աստիճան տգետ և ապաշնորհ կատարմամբ, որ դրանից անհեթեթ այևս անհնար է...

P.S. Այս բացթողումից հայ ազգն իհարկե ոչինչ չկորցրեց. ընդամենը փոքրիկ սուտ, որ նկատել են միայն մի քանիսը։ Ուղղակի մի անըմբռնելի դիսկոմֆորտ է առաջանում այն մտքից, որ Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը և Բաքվի ոտնձգումներից մեր պաշտպանությունը գտնվում է նման «իմպոտենտ» ձեռքերում...
Ինչպես գրել է մեծ պոետ Չարենցը. «Սանձել է ուզում հողմերին, այս ողորմելին...»

Հայկ, Սեպտեմբերի 1
--

1 comment:

  1. Հայկ, չես հավատա, բայց երեկ հենց այդ ռեպորտաժն եմ տեսել ու հենց նույն քո գրածներից ապշել: Մի տարբերությամբ, որ նույնիսկ չփորձեցի էլ ստուգել նշված կայքերը, այնքան որ ծիծաղելի էր ասվածը: Իսկ ավելի մեծ հիասթափություն էր ընդամենը չորս երեխաների առկայությունը:

    ReplyDelete