Առավոտյան բոլորովին ուրիշ բանի մասին էի ուզում գրել, դինամիկայի ու շարունակականության մասին։ Նույնիսկ սկսել էի, բայց օրը բավականին խառը ստացվեց, սկսածն ավատել չկարողացա ու մոռացա ինչի համար էի այդ գրառումը նախաձեռնել։ Տուն վերադառնալիս երկու նոր կրպակատիպ շինություն ընկավ աչքովս։
Քաղաքը պատրաստվում է, քաղաքը, դե հանրապետության կեսից ավելին է, այսինքն հանրապետությունն է պատրաստվում։
Պատրաստվում է դեռ երկու ուղղությամբ, ամեն ինչ դեռ այդ երկու ուղղության շուրջ է պտտվում՝ Օրինաց երկրի ու ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության։
Չեմ ասի ողբամ զմեզ, որովհետև ողբի կարիք չկա, բայց սրանք այն չեն, ինչի շուրջ պիտի պտտվեն իրադարձությունները։
Ավտոպետապահովագրությունը ամենապարզ բանն է, բայց հունիսից ողջ երկրով մեկ բոլորը սկսել են ապահովագրական գործակալներ դառնալ։ Փորձեցի անգամ ես, մարտին, սակայն մի երկու օրից հասկացա, որ առանց վարչական լծակի հնարավոր չէ, որովհետև, օրինակ, անգամ գազի տնային սպասարկման օպերատորներին են, ասենք, Լեննականում պարտադրել ամսական մինչև 20-30 ապահովագրական պայմանգրեր կնքել։ Այսինքն գազի ներտնային սպասարկման գործակալը միաժամանակ պիտի նաև ապահովագրական գործակալություն էլ անի, թե չէ հրաժեշտ աշխատավայրին, իսկ նոր աշխատավայր, հատկապես Լեննականում, այնքան էլ հեշտ չէ գտնել։ Պարզ է, շարունակելու իմաստ չկա։
Ամբողջ երկիրը մոլուցքի մեջ է, սակայն շահելու են, ինչպես միշտ, ով շահելու է։ Չեմ ասի ճղճիմ է, սակայն ոլորտի հենց սկզբից մոնոպոլիզացիայի հսկայական ալիք է գնում, բացի նրանից, որ ապահովագրական շուկայում արդեն հզոր խաղորդներ կան։
Փոքր քաղաքների մակարդակներում հնարավոր է ինչ-որ բան անել, ասենք գազի գրասենյակն այստեղ բավարար ուժեղ չէ, սակայն ուժեղ է «տեխասմոտրի» ինստիտուտը, որը իրեն կից նաև ապահովագրական գործակալություններ ունի, իսկ մեքենայի տեխնիկական վիճակը ստուգելուց առաջ, կռահում եք արդեն, ինչպիսի ապահովագրական փաստաթուղթ են ուզելու։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հիմնադրման պահից մոնոպոլիզացված, պետական լծակի չարաշահող կիրառման հաշվին մոնոպոլիզացված ու օրենքի չարաշահմամբ մոնոպոլիզացված էր նաև «տեխասմոտրի» բիզնեսը ... լավ, էլ չգրեմ, անիմաստ է։
Հիշում եք, ո՞ւր էին տանում բոլոր ճանապարհները ժամանակին ...
Բայց դա հեչ, չնայած հեչ չէ, բայց դե թքած, սա էլ կմարսենք, փողը փողի վրա է գնում՝ հին իմաստություն է։
Ինձ Օրինաց երկրի գրասենյակների առատությունն է վախեցնում, զգուշացնում, հիասթափեցնում։ Նախ այդ գրասենյակներում ինչ-որ մարդիկ աշխատում են, այդ ինչ-որ մարդկանց ընտանեկան նեղ շրջապատում հույսեր են կապում այդ աշխատանքի ու «լավ է լինելու» խոստումների հետ։ Իսկ դա որոշակի ընտրազանգված է։ Կա նաև ընտրազանգված, որը ոչ մի դասի նշույլ անգամ չքաղեց անցած ընտրություններից։ Այդ զանգվածը շատ ակտիվ աշխատում է հիմա, ծուղակելու է շատերին։ Կարճ անց Բարգավաճը կմիանա, հետո Հանրապետականները, ՀԱԿ-ը նույնպես կարծում եմ շանսը բաց չի թողնի, ու ամեն ինչ կրկին իր տեղում կհայտնվի։ Օլիգարխները մի քիչ փողեր կհանեն, երկիրը կրկին երկնիշ աճ կարձանագրի, Օրինաց երկիրը ինչ-որ փոխանցումներ, բանկային փոխանցումներ կստանա, իսկ ժողովուրդը նախ «քյադակ» կընկնի, հետո նորից կհիասթավի, հետո կմնա ինքն իր հետ ու իր կոտրած տաշտակի առաջ ու իր կոտրած տաշտակի հետ։
Հետո ասում եք երկիր կառուցենք, աշխատենք, արարենք ...
Վերջին մի քանի աշխատանքային օրերը նվիրված էին գովազդային ինչ-որ արշավի նման մի իրավիճակին, պետք է ինչ-որ ներկայացուցչական տեքստ գրել։ Մտածում ես գրել ու գրում ես, իհարկե՝ գրավիչ, նորարար, ստեղծագործ, մրցակցային, ճկուն, շարժուն, հեռանկարային ...։ Հետո, երբ գրում վերջացնում ես, էմոցոնիալ դաշտը նստում է, էլ բառ, հասկացություն չգիտես, որ գրես, սպառվում ես ու ավելի իրական նայում այդ ամենին։ Միգուցե այդ ամենի մեջ ինչ-որ մի բան կա, միգուցե կա։
Ինքնագրաքննություն եմ վերջերս իմ մեջ նկատել, ծերուկանում եմ, երիտասարդական ավյունը չկա, չնայած միգուցե չի էլ եղել, չգիտեմ, բայց ինքնագրաքննությունը լավ բան չէ, միգուցե կարողանամ հաղթահարել, տեսնեմ։
Շեղվեցի, գրում ես, գրում ու հետն էլ մտածում խելքին մոտ է դա արդյոք՝ Օրինաց երկրի ու ապահովագրական բիզնեսի հետ մեկտեղ։
Երկու օր առաջ ամբիոնում էի, շատերն էին ամբիոնում, ուզում էի ներկաներից մեկին, ով պետական այր էր ու է նաև հիմա՝ իր էությամբ, թե արդյոք նա հեռանկար, ապագա, ինչ-որ մի բան տեսնում է այս ամենի մեջ։ Հետո, իհարկե, քաջություն չունեցա ինձ հավաքեմ ու հարցնեմ։ Երբեմն, չնայած հիմանականում գիտեմ ինչ է դիմացինն ինձ պատասխանելու՝ շնորհիվ արաբական լեզվաբանական ավանդույթի, բայց այս դեպքում անկանխատեսելի էր լինելու պատասխանը, հաստատ անկանխատեսելի էր լինելու ու դրանով իսկ հետաքրքիր ու արժեքավոր։ Լավ, էլի շեղվեցի, բայց այն ուղղությամբ, որով ուզում էի։
Արտասովոր է այս ամենը, արտասովորը նոր բառ է, որն իմ թեզաուրուսում հիմա սկսել է փոխարինել սովորականին։ Ուրախ եմ միգուցե, որ փոխարինել է, հուսամ, որ դեռ երկար կփոխարինի։ Հետաքրքիր վիճակ է սա, արտասովոր ...
Ընտրություններ են պարոնայք, ընտրություններ ... Արտակարգ վիճակ, անգամ արտակարգ իրավիճակ է դա մեր երկրի համար։
Հետո ծագող արևի երկրից լուրեր եկան, ուրախացա, այնտեղ դուրս էին մեր իրականությունից, ոգևորված, եռանդուն, ծրագրերով ու նախագծերով։ Հետո լուրեր եկան հարևան մեր բարեկամ Չիկովանիից, որը ծագող արևի երկում նույնպես ինչ-որ արևելագիտական փնտրտուքում է։ Իսկ մենք սիրում ենք փնովել մեր հարևաններին, չնայած հարևանի հարսը նույնպես միշտ սիրուն է։ Էլի շեղվեցի։
Համբերություն եմ մաղթում ինձ ու ձեզ ու մեզ բոլորին՝ Օրինաց երկրի ու ապահովագրական բիզնեսի հետ ու աշխատեք քիչ Վրաստան գնալ՝ նյարդերը դեռ երկար պետք կգան մեզ մեր երկրում։
Շաբաթ իրիկուն, Մարատ
No comments:
Post a Comment