Monday, September 27, 2010

Բայց արժե ո՞ր ...

Кризисное мироощущение переломной эпохи ... ինչ-որ ծանոթ է թվում, չէ՞։ Հասարակական հոգեբանությունը, տրամադրությունները ինչ-որ տարօրինակ ծայրահեղական են, արտաքինից հանդուրժող, հանդուրժողականության քողի տակ, անընդհատ ինչ-որ այլընտրանքի սպասող, հրաշքներին կամ հրաշքով կատարվող վերափոխումների հավատացող, հավատացող դեպի լավը պատահական փոխակերպումների հնարավորությանը՝ հիմնականում Ընտանեկան ու էլի բազմաթիվ այլ լոտոների, ամերիկաներում ու եվրոպաներում ու ռուսաստաններում ապրող բարեկամների ու խոպանի տեսքով, թեև «լավի» մասին պատկերացումները կամ արժեքները, ցանկությունները, վախերը, սպասումները, ակնկալիքները, հույսերը հիմնականում առօրեական, կենցաղային են։ Կարծում եք առաջ ու բարգավաճ ու օրինաց հայաստանների ու լևոնիվկայությունը որտեղից։

Տրամաբանությունը իրականության հետ քիչ կապ ունի, պատկերացրեք մաթեմատիկոսների ու մաթեմատիկայի սիրահարների հրճվանքը, երբ նրանք այդ իրականության մեջ մաթեմատիկական կամ թվերի ու հավասարումների ու օրինաչափությունների վրա կառուցված ինչ-որ մոդել են ստեղծում, որը իհարկե, որոշ ժամանակ անց իրեն սկսում է այլ կերպ պահել ու նորից նույն հրճվանքը մեկ այլ մոդելի տեսքով՝ թարմացված, «պոլիշ արած», թոզերը վերցրած կամ երբեմն էլ արմատականորեն վերանայված։ Մի պահ թվում է, թե կարող ես իրականությունը հասկանալ, ընկալել, հետևանքում այդ իրականության հետ վարվել ինչպես ուզես, եթե, իհարկե, ճիշտ ես ընկալել այն ու խելքին մոտ մոդել ես կառուցել։ Անդադար է սա, երբեմն տեղում քայլով։ Փակ ու պարզ համակարգերում կարելի է դեռ ինչ-որ բան անել ու մի կերպ յոլա գնալ, իսկ ահա բաց ու բարդ համակարգերում ... ի՞նչ անել այդ դեպքերում։
Իհարկե, կարելի է չընկալել համակարգի էությունը ու վարվել այնպես, ինչպես խելքդ փչի։ Երևի հենց դրանով էլ զբաղված ենք մենք այսօր, շատերս կամ շատերը։ Ասենք մի 60 մլն դրամով կարելի է հետիոտների համար անցում կառուցել՝ վերգետնյա, որը ծածկված չէ, բայց եթե ուզում ես ծածկել, ապա դա պիտի որ մոտ 100-120 մլն արժենա ... իսկ «եղևանցիները մի եղկու ամիս սպասել են, մի եղկու ամիս էլ կաղան սպասեն» ։)
Կռահեցիք, երեկ Հ2 եմ նայել, պատահականորեն Vesti24-ից փոխեցի, «պուլտերը» խառնել էի ։))) Իսկ նախորդում Մեդվեդևը ռազմական ինչ-որ մի գիտահետազոտական արտադրական ձեռնարկությունում ու կից գործարանում ինչ-որ լազերային նավիգացիոն համակարգ էր նայում ինքնաթիռների համար։ Հետո, ինչպես միշտ, նորարարությունից ու մոդեռնիզացիայից խոսում, հետո տնտեսությունում գիտելիքի ու նորարարության կարևորության մասին, հետո է բոլորին «տեղը դրեց», թե փող կա, փող չուզեք, դուք ինչ-որ նոր բան, գիտելիք, արտադրանք առաջարկեք։ Տ.Սարգսյանն այս պահին ներքուստ կուրախանա ...
Հետ երեկոյան DW-ով Իսրայելում ՏՏ ոլորտի մասին պատմող ռեպորտաժ էր։ Ոլորտը 200 հազ. աշխատակազմ ունի, ներուժի մասին չեմ խոսում, բացի նրանից, որ վենչուրային ու ոչ վենչուրային կապիտալը ճգնաժամային այս խառը «վախտերում» հեղեղում է երկիրը, ավելի շատ քան ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Նվազագույնն այդպես էին պնդում ռեպորտաժում, նորմալ մարդիկ էին, գլուխ չէին գովում, մեր Ազգային վիճակագրական ծառայությունը կամ հեռուստատեսային պալատական փորձագետները չէին, որ չհավատայի։ Բանակում զինվոր տղեքն ու աղջիկները կոմպի դիմաց որպես ծրագրավորող էին ծառայում՝ 3 տարի շարունակ, աշխատանքային սովորական ռեժիմով ու պետության հաշվին։
Հիմա կասեք էլի Իսրայել, Իսրայել, բայց մարդիկ 90-ականներին խորհրդային էմիգրանտներին ոչ դհոլ զուռնայով, բայց կլարնետ ու ակորդեոնով էին դիմավորում օդանավակայանում, իսկ ավելի վաղ, երևի 80-ականներին, փողով եթովպացի հրեաներ էին առնում ու բեռնատար ինքնաթիռներով միանգամից պատրաստի բնակարաններ տեղափոխում։ Շուկա էին սարքում, մարդկային ռեսուրսով ինքնաբավ շուկա, որը, ասենք, իր ծավալով թույլ կտա փոքրիկ մի արտադրություն ստեղծելիս հաշվարկել, որ սպառման ծավալը միայն երկրում թույլ կտա մի այնպիսի հասույթ ապահովել, որը կբավարարի գոնե մի ընտանիքի։ Հաշվել էին ու բաժանել ու բազմապատկել ու ինչ-որ քառ. կմ-ի համար ինչ-որ կոնկրետ թվի վրա կանգնել՝ 6-8 մլն հրեա։ Այդքան մարդ է պետք, որպեսզի երկիրը, պետությունը, որպես համակարգ, պարզապես աշխատի՝ ֆռռա, գլորվի, քայլի, ինքն իրեն պահի։ Տնտեսագիտական ավելի լավ տերմիններ ու հասկացություններ կլինեն, հաստատ, այս ամենը նկարագրելու համար։
Չեմ սիրում համեմատվել, հատկապես հրեաների հետ, կարճ անց համեմատությունը երկրայինից ինչ-որ անորոշ երկրայինի՝ վերածվում հրեական գենի տեսքով, առանց հաշվի առնելու, որ օդանավակայանում կլարնետ ու ակորդեոնով էին դիմավորում ասենք Թուրքմենստանից եկող ինքնաթիռը, որը եթե մասնագետ չէր բերում, ապա գոնե ուտող բերան ու էժան, շատ էժան եթովպացիների համեմատ որակյալ սև ու սպիտակ ու օձիքավոր ու ակնոցավոր աշխատուժ ու ի վերջո՝ արաբների հետ «քյալլա տվող» զինվոր էր բերում։
Մեր օդանավակայանում ես ինչ որ դհոլ-զուռնի պահ չեմ հիշում, անգամ Հայլուրով։ Միթե մենք սփյուռք չունենք ու ուտող բերանի ու զինվորի, էլ չեմ ասում խելքը գլխին ու արևմտահայերենով խոսողների կարիք չունենք, թե միայն Երևանը, իր ապերոյական անհանդուրժողականությամբ հերիք է, ավելի շուտ «բոլ ա, կամ՝ վիզ ա, կամ՝ լյավ ա»։ «Զեմլյաչեստվոյի» հետ կապված բարդույթներ չունեմ, լեռներում առանց հանդուրժողականության, ծով համբերության ու դիմացինի նկատմամբ հարգանքի յոլա չես գնա՝ ցուրտ է, բարդ, դժվար մենակ յոլա գնալը։
Ինչի մասին է այս ամենը ...
Եթե նույնիսկ հենց այսօր իմ աշխատավարձը եռապատկվի, անգամ քառապատկվի, էլ չեմ ասում հնգապատկվի, իսկ տասնհինգապատկվելու դեպքում միայն մոտ կլինի կրթական իմ աստիճանին համարժեք եվրոպական միջին աշխատավարձին, ապա ոչ մի երաշխիք չկա, որ աշխատանքի իմ արտադրողականությունը հենց վաղը նույնական կլինի եվրոպական միջինի հետ։ Միգուցե և կլինի, բայց միայն գորշ զանգվածի հաշվին, բայց ոչ իրերի տրամաբանական հաջորդականության հաշվին, մոտավորապես նման մեր ծանրորդների պատմությանը։ Ոսկե մեդալի դեպքում բոլորը հպարտ են, բայց որ ծանրորդը Լեննականում պարապմունքից հետո «մարզադպրոցում» քրտինքից ազատվելու տարրական հնարավորություն չունի, դա հպարտներին չի հուզում։ Դու ինչ-որ մի բանի հասի, մենք այդ պահին քո կողքին ենք, երկաթյա տրամաբանություն է, բոլորին պետք են կայացած մարդիկ, իսկ կայացման ուղին ոչ ոքի չի հետաքրքրում, ցավալի է, որ անգամ պետությանը։ Արդյունքում ունենք այն ինչ ունենք՝ ընտրիր կայացման որ ուղին ուզում ես ...
Իսկ կհարցնեք, արժե՞ տասնհինգապատկել իմ աշխատավարձը, եթե երաշխիք չկա, որ աշխատանքը բավարար արտադրողական է լինելու ... Փող այսօր չկա, վաղը կարող է լինել, եթե պարոնայք մի քիչ կշտանան, իսկ պիտի որ կշտանան, ուր են նրանք կորչելու։ Հետո պարոնայք մեծահոգաբար կորոշեն պետության գրպանից փող բաշխել ու Հայլուրով շատ լուրջ դեմքի նույնքան հիմար արտահայտությամբ հրաշքներ կպահանջեն, ավելի շուրջ գրված թղթից կարդան՝ ինչպես Մեդվեդևը։ Երկնքից երեք խնձոր կամ նորարարություն ու մոդեռնիզացիա, որպես կանոն, հեքիաթներում է ընկնում։ Չնայած եթե լավ կապեր ունես այնտեղ՝ Կարմիր ծովի հատակով էլ կարելի է քայլել։
Փող այսօր կա, վաղը չկա, մյուս օրը կրկին կա, հետո էլի չկա։ Ավելի կայուն արժեքներ կան, ասենք պիտակ՝ Հայաստանի երրորդ Հանրապետություն։ Իհարկե, այն այսօր չկա, վաղը պիտի որ լինի, եթե այսօր ես բավարար աշխատել եմ այդ ուղղությամբ ու վաղն էլ պիտի աշխատեմ ու մյուս օրն էլ ու էլի ու էլի ու էլի։ Չպիտի է Տաթևում ճոպանուղի կառուցեմ, որովհետև ճոպանուղին էժանով կպել է Շվեյցարիայում ու հեռուստատեսությամբ էլ 10 ԱՄՆ դոլար մուրամ հայրենասիրության վառ ու գունավառ զգացումը շահարկելով ու նսեմացնելով։ Չպիտի է հենց Չինաստանից ավտոբուսներ բերեմ, որովհետև դեսպանը գիտեք ով է, թեև չինական ավտոբուսները հարմար չեն Երևանում (Ամերիաբանկի փառապանծ փորձը ձեզ օրինակ), ուկրաինական ավտոբուսներն ավելի լավն են ու ավելի հարմար, գերմանականների մասին էլ չեմ ասում, իսկ Ուկրաինայում մեր դեսպանը ... օրինակները շատ են, շատ-շատ։
Կասեք ի՞նչ է էհ ուզում ... Բարդ համակարգերն ավելի բարդ են կառավարվում, քան պարզերը։ Կպցնել հնարավոր է, անգամ 19 ու ավելի տարիներ, բայց արժե ո՞ր ...

Շաբաթ, համալսարանում, Մարատ
--

2 comments:

  1. Sahakyan Gevorg04 March, 2011 18:02

    Ասենք մի 60 մլն դրամով կարելի է հետիոտների համար անցում կառուցել՝ վերգետնյա, որը ծածկված չէ, բայց եթե ուզում ես ծածկել, ապա դա պիտի որ մոտ 100-120 մլն արժենա ... իսկ «եղևանցիները մի եղկու ամիս սպասել են, մի եղկու ամիս էլ կաղան սպասեն» ։)

    ReplyDelete
  2. Samvl Karabekyan04 March, 2011 18:02

    "Երկնքից երեք խնձոր կամ նորարարություն ու մոդեռնիզացիա, որպես կանոն, հեքիաթներում է ընկնում։ Չնայած եթե լավ կապեր ունես այնտեղ՝ Կարմիր ծովի հատակով էլ կարելի է քայլել"։ Հենց այսպես էլ ապրում ենք՝ մոդեռնիզացիայի փոխարեն ֆոլկլորիզացիա և միֆոլոգիզացիա...

    ReplyDelete