Ամեն գրառումն իր ստեղծման նախապատմությունն ունի։ Դրանք երբեմն ես պատմում եմ, դրանք նաև տարբեր են՝ իրադարձությունների, զգացումների ու զգացմունքների, դեպքերի, որոշումների, հանդիպումների, ավտոբուսի պատուհանից նետած ակնթարթի, օրեր, շաբաթներ կամ տարիներ տևած իրականության, էլ չշարունակեմ, նման բազմաթիվ բաների տեսքով։ Երբեմն նախապատմություն կա, բայց երբ նստում եմ գրելու, այդ պահին այն ոչ մի կերպ չեմ կարողանում շարադրել։ Դա ինքս «սեփական մատներն ու ձեր միտքը տաքացնելու» փուլ եմ անվանում։ Սա, ինչպես կռահում եք, բացառություն չէ, ավելի շուտ հենց այս դեպքն է։ Մատներս դեռ տաք չեն, չնայած ահավոր շոգ է, տեսնենք ինչ դուրս կգա։
Վերջին մի քանի ամիսը արագ էր, չափազանց արագ ինձ համար, տեմպի ընկալումը չկար այդ ամիսների ընթացքում, բայց արագության զգացումը կար։ Կար նաև զգացումը, որ ոչ մի կերպ չեմ հասցնում այդ արագության հետևից, չնայած դա ընթացիկ զգացում էր, չնայած որոշ ժամանակ անց, ես, իհարկե, ինչպես միշտ, կվերաիմաստավորեմ այս ամենը կամ ավելի շուտ կմոռանամ այս ամենի մասին, եթե ինչ-որ հետևություններ անեմ, իհարկե, հիանալի կլինի, բայց հազիվ թե։
Չգիտեմ, թվում է, թե միայն իմ մոտ է այդպես՝ ոչ մի դաս, հետևություն անցյալից կամ քիչ դասեր ու գրեթե զրոյին մոտ հետևությունները անցյալից։ Իհարկե, անցյալը մի քիչ այն բառը չէ, ինչ կսազեր այստեղ, խոսքն անցած օրերի մասին է։
Ինչքան հիշում եմ ինձ, իսկ իմ հիշողությունը չափազանց կարճ է, միշտ կարևորել եմ անցածի հետ կապը։ Այն ինչ-որ յուրահատուկ ուժ է հաղորդել առաջ գնալու համար։ Առաջ գնալը նույնպես, ինչքան ինձ հիշում եմ, աշխատել եմ ծրագրել, պլանավորել, ամենա-ամենամանրուքից սկսած մինչև գլոբալ ծրագրեր։ Ստացվել կամ չեն ստացվել ինչպես մանրուքները, այնպես էլ գլոբալները։
Վերջին մի քանի տարիներին մարկետինգի ու տնտեսության մասին ինչ-որ շատ էի կարդում։ Դրանք հիմնականում հաջողված կամ լավ դասավորված իրադարձությունների, կարճ ասած, հաջողությունների պատմություններ էին։ Իրական պատմություններ՝ ընկերությունների, ապրանքների, ծառայությունների ու ամեն ինչի տեսքով մեր բոլորի կյանքից։ Ասես հնդկական կինո, երկու սերիանանոց սիրո մասին հնդակական ֆիլմ։ Սա բեկում, շեղում, խեղում էր իրականության ընկալման իմ մոտեցումը, ես հստակ գիտակցում էի ու եմ դա, բայց ինչ-որ բան դրա դեմ անել դեռ չեմ կարողանում, որովհետև գիտակցում եմ, բայց չեմ կարողանում ընկալել ու դասավորել ու կառույցի մեջ տեղադրել ու այդ կառույցի տարրերի կապերը տեսնել իրականության հետ փոխհարաբերակցության մեջ։ Արդյունքում ապրում ու համեմատվում ես միայն հաջողակ պատմություններով շրջապատված, շրջապատված պատմություններով, որոնք մեր, հայկական իրականությունից չէին։ Ինչ որ արհեստական մի իրականություն ես ստեղծում ու սկսում ապրել դրա մեջ, որն իրականում ոչ մի կապ չունի նրա հետ, ինչ իրականում կա նույն այդ ավտոբուսի նույն այդ պատուհանից դուրս նետած հայացքում արտացոլված իրականության մեջ։
Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն է իրեն շրջապատում այդպիսի ցանկապատներով, շահում է կամ չի շահում նա, ով իրեն շահած է զգում՝ ելնելով արժեքների ավելցուկի աստիճանից, որը տալիս է նրան ցանկապատված այդ իրականությունը՝ բավարարվածության զգացումի տեսքով։ Ամեն մեկն իր ցանկապատում փնտրում է այն, ինչ փնտրում է։
Ցանկապատները, չգիտեմ, թվում է, թե դու ինքդ ես ընտրում՝ սեփական ու կամ ուրիշի կամ ոչ այնքան ուրիշի ցանկությամբ, պատահականորեն, պարտադրված ես հայտնվում այնտեղ ու փորձում պոկվել, չես հասկանում ինչի համար կամ ինչու կամ հանուն ինչի։ Փնտրտուք, վազվզոց, փնտրտուք, վազվոց։
Կարծում եմ միշտ է այդպես եղել ու է ու լինելու է, կամ միգուցե ռեֆլեքսիայի խնդիր է, բայց իմ կարճ հիշողությունը վերջին տարիները հենց այդ որակում է հիշում։ Հիշում ու ընկալում է նաև, որ այդ վազքը իմ սեփական որոշումն է, որոշումը, որը ես ինքս եմ ընտրել, ու անընդհատ ընտրում եմ, ամեն վայրկյանի, թեև միշտ դեմ եմ եղել այդպիսի որոշումներին։ Ես ինքս ինձ չեմ ճանաչում, հասկանում եք, սեփական կամքով ընտրել այն, ինչ չես ուզում։
Իհարկե, պարտադրված լինելու կամ այլ արդարացումները տեղին չեն, դրանք իրական պատասխանից կամ իրական պատճառից խուսափելու պատրվակ են։ Զարմանալի է, անում ես այն ու ընտրում ես այն, ինչ չես ուզում, բայց չգիտես ինչու ձգտում ես դրան։
Խոսքը հիմա մարդկային կյանքի որակի մասին էր։
Որակի հետևից վազքը ծուղակ է, ծուղակ, որտեղ ոմանք որսի դերում է, ոմանք էլ՝ որսորդի։ Որսի դերում բարդ է, որսորդի դերում՝ չգիտեմ, հուսամ երբևիցե նման գրառում չեմ գրի ու ծուղակից դուրս կպրծնեմ, լավագույնը երևի ծուղակից դուրս պրծնելն է, հաստատ լավագույնը դա է։
Իհարկե, ես դեռ շատ եմ հեռու կյանքի մասին խոհափիլիսոփայական եզրահանգումներ անելու համար, չնայած հայկական իմաստությունն ասում է՝ «Իմաստությունը տարիների մեջ չէ, այլ գլխում»։ Իսկ գլխում նույն դատարկությունն է կամ դատարկություն հիշեցնող ինչ-որ միջավայր։
Ամեն դեպքում, ինչ-որ տարօրինակ է, տարօրինակ ու արտասովոր, ինչ-որ մեխանիկական ու ռոբոտային։ Վերջին երկու բնութագրերը կարծես թե չափից շատ են հաճախակի, ինչքան հիշում եմ։ Չնայած չափն էլ է հարաբերական, ու շատն ու քիչն էլ՝ նույնպես, ու համակարգի արտացոլման ունակության վրա հիմնված։
Գիտեք ի՞նչն է հետաքրքիր մարդկային շփման մեջ՝ հենց իրենք մարդիկ ու մարդկային ցանկապատները։
Մի քանի օր առաջ Ա.Մեսչյանի հարցազրույցն էի «Շանթով» նայում, անպայման ուզում էի նայել։ Հետաքրքիր էր, ինձ նա այնքան ծանոթ թվաց, ծանոթ իր երգերից ու ծանոթ՝ իմ ծանոթ մարդկանցից։ Հետաքրքիր մարդիկ են ճարտարապետները, ինձ մի պահ թվաց, թե նա մարդ է, որը գիտի ինչ է ուզում իր երգերով։ Չնայած, հազիվ թե։
Ի՞նչ է ուզում մեզանից յուրաքանչյուրը, ինչո՞ւ է ուզում ու ինչո՞ւ է հենց դա ուզում, պետք է իրեն այն, ինչ ուզում է, ի՞նչ է անելու դրա հետ, հետո ի՞նչ, էլի ինչ-որ հերթական ինչը։ Կա՞ ինչ-որ իմաստ այս շղթայի մեջ։
Ասում էի չէ, որ շատ արագ էին վերջին ամիսները ...
Կիրակի իրիկուն, Մարատ
Հ.Գ. Կարծես թե բան էլ դուրս չեկավ, շոգ էր, շոգ ։)
--
No comments:
Post a Comment