Մի երկու շաբաթ առաջ Բաքվում որոշել էին հավերժանալ պատմության մեջ՝ օդ բարձրացնելով բոլոր ժողովուրդների և բոլոր ժամանակների ամենամեծ դրոշը։ Ադրբեջանցիները, իհարկե, կհավերժանան պատմության մեջ, բայց որպես շատ կարճ ու շատ անբովանդակային, տեղ-տեղ էլ գարշելի անցյալով մի ժողովուրդ, իսկ մեծ դրոշների ու դրանց ծածանումների մեծ նախագծերը կհամալրեն Արցախն «ազատագրելու» և անիրականանելի այլ բաղձանքների շարքը, որովհետև դրոշն ի հեճուկս Ալիևի և համայն ազերի ազգի որոշեց պատառոտվել։
Հասկանալի է, այս իրադարձույթունը չվրիպեց «Հայլուրի» և մյուս լրատվականների «օբյեկտիվ» թղթակիցների սուր աչքից։ Բոլոր լրահոսներն անասնական հրճվանքով անընդհատ հեռարձակում էին ադրբեջանական դրոշի «հոգևարքն» ու գունազարդում այն Իլհամ Ալիևի հուսախաբված դեմքով։ Դե իսկ մեկնաբանություններն ուղղակի մոխրացնող էին՝ լի մեծամտությամբ և հեգնանքով, ասես մեր երկրում վաղուց հատել են այն եզրագծերը, որոնց մասին Ադրբեջանը միայն վերջերս է սկսել երազել...
Մի երկու օր առաջ գնացել էի Եղվարդի կողմերը։ Ճանապարհն անցնում էր բնակավայրի հենց կենտրոնով, որը, ի դեպ, բավական բարեկարգ էր և գեղեցիկ։ Գեղեցիկ ու բարեկարգ էր նաև Եղվարդի քաղաքապետարանը, որն առանձնանում էր մնացյալ շինությունների ֆոնին։ Բայց քաղաքապետարանի ամենաբարձր կետին տնկած քրջոտ փալասի մնացորդներն իրենց «շուքով» մթագնեցին ամեն ինչի փայլը։
Շենքի վերին հատվածում ծածանվում էր, ավելի ճիշտ քամու կողմից այս ու այն կողմ էր նետվում կեղտագույն մի ցնցոտի, որը ժամանակին եղել է եռագույն դրոշի մեկ երրորդը։ Անկեղծ եմ ասում, մի պահ չէի հավատում աչքերիս. նորակառույց ու գեղեցիկ շինությունը, որը քաղաքի կենտրոնական և ամենագլխավոր կառույցն է, զարդարված էր ոչ թե շքեղ եռագույնով, այլ դրա մնացուկով (պատկերացնում եք, դրոշից մնացել էր միայն մի մասը), որի երեք գույներն էլ քամու, արևի, անձրևի, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների անտարբերության «օգնությամբ» միախառնվել էին մեկում՝ կեղտագույնում։
Բացահայտմանը հաջորդած օրերին անընդհատ ուշադրություն էի դարձնում այս կամ այն տեղերում ծածանվող եռագույններին, որպեսզի պարզեի, արդյոք Եղվարդի «ջնջոց-եռագույնը» բացառությո՞ւն էր, թե՝ օրինաչափություն։ Պարզվեց, որ օրինաչափություն... Ընդ որում «մոնիթորինգիս» աշխարհագրությունը սահմանափակվում էր միայն Երևանով, իսկ թե ինչերի ականատեսը կլինեի հեռավոր փոքր քաղաքաներում կամ էլ գյուղերում, ուղղակի վախենում եմ պատկերացնել։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում ընդամենը մի քանի շաբաթ առաջ շուքով նշեցին Դրոշի օրը, իսկ «Միասինի» նոմենկլատուրան այդ առիթով անգամ շքերթ արեց։ Իսկ իրականությունն այն է, որ թե Դրոշի տոնը, թե դրան նվիրված նոմենկլատուրա-պառադները, թե հայրենասիրական դատարկ ու վերամբարձ ճառերը որևէ կերպ չեն արտացոլվում իրականության մեջ, ինչի վկայությունն է Եղվարդի քաղաքապետարանի գագաթին փտող «եռագույն» փալասը։
Ցավալի իրականություն է նաև այն, որ հայրենական լրատվության սրատես «բազեների» աչքերն այստեղից Սև ծով տեսնում են, իսկ նրանց քթերի՝ ավելի ճիշտ կտուցների տակ կուտակվող աղբակույտերը մնում են չնկատված։ Ընդ որում խոսքը միայն դրոշների կամ էլ նմանատիպ մանրունքների մասին չէ։
Հերիք է, որ ադրբեջանում ոտնահարվեն որևէ կատվի իրավունքները, մեր «բազեները» միանգամից հագնում են օբյեկտիվության լինզաներն ու սկսում անիծել ադրբեջանական սուլթան Իլհամ Ալիևին ու նրա հակամարդկային ռեժիմին, խոսում դեմոկրատիայի ու դրա կարևորության մասին։ Մի խոսքով քիթը խոթում են ուրիշի կեղտոտ սպիտակեղենի մեջ, իսկ դա, նշեմ, կարելի է անել միայն այն ժամանակ, երբ լուծել ես քո սպիտակեղենի մաքրության հարցերը։ Թե ինչքանով է մաքուր մեր իշխանական վերնախավի ձեռքերն ու խիղճը, թողնում եմ ձեր դատողությանը...
Բացի այդ մեր պաշտոնական այրերն ու նրանց սպասավոր լրագրողները շատ են սիրում ամեն առիթով հիշատակել ադրբեջանական նավթադոլարների, ադրբեջանական տնտեսության թշվառության ու անհեռանկարության, դրա երկնիշ աճի արհեստական բնույթի մասին։ Դե իսկ երբ հերթը հասնում է հայկական իրականությանը, նրանք սկսում են խոսել ինչ-որ գերշահավետ ներդրումների, գիտատար տնտեսությունների, օլիգոպոլիաների դեմ վարչապետի հերոսական պայքարի, հարկային դաշտի առողջացման և արտասահմանյան վարկերի իմաստուն վերաբաշխման մասին, որոնք ավելի շուտ բարի ցանկություններ են, այլ ոչ թե իրականություն։
Իսկ ադրբեջանական կազմալուծված, բարոյալքված, կիսագողական կանոններով ապրող բանակի մասին խոսալն ուղղակի ավելորդ է։ Այնտեղ սպաները տանջամահ են անում զինվորներին, այնտեղ տիրում են կամայականությունն ու բռնությունը, այնտեղ խեղճ պատանիներին հասցնում են ինքնասպանության կամ դարձնում հոգեպես խեղանդամ... Այո, իրոք որ ադրբեջանական բանկան այդպիսին է, բայց աշխարհում կա նաև մեկ այլ բանակ, որ գրեթե ոչնչով չի զիջում ադրբեջանականին և դա հայկականն է... Իսկ եթե լսենք մեր հեռուստաընկերություններին ու պաշտոնական այրերին, ապա հայկական բանակը հայրենասիրության և կարգապահության իդեայի մանիֆեստացիան է հայկական բարձրավանդակում։
Մի խոսքով, հայ լրատվականների ու քննադատների եթերը դառնում է մտրակ միայն այն ժամանակ, երբ խոսքը գնում է ուրիշների մասին, մինչդեռ հայկական իրականությունը, որին բաժին հասած արատներն ու ախտերը պետք է դառնային քննադատության համար առաջին առարկա, այդպես էլ պատկերվում է խաբեության ու կեղտոտ ստի գույներով։ Կարելի է անընդհատ ապուշացնել սեփական ազգին, կարելի է մի որոշ ժամանակ հետաձգել հասունացող խնդիրների լուծումը, կարելի է մարդկանց խաբել ու թմրացնել ադրբեջանական ձախողումներով ու սեփական կեղծ հաջողություններով, բայց անհնար է անընդհատ փախչել իրականությունից, որի անողորմ ձեռքը մոտ ապագայում թակելու է Հայաստանի դուռը...
Հայկ, ուրբաթ իրիկուն
P.S. Պոպ երաժշտության արքան ասում էր՝ "I am starting with the man in the mirror", միգուցե ՈՄԱՆՑ օգտակար կլիներ հետևել նրա օրիակին...
--
"...կարելի է մի որոշ ժամանակ հետաձգել հասունացող խնդիրների լուծումը, կարելի է մարդկանց խաբել ու թմրացնել ադրբեջանական ձախողումներով ու սեփական կեղծ հաջողություններով, բայց անհնար է անընդհատ փախչել իրականությունից, որի անողորմ ձեռքը մոտ ապագայում թակելու է Հայաստանի դուռը..." Արդեն թակում է։
ReplyDelete