Мертвые с косами и тишина… իհարկե, առաջին հատվածը չկա, քանի որ լույս է, իրիկուն չէ, օրն էլ հինգշաբթի է, բայց «тишина»-ի մասը կարծես թե լրիվ բռնում է։ Լուռ է, իհարկե, ոչ շրջապատում, այն աղմկոտ է, չնայած ավելի քիչ, քան նախորդ դեպքերում էր, այս անգամ լուռ է գլխում։ Չնայած հայերենում զգում են թոք ու ջիգյարով, պլոճիկներով, սրտով, հոգին ուտելով, իմ մոտ առայժմ լուռ, անզգացումային է գլխում։ Չնայած եթե գլուխը միշտ սովոր է եռռալուն ու տժժալուն ու գորշ նյութի մինչև վերջին բջիջը բռնարվելուն, ապա «հուման» միջավայրը սկսվում է այլ կերպ ընկալվել, գնահատելն ու հասկանալը ավելի ուշ է գալու։
Առաջին արդյունքները, կամ արտասովոր արդյունքները սկսում ես քիչ-քիչ տեսնել։ Դրանք տարօրինակ են, միգուցե տարիքի հետ են կապված։ Չնայած իմաստությունը գլխում է, ոչ տարիքի մեջ, բայց տարիների հետ փոխվում է իրադարձությունների, իրականության, շրջապատի, ամեն ինչի ընկալումը։ Եթե բախտդ բերում է ու շրջապատում շատ են մարդիկ, որոնք ավելի իմաստուն են, իմաստուն բոլոր առումներով՝ «աշխարհի նաիվ ու գիտական ընկալմամբ», ապա սովորելու շատ բան կա, շրջապատը, ամեն ինչից զատ, հետաքրքիր է։ Իսկ այդպիսի մարդիկ, փառք Աստուծո կամ Ալլահին, շատ կան։
Բլոգի «Զ՞ինչ ցուցանեմք»-ը հետաքրքիր է, այն զինչերի ընթացք է, պահերի կամ փուլերի հաջորդականություն, փուլեր հաջորդականություն, որը ծիծաղելի է հիմա, երբեմն անհասկանալի, եթե հենց այս պահին ես նայում։ Տարօրինակ է այդ ամենը։
Հիմա գնացի, հետ գամ կշարունակեմ ։) Հետ եկա, բայց հազիվ թե նույն տեմբրում շարունակեմ ։)
Հիմա մտածում եմ, ինչի մասին էի գրոտում առավոտյան, չեմ հիշում էլ, երևի ծայրահեղականության, երևի թե ծայրահեղականության, ավելի շուտ ծայրահեղականության։ Բառի մեջ դուք առաջին արմատին ավելի ուշադիր նայեք։ Այդպիսիք հակառակ են, հակադիր, տարբեր կողմերում, նույն, տարբեր, լավ, վատ, մի խոսքով, իրարից շատ չեն տարբերվում, նույն բանն են՝ այլ փաթեթներում։ Կամ շատ լավը, կամ շատ վատը։ Երկուսից էլ օգւոտ չկա, մի դեպքում դատարկություն է, մյուս դեպքում էլի դատարկություն։ Արմենակը միշտ չաղ ու բախտավոր է մաղթում, բայց արժե ո՞ր, գլուխ չեմ հանում։
Հետո միջին, ոսկե միջինի, երբեմն երրորդ ուժի մասին են խոսում։ Հայաստանյան, ոչ հայկական, մեր իրականությամբ մենք հազիվ թե ինչ-որ միջինի կամ միջինացվածի մասին պատկերացում ունենք։ Պատկերացումն ինչ է, անգամ պատկերացումներն են մեր մոտ միջինից շեղված, դրանք հեռու են տարբեր ուղղություններով՝ դեպի վատը կամ դեպի վատը։ Դեպի լավը չի լինում շեղումը, ցավոք։
Սկսում ես, ինչ որ մի նոր բան սկսում կամ նախաձեռնում կամ նախաձեռնությանը նոր շունչ ու թափ փորձում հաղորդել։ Սկսելը հետաքրքիր է, այն նոր է, սկիզբ է, բաց, նյութ, որի պիտի առարկա սարքել։ Ստեղծագործն այստեղ ամենակարևորն է, ինչ պետք է՝ միտք ու թռիչք, միտք ու թռիչք։ Ոչ շատ հեռու թռիչք՝ եթե իհարկե կողմնացույց չունես ու աստղերով էլ չես կարողանում կողմնորոշվել ու չգիտես ուր ես թռչում։
Իսկ շատերը չգիտեն ուր են թռչում, եթե անգամ իսկ թռչում են, պտույտներով։
Պտույտներով քայլել սիրում եմ, պտույտներն իմ մոտ ութաձև են, անկանոն, արագ, շատ արագ։ Այն մտքի պտույտ է, պտույտ, որը տաշում է՝ կոշիկները, գետինը, կոշիկները, գետինը՝ երբեմն էլ իմ ու մյուսների նյարդերը։ Բայց այն նաև գետինն է տրորում, հարթում, տրորում, հարթում, մինչև նույն գետինը, կոշիկները նույնպես, ինչ-որ ձև են ստանում։
Պտույտն ու քո ու ուրիշների նյարդերը միջավայր են ստեղծում, ձև ստացած կոշիկներն ու գետինը՝ ենթակառուցվածք։
Միջավայրն ու ենթակառուցվածքը հզոր ուժ են։
Նայեք շրջապատում, արդյոք դուք միջավայրում եք ու ենթակառուցվածքներին մուտքի հնարավորություն ունեք։ Միգուցե ունեք, բայց չեք օգտվում։
Բաց (ոչ ազատ) լինելու հնարավորությունը գիտեք ինչ է տալիս՝ իրեն, իր նմաններին ու ուրիշներին տեսնելու հնարավորություն։ Հնարավորություն, որի իմաստավորման առաջին փորձը համեմատությունն է, պարզունակ համեմատությունը։ Այն տաքսոնոմիա է, ամեն ինչ իր տեղում դնելու փորձ՝ դարակում սիրուն ու մաքուր դասավորված սրբիչների պես։ Սա պարզ է, շատ պարզ է, առաջին փորձն է, որի շրջանակներից դուրս չգալու դեպքում չես կարողանում օգտվել այլ հնարավորություններից, որը տալիս է բաց լինելը։ Ասենք՝ իր, իր նմանների ու ուրիշների միջև կապեր ստեղծելու հնարավորությունը։
Բաց լինելն առաջին առավելությունն է, որը տալիս է ժամանակը, ժամանակը, որը հենց հիմա այս պահին այսօր ու վաղը շրջապատում է մեզ։ Վաղը, մյուս օրն առավելությունները շատ ավելի են լինելու, քան այս պահին են։ Առավելությունն օգտագործել է պետք, ու կարելի է օգտագործել, արժե օգտագործել, ինչու ոչ։ Կհարցնեք ինչ հենքի վրա, սեպով ու թաց կավե սալիկներով հազիվ թե բլոգ գրեի ես։ Իսկ մարդիկ շատ չեն փոխվել, առաջնային բնազդներում, հավատացեք։
Ինչ է մնում այս ամենում՝ ժամանակի հետ մրցակցությունը, ժամանակի հետ քայլելու ցանկությունը, ժամանակից առաջ ընկնելու մղումը, ժամանակին հաղթելու մեծ, շատ մեծ ցանկությունը։ Խոսքը սոցիալական ժամանակի մասին է, ոչ ֆիզիկական։
Մտածում եմ, շտապում ենք մենք, շտապում եմ ես, չնայած ոչ վերջերս, հիմա էլ չեմ շտապում, շտապելու տեղ կա, բայց ցանկություն չկա, պետք չէ ինձ տեղը, ուր պետք է շտապել։ Եվս մեկ տող, ևս մեկը, հետո էլի մեկը, հետո էլ, հետո էլի մեկը, իսկ հետո՞ ... մի՞թե էլի մեկը։
Մեսչյանը կանգառի մասին էր երգում, երևի կանգառի պահն է եկել։
Հինգշաբթի առավոտ ու կեսօր, Մարատ
--
Վերնագիրը կարդացի ու հիշեցի... Մի անգամ, երբ Ղուկասյանում էինք, մեկն ասեց` "սոլուխմ քաշենք", մեր Արմինեն էլ թե` "չէ, ես չեմ ծխում"... :))) (Կներես ոչ քոմենթս հոդվածի մասին չէր...)
ReplyDelete