Saturday, January 22, 2011

Գնա՞լ, թե չգնալ...

Այս շարադրանքս ընթացքում մի քանի անգամ ընդհատվեց։ Ի սկզբանե այն նախատեսվում էր որպես արձագանք Մարատի այս դիտարկմանը. «Վերջին շրջանում, թերևս միշտ, գրառումների հիմնական թեմաներից մեկը պետության ու հայրենիքի ու երկրի ու ազգի ու ճանապարհի ու ժողովրդի ու հասարակության մասին է եղել ու դեռ երկար կմնա, կարծում եմ...»։ Երբ անցա գրելուն, բլոգում հայտնվեց Հայկի հերթական գրառումը՝ իր դառը արձանագրումով ...


... Երբ անցա գրելուն, բլոգում հայտնվեց Հայկի հերթական գրառումը՝ իր դառը արձանագրումով ...«Իսկ մեր երկրում չեն հասկանում և դժվար էլ հասկանան, որ Հայաստանում տեղի են ունենում հակաբնական գործընթացներ, որ խախտվում է բնական և հասարակա-քաղաքական իրականության հիմնարար սկզբունքը՝ Հակադրությունների միասնության և պայքարի դիալեկտիկական օրենքը)»։

Մինչ այդ մեր «միկրոբլոգոսֆերային» վերջերս միացած Մարիան էր խոստովանել . «Երբեք չեմ մտածել, որ այսքան կարոտելու եմ Երևանը, Հայաստանը: Դեռ չգնացած` նեղվում եմ արդեն»: Հետո զուգահեռ պատուհանում իր կյանքով ապրող Դիմագրքում մի հղում հայտնվեց, որին հետևելով կարդացի Վ.Ջալոյանի, ըստ իս, փայլուն էսսե-վերլուծությունը։ Ու ստացվեց այնպես, որ շարադրանքս կառուցվեց, ակադեմիական բառապաշարով ասած, «օգտագործած գրականության տեսության» վրա։

Ըստ էության, դա գալիս է հաստատելու Մարատի այն դիտարկումը, թե սերունդների միջև տարբերությունը (ի նկատի ունի համահեղինակների տարիքային զգալի տարբերությունը, որի հիմնական «մեղավորը» տողերիս հեղինակն է) նույն գաղափարի տարբեր ասպեկտների շեշտադրում է առաջացնում. «միևնույնն ամեն անգամ նոր լույսի տակ է հայտնվում, ամեն անգամ նույնն է ու ամեն անգամ՝ նոր»։

Ա. «Մնա՛, Պեպո, գե՛դինը լզե, խալխի վուտներուն պա՛չ արա, նրանց վուտի ցի՛խը լկե...»

Չգիտեմ, թե որքանով ինձ կհաջողվի նոր ճառագայթ ուղղել այս հարցի վրա, բայց պատրաստվում եմ խնդրին դառնալ մեկ այլ տեսանկյունից, կամ պատճառ որոնելու տեսանկյունից՝ այն բանի պատճառը, որ տասնամյակների ընթացքում (չեմ հանդգնում գնալ դեպի պատմության ավելի խորքերը), հայաստանյան սոցիալ-կենցաղային խոսույթում շարունակ ամրագրվել են «ճիշտը երթալն է», «երկիրը երկիր չի» և այլ հատնի բանաձևեր, որոնք երբեմն (ամենազարհուրելին, թերևս, սա է) ստանում են գրեթե արարողակարգային բնույթ՝ սոցիալ-կենցաղային վարքականոնի պարտադիր մաս դառնալով. գնալու թեկուզ և տեսական հնարավորություն չվերապահելը առնվազն տարօրինակ վարքագծի պես մի բան է դառնում՝ քեզ անմիջապես սոցիալական բնականոն միջինից դուրս թողնելով։

Խոսույթների ընդամենը երկու տեսակներում է, ըստ էության, հնարավոր դիտարկել այդ բանաձևի տարբեր աստիճանների չեզոքացում՝ գրական-բանաստեղծականում (որտեղ այն չեզոքանում է «ախր, ես ինչպես թողնեմ գնամ» կարգի գերակայող բանաձևերի ազդեցության տակ (նկատենք, որ այստեղ էլ, ըստ էության, «գնալը» հաստատվում է իբրև բնականոն կոնցեպտ, որը ժխտելու համար հակափաստարկ-արդարացումներ են որոնվում), այդ բանաձևերի առաջ գալն էլ, խոշոր հաշվով, պայմանավորված է լինում գեղարվեստական վերացարկման գործոնով) և կենացա-խնջույքայինում (որտեղ չեզոքացումն ապահովվում է «ես մեր հայերի (Հայաստանի, հող ու ջրի ևն) ցավը տանեմ» կարգի գերակայող բանաձևերի ազդեցությամբ. դրանց առաջ գալն էլ զգալիորեն պայմանավորված է լինում ոգելից խմիչքի օգտագործման գործոնով, այն է՝ նույնպես վերացարկման, վիրտուալացման էական աստիճանով)։ Սոցիալ-կենցաղային դիսկուրսով թելադրված, այսինքն՝ ռեալ իրավիճակներում անմիջապես վերականգնվում են մուտքային պարամետրերը։

Ստեղծվում է պարադոքսալ մի իրավիճակ, երբ հայրենիքը հանրորեն գերազանցապես ընկալվում է իբրև զգայական, վիրտուալ մի ֆենոմեն, ինչը բնավ չի ենթադրում վերջինիս որևէ արտագծում իրական հարթության վրա, որևէ իրացում ֆիզիկական չափումներով, որոնք տվյալ դեպքում պիտի նշանակեին երկիր, պետություն, հասարակություն, սոցիալական կյանք և այլն։ Հետևաբար, այն էլ, ինչ կա, կարծես ժամանակավոր, հարկադրված բնույթ է կրում, և իրականում այդ ամենի իմիտացիա է դառնում, խաղ լինի, կարծես. պետական ինստիտուտներ, դատարաններ, խորհրդարան, համալսարաններ, կառավարություն՝ ինչ-որ բաներ, որոնք կարծես կան՝ ահա նրանք, բայց միևնույն ժամանակ, կարծես իսկական չլինեն, որովհետև իրականում դրան չես հավատում...

Այսպիսի ներքին նախադրվածքը առնվազն մի քանի հետևանքներ է առաջացնում.
(ա) առավելագույնս հեշտացնում է Հայաստանից հեռանալու գործողությունը (քանի որ պատկանելությունը հայրենիքին ընդամենը վիրտուալ զգայա-հոգեբանական իրողություն է, իսկ սոցիալական խոսույթը քաջարելում և խրախուսում է դա),
(բ) վերածում է Հայաստանը հայկական գաղթօջախներից մեկի՝ թող և կազմակերպական ավելի բարձր կարգավիճակ ունեցող, որտեղ համայնքի անդամները ապրում են վիրտուալ ազգայինի և ռեալ օտարի հակադրության մեջ։ Այդ պարագայում անխուսափելի է դառնում հետևյալ հետևությունը՝ եթե ապրում ես մի երկրում, որը քեզ համար ընդամենը զգայա-հոգեբանական և պատմամշակութային ֆենոմեն է, բայց պակաս բարեկեցիկ ու ապահով, քան որևէ այլ պետության մեջ, որտեղ կարող ես ապրել ավելի բարեկեցիկ և ապահով, քո մեջ շարունակելով կրել այդ ֆենոմենը (որի ֆիզիկական դրսևորման ստանդարտ նվազագույն հավաքածուն՝ Մասիս սարի, հայոց այբուբենի և Էջմիածնի պատկերները տեղադրվում է քո հարմարավետ կացարանում) ինչո՞ւ չփոխել ֆիզիկապես գտնվելու վայրը։

Հիշեցի, թե ինչպես էի անցած ամռանը CD-ներ գնում Երևանում՝ Կանադայում բնակվող եգիպտահայ ընկերոջս համար։ Վաճառողը պրոֆեսիոնալ էր՝ հարցուփորձ արեց ինձ, թե ո՞վ է ապագա սպառողը, ո՞րտեղից է եկել-հաստատվել Կանադայում, եղե՞լ է արդյոք Հայաստանում ևայլն։ Լսելով պատասխաններս՝ միանշանակ առաջարկեց. (ա) քեֆի-խորովածի երաժշտություն, (բ) հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքի ձայնագրություններ. մի պահ ապշեցի՝ իսկ մի՞թե Հայաստանը սրանո՞վ է ամփոփվում։

Եվ ասացեք, խնդրեմ, հիմա՝ կա՞ արդյոք տարբերություն, թե երկրագնդի ո՛ր կոնկրետ կետում եք դուք դա սպառում, և եթե չկա՝ ապա կա՞ տարբերություն, Կանադայում, Ավստրալիայում թե Հայաստանում եք դուք առավոտյան գնում աշխատանքի և երեկոյան վերադառնում տուն, գնում հանգստանալու, սոցիալական տարբեր հարաբերություններ հաստատում։

Պատասխանն այս դեպքում հայտնի է, ավաղ։ Իհարկե, կա։

Կա, որովհետև, ինչպես ընդունված է ձևակերպել այդ նույն սոցիալ-կենցաղային խոսույթի շրջանակներում, դու քեզ «մարդ ես զգում», այսինքն այս կամ այն չափով զգում ես ներդրածդ ջանքերի և ստացած արդյունքի համարժեքությունը (ոչ միայն նյութական բավարարվածության տեսանկյունից), կա, որովհետև քո մարդկային արժանապատվությունը հիմնականում պաշտպանված է ամենապարզագույն մեխանիզմով՝ օրենքով, կա, որովհետև չնայած ժամանակակից աշխարհին բնորոշ բոլոր բարդությունների և լարումների ապագադ կանխատեսելիության սահմաններում է։ Եվ մի շարք այլ բավականին հայտնի պատճառներով։

Եվ ստացվում է, որ հայոց հիմնահարցի՝ գնա՞լ, թե չգնալու լուծումը ընդամենը մեկ շատ պարզ եղանակ ունի՝ վերադրել վիրտուալն ու ռեալը, այսօր, անհատապես, անհատական մակարդակում, յուրաքանչյուրս մեզ համար, մեր տեղում ձևավորենք այն, ինչ պիտի «վայելենք» այնտեղ գնալուց հետո՝ գծենք մեզ համար հարմարվելու այն սահմանները, որոնցից այն կողմ այն վերածվում է ինքնահանձնման, չլռենք, եթե կարող ենք ասել, անգործության չմատնվենք, եթե կարող ենք անել, ամեն մեկս մեր գլխի ճարը չտեսնենք, եթե կարող ենք մի բան միասին անել, ուժերի ներածի չափով, մենք ինքներս, ուրիշներին քննադատելով երկակի ստանդարներով չգործենք՝ պաշտպանելով արդարությունը, երբ «մերոնց» են նեղացնում, և առնվազն լուռ համաձայնվելով, երբ անարդար են վարվում մեր հակառակորդի, ընդդիմախոսի, մրցակցի հետ (իր գրառման զգալի մասը Հայկը «նվիրել էր» Տիգրան Կարապետյանին։ Բոլոր բովանդակային բնութագրերը միանշանակ ճիշտ են, բայց ինձ համար այստեղ կարևորը այն ձևն է, թե ինչպես է դա արվում և ով է անում։ Թող լինի և նա իր անճաշակ ԱԼՄ-ով, և մյուսները, որոնք պակաս անճաշակ ու գավառական չեն և իրոք որակովները՝ եթե որակովները իրոք որակ տան՝ Կարապետիչը վաղ թե ուշ էսպես թե էնպես չէր դիմանա ու կամ դուրս կմնար դաշտից կամ կվերածվեր շատ սահմանափակ զանգվածի համար աշխատող լոկալ TV-ի նման մի բան։ Ես կողմ եմ, որ մենք՝ ես, դուք, մյուսները որոշենք, թե ով մնալու է, իսկ ով անջատվելու)։
Ու ամենակարևորը՝ չմտածենք, որ (էլի նույն դիսկուրսից) «մենք փոքր մարդ ենք, մեզանից ի՞նչ է կախված»։ Փոքր չենք, պարզապես միասին ապրել ու գործել չգիտենք, նախաձեռնել ու ոգևորվել չգիտենք, որովհետև... երևի վախենում ենք պատասխանատվությունից՝ ընդհանուրի համար պատասխանատվությունից, «հազիվ մեր գլխի ճարն ենք տեսնում», այդ ճարն էլ գնալու մեջ ենք տեսնում, թողնելով այդպես էլ չսարքված երկիրը նրանց, ովքեր ամեն ինչ անում են, որը երկիրը իրենց մնա, մեզ առաջարկելով կարծես՝ «Մնա՛, Պեպո, գե՛դինը լզե, խալխի վուտներուն պա՛չ արա, նրանց վուտի ցի՛խը լկե... [որ պաշտոն ստանաս, թղթակից-անդամ դառնաս, դեպուտատ/նախագահ ընտրվես, պարզապես գործ ու ապրուստի միջոց ունենաս, վերջապես]», սա է մեր առաջարկը։ Իսկ եթե այդպես չես ուզում, խնդրեմ, դռները բաց են՝ ոչ ոքի չենք պահում։

Հիմա ինչ, գնա՞նք...

Շաբաթ-կիրակի իրիկունները, Սամվել Կարաբեկյան
(շարունակելի)
--

18 comments:

  1. Հիացած եմ...Ճիշտ է, որպես նախկին ուսանող ճանաչում եմ պարոն Կարաբեկյանին որպես ականավոր գիտնականի, բայց ինձ համար հատկապես անակնկալ էր հայկական տիրույթում այսպիսի բլոգի առկայությունը:Հոդվածների զգալի մասը հետաքրքրությամբ կարդացել եմ ու կիսում եմ մեր հասարակության առջև ծառացած խնդիրների վերաբերյալ նաև մյուս բլոգերների` Հայկի և Մարատի մտահոգությունները:Բայց հարգելիներս, ինչքան էլ փիլիսոփայության, լեզվաբանության կամ քաղաքագիտության տեսանկյունից մեկնաբանենք մեր շրջապատում և անձամբ մեզ հետ կատարվողը, այնուամենայնիվ, այդ ամբողջը գալիս հանգում է հոդվածում նշվածին`երկիրը երկիր չի-ին:Այսինքն, իմ կարծիքով, մտավորականությունը ոչ թե պետք է նման կերպով հաստատի մերօրյա ընդդիմադիր կողմից Մատենադարանի հարթակից հնչող շատերի համար անորոշ հեռանկար պարունակող, բայց այնքան գայթակղիչ հեղափոխության կոչերը, այլ բարձր կանգնելով նրանից,օգտագործելով գիտելիքների իր անհամեմատ մեծ պաշարը, փորձի մշակել այն քայլերը որոնք կոնկրետ միտված են տարբեր խնդիրների լուծման և ոչ թե դրանք տեղադրի արտահայտության մեջ, որովհետև, իմ համոզմամբ, եթե այդ քայլերը աստիճանաբար մի կուռ գաղափարախոսություն դառնան, մի մոդել որը կնախանշի զարգացման հստակ ճանապարհ, այդ գաղափարախոսությունը կդիմանա ցանկացած ճնշման:Վահե

    ReplyDelete
  2. Ողջույն Վահե, Մատենադարանի հարթակը վիրտուալ հարթակ պիտի նայել ու կենտրոնոնալ ոչ թե անձերի վրա, այլ հարթակի գոյության. ճիշտ այնպես, ինչպիսին Blogspot-ի այս հարթակն է, որը թույլ է տալիս ունենալ այսպիսի (ի դեպ շնորհակալություն բլոգի նկատմամբ վերաբերմունքի համար) բլոգ և շատ այլ բլոգներ։ Մատենադարանը փոփոխություն առաջարկող հարթակ է, անգամ Կարապետիչի դեպքում։ Ամեն մեկը լսում է այնտեղ այն ինչ ուզում է լսել։ Սա է ամեն դեպքում բլոգի իմ հատվածի ու Մատենադարանի հարթակի միջև կապը։ Իսկ քայլեր մշակել. «Պարոնայք դրա դիմաց աշխատավարձ են ստանում ու 22 մլն դրամանոց ջիպերով ֆրֆռում, թող իրենք էլ մտածեն»։ Իսկ քայլերի մասով՝ «քայլել միշտ էլ կհասցնենք»։ Սա կիսալուրջ, իսկ ավելի լուրջ, հետո... ։) Մարատ

    ReplyDelete
  3. Հարթակի մասով հոդվածագիրը շատ դիպուկ է նշել` եթե որակովները որակ տան Կարապետիչը ու նրա նմանները/իսկ իմ համոզմամբ էդ հարթակից գոռացողները բոլորն էլ իրար նման են,ցավոք/ չեն լինի: Իսկ որակովները կամ նրանք, որոնք պոտենցիալ ունեն /խոսքը ընդհանուր առմամբ մտավորականությանն է վերաբերվում/ փաստորեն չեն շտապում քայլել/կիսակատակ/:Վահե

    ReplyDelete
  4. իսկ ինչ վերաբերում է ջիպերին ու մնացածին Մարատ ջան, իսկ Դուք այս բլոգի համար աշխատավարձ եք ստանում?Ինձ թվում է էդպես կարող են ասել բոլորը:Հիասթափվեցի...

    ReplyDelete
  5. Պետք չէ "հիասթափվել", Վահե։ Մարատը հատուկ նշել էր. "Սա կիսալուրջ", այդ չակերտավոր թեզերն էլ ապագա գրառման հայտ է, որքան հասկացա՝ խոսքը հենց պատասխանատվության մասին է լինելու։
    Ինչ վերաբերում է Ձեր նախորդ մեկնաբանություններին, ապա նախ և առաջ՝ շնորհակալություն, հատկապես, ինձ տրված չափազանցված գնահատականի համար ։) Այն դիտարկում եմ իբրև "ավանս"։
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ Ձեզ հետ, միայն թե, ինձ թվում է, թե ամեն ինչ նույն կաթսայի մեջ չպետք է խառնել՝ երբ Դուք ասում եք, թե "էդ հարթակից գոռացողները բոլորն էլ իրար նման են", ես նախ, ելնելով Ձեր մյուս դատողություններից բխող՝ Ձեր մտածելակերպի վերաբերյալ ձևավորվող պատկերացումներից, չեմ հավատում, որ Դուք իրապես չեք զգում տարբերությունները։ Հետևապես, ստացվում է, որ ակամա հայտնվում եք նույն դիրքում, ինչ Տ.Կարապետյանը (ներողություն եմ խնդրում, հանկարծ համեմատությունը ուղիղ չհասկանաք, ընդամենը տրամաբանական դիրքի մասին է խոսքը), որի հիմնական առաքելությունը հենց այդ տպավորությունը ձևավորելն է։ Իսկ այդ պարագայում հարթակն ինքը կորցնում է իր իմաստը և նշանակությունը։ Ինչ վերաբերվում է մտավորականությանը, ապա ես գերադասում եմ խոսել ոչ թե մտավորականության, այլ մտածող և խիղճ ունեցող մարդկանց մասին։ Հակառակ դեպքում, խատ հեշտ է մոլորվել և հասկանալ, դասե՞լ արդյոք Х-ին մտավորականների շարքը միայն այն ֆորմալ բանի համար, որ նա մասնագիտության և տարբեր հանգամանքների բերումով հայտնվել է գործունեության (կամ անգործության) այն ոլորտում, որի շնորհիվ կարող է այդ "տիտղոսը" կրել։
    Եվս մեկ անգամ շնորհակալություն Ձեզ։ Միասին մտածենք։

    ReplyDelete
  6. պարոն Կարաբեկյան, խոսքը ամենևին չէր վերաբերում նրան, թե այդ քաղաքական ուժերը իրենց ինչ են ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` սոցիալիստ, լիբերալ, թե այլ բան:Ինձ համար ավելի առաջնային է, թե ինչի համար է ժողովուրդի մի մասը գնում նրանց հետևից` իշխանափոխության, իսկ այդ կոչերը բոլորի մոտ նույնն են և ամենաառաջնայինը/համենայն դեպս դրանք ամենաբարձրն են հնչում այդ հավաքների ժամանակ հասկանալի պատճառներով/:Ահա որտեղ աշխատանք ունի կատարելու մտավորականությունը իմ կարծիքով:Այս բլոգում կարծեմ խոսվում էր ֆրանիսական հեղափոխությունից, ուրեմն ավելի ճիշտ ճանապարհը ոչ թե Սերժիկ հեռացիրն է, այլ Ազատություն, հավասարություն, եղբայրությունը կամ նման մի բան: Իսկ ինչ եք կարծում ինչքանով են հեղինակություն վայելում այդ արժեքները մեր հասարակությունում?

    ReplyDelete
  7. Այն տպավորությունն է, որ հաջորդ գրելուց պիտի ստիպված լինեմ ապացուցել թե որ քաղաքական ուժն է ճիշտ, որը սխալ, կամ նման բան լսել ձեզանից, այդ պատճառով էլ չեմ գրի, չեմ սիրում էդ թեման:Մնացեք բարով....

    ReplyDelete
  8. Սիրելի Վահե, ափսոսում եմ, որ ակամա ինչ-որ բանով, որի պատճառը չեմ հասկանում անկեղծորեն, քեզ մոտ այդպիսի տպավորություն է առաջացել։ Ամենևին, եթե նկատե՞լ ես (թույլ տուր խնդրեմ դու-ով դիմել քեզ որպես նախկին ուսանողի, ավելի մտերմիկ դարձնելու համար ասածս) այս բլոգում երբեք որևէ քաղաքական քարոզչություն չի կատարվել՝ դրա համար այլ ձևաչափեր կան, ու հետո մեր նպատակը բոլորովին դա չէ։ Առհասարկ, "քաղաքական" տերմինը մեր իրականության մեջ, ըստ էության, իմաստազուրկ է, իմ կարծիքով, քանի որ մինչ քաղաքական դիսկուրսի անցնելը մենք ունենք քաղաքացիական խնդիր լուծելու, քաղաքացի ձևավորելու, որը կունենա այս կամ այն քաղաքական դիրքորոշումը, որովհետև միայն քաղաքացին կարող է քաղաքական դիրքորոշում ունենալ՝ սա էլ հենց այն գլխավորն է, որտեղ ես չեմ տեսնում որևէ տարբերություն իմ ու քո մտքերի հետ։ Իսկ այն, որ շատերի համար առաջնայինը հիմա "Սերժիկ, հեռացիր"-ն է, բոլորովին քաղաքական չէ, որովհետև ի նկատի ունեն ոչ թե անձը (կամ ոչ այնքան անձը), այլ ներկայիս համակարգը, և կարծում եմ, դա նշանակում է, որ ֆրանսիական հեղափոխության այդ կոչերը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ակտուալ են մեր դեռևս չձևավորված հասարակության համար։ Ի վերջո ֆրանսիական հեղափոխությունը հենց քաղաքացի ձևավորեց, այլ ոչ թե սոցիալիստ, լիբերալ և այլն։
    Հուսամ, որ նախորդ մեկնաբանությանդ "մնացեք բարով"-ը հրաժեշտի մաղթանք չէ։ շատ կուզենայի։
    Մեկ էլ, քո թույլտվությամբ, մի հարց՝ չե՞ս հիշեցնի, ո՛ր թվականին ես ավարտել։

    ReplyDelete
  9. Ողջույն Վահե, բլոգում ոչ մեկը ոչ մեկին ապացուցելու, առավել ևս պարտադրելու խնդիր ռունի։ «Հարթակ» բառն առաջին անգամ այս էջում հանդիպում է Ձեր արձագանքում, հետո իմ արձագանքում, «ջիպերի» հետ կոնտեքստում։ Քաղաքականությունից ես նույնքան հեռու եմ, որքան հայտնի կենդանին հայտնի մարզասարքից կամ իմ ընկեր «Արմենակը մեծ բալետից»։ http://yavrumyan.blogspot.com/2010/04/blog-post_30.html այս հասցեի տակ, ընդդիմության հանդեպ իմ վերաբերմունքի մասին։ Աշխատավարձ բլոգի համար չեմ ստանում, չնայած վատ չէր լինի։))) Քայլել, ես առայժմ արաբական լեզվաբանական ավանդույթում ու համալսարաններում կարող եմ քայլել, առաջինում շատ ավելի վստահ, Ս.Բ.-ն կփաստի, ոչ թե նրա համար, որ այս պահին համահեղինակներ ենք ու բացի դրանից նա իմ ՈՒՍՈՒՑԻՉՆ է, այլ որպես ոլորտի գիտակ (մեղմ եմ գրում Ս.Բ.։)։ Իսկ բլոգը քննարկումների համար է ու բանավիճելու, առանց պարտադրանքի՝ կամ կիսում ենք միմյանց մտքերը կամ չենք կիսում կամ էլ կիսով ենք կիսում, կամ գյալաջիիվում ենք ու այսպես շարունակ։ Վահե, հաստատ լսած կլինեք՝ «ճիշտը մի հատ է»(կեսկատակ), իսկ ավելի լուրջ, մեջբերում եմ. «Одним из важнейших законов в квантовой механике является принцип неопределённости, открытый Гейзенбергом (Вернер Карл), впоследствии получившим Нобелевскую премию. Надпись на могиле Гейзенберга ссылается на этот принцип и гласит: «Он лежит где-то здесь»։ Ահա թե ինչու եմ ես սիրում լեզվաբանությունը՝ ամեն ինչ այնքան անորոշ է։) Մարատ

    ReplyDelete
  10. Սրան արձագանքով հնարավոր չէ արձագանքել ։)) Շարունակություններին եմ սպասում։ Gefällt mir, Gefällt mir, Gefällt mir, Gefällt mir und Respekt, Respekt usw.!!

    ReplyDelete
  11. Zargaryan Haik04 March, 2011 13:23

    Մարատ Յավրումյանի գրածը ճիշտ է. սրան հասարակ մեկնաբանությամբ արձագանքելն անհնար է։ Արձագանքը հարկ է մի ամբողջ գրառման մեջ ամփոփել։ Այնպես որ, Ս.Բ.-ի «շարունակելի»-ի կողքին սպասեք նաև իմ՝ նվաստիս «շարունակությունը»…

    ReplyDelete
  12. Zargaryan Haik04 March, 2011 13:24

    "...երևի վախենում ենք պատասխանատվությունից՝ ընդհանուրի համար պատասխանատվությունից, «հազիվ մեր գլխի ճարն ենք տեսնում», այդ ճարն էլ գնալու մեջ ենք տեսնում, թողնելով այդպես էլ չսարքված երկիրը..." Ս. Կարաբեկյան

    Այս առնչությամբ Վանո Սիրադեղյանը մի փայլուն միտք ուներ։ Ասում էր, որ հայերը շատ են սիրում իրենց «պատմական հայրենիքը», որովհետև այն խնամելու, մշակելու, դրա բարեկեցության ու առաջընթացի համար քրտինք և արյուն թափելու պետք չկա։Փոխարենը «պատմական հայրենիքին» կարելի է սիրել մի վիրտուալ, մի չքնաղ, մի զգացմունքային սիրով, կենացներ խմել դրա մասին, արցունքով հիշել դրա հմայքն ու փայլը...
    Նույն է նաև Ս. Կարաբեկյանի «վիրտուալ հայրենիքի» պարագայում։Նախընտրելի է թողնել այն ու գնալ՝ խուսափելով «իրական հայրենիքի» շենացման պայքարից ու գոհանալ ինչ-որ «վիրտուալ հայրենիքի» երանելի, բայց սին պատրանքով։

    ReplyDelete
  13. Marat Yavrumyan04 March, 2011 13:24

    Ասում էի չէ, «Հայրենիքը հեռուեն պիտի սիրել» ։)))

    ReplyDelete
  14. Samvel Karabekyan04 March, 2011 13:25

    Ճիշտ էիր ասում, էդպես էլ անում ենք փաստացի, բայց բանն էլ հենց այն է, որ այդ հեռավորությունը միշտ մնում է նույնը, անկախ նրանից, Հայաստանու՞մ ես գտնվում, թե այլուր։ Մեկ է, մոտիկից սիրել քեզ թույլ չեն տալիս, որովհետև այդ դեպքում սիրել՝ նշանակում է հանձն առնել, մասնակցել, օգնել և անշուշտ սիրվել ու գնահատվել։

    ReplyDelete
  15. Hovhannisyan Mary04 March, 2011 13:26

    Ես էլ չկարողացա արձագանք գրել... Անկեղծ ասած իմ մնաս բարովի հոդվածում ուզում է մի փոքր անդրադառնալ հենց հայրենիքից գնալու թեմային, բայց պաթոսն այնքան շատ էր, ջնջեցի: Երևի պարոն Կարաբեկյանը զգացել է` ինչ համատեքստից է առանձնացված «Երբեք չեմ մտածել, որ այսքան կարոտելու եմ Երևանը, Հայաստանը: Դեռ չգնացած` նեղվում եմ արդեն» միտքը: Երևի այնուամենայնիվ edit կանեմ գրառումս: Շարունակել, ուրեմն միասին...:)

    ReplyDelete
  16. Narine Nersisyan04 March, 2011 13:27

    Մարդու մեջ կան երկու հզոր պահանջներ, մի կողմից ձգտում դեպի հաստատունը, կանխատեսելին, վստահելին և կայունը, մյուս կողմից` դեպի նորը, անսպասելին, անակնկալը, զարմանալին, հանկարծակին ...Երբ ունես մեկը, ուզում ես դրան հակադիր մյուսը` չկորցնելով առաջինը: Երկուսն էլ ուզում ես`ունենալ ապահովություն, կայունություն, բայց նաև արկածներ, բացահայտումներ: Հակառակ ուղղությամբ ձգող այս երկու ուժերը փեղեքում են անձդ և զրկում հանգստից: Այսպիսին է մարդը ցանկացած պատմական ժամանակաշրջանում, տարածաշրջանում, դարաշրջանում, վիրտուալ թե իրական կյանքում, ամենուր, ամեն տեղ և բոլոր ժամանակներում` անկախ արտաքին հանգամանքներից, այդ թվում ազգային պատկանելությունից, հայրենասիրական նկրտումներից, սեռից: Մնացած ամեն ինչ ինքնաարդարացում է, փախուստ ինքդ քեզնից` երկիրը երկիր չէ ու նմանատիպ...

    ReplyDelete
  17. Ս.Բ., «(շարունակելի)»-ի մասը հիմա հետաքրքիր կլիներ կարդալ, իրոք, հայաստանյան հողից ու իրականությունից։ Եթե, իհարկե հասունացել է «շարունակելին»։

    ReplyDelete
  18. Մարատ ջան, վերադառնալուց հետո որոշել էի անմիջապես գրել շարունակությունը, բայց հետո որոշեցի սպասել, որպեսզի կոորդինատների համակարգում կրկին վերատեղավորվեմ և կարողանամ նայել խնդրին ներսից։ Բայց արդեն ընկղմվել եմ, ու - ճիշտ ես - արդեն ժամանակն է։

    ReplyDelete