Friday, January 7, 2011

Ամփոփելու ժամանակը չէ

Ժամանակը պայմանական հասկացություն է. որքան էլ իր ֆիզիկական էտալոնն ունենա, այն, իհարկե, մարդու ստեղծագործություն է՝ մեզ պետք է չափել ու հաշվել մեր կյանքի անցած, անցնող ու գալիք իրադարձությունները։ Նոր տարին էլ ուստի պայմանական հասկացություն է՝ մարդկանց մի զգալի հատվածի համընդհանուր պայմանավորվածությամբ ընտրված մի ժամանակակետ, երբ ընդունված է, մի կողմից, նայել դեպի անցյալ, մյուս կողմից՝ ինչ-որ բան ակնկալել ապագայից։

Ընդ որում քաջ գիտակցելով, որ այն բոլոր բարեմաղթանքները, որ ասվում են հենց այդ ժամերին, խափանելով անգամ ամենազարգացած ու արդիական հաղորդակցական ցանցերի աշխատանքը, հեշտությամբ կարող էին վերաբերել հաշվարկման որևէ այլ համակարգի (սկզբունքային տարբերություն չեմ տեսնում, թե ինչու, օրինակ, չի կարելի երջանկություն, առողջություն կամ որևէ այլ բարի բան մաղթել, ասենք, օգոստոսին կամ ապրիլին)։

Առավել ևս, որ ամեն անգամ մենք կրկին ու կրկին համոզվում ենք, որ չնայած մեր բոլոր բարեմաղթանքների, կյանքը շարունակվում է իր սովորական հունով՝ անհաղորդ մնալով մեր կողմից պայմանականորեն համաձայնեցված համընդունելի տոնական բնագծերի այդ իսկ բերումով արհեստածին համատեքստերի. դրա ապացույցներն արդեն այս տարվա առաջին օրերին ունեցած մեր կորուստներն են (Օհան Դուրյան, Անահիտ Բայանդուր և ավա՜ղ նաև շատ ուրիշներ, որոնց անունները չեն հայտնվում լրատվական ժապավեններում, սակայն որոնց հասցեին դեռ տառացիորեն ժամեր առաջ արտասանվող բարեմաղթանքների պակաս չէր զգացվում)։ Այդ պայմանականության ուժն այնքան մեծ է, որ նման դեպքերում ափսոսանքի և կարեկցանքի խոսքերի հետ մեկտեղ հաճախ կարելի է լսել «պատկերացնում ես, ու հենց այս օրերին» կարգի արտահայտություններ, կարծես թե, եթե դա լիներ մեկ ամիս առաջ կամ հետո, կորուստը պիտի պակաս ցավալի լիներ։

Ինչևէ, պիտի խոստովանեմ, որ հենց այդ պատճառով ես նախընտրում եմ անձնական բնագծերը, որոնք նվաճվում են ոչ թե պաշտոնական օրացույցի թելադրանքով, այլ մարդու, անհատի կյանքի յուրահատուկ ժամանակագրությամբ, որը պայմանավորված է պարբերացման ամեն անգամ ինքնատիպ, յուրաքանչյուրի համար առանձնահատուկ բնական մեխանիզմներով՝ ո՞ր օրացույցն է ի վերջո կարգավորում այն օրն ու ժամը, րոպեն ու վայրկյանը, երբ մենք մեզ երջանիկ ենք զգում կամ դժբախտ, և կամ երբ հանկարծ հասկանում ենք, որ ավարտվել է մեր կյանքի՝ մեզ համար ինչ-որ բանով կարևոր կամ նշանավոր փուլ։ 

Անցյալը միշտ մասամբ ծածկում է մեզ՝ մետաքսյա ծածկույթի պես աննկատ սահելով-իջնելով մեր վրայից, իսկ մենք նկատում ենք դա միայն, երբ սկսում ենք անհանգիստ որոնել ինչ-որ բան, որը հենց նոր մեր կողքին էր՝ սովորական դարձած, բայց չկա այլևս, և մինչ հասկանում ենք դա, արդեն իսկ սկսում ենք աննկատ, բայց անշեղորեն կորցնել մեկ այլ բան...

Ի՞նչ ամփոփեմ հիմա, ուրեմն, երբ նոյեմբերին, դեկտեմբերին և նույնիսկ ավելի վաղ բռնած գործերս, մտահղացումներս դեռ ընթացքում են, երբ մարդկանց, ում սիրում եմ, շարունակում եմ սիրել, երբ կա ցանկություն ազատ ապրելու, հետևապես, պարտադրված չլինելու երկու շաբաթ անհասկանալի պարապուրդի մատնվելու համընդհանուր ան-անկեղծ բաքոսարբուքի մեջ (Սոնա Դիլանյանը դրա հայկական տարբերակը հրաշալի կերպով ներկայացրել է ՖԲ-ի իր նոթում՝ http://www.facebook.com/#!/note.php?note_id=488055829835)։ Սա՞ է արդյոք հաշվետու լինելու ժամանակը։ Չեմ կարծում...

«...բլոգը սկսեցի փետրվարից, հետո միացավ Ս.Բ.-ն, հետո Հայկ Զ.-ն, հետո այն ակտիվացավ ու սկսեց ապրել իր համար, իր կյանքով», գրել-ամփոփել է Մարատը, բայց ես հայտնաբերում եմ ինձ համար, որ այն, որ այդ սկիզբը դրոշմակնքվել է «2010» հերթական համարով, որևէ նշանակություն չունի ինձ համար՝ դա ինձ համար փաստ է, գործոն է, որը կա հիմա, ներկա վաղակատար է կամ հարակատար, present perfect է, եթե կուզեք։ Իսկ քանի դեռ կա հիմա, այն սկիզբ չունի, կամ սկիզբը կարևոր չէ, քանզի սկիզբն իմաստավորվում է միայն ավարտի, վերջի հետ հակադրության մեջ։

Իմ կյանքը դեռ շարունակում է կարգավորվել այնպիսի իրադարձություններով, որոնք, ըստ պաշտոնական օրացույցի, պետք է վաղուց ի վեր ամփոփված լինեին, սակայն չեն կարող ամփոփվել, քանի դեռ շարունակում են արդիական մնալ ինձ համար, չեն դարձել պարզապես մի հուշ, կամ, ինչպես հենց այսպիսի առիթներով է ասվում՝ «անցել պատմության գիրկը». այդ իրադարձությունների ազդեցությունը չի կարող չափվել օրացուցային տարիներով, և ամփոփվում են դրանք սեփական պարբերականությամբ։

Ուստիև, ամփոփելով գրառումը, պնդում եմ. ամփոփելու ժամանակը չէ։

Ուրբաթ իրիկուն, Սամվել Կարաբեկյան

Հ.Գ. Այնպես ստացվեց, որ վերոշարադրյալը դարձավ բլոգի 2011-ի առաջին գրառումը։ Ասացեք, խնդրեմ, արդյո՞ք դա որևէ նշանակություն ունի։
--

7 comments:

  1. Բա Ձմեռ Պապիկը? Այն իսկական Ձմեռ Պապին, որ գալիս է հեռավոր Լապլանդիայից Նոր Տարվա գիշերը... Նոր տարին հեքիաթ է Ձմեռ Պապի մասին, և ես չեմ ուզում կորցնել իմ այդ հեքիաթը:

    ReplyDelete
  2. Ես էլ չեմ ուզում կորցնել իմ այդ հեքիաթը։ Նոր տարվա տարբերությունը մյուս տարբեր հանդիսավոր արարողություններից հենց այդ խորհրդավորության, առեղծվածի, հրաշքի մեջ է, որը մեր անձնականն է, ներքին է, եթե կուզեք, շատ ինտիմ մի զգացում է։ Դա մի հնարավորություն է վերադառնալ դեպի մանկություն, դեպի ակունքները, հեքիաթը, անկեղծ հավատը, որը խիստ անձնական է, անհատական։ Բայց այն, ինչ մեզ մոտ է տեղի ունենում, որևէ առնչություն չունի այդ հեքիաթի հետ, և հեքիաթը հաստատ կապ չունի ինչ-որ բան ամփոփելու կամ հաշվետու լինելու հետ։

    ReplyDelete
  3. Գիտեք ինչ հիշեցի, Ս.Բ., Ձեր գրառումը կարդալուց հետո։ Դպրոցում, Ղուկասյանում, մենք ֆիզկուլտուրայի դասերին ինչ որ ՊԱՊ նորմատիվներ էինք հանձնում, որի ցանկում էր նաև դպրոցի շուրջ 7 շրջան վազելն էր։ Իսկ դպրոցը բավականին, լաաաավ մեծ էր։ Երկու շրջանից հետո, դպրոցի հետևի մասում բոլորս կանգ էինք առնում՝ «սոլուխմ քաշելու» կամ «շունչ առնելու»։ Հետո ավելի շատ էինք կանգնում, վերջում քայլում էինք ու ամենավերջում, վազում էինք միայն այն հատվածը, երբ մենք նկատելի էինք ֆիզկուլտուրայի ուսուցչի համար։ Ձմռանն ավելի բարդ էր, օդը սառն էր, դահուկներ լավ չէին սղում, իսկ մի քանի քայլից հետո օդի սառնությունից «թոքերն արդեն վառվում էին»։ Եթե միայն մեր ներքին ժամանացույցով կարողանայինք առաջ գնալ՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիզկուլտուրայի ժամերին էր ։(

    ReplyDelete
  4. Սամվել Կարաբեկյան04 March, 2011 13:03

    Ես էլ չեմ ուզում կորցնել իմ այդ հեքիաթը։ Նոր տարվա տարբերությունը մյուս տարբեր հանդիսավոր արարողություններից հենց այդ խորհրդավորության, առեղծվածի, հրաշքի մեջ է, որը մեր անձնականն է, ներքին է, եթե կուզեք, շատ ինտիմ մի զգացում է։ Դա մի հնարավորություն է վերադառնալ դեպի մանկություն, դեպի ակունքները, հեքիաթը, անկեղծ հավատը, որը խիստ անձնական է, անհատական։ Բայց այն, ինչ մեզ մոտ է տեղի ունենում, որևէ առնչություն չունի այդ հեքիաթի հետ, և հեքիաթը հաստատ կապ չունի ինչ-որ բան ամփոփելու կամ հաշվետու լինելու հետ։

    ReplyDelete
  5. Tadevos Charchyan04 March, 2011 13:05

    Ժամանակի, դրա կառավարման, տոների և երջանկությունների համակարգողը յուրաքանչյուր մարդն է` իր մտորումներով, ներաշխարհով, ձեռքբերումներով ու կորուստներով... Ինքս էլ միշտ հարց եմ տալիս. ինչու մարդիկ այդքան աղքատիկ ու գծուծ են սեփական զգացմունքներն ու զգացումներն արտահայտելու մեջ, ինչու դիմացինի փայլն ու գեղեցկությունը չի կարելի արտահայտել "հասարակ մի օր"... Ապրում ենք կաղապարված, անհասկանալի պարտադրանքներով` միաժամանակ դժգոհ օրացուցային տոներից: Երբեմն ինքս արժանանում եմ զարմացական հայացքների ուրիշների կողմից, մտածում եմ` գուցե անհասկանալի եմ, անհսկելի կամ տարօրինակ...

    ReplyDelete
  6. Tadevos Charchyan04 March, 2011 13:06

    Հիանալի են ասված Ս. Կարաբեկյանի հետևյալ տողերը, մեջբերում եմ. "Ինչևէ, պիտի խոստովանեմ, որ հենց այդ պատճառով ես նախընտրում եմ անձնական բնագծերը, որոնք նվաճվում են ոչ թե պաշտոնական օրացույցի թելադրանքով, այլ մարդու, անհատի կյանքի յուրահատուկ ժամանակագրությամբ, որը պայմանավորված է պարբերացման ամեն անգամ ինքնատիպ, յուրաքանչյուրի համար առանձնահատուկ բնական մեխանիզմներով՝ ո՞ր օրացույցն է ի վերջո կարգավորում այն օրն ու ժամը, րոպեն ու վայրկյանը, երբ մենք մեզ երջանիկ ենք զգում կամ դժբախտ, և կամ երբ հանկարծ հասկանում ենք, որ ավարտվել է մեր կյանքի՝ մեզ համար ինչ-որ բանով կարևոր կամ նշանավոր փուլ։ Անցյալը միշտ մասամբ ծածկում է մեզ՝ մետաքսյա ծածկույթի պես աննկատ սահելով-իջնելով մեր վրայից, իսկ մենք նկատում ենք դա միայն, երբ սկսում ենք անհանգիստ որոնել ինչ-որ բան, որը հենց նոր մեր կողքին էր՝ սովորական դարձած, բայց չկա այլևս, և մինչ հասկանում ենք դա, արդեն իսկ սկսում ենք աննկատ, բայց անշեղորեն կորցնել մեկ այլ բան..."

    ReplyDelete
  7. Samvel Karabekyan04 March, 2011 13:06

    Ճիշտ ես ասում, Թաթոս ջան, բոլորը դժգոհում են, բայց փնթփնթալով ենթարկվում՝ ուժ չգտնելով թոթափելու արդեն իսկ էութենազրկված արարողությունների լուծը...

    ReplyDelete