Monday, January 31, 2011

ՀՈ՞ ԵՐԹԱՍ

Дорожный посох Петра, выскользнув из его руки, упал наземь, глаза были устремлены вперед, на лице изображались изумление, радость, восторг. Внезапно он бросился на колени, простирая руки, и из уст его вырвался возглас:
- Христос! Христос!
И он приник головою к земле, будто целовал чьи-то ноги. Наступило долгое молчанье, потом в тишине послышался прерываемый рыданьями голос старика:
- Quo vadis, Domine? 
... до ушей Петра донесся грустный, ласковый голос: - Раз ты оставляешь народ мой, я иду в Рим, на новое распятие.

Հայաստանը, ինչ խոսք, դժվար է բնութագրել որպես երանելի կյանքի ու անամպ գոյության օրրան։ Ավելին, հայաստանյան կյանքը պայքար է, անընդմեջ ու անդադար մենամարտ, որը հաճախ դառնում է սիզիփոսյան տառապանք՝ շրջանաձև անդադար շարժում։ Ցածր աշխատավարձ, սոցիալական անհավասարություն, անարդարության ու խտրականության անընդհատ շարքեր, ըստ արժանավույն չգնահատվող ու չվարձատրվող աշխատանք, ամենաթողություն...

Սրանք նորություններ չեն Հայաստանի համար։ Ընդհակառակը, սրանք նորանկախ Հայաստանի տարեգրության էջերին ամենահաճախ հանդիպող բառերն են, մեր հայրենիքից անօտարելի հատկանիշներ։ Տարեգրության էջերը լի են նաև անուններով մարդկանց, որ լքել և ցավոք, շարունակում են լքել Հայաստանը։

Լքում են, որովհետև հայրենիքը, ճիշտ է, անկախ է, բայց չքավոր է ու հետամնաց, որովհետև օտար ափերում կյանքը շատ ավելի քաղցր է ու դյուրամարս՝ լի այն ամենով, ինչ չկա Հայաստանում:

Ամենացավալին էլ այն է, որ Հայաստանից հեռացել և հեռանում են ամենաարժանավորները՝ մարդիկ, ովքեր պետք է լինեին Հայաստանի լուսավոր ապագայի ստեղծողը, դրա ախտահանողն ու վեհության վերականգնողը։ Եվ դա, իհարկե, հասկանալի է, քանի որ այնտեղ՝ հեռվում, նրանց սպասվում է որակապես այլ՝ իրենց արժանիքներին համապատասխան կյանք, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ պատված է անորոշության մշուշով։

Այդ մարդիկ, իհարկե հաճախ են հիշում հայրենիքը, նույնիսկ օգնում են գումարով և գործով, ստեպ-ստեպ էլ այցելում են Հայաստան, մի քանի օրում առնում հայրենիքի կարոտն ու մտովի զարմանում, թե ինչպես են մարդիկ գոյատևում այստեղ։

Միաժամանակ փառք են տալիս Ամենաբարձրյալին, որ տարիներ առաջ հաջողացրել են փախչել այս «դժոխքից»՝ փոխարինելով այն օտար, բայց արժանապարտիվ գոյությամբ։

Միայն մի բան է հետաքրքիր. հայրենիքի թշվառությամբ ու չար բախտով վշտացող այդ մարդիկ գիտակցո՞ւմ են, որ Հայաստանի այս «նախանձելի» կեցության համար մեղավոր են նաև իրենք։ Մեղավոր են, իհարկե, անուղղակի կերպով։ Նույնիսկ դժվար է այդ կապը մեղավորություն անվանել։ Մարդիկ են, որ ընդամենը չեն ցանկացել ապրել մի երկրում, ուր տերուտիրական են տգետ պլեբեյները, պատերազմի «հերոսները», կոմունիստական նախկին ֆունկցիոներները, կիսակրիմինալ տարրերը։ Չեն ցանկացել և հեռացել են՝ դրանց դեմ պայքարին նախընտրելով հարմարավետ կյանք Հին աշխարհում կամ էլ դրանից արևմուտք։ Եվ ի՞նչ...

Եվ արդյունքում մնաց մի Հայաստան, որտեղ իշխում էին վերըթվարկված անձինք, իսկ զանգվածը, որ պետք է պայքարեր տգիտության ու ճորտամտության դեմ, չեզոքացներ դրանց տարածողներին ու դրանով կատարեր իր պարտքը հայրենիքի ու ազգի նկատմամբ որոշեց հեռանալ՝ բախտի քմահաճույքին թողնելով մի երկիր ու մի ամբողջ ժողովուրդ...

Կրկնում եմ կրկին. Սա մեղադրանք չէ, քանզի անհնար է մարդուն մեղադրել, որ վճռել է կյանքը նվիրել ոչ թե ինչ-որ շատ վեհ, բայց նույնքան վերացարկված ու անմարմին գաղափարների իրագործմանը, այլ ընտանիքի և սեփական բարեկեցությանը։ Սա ընդամենը ակնհայտ փաստի արձանագրում է։

Ամենատխրեցնողն էլ այն է, որ այսօր նույնպես մարդիկ շարունակում են մտածել նույն կերպ՝ կառչելով հայրենիքը լքելու յուրաքանչյուր հնարավորությունից։ Այս մարդկանց նույնպես դժվար է մեղադրել։ Ավելի ցանկալի է ապրել խոպանում (թեկուզև ենթարկվելով պարբերական ստորացումների), կամ էլ վայելել եվրոպական կամ էլ ամերիկյան (որտեղ, ի դեպ, ստորացումները նույնպես քիչ չեն) կյանքի բարիքները, քան թե մի պահ շտկել մեջքն ու թեկուզև վտանգի ենթարկվելու գնով փորձել որևէ բան փոխել սեփական երկրում, դարձնել այն պիտանի արժանապատիվ գոյության համար։ Չնայած ի՞նչ եմ ասում, փախչելն ավելի հեշտ է։ Բայց ես էլի եմ կրկնում, որ սա մեղադրանք չէ, այլ ցավալի փաստի արձանագրում...

Մեղադրանք չէ... Ուղղակի ինչ-որ տարօրինակ կապ կա այդ մարդկանց և նրանց միջև, ովքեր լքում են ընտանիքն ու չեն վերադառնում, զուտ այն պատճառով, որ ընտանիքը դժվարության մեջ է։ Լքում են, թողնելով ընտանիքին միայնակ դիմակայելու արհավիրքներին, մինչդեռ իրենց թուլությունն արդարացնում են, թե «ի՞նչ է արել ընտանիքը մեզ համար, որ հիմա էլ ես նրա համար անեմ»։ Ասում են, ու չեն գիտակցում (կամ էլ գիտակցելով են ասում), որ հայրենիքի կամ ընտանիքի հետ կապը դա բիզնես վարկ չէ, որ տաս ճիշտ այնքան, ինչքան վերցրել ես, ասում են, ու չեն հասկանում, որ «հայրենիքը դա վեհություն է, որն ուզես թե չուզես քոնն է՝ փոխել չես կարող, փախչել չես կարող» (խոսքերը պատկանում են մեր բլոգի ընթերցողներից մեկին՝ Լ.Ս.-ին։

Մեղադրանք, կրկնում եմ նորից, չկա։ Կա անհուն զարմանք...

Զարմանք, թե ինչպես են թողնում ու անվերադարձ գնում կամ էլ երազում անել այդպես։ Մի՞թե ամեն ինչ սկսվում ու ավարտվում է նյութական բարիքներ ստեղծելու և դրանք սպառելու ցանկությամբ։ Այդ դեպքում էլ ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը... Թե՞ հայրենասիրությունը դա գումար ուղարկելն է, Թուրքիան ատելն է, բոցաշունչ կենացներ խմելը կամ էլ դաշնակցական հիմներ երգելն է։ Չէ՞ որ գումարը, որ մտնում է Հայաստան, նման է աղքատ բարեկամին տրվող նվիրատվության. հերիքում է, որ քարշ տա գոյությունը, բայց համակարգային որևէ փոփոխություն չի ծնում։ Թուրքիայի նկատմամբ ատելության աճը նույնպես որևէ կերպ չի նպաստում հայրենիքի շենացմանն ու հայ ազգի կենսամակարդակի աճին։ Դե իսկ կենացների ու երգերի կարիք Հայաստանը չի զգում միանշանակ։

Փոխարենը, հայրենիքն ինչպես երբեք զգում է մարդկանց կարիք։ Մարդիկ, որ կունենան կամք ու ձգտում փոխելու հայ իրականության գոնե մի հյուլեն՝ գիտակցելով, որ հայրենասիրությունը դա նախևառաջ պատասխանատվությունն է սեփական ազգի և երկրի ապագայի նկատմամբ։ Մարդիկ, որ պատրաստ են ապրել հայաստանյան իրականությունում, արհամարհել դրա զրկանքներն ու դժվարությունները, պայքարել հանուն հայրենիքի վերելքի ու վերածնման։ Մարդիկ, որ վերջապես կգիտակցեն, որ հայրենասիրությունը, և ընդհանրապես, սերը, դա առաջին հերթին անձնազոհությունն է ու ինքնամոռաց նվիրումը սիրո առարկային։ Կգիտակցեն ու ի վերջո կվերադառնան։ Սակայն ոչ թե «հայրենիքում պտույտ մը կատարելու ու կարոտն առնելու» բաղձանքով, այլ սեփական կյանքը հայրենիքին և ազգին նվիրելու վեհ մղմաբ։

Հայկ, երկուշաբթի կեսօր

P.S. Апостол лежал на земле, лицом в пыли, недвижим и нем. Назарий испугался, что он в обмороке или умер, но вот наконец Петр встал, дрожащими руками поднял страннический посох и, ни слова не говоря, повернул к семи холмам города. Видя это, юноша повторил как эхо: - Quo vadis, Domine?
- В Рим, - тихо отвечал апостол. И он возвратился.
--

6 comments:

  1. Մեկ է Հայկ, էլի չհամոզեցիր, «Հայրենիքը հեռուեն, իսկ ավելի լավ է Բայրոյթի գրադրանեն է պետք սիրել», մինչև Google-ն իր բոլոր ռեսուրսներն անվճար տեղադրի, իսկ ԵՊՀ-ում էլ սկսեն մեկ ակադեմիական ժամի դիմաց դասախոսին նվազագույնը €21 վճարել, որովհետև դասախոսն ունակ է նույնին համարժեք արտադրանք տալ ։) Հետո քաղաքը մաքուր պահեն, հետո ծառերը չկտրեն, հետո կանաչապատեն ամենուր, հետո փողոցում չթքեն ու քիթը չմաքրեն, հետո Խաչատրյանական օրեր անեն, Իսահակյանական ու Շիրազյան՝ Լեննականում ու էսպես շարունակ։ Ամեն իրիկուն մի հատ էլ աղոթք կարելի է անել հայրենիքի համար, չի խանգարի ։)) Միևնույն է, ես տարին ընդամենը 2 շաբաթ եմ «մե հադմ կֆռամ Ղուկայսանի մեջ ու կարոդս չեմ էլ հասցնե առնիմ»։ Հիմա ինչ տարբերություն, որտեղից, Երևանից թե ոչ Երևանից։ ՀԵՌՈՒԵՆ ...

    ReplyDelete
  2. Միևնույն է Հայկ, էլի չհամոզեցիր, վերջ ի վերջո մեզանից յուրաքանչյուրը գնալու է դրախտ կամ դժոխք կամ էլ ոչ մի տեղ, մնալու է հողում։) Իսկ ինձ թվում է, հայրենիքը հեռուեն սիրելու համար դրախտից չեն զրկի, կամ էլ ինչ իմանամ։ Հիմա խառն եմ, կգրեմ «Հայաստանում բաժին չունենալու» մասով։)))

    ReplyDelete
  3. Հայկ Զարգարյան04 March, 2011 12:50

    ՀԱՅԿ ԶԱՐԳԱՐՅԱՆ -- :) Ախր ողջ հարցն էլ էն ա, որ հայրենիքը «հեռուեն սիրվելուց» երբեք չի դառնա մաքուր, չի ծառապատվի, իսկ խաչատրյանական, իսահակյանական ու շիրազյան օրերը մոռացության կմատնվեն արդեն ոչ թե պետական, այլև ներանձնային մակարդակով։
    Ու եթե անգամ օրերից մի օր էլ հայրենիքը հրաշքով մաքրվեց, սակայն ուրիշների արյան ու քրտինքի գնով, «հեռուեն սիրողները» վճիտ ու բարեկարգ Հայաստանում էլ բաժին չեն ունենա։
    Պոնտացի Պիղատոսի պես հավերժ կտառապեն միայնության մեջ՝ մերժված հայրենիքի ու հայրենակիցների կողմից։ Իսկ գիտե՞ք ինչու կմերժվեն։ Որովհետև երբ պետք էր գալ ու ատամներով պահել հայրենիքը, մարդիկ նախընտրում էին «հեռուեն պլատոնական սիրով» պաշտել այն։Չնայած, մի կողմից էլ հայրենիքը մոր նման է. ներում է ամեն ինչ՝ անգամ դավաճանությունն ու դասալքությունը։
    Մի խոսքով, հայրենիքը փյունիկ չէ, որ ինքն իրեն վերածնվի ։) Իսկ եթե որևէ մեկն անմաս է մնում այդ վերածնունդին ու պայքարին, ապա չեմ կարծում, որ նա այլևս իրավունք ունի ջերմանալ այդ հայրենիքի սիրով։

    ReplyDelete
  4. Միևնույն է Հայկ, էլի չհամոզեցիր, վերջ ի վերջո մեզանից յուրաքանչյուրը գնալու է դրախտ կամ դժոխք կամ էլ ոչ մի տեղ, մնալու է հողում։) Իսկ ինձ թվում է, հայրենիքը հեռուեն սիրելու համար դրախտից չեն զրկի, կամ էլ ինչ իմանամ։ Հիմա խառն եմ, կգրեմ «Հայաստանում բաժին չունենալու» մասով։))

    ReplyDelete
  5. Սամվել Կարաբեկյան04 March, 2011 12:55

    Այ մարդ, էս արդեն մարդ չի հասցնում ոչ միայն իր "սևագրերն" ավարտի, այլ նույնիսկ կարդա համաբլոգացիների գրածները ։) Բլոգը արդեն լուրջ աշխատանք է դառնում ։)

    ReplyDelete
  6. Սամվել Կարաբեկյան04 March, 2011 12:55

    Այ մարդ, էս արդեն մարդ չի հասցնում ոչ միայն իր "սևագրերն" ավարտի, այլ նույնիսկ կարդա համաբլոգացիների գրածները ։) Բլոգը արդեն լուրջ աշխատանք է դառնում ։)

    ReplyDelete