Wednesday, February 2, 2011

Մի բան կլինի...

Բարձրագույն կրթություն ունի այն մարդը, որը ունի պետական նմուշի դիպլոմ: Հասկանում եմ, որ ասածս վիճաբանությունների տեղիք կտա հաստատ, բայց համաձայնեք` փաստը մնում է փաստ: Անկախ բուհի անվանումից, դասախոսական կազմից, պետական և պետականորեն հավատարմագրված լինելուց կամ չլինելուց բոլորն ունեն բարձրագույն կրթություն: Բոլոր բուհերի դիպլոմներն օրենքով հավասար են:


ՀՀ-ում կա 13 պետական բուհ և համարյա այդքան էլ մասնաճյուղ հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև 10-ից ավելի պետականորեն հավատարմագրված բուհեր: Վերջին բուհերի ուսանողները սովորաբար այն աշակերտներն են, որոնք այլ որևէ բուհ ընդունվելու գիտելիքներ չեն ունեցել և շարունակում են չունենալ: Ես իհարկե չգիտեմ ոչ պետական բուհերում ինչ են կարդում դասախոսները, միգուցե գիտական թեզեր ու գիտության գոհարներ, բայց որ ուսանողների կիսագնդերի վրա նրանց կարդացածը որևէ ազդեցություն չի թողնում, դա հաստատ է:

Ես իհարկե չեմ պնդում, որ պետական բուհ ավարտած բոլոր մարդիկ (որոնց թվում եմ նաև ես) փայլուն կրթություն են ստանում, բնավ: Պարզապես շատ է զարմացնում այն փաստը, որ մարդիկ վճարում են համալսարանի միջանցքներում թրև գալու, դասերից փախչելու, ծանոթով քննություն ստանալու ու դասերը խանգարելու համար, իսկ ավարտելուց հետո էլ վստահ չեն, որ գործատուն կվստահի այն բուհին, որտեղ ինքը սովորել է:

Ընդհանրապես «մի բան կլինի»-ն շատ արդիական մոտեցում է կրթության պարագայում, ինչը գոնե ես ընդունում եմ ցավով: Դե ընդունվենք մի բան կսովորենք, դե ավարտենք, մի տեղ կաշխատենք: Ու ստացվում է այնպես, որ մարդն ունի մի մասնագիտություն, իսկ աշխատում է բոլորովին այլ բնագավառում, աշխատանքի է ընդունվում ծանոթով, իսկ տվյալ բնագավառի մասնագետին թողնում է առանց աշխատանքի:

Մարդն ընդունվում է փայլուն բուհի փայլուն ֆակուլտետ, վատ չի սովորում, չորրորդ կուրսում հասկանում է, որ աշխատանք չի գտնելու, ծանոթ-բարեկամների միջոցով գտնում է որևէ գրասենյակային աշխատանք, որ կամ կապ ունի իր մասնագիտության հետ, կամ թեթև առնչվում է կամ էլ առհասարակ ուրիշ օպերայից է:

Մեզանում չկա նեղ մասնագիտություն ընտրելու մշակույթ, նպատակին հասնելու ձգտում: Մի բան գրում են դիպլոմային, մի բան պաշտպանում են մագիստրատուրայում ու չեն էլ մտածում կոնկրետ ոլորտի, կոնկրետ ճյուղի մասնագետ դառնալու մասին: Մարդիկ իրենց երիտասարդ ու լավագույն տարիները ծախսում են «մի բան կլինիի» վրա, հետո արթնանում են երեսուն տարեկան, այլ մասնագիտական հմտություններով ու հասկանում, որ իրենց հիմնական մասնագիտությունից որևէ բան չեն հիշում, որովհետև չեն հաջողացրել ժամանակին աշխատանք ճարել, որովհետև ինչ-որ մեկի ծանոթը տվյալ աշխատատեղն է ճարել իր ծանոթի համար, որովհետև...

Իսկ ամեն ինչ գալիս է դպրոցից:

Հարցնում են.
-Բալիկ ջան ինչ ես ուզում դառնալ:
-Չգիտեմ:
-Դե երեք հատ առարկա ընտրի, որը լավ գիտես, կպարապես, կնայենք որտեղ հարմար կոնկուրս կա, կընդունվես: Ասում են նոր ֆակուլտետ են բացել, կոնկուրսն էլ շատ չի: Համալսարանը մնում է համալսարան, ընդունվի, հավարտես, պապան մի գործ կճարի կաշխատես:

Մարդն էլ ընդունվում է ինչ-որ բուհ, աշխատում է ինչ-որ տեղ, ապրում է ինչ-որ կյանք, ունենում ինչ-որ երեխաներ, խորհուրդ տալիս ինչ-որ մասնագիտություն...

Հարյուրավոր մարդիկ բուհ են ընդունվում արդեն այն գիտակցությամբ, որ երբեք իրենց մասնագիտությամբ չեն աշխատելու:

Ամեն օր հայտնվում են աշխատանքային հայտարարություններ ինտերնետում ու թերթերում:

Օրինակ` Պահանջվում է գործավար։
Կրթությունը` բարձրագույն:
Սեռը` նշանակություն չունի:
Պարտադիր լեզուների իմացությամբ:
Համակարգչային գիտելիքներով:

Ու հազարավոր ինքնակենսագրություններ լցնում են նշված էլ. փոստը, որովհետև այս պահանջներին համապատասխանում է և՛ իրավաբանը, և՛ միջազգայնագետը, և՛ արևելագետը, և՛ լեզվաբանը, և՛ բանասերը, և՛ ... , և՛ ...

Ինչպե՞ս ընտրել...

Հա, ի միջի այլոց, ո՞րն է համակարգչային գիտելիքների սահմանը: Մարդը, որը սոցիալական ցանցեր է մտնում, արագ գրում է լատինատառ հայերենով ու մի երկու անգամ նկար է փոքրացրել ու ներբեռնել, գրում է՝ ինտերնետի ակտիվ օգտագործող եմ: Մարդը, որը բացում է MS Word ու տեքստ է հավաքում ու տպում, գրում է՝ տիրապետում եմ MS Office: Ու գրում են այն տրամաբանությամբ, որ կարևորն այն է, որ կանչեն հարցազրույցի. տեղում «մի բան կանենք»:

Հարց է ծագում` ինչու են մարդիկ ընդունվում բուհ, եթե չունեն համապատասխան տվյալներ: Մարդիկ, որոնք կարող են դառնալ հրաշալի... Բայց հրաշալի ի՞նչ: Որտե՞ղ աշխատեն այդ հրաշալի մասնագետները: Հայաստանի ո՞ր գործարանում, ո՞ր ֆաբրիկայում, ո՞ր արտադրամասում, ո՞ր ավիացիոն ինստիտուտում...

Ու հարցի պատասխանն էլ ինքնաբերաբար բարձրաձայնման կարիք չունի:

Մնում է ընդունվել ինչ-որ բուհ, ավարտել ինչ-որ ֆակուլտետ ու գնալ աշխատելու ինչ-որ ծանոթի մոտ ոչ մասնագիտությամբ, մինչև «մի բան կլինի»:

Ու այսպես «մի բան անելով» էլ ապրում ենք...

Հրապարակված է՝
Չորեքշաբթի ցերեկ, Մարիա
--

3 comments:

  1. Մարիա, սաղ դարդերս տվիր իրար ։(

    ReplyDelete
  2. Tatevik Zargaryan04 March, 2011 13:34

    այ սենց էշ էշ պարում ենք, հետո ել բողոքում ենք թե ինչի մեզ չեն հարգում ու չեն ընդունում ուրիշ երկրներում, իսկ են լավ երեխեքն ել որ ունենք թողնում գնում են, որովհետեվ գիտեն որ շատ բանի չէն կարող հասնել սեփական երկրում իրանց գիտելիքի ու ՛խելքի շնորհիվ

    ReplyDelete
  3. Hovhannisyan Mary04 March, 2011 13:34

    Լավ կլինի, որ մարդիկ դպրոցն ավարտեն, մի տարի ման գան, հետո մտածեն ուր ընդունվեն ու ինչ դառնան: Ոչ թե դիմեն Համալսարանի պատմական ընկնեն մանկավարժականի նախադպրոցական 8-րդ հայտով

    ReplyDelete