Tuesday, February 15, 2011

Ուրեմն էլ հնարավոր չէ ...

Երեկ, նախորդ օրը, նույնիսկ այսօր առավոտյան գիտեի ինչի մասին ու ինչի համար էի գրելու: Հիմա նույնպես գիտեմ. դրանք մի քանիս են, միմյանց հետ և կապակցված են և անջատ միմյանցից: Հայկ Ք.-ի վերջին «ուղղումից» հետո հիմա նոր ձևակերպում ունենք՝ «բռնակալությունդ բռնակալություն չէ»: Իսկ կապակցված են հենց այդ բռնակալության շուրջ:

Ընկերոջս մասին եմ գրելու. իսկ գրելու եմ, որովհետև նա գնում է, ավելի շուտ որոշել է գնալ: Որոշել էր շատ ավելի վաղ, դեռևս դեկտեմբերին, երևի ավելի վաղ, այդ ժամանակ էլ էի տխրել, հետո մի պահ դադար, ու հանգստացա, որ միգուցե վերանայել է իր որոշումը, հիմա նորից է ուզում գնալ:

Զգացում ունեցած կլինեք, երբ հոգնած եք, շատ հոգնած, իսկ պատճառը հոգում է, հոգին է հոգնած, հոգին շնչել, շարժվել, այս ու այն կողմ նայել, կենդանության նշաններ ցույց տալ չի ուզում: Հոգին քնել անգամ չի ուզում, ոչ մի բան չի ուզում, ոչ մի բան էլ չգիտի ու չի էլ ուզում իմանալ ինչու ոչ մի բան չի ուզում: Հոգին մարել է ...

Իսկ դուք ասում եք բառերը ուժ չունեն ...

Պիտի որ նորմալ լինի գնալը, եթե գնալը «շարժունություն» ենք անվանում, ինչն ամեն կերպ ու նորմալ հասարակությունների կողմից խրախուսվում է, իսկ «շարժունությունը», հավատացեք, քոչվորության, պանդխտության, խոպանի մեկ այլ անվանում է, ոչինչ չասող ու վերաիմաստավորել փորձող դատարկ անվանում, դատարկ:

Իսկ դուք ասում եք բառերը ուժ չունեն ...

Հեշտ է իմ համար, գնացողը ես չեմ, միգուցե դեռ ես չեմ, որոշումը ես չեմ ընդունել, դեռ ես չեմ ընդունել: Միգուցե հեշտ է ... չեմ կարծում ...

Հեշտ է իմ համար, ես գրում եմ միայն, կամ գրելու եմ միայն, իսկ գնացողը նա է ... միգուցե հեշտ է, միգուցե ...

Կասեք, կամ Հայկ Զ.-ն կասի լիրիկա է:) Միգուցե ...

Ես գրում եմ, միգուցե թույլ ու անբան մարդու գործ է գրելը ... Մյուսները գնում են ...

Ես բարկանում եմ, ավելի շուտ ջղայնանում՝ իմ վրա ու էլի իմ վրա ու էլի ու էլի ու վերջում՝ աշխարհի՝ այսինքն էլի իմ վրա: Իսկ գիտեք ինչո՞ւ: Միգուցե ես բարկանալու իրավունք չունեմ՝ ես էի մի քանի տարի առաջ գնացել, տունը, առայժմ ոչ իմ տունը, շատ թե քիչ տաք է, չնայած ընկերոջս տունն էլ է տաք, բայց ես գրում եմ, լարվում է առավելագույնը մի քանի մկան ու մի քանի գորշին մոտ բջիջ, եթե բջիջները լարվում են ընդհանրապես:

Էլի եմ բարկանում, ավելի շուտ ջղայնանում՝ իմ վրա. ինչ եմ ես՝ ինքս, արել կամ անում կամ անելու նրա համար, մեզանից յուրաքանչյուրի ընկերոջ համար: Չգիտեմ ...

Իսկ ամենից շատ ջղայնանում եմ, որովհետև նա այլևս չի հավատում մեր բռնակալությանը, նա, ով մեզանից ամենից շատն էր եթե ոչ հավատում, ապա համագործակցում, համագոյակցում ու ապրում մեր բռնակալության հետ: Սա պաշտոնապես ու հեռուստաեթերից հնչում է որպես «աջակցություն փոքր ու միջին բիզնեսին»: Իսկ ընկերս, ահա, աջակցություն շարժունության մեջ է որոնում կամ ստիպված է որոնել՝ շնորհիվ բռնակալության: Աջակցում է մեր բռնակալություն, շատ է աջակցում:

Ջղայնանում եմ, որովհետև եթե ընկերս է արդեն գնում, ուրեմն այլևս հնարավոր չէ ...

Նա նա էր, ով մեզանից ամենապրագմատիկն է ... նա ես չեմ, որ կես խոսքից հավատամ, կես խոսքին հավատամ, նա ես չեմ, որ երբեմն կես խոսքով բավարարվեմ, նա ես չեմ, ով միայն ինչ-որ մի բլոգում է գրմրում: Չգիտեմ, ջղայնանում եմ, որովհետև եթե ընկերս է արդեն գնում, ուրեմն էլ հնարավոր չէ ...

Ջղայնանում եմ, որովհետև երկիրն է նրան կորցնելու, նրա ջանքը, աշխատանքը, եռանդը, նրա ապագան, նրա ընտանիքը, նրա հույսը, երեխաներին, երեխաների ապագան ... չգիտեմ:

Բայց ուրախ եմ, նրա համար եմ ուրախ, մարդու, հասարակ մարդու պես եմ ուրախ, ու հասարակ մարդու համար եմ ուրախ, որ նա գնում է ... նրա ջանքն այլևս առավել է լինելու, քան է, նրա եռանդն առավել եռանդ է լինելու, քան է, նրա ապագան ավելի ապագա է լինելու քան է, հույսն առավել հուսալի է լինելու, քան է, արժանին առավել արժանի է լինելու, քան է ... Առավել՝ քան է ...

Չգիտեմ, եթե ընկերս է գնում, ուրեմն հաստատ ինչ-որ մի բան արդեն այն չէ ...

Երկուշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Չգիտեմ, մարել է ...
--

4 comments:

  1. Ուզում եմ հարցնել բա չգնա, ի՞նչ անի:
    Պատասխանը գիտեմ, դրա համար էլ չեմ հարցնում:

    ReplyDelete
  2. Ջղայնանալ, Ս.Բ., երևի ՂԴԲ արմատով հայտնի բառը նկատի ունեք ։)

    ReplyDelete
  3. Samvel Karabekyan04 March, 2011 13:48

    Իսկ ես չգիտեմ, երևի, այդուամենայնիվ, պետք է ջղայնանալ՝ այս ծաղրանկարային դժգույն բռնակալության, որի հետ պայքարելը նույնիսկ տեղ-տեղ պատվազուրկ գործ է՝ պայքարելուց էլ ուզում ես, որ դիմացդ առնվազն գայլ լինի, և ոչ թե գերմանամուկ (ախր, հայերեն այնքան ազնվաբարո է հնչում այդ хомяк-ի անվաումը)...

    ReplyDelete