Friday, February 25, 2011

Դևին՝ դժոխքը

Ծայրահեղականությունից միշտ հեռու եմ եղել. երկու պատճառով. նախ՝ այն, ինչ ես ինքս անվանում եմ պրագմատիզմ, բառի փիլիսոփայական ընկալմամբ, ու հետո՝ վախ կամ ավելի շուտ երկչոտության: Վերջին բառն ավելի տեղին է նկարագրում իրավիճակը, որովհետև հենց մտնում եմ ընթացքի մեջ, էլ չեմ մտածում ու գնում եմ մինչև վերջին զաղը, մեր լեզվով ասած: Երկչում եմ հենց այդ ընթացքի մեջ մտնելու պահին. հետո շատ ավելի հեշտ է ու առանց պրագմատիզմի ու առանց հաշվարկների: Չեմ ասի տղայություն, ավելի շուտ՝ ղոչ:

Որպես վճռական ևս ինձ չեմ անվանի, միգուցե չեմ անվանի, տեղ չունեմ անվանելու. բայց կարծում եմ եկել է վճռականության պահը: Մի քանի շաբաթ առաջ շատ ավելի խոհուն ու շատ ավելի իմաստուն մեկը հորդորում էր ավելի վճռական լինել, աշխարհը վճռական մարդկանց կողմից է, աշխարհն ավելի վճռական մարդկանց կարիքն ունի: Վճռականն ավելի կարևոր է, քան հաշվարկներն առաջիկա մի քանի հնգամյակի կտրվածքով: Վճռականը կորցնելու բան չունեցող կամ չափազանց հաշվենկատ մարդու համար է:

Մտածում եմ, ինչ ունեմ կորցնելու. հիմա լիրիկային կտամ ու կասեմ՝ միայն լուծը ... Չգիտեմ ինչու բռնակալության տակ հասկանում եմ ու մյուսները նույնպես կարծում եմ հասկանում են ստալինյան տարիները կամ դրան մոտ տարիներ, պիտի պարտադիր ֆիզիկապես նվաստացնեն ու այս ու այն կողմ քշեն, որ բռնակալություն ընդունվի: Ժամանակները փոխվում են, բռնակալության ձևերը նույնպես: Ստալինյան բռնակալությունն այլ տեսք ուներ, Հայաստանի երրորդ հանրապետականը՝ մեկ այլ:

Խփենք բռնակալությանը, հավեսով ու մինչև վերջին զաղը: Խփենք ով ինչով կարող է, ով որտեղ հասցնի ու ինչղ հասցնի, գոտկատեղից ներքև ու վերև, ազնիվ ու անազնիվ, հավեսով ու անհավես, քնած ու արթուն:

Լեռներում սովորած ազնվությունն այստեղ տեղ չունի, քաղաք է սա ու փողոց՝ փողոցային իմաստով ... Կաթն ու մածունը փողոցայինների հետ շփման դեպքում, հայտնի է, շատ է պետք, չնայած եթե հաշվի ենք առնում, որ դիմացինը կագալ կերած է, փողոցայինի դեմ պայքարը բարդ է լինելու:

Բայց լեռներում մարդիկ համբերատար են ու երկար են պայքարում, շատ երկար ու ազնիվ են ու հիշաչար, շատ հիշաչար, նագլի ու քրդի կողով հիշաչար, որովհետև իրենց ազնվությունն է հարցականի տակ դրվում, իսկ դա ներել հնարավոր չէ: Հնարավոր չէ ներել, երբ քո փոխարեն ուրիշ մեկը քեզ կարծիք է վերագրում ու պարտադրում:

Հիմա ծայրահեղական է կամ արմատական կամ ինչ կուզեք անվանեք, թքած ունեմ ... Հերիք էղավ, բոլ էղավ ... Լեննական ճամբին մարշուտկի շոֆերը կըսեր՝ ինչխ որ մարդուն հադուգ քյադակ քըցեն, հերիք էղավ, ...ել են .... Քշեմ գը, մինչև վերջին զաղը բդի քշեմ, դևը մենակ դժողկից կվախենա, դևին բըդի դժողկի ճամբեն ցույց տալ:

Սրան որպես մանիֆեստի նայեք. հետևաբար, երկու նախնական դրույթ.
- ոչ ոքի մտքով չանցնի հանկարծ այս ամենի մեջ «լևոնականություն» տեսնել,
- փոխելու ենք ու փոխելու, մինչև խելքները գլուխները ու ոչ քամակներում հավաքեն:
Դե ուրեմն գործ ունենք, պարապ մնալը բան չէ:

Երկուշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Իսկ ճամբեն՝ ինֆորմացիա ու կանալ ...
--

6 comments:

  1. Ս.Բ., միայն այսօր կարողացա արձագանքել Ձեր մեկնաբանություններին. Մաեստրոյի հետ միանշանակ կհամաձայնվեմ, դա այն է, ինչ շատ ավելի լավ նաև իմ անունից ասել է Մաեստրոն։ Իսկ «լևոնական»-ի հետ կապված. ինքներդ գիտեք, պիտակները լեզվաբանության մեջ շատ հաճախ ստիպում են ասենք «ներկա ժամանակ» փնտրել այնտեղ, որտեղ այն ընդհանրապես չկա, կամ կա այնքանով, որքանով։ Կարևորն այստեղ փոխելու ու փոխված լինելու միջև հնարավորության ու վախի հարաբերակցությունը պահել կարողանալն է։ Մնացածն արդեն մեկնաբանության հարց է, չնայած հազիվ թե ասենք ՀՅԴ-ական հարթակում մենք սպասելիքներ ունենանք, գոնե հիմա։)

    ReplyDelete
  2. «Փակցվածք» վատ տերմին չէ, հը՞, Post-ի համար

    ReplyDelete
  3. Hovhannisyan Mary04 March, 2011 13:54

    Այնքան սիրտ կար մեջը, թևավորվեցի:
    Համով ա ստացվել

    ReplyDelete
  4. Samvel Karabekyan04 March, 2011 13:55

    Չստացվեց, Մարատ ջան, իմ մտքով անցավ, ու լավ էլ տեսա։) Գիտես, էդ էլ բարդույթի մի ուրիշ առեղծվածային տեսակ է՝ հանկարծ "լևոնական" չթվալ։ Անգամ եթե ինչ-որ մեկին թվաս՝ հետո՞։ Է թող թվա։ Քե՞զ ինչ։ Եթե, օրինակ, ես հիմա պնդեմ, որ շատ կուզեի, որ Արարատ սարը Հայաստանի ներկայիս սահմաններից ներս լիներ, ու ինչ-որ մեկը դրանում "դաշնակցականություն" տեսնի, է հետո՞։ Թող տեսնի։ Ասոցիացվում է ավանդորեն, դրա համար էլ կտեսնի։ Այդքանով ուրեմն ճիշտ կտեսնի։ Է ինչ անենք, որ հիմա հենց Լևոնն է ասում այն, ինչի հետ ես համաձայն եմ, ու ոչ միայն ասում է, այլ համապատասխանորեն վերածում է դա (այսինքն՝ այն, ինչի հետ ես համաձայն եմ), քաղաքական իրողության՝ հանրային խոսույթի, զանգվածային գործողությունների, քաղաքական գործոնի։ Այսինքն՝ այն, ինչ ես մտածում եմ, դառնում է քաղաքական գործոն՝ այդ, ինչպես դու կասեիր՝ "կանալով"։ Ես ոչ միայն բոլորովին չեմ վախենում "լևոնական" թվալ, այլ պարզապես հասկանում եմ, որ նման պիտակներ են դնում նրանք, ովքեր իրենք իրենց անվանում են "սերժական", "ռոբական" և այլն՝ արժեվորելով իրենք իրենց այս կամ այն թայֆային պատկանելով։ Նրանք այլ կատեգորիաներ չեն էլ պատկերացնում, դրա համար՝ قياساً ինձ կամ քեզ նույն կատեգորիաով են չափում։ Հո չեմ բացատրելու Գալուստ Սահակյանին, օրինակ, կամ մեր ընկեր Սուրեն Մնուկյանին, որ ես անձի չեմ պատկանում, ես որոշակի մտածելակերպ ու քաղաքացիական դիրքորոշում ունեմ, և եթե կա մի հարթակ կամ պրոցես, որտեղ դա այս կամ այն չափով կարող է նյութականանալ, ես այնտեղ եմ։ Եթե իրենց հարմար է թող ինձ "լևոնական" համարեն։ Մեկնաբանության հարց է ի վերջո։ Թողնենք այդ կարգի վախերը, Մարատ ջան։

    ReplyDelete
  5. Samvel Karabekyan04 March, 2011 13:56

    Իսկ փակցվածքդ, ինչպես և Դիմագրքի վերջին բոլոր մեկնաբանություններդ և կարգավիճակներդ շատ-շատ լավն էր։

    ReplyDelete
  6. Samvel Karabekyan04 March, 2011 13:56

    Առավոտյան սուրճ խմելիս Դիմագիրքն էի "թերթում", ու հանկարծ գտա Օհան Դուրյանի այս ձևակերպումը։ "Լևոնական" կամ "այսինչական-այնինչական" լինելու-չլինելու մասին սպառիչ կերպով ասված է՝ "Կա՛ ավազակապետություն եւ նրա դեմ պայքարող ժողովուրդ։ Ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ, ո՛չ էլ տասներորդ ուժի անհրաժեշտություն չկա՛։ Դա ժողովրդին մաս-մաս անելու, խաբելու նպատակ է հետապնդում։ ... Եկեք միասին, բոլորով գնանք դեպի իսկական ժողովրդավարական, նոր Հայաստան՝ առանց խաբեբաների, առանց կաշառակերների, առանց մարդասպանների։ Մի՛ մնացեք եւ մի՛ թաքնվեք ձեր խոհանոցներում ու բակերում։ Համախմբված դուրս լցվեք բոլորդ, ով խոցված է, վիրավորված, թալանված ու պարտադրված արտագաղթելու։"

    ReplyDelete