Давно сказано, что люди рождаются на свет последователями либо Аристотеля, либо Платона. Иными словами, всякий спор на более или менее отвлеченную тему входит в давнюю и бесконечную полемику Аристотеля и Платона; через века и пространства сменяются имена, наречия, лица, но не извечные противники. Эта скрытая преемственность лежит и в истории народов.
Փիլիսոփայությունը զուտ դատողությունների անբովանդակ գիտություն է՝ գրեթե նույնքան վերացարկված, որքան մաթեմատիկան։ Այլ կերպ ասած, փիլիսոփայական յուրաքանչյուր դրույթ ու սահմանում դառնում է ունիվերսալ կլիշե, որը հնարավոր է լցնել ցանկացած պարունակությամբ ՝ գրականագիտական, աստվածաբանական, լեզվաբանական, իրավագիտական,քաղաքագիտական և այլն... Ուզած բանավեճ, ցանկացած խորհրդածություն ի վերջո հանգում է միևնույն խաչուղուն՝ իդեա, թե՞ մատերիա։
Եգիպտոսն օրեր առաջ ցնցվում էր ըմբոստությամբ, ընդ որում ցնցվում հիմքերից։ Եգիպտոսը, որ վերջին տասնամյակներում ավանդապես եղել է անգլոսաքսական քաղաքակրթության հենարանը խորթ Արևելքում, դրա պատվարն ու էքսպանիսայի պլացդարմը, ակնթարթում սուզվեց քաոսի և անկառավարելիության հորձանուտը, որտեղից սովորաբար վեր են հառնում կերպարանափոխված։
Ընդ որում, տրանսֆորմացիան միշտ չէ, որ ենթադրում է մաքրազտում և առաջընթաց։ Հենց այս գիտակցումն է, որ ընկած է Արևմուտքի շփոթմունքի հիմքում։ Ինչպիսի՞ն է լինելու ըմբոստ Եգիպտոսի ապագան «խռովության» հանգուցալուծումից հետո։ Կրկին հավատարիմ ու զինակից, թե՞ ծայրահեղական և մերժող։
Եվ կրկին, պատասխանն ամփոփված է հավերժական, անփոփոխ հարցադրման վերջում. Մատերիա, թե՞ Իդեա։
«Համաշխարհային» մտավախության համար առաջին պատճառը «Մուսուլման եղբայրներն» են ու իսլամի կանաչ զորադրոշները, որ սպառնում են փողփողալ երբեմնի աշխարհիկ Եգիպտոսի գլխին։
Իրականում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչպիսի կարգախոսներ են գրվելու ապագա Եգիպտոսի դրոշին՝ աշխարհիկ, թե իսլամական։ Կարևոր չէ, թե ով է վերջում գալու իշխանության՝ իսլամիստները, թե բարադեյական թևը, կարևոր է, թե ինչպիսին էր հեղափոխությունը, ի՞նչն էր դրա հիմքում՝ Մատերիան, թե՞ Իդեան։
Նույն իսլամական կարգախոսները, որոնցից այսօր խորշում է Արևմտյան քաղաքակիրթ ողջ աշխարհը, երկու հարյուրամյակ առաջ դարձան եգիպտական վերածնունդի շարժիչ ուժը։ Դրանցում ամփոփվոց ժամանակի ամենաառաջավոր գաղափարները՝ Ազատության, Հավասարության, Եղբայրության երազանքը։ Այդ նույն իսլամական կարգախոսների ներքո ընթացավ եգիպտական ազգի զարթոնքն ու պայքարը անգլիական գաղութատիրական ինտեվենցիայի դեմ, այդ նույն իսլամի լեզվով եգիպտացի լուսավորիչները արաբական հասարակական գիտակցության մեջ ներդրեցին «հանրային դաշինքի» ու «բնական իրավունքների» սրբազան դրույթները։Մինչդեռ նախորդ դարի սկզբին Ռուսաստանում ամենավեհ ու բարեգութ նպատակների քողով կատարվեցին ամենամեծ հանցագործությունները։
Իսկ պատճառը մեկն է։
Հեղափոխությունները, ինչպեսև մարդիկ, ծնվում են որպես Պլատոնի կամ էլ Արիստոտելի հետևորդ։
Դրանց հիմքում երբեմն լինում է Իդեան, այսինքն հեղափոխությունը սկզբում ծավալվում ներսում՝ վերափոխելով գիտակցությունն ու արժեքները։ Եվ այդ դեպքում յուրաքանչյուր գաղափարախոսություն, անգամ ամենահետադիմականն ու արմատականը, վերածվում է մարդկանց համախմբող ստեղծարար գործիքի։ Այդպես էր 19-րդ դարի Եգիպտոսում, երբ «հետադիմական» իսլամը դարձավ հանրային գիտակցությունում ընթացող արմատական տեղաշարժերն ինստիտուցիոնալացնելու և լեգիտիմացնելու գործիք, այդպես էր (է) Արևելյան Եվրոպայում, երբ ազգայնականությունը դարձավ ռուսական կայսերապաշտաական հավակնություններին հակադրվելու, ինքնությունը պահպանելու և եվրոպական քաղաքակրթական օրրան վերադառնալու մեխանիզմ։
Ցավոք, ավելի հաճախ պատահում է, որ հեղափոխության հիմքում դրվում է Մատերիան։ Այսինքն, բնազդներից ծնված ցասումն ու կատաղությունը հորդում է նյութական աշխարհ՝ ծնելով ավերածություն ու սպանդ։ Սովից, բռնություններից ու ցավից գազազած ամբոխը կործանում է ամեն ինչ՝ մղվելով բնազդային պահանջները բավարարելու ցանկությամբ։ Այդպես էր Իրանում 1979 թ.-ին, այդպես էր Ռուսաստանում, 1917 թ.-ին։ Այդ դեպքում անգամ ամենավեհ գաղափարը վերածվում է չարիքի, իսկ դրա կրողը ժողովուրդը դառնում է կառավարելի ամբոխ։ Եվ հեղափոխությունը դառնում է արհավիրք՝ անիմաստ ու դաժան։
Եվ բոլոր երկարաշունչ կանխատեսումներն ուվերլուծությունները, թեժ քննարկումները, բանավեճերը, որոնց առանցքը խռովահույզ Եգիպտոսի ապագան է, ըստ իս, կարելի հանգեցնել մեկ պարզ, բայց հավերժական հարցի՝ Մատերի, թե՞ Իդեա։
Հայկ, Կիրակի իրիկուն
--
Լավն էր ու տարբերվող. քննարկումների տեղ կա՝ հեղափոխության ու դրա անհրաժեշտության փիլիսոփայության մասով։
ReplyDelete