Monday, January 31, 2011

Գիտնականի թանաքի և մարտիրոսի արյան մասին: մաս առաջին

Ողջույն, հարգելի ընթերցող, այլևս բուռն քննարկումների ակնկալիքով գրելու եմ ազգայնականության, ազգային գաղափարախոսության, պետության, ազգի, հայրենիքի, սփյուռքի, ցեղասպանության և նման այլ թեմաներով, որոնք իմ ուղեղն արդեն երկար ժամանակ խառնել են իրար, և բլոգում գրելու մեթոդով ուզում եմ ձերբազատվել ինձ տանջող մտքերից, որոնք հուսով եմ .... չգիտեմ ինչ եմ հուսով... Մի խոսքով` սկսեմ, ընթացքը ցույց կտա:

Ազգայնականության մասին ուսանողների հետ քննարկումների առաջին իսկ րոպեներին սկսում է շրջանառվել հայրենասիրություն բառը, որին ես խնդրում եմ շատ ուշադրություն չդարձնել վերջինիս ավելի հուզական և պակաս մշակութային կամ քաղաքական եզր լինելու պատճառով: Պետք է նշեմ սակայն, որ ինքս միշտ ցանկացել եմ ծավալվել այս թեմայով: Եվ այսպես, ի՞նչ ասել է սիրել հայրենիքը:

Երբ սիրում ես քո հայրենիքը, ապա ամենաքիչը հակված ես մնալու և ապրելու քո հայրենիքում, և այս իմաստով անգամ կույր, չգիտակցված, պրոպագանդայի ազդեցությամբ ձեռք բերված կամ թեկուզ ուռահայրենասիրությունը, որը ներհատուկ է բնակչության N զանգվածին, նպաստում է բնակչության թվի բնական աճին, ինչը, բնականաբար, երկրի բնականոն կենսագործունեության նախադրյալներից մեկն է:

Այլ հարց է գիտակցված սերը: Կամ, այլ կերպ ասած, կարելի՞ է արդյոք սիրել մեր հայրենիքը, որը նախկինում կոչվում էր թշվառ անտեր, իսկ հիմա՝ ազատ անկախ: Ազատ անկախ, բայց հայրենիք, որի որդիների 40%-ից ավելին, այսինքն՝ մոտ ամեն երկրորդը, խորապես թքած ունի նման ազատության ու անկախության վրա և ամեն վայրկյան պատրաստ է լքելու էս հայրենիքը՝ տասնյակ հիմնավորումներով ապացուցելով իր դիրքորոշման ճշմարտացիությունը: Այս զանգվածը բավականին լուրջ զանգված է, և եթե մի օր նրանց ցանկությունն իրականություն դառնա, ապա նրանք, ովքեր սիրում են էս հայրենիքը, սիրելու բան այլևս չեն ունենա, քանի որ մենք բոլորս պարզապես կկորցնենք մեր հայրենիքը:


Ես չեմ ուզում կորցնել այս հայրենիքը, ավելին` ուզում եմ ապրել այստեղ: Ես որպես մարդ կայացել և կայանում եմ այս հայրենիքում կամ, պարզ ասած, տարածքում, որի վրա ապրում են ինձ նման մարդիկ և որի վրա ձևավորված է մի մշակութային միջավայր, որն ինձ և ինձ նման մարդկանց հոգեհարազատ է:


Ես որպես տեսակ ուզում եմ գոյատևել, և դա բնական է: Իմ տեսակը սիրում է էս հայրենիքը, քանի որ հայրենիքն իմ հարազատներն են, ինձ շրջապատող մարդիկ, իմ ծննդավայրն է, իմ լեզուն, իմ եկեղեցին: Եվ, դիցուք, եթե վտանգված են իմ հարազատները, ապականվում է իմ ծննդավայրը, հուսալքվում և ստորացվում են ինձ շրջապատող մարդիկ, հետին պլան մղվում իմ լեզուն կամ բարոյազրկվում իմ եկեղեցին (ճիշտ և ճիշտ այսօրվա հայաստանյան իրականությունը), ես չեմ ուզում փախչել իրականությունից, այլ ուզում եմ մնալ և պայքարել և իմ պարտքն եմ համարում պաշտպանել այս արժեքները, այլ կերպ` պաշտպանել իմ ինքնությունը:


Այսպիսով, իմ պատկերացմամբ հայրենիքը եվ ինքնությունը օրգանական կապի մեջ են, իսկ հայրենասիրությունն ու ինքնասիրությունը` հոմանիշներ: Առաջին հայացքից առերևույթ, հուզական այս հասկացությունը փաստորեն մարդուն գործողության մղող կամ մարդու գործողությունները պայմանավորող բավականին նյութական երևույթ է: Քիչ էր մնում մոռանայի … նայած մարդու:


Ինչպես իրական ինքնասիրությունն է ներհատուկ քչերին, այնպես էլ՝ հայրենասիրությունը: Բայց միևնույն է՝ այս քչերն են կերտում պատմությունը:


Իրական ինքնասիրությունը որոշակի պայմաններում ենթադրում է կոնկրետ գործողություն, ինչպես իրական հայրենասիրությունը: Եթե այս երկրում մնացել է երկու արդար տերտեր, ապա պետք է կանգնել նրանց կողքին և նրանց հետ միասին քարոզել բարոյականություն, եթե մնացել է երկու անբասիր ուսուցիչ, ապա պետք նեցուկ լինել նրանց և արժանավոր սերունդ կայացնել, եթե մնացել է երկու անկաշառ ոստիկան ու դատավոր ապա... դժվար էլ մնացած լինի:


Ազատ անկախ մեր հայրենիքում, ցավոք, գնալով ավելի ու ավելի քիչ իրական արժեքներ են մնում, և ինքնասիրություն ունեցող մարդիկ պարզապես պարտավոր են անցնել գործի:

Շարունակելի...

Կիրակի կեսգիշեր, օդի ջերմաստիճանը մեր հայրենիքում՝ +3, օդի հարաբերական խոնավությունը` շատ հարաբերական:) Արտակ Սաղաթելյան

Հ.Գ. Վերջապես գրեցի
--

8 comments:

  1. Omnia Vanitas_ի մոտ հանդիպեցի, չեմ կարող չմեջբերել, շատ հավանեցի «էսօր մի տեղ կարդացի. "Когда государству что-то от тебя нужно, оно называет себя Родиной"»

    ReplyDelete
  2. Hovhannisyan Mary04 March, 2011 13:28

    Կիրակի կեսգիշեր, օդի ջերմաստիճանը մեր հայրենիքում` +3, օդի հարաբերական խոնավությունը` շատ հարաբերական:

    ReplyDelete
  3. Betty Panossian-Ter Sarkissian04 March, 2011 13:29

    Like, like, like

    ReplyDelete
  4. Aramazd Ghalamkaryan04 March, 2011 13:30

    հայրենասիրություն = ինքնասիրություն բանաձեւին իհարկե կողմ եմ: մյուս կողմից, կուզեի խոսեիր «որպես մարդ արժանապատվություն» VS. հայրենասիրություն թեմայով: Այսինքն՝ Հայաստանից հեռացող մարդիկ գուցե ավելի՞ մեծ մի բան են փնտրում... արժանապատիվ, սովորական մարդկային կյա՞նք: Ի՞նչ կասես:

    ReplyDelete
  5. Anna Pokhsraryan04 March, 2011 13:30

    Likeeeeeeeeeeeeeeeeeeeee!!!!!!!!!!!

    ReplyDelete
  6. Samvel Karabekyan04 March, 2011 13:31

    Արձագանք-շարունակությունը՝ գրառմամբ ։)

    ReplyDelete
  7. Tamara Mirzoyan04 March, 2011 13:32

    "Այսպիսով, իմ պատկերացմամբ հայրենիքը եվ ինքնությունը օրգանական կապի մեջ են, իսկ հայրենասիրությունն ու ինքնասիրությունը` հոմանիշներ:" հանճարեղ էր!!!!!!!

    ReplyDelete
  8. Impressed!

    ReplyDelete