Tuesday, January 18, 2011

Ուղղակի

Կյանքում լինում են պահեր, երբ ակամայից սկսում ես հասկանալ շատ կարևոր ու ճակատագրական բաներ: Թե ինչը ստիպեց հենց ինձ հենց այսօր հասկանալ, երկար ու ձանձրալի կլինի պատմել ու առավել ևս գրել: Այդ իսկ պատճառով անցնենք մեր ոչխարներին: Բոլոր կանայք մի օր հասկանում են, որ շատ կարևոր է կյանքում ունենալ ինչ-որ հենարան, այնպիսի մի հենարան, որի վրա հույս կդնես միշտ ու վստահ կլինես, որ քեզ անպայման կօգնի: Բացարձակապես բոլոր կանայք են ուզում ունենալ այդպիսի մի հենարան, բայց դե ուզելը մեր օրերում շատ էլ բավարար չէ:

Տղամարդու իդեալ հորինելիս պետք է հաշվի առնել իրական կյանքում նրա նախատիպի գոյություն ունենալու հավանականությունը: Լավ է իհարկե, երբ ամեն ինչ այնպես է, ինչպես ուզում ես, բայց վտանգ կա, որ ուզածդ հորինված ուզած է, իսկ իրականում կա կերպար, որը հորինվածք է: Այսինքն երբ շատ ես ուզում ինչ-որ բան, սկսում ես մարդուն վերագրել գոյություն չունեցող հատկանիշներ:

Ես նկատել եմ, որ կանայք ինքնախաբեության հրաշալի հատկություն ունեն, ինչը արտահայտվում է մասնավորապես սիրելի տղամարդու թերությունները որպես առավելություններ ներկայացնելու անհամ սովորության մեջ: Ստացվում է այնպես, որ մարդն ուղղակի հորինվածք է, այսինքն` կաղապար, որը պետք է որ ներսից այնպիսին լինի, ինչպիսին որ ուզում ես կամ կարծում ես, թե ուզում ես, բայց իրականում որոշ ժամանակ անց, երբ սիրո քիմիական ազդեցությունը մի փոքր թուլանում է, այսինքն հորմոններն ավելի քիչ են խփում գլխիդ, սկսում ես նկատել քո պաշտելի տղամարդու անտանելի թերությունները ու կանգնում ես երկընտրանքի առաջ:

Մի կողմից մարդ է, որի հետ ունես անցած ուղի, հաճելի պահեր ու մի զգացողություն, որը ստիպում է ատամները լվանալուց հետո կամ առաջ անպայման զանգել այդ մարդուն: Ու շատերն այդ սովորության ուժով շարունակում են զանգել այդ մարդուն` խեղդելով ազատ հոգու ճիչը, որը պահանջում է վերջ դնել այդ անիմաստ կապին:

Մյուս կողմից կա մարդ, որն ազդում է նյարդերիդ իր հիմար պահվածքով ու թերություններով, ու դու արդեն ցանկություն անգամ չունես թաքցնելու վերաբերմունքդ:

Ընդ որում մեր ամենակարող հասարակությունը միշտ գովաբանում է այն կանանց, որոնք սովորույթի ուժով շարունակում են պահպանել հարաբերությունները միայն նրա համար, որովհետև կա անցյալ` առանց հաշվի առնելու այն փաստը, որ ուրիշ մեկի հետ կարող է լինել աննման պայծառ ապագա: Սա ես սովորաբար կոչում եմ վարդագույն ակնոցի փշրում (հասկանում եմ, որ հոգեբանական տերմիններ հորինելու իրավունք չունեմ ու չեմ էլ հավակնում, ուղղակի վարդագույն ակնոցի փշրումը մի տեսակ առօրեական հնչեց: Ինչևէ):

Դառնալով տղամարդկանց թեմային` նշեմ, որ նրանք ևս որոշակի տարօրինակություններ ունեն թերությունների ու վարդագույն ակնոցի ոլորտից: Նախ կինը, որպես այդպիսին, սկզբանական շրջանում միշտ ավելի նյութական (ոչ հոգևոր իմաստով) երևույթ է, այսինքն` գնահատվում է արտաքինը: Շատ տղամարդիկ չեն էլ հասնում ներքինի բացահայտմանը, որովհետև արագ ձանձրացնում են: Երբ կինը գեղեցիկ է, նա գրավիչ է, եթե պատկերացումներիդ չի համապատասխանում, ցավալի է:

Տղամարդիկ հակում ունեն կանանց ոչ միայն հորինելու, այլ նաև ստիպելու, որ նրանք հենց այդպիսին դառնան: Քանի անգամ լսած կլինեք` ես սիրում եմ, երբ աղջիկը այս բանն այսպես է անում, այսպես է հագնվում, այսպես է իրեն պահում այս միջավայրում:

Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ տղամարդիկ սխալ պատկերացում ունեն ընդհանրապես կանանց պահվածքի ու մտածելակերպի վերաբերյալ, բայց վերջերս հայտնաբերեցի, որ չարաչար սխալվում եմ. պարզապես ինքս կանանց մեծամասնության մտածելակերպը չունեմ:

Ահա մի շատ հետաքրքիր հանգամանք: Մեր կանանց մեծ մասը պահպանում է ձևականությունների սահմանն այնքանով, որքանով դա նախատեսված է ընդհանուր նորմերով: Այսինքն` եթե տարբերակ լիներ չպահպանելու, նրանք միայն երջանիկ կլինեին:

Այս զարմանալի բացահայտումն ինձ հնարավորություն տվեց հասկանալու տղամարդկանց պահվածքը և նրանց` ի սկզբանե որսորդի բնազդը: Եթե կա որս, որը թաքնվում է, ձևեր է թափում, ապա պետք է ջանք թափել ու որսալ: Ի վերջո եթե կինն իրեն որս է զգում, ուրեմն պիտի թույլ տալ, որ վազվզի:

Փաստը չափազանց կալեկոծեր ինձ հիմա, ինչպես որ ալեկոծում էր մի որոշ ժամանակ առաջ, եթե չլիներ զարմանալի մի խոսակցություն, ես կասեի` տիպիկ կանացի բամբասանք, որը բացեց իմ աչքերը մեկընդմիշտ: Խոսակցության մանրամասները թերևս հետաքրքիր չեն, բայց այն փաստը, որ հայ միջին վիճակագրական աղջիկը (եթե կարելի է այդպես արտահայտվել) նորմալ է համարում իր հավանած տղային որոշ չսահմանված ժամանակ «տանել-բերելը» միայն նրա համար, որ հանկարծ հասանելի աղջկա տպավորություն չթողնի, դեռ ավելին` հայ նույն միջին վիճակագրական տղան էլ դա նորմալ է համարում ու դեռ իր սուրբ պարտականությունն է համարում արտահայտվելու այդ թեմայով, այն է թե` աղջիկ է, պիտի թանկացնի իրեն, ինձ ուղղակի ցնցեց մինչև որտեղ կհերիքի մարդկային երևակայությունը:

Ակամայից հիշեցի ինձ համար գեղարվեստական առանձնապես ոչ բարձր արժեք ներկայացնող մի ստեղագործության հերոսուհու միտքը, որի իմաստը մոտավոր սա էր. ես կստիպեմ, որ դադարեք ինձ նայել որպես ծախու ձիու (ներողություն եմ խնդրում հեղինակից խմբագրման համար):

Այսպես էլ ձախու ձիու կարգավիճակով ապրում են կանայք` մտածելով, որ հենց այդպես էլ պետք է լինի:

Ես շատ եմ մտածել մեր հարաբերությունների ու հակասությունների մասին, հարց եմ տվել ինձ, թե որտեղից են ի վերջո դրանք ծագում: Ինչու՞ են որոշ բաներ մեր կյանքում հենց այսպես ու եկել եմ այն եզրակացության, որ այս վիճակը երբեք էլ չի փոխվի: Ծախու ձին, որպես կանոն, ծախու ձի է դաստիարակում, որսորդը` որսորդ:

Նման պայմաններում դժվար է գտնել իսկական հենարան: Մնում է միայն հորինել, որ կողքինդ հենց այն է, ինչ պետք է, իսկ դրանից առաջ չմոռանալ թանկ գնով ծախվել հարմար որսորդի...

Երեքշաբթի կեսօր, Մարիա

Հ.Գ. Կգտնվեն կանայք, որոնք ինձ հետ համաձայն չեն, ավելին կասեմ` հաստատ կան: Ինչպես հոգեբանական թեստերն են համառորեն պնդում, ես տղամարդու բնավորություն ունեմ. մի նեղացեք:)
--

2 comments:

  1. Tatevik Zargaryan04 March, 2011 13:15

    lav yes el kartahajtvem, teman shat chihst u shat ardiakan e, vorovhetev karam asem vor mez chisht chen dastirkaum. Aghdziknerin cnoghnery pahum en shat pak u nershnchum vor aranc tghamardu u amusnu inqy vochinch a, u voch mek chi hargi qez... ete inch vor konkret tariqic heto chamusnanas (ete ches amusnanum aseqn minchev 28 uremn lriv tany mnacac es). Dranic el galis e 1. aveli lav a amusnanam qani inch vor meky ka qanc te sagh asen vor yes tany mnacac em. 2. togh voch voq chimana vor im tany anhashtutjunner kan vorovhetev, ete yes bajanveci yes vochinch chem kara anem, im erekhenaer indz chen hargi harazatners indzanic eres kteqen
    U sagh galis e dastirakutjunic, vorovhetev aghdzka hamar amot a bajanvac linely, aveli lav a vor amusiny chsiri, khmogh lini u ceci (sranq cajrahegh depqern en), qanc te bajanvel, vor erekhaneri u qo glkhin amur henaran lini.
    Isk da najev galis e ajn banic vor shat shat aghdzikner ughaki normal krdutjun chunen, normal pogh chen vastakum, dra hamar el kaghvac en iranc amusineric u cnoghneric u stipvac el mi masy hashtvum e, isk mjus masn el ete hnaravorutjun uni bajanvum e

    ReplyDelete
  2. Հետաքրքիր էր։) Դպրոցական տարիների ինչ-որ հիշողություններ եկան, հետո գնացին, հետո եկան, հետո գնացին ։)

    ReplyDelete