Friday, January 28, 2011

Հայացք անցյալից կամ դասավորում էի գրադարակս

Գրադարակս էի դասավորում ու դպրոցական շարադրությունների մի տետր գտա: Հետաքրքիր մտքեր շատ կային, պայծառ, բարի ու պատանեկան մաքսիմալիզմով լի: Կարդում էի ու չէի հավատում, որ ես եմ գրել: Մեջբերեմ մի գրվածք: Նամանավանդ, որ նպատակ ունեի հայրենիքի ու հայենիքից հեռանալու թեմային անդրադառնալ:


Բանակի դերը պետության պաշտպանության գործում
Ստեղծագործական շարադրություն

Բանակը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար: Հզոր բանակը պետության հզորության երաշխիքներից մեկն է: Որքան էլ հզոր լինի պետության տնտեսությունը, առանց զինվորների արիության ու մարտական ոգու հաղթել անհնար է: Իզուր չեն ասում` ամենահզոր զենքը զինվորի ոգին է:

Դարեր ի վեր պետությունները պատերազմում են, զինվորները զոհվում են հանուն հայենիքի պաշտպանության կամ նրա սահմանների ամրապնդման:

Հայոց բանակի քաջության ու կորովի խորհրդանիշ է Ղարաբաղյան շարժումը: Սա մի ժամանակաշրջան էր, երբ կազմավորվում էր մեր բանակը, երբ դժվար էր ապրել հայրենիքում ու շատերը լքում էին Հայաստանը` լավ կյանքի հույսով, բայց մեր բանակը դիմացավ բոլոր դժվարություններին. փոքր կամավորական ջոկատներով, սահմանափակ զենք զինամթերքով, բայց արի սրտով ու հայրենիքը պաշտպանելու գիտակցությամբ մեր բանակը փայլուն հաղթանակ տարավ:

Իհարկե բանակի քննադատությունները շատ են: Ասում են, որ բանակում ծառայելը երկու տարվա անիմաստ կորուստ է տղայի համար: Բայց մենք բանակին նայում ենք այսօր, այսօրվա աչքերով, երբ ամեն ինչ խաղաղ է, սահմանները պաշտպանված են, իսկ զինվորականները ամսվա ուղիղ կեսը անց են կացնում դիրքերում` ընտանիքից հեռու, կարոտում են իրենց կանանց, ծնողներին, երեխաներին, բայց հասկանում են, որ այդպես է պետք, որովհետև դա է նրանց պարտքը և աշխատանքը:

Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ պատերազմները ոչ միայն հնարավոր են, այլ նաև շատ դեպքերում ուղղակի անխուսափելի:

Զինադադարը չի կարող հավերժ տևել: Օրերից մի օր գուցե բոլորս էլ ստիպված լինենք պաշտպանել մեր երկրի սահմանները, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց դա հաստատ չենք կարող անել, եթե խուսափենք պարտադիր զինվորական ծառայությունից: Իհարկե բոլորը չպետք է զինվորական դառնան. յուրաքանչյուր մարդ ազատ է ընտրել այն մասնագիտությունը, որն իրեն դուր է գալիս, բայց դժվար պահին զենքով ու գրիչով հայրենիքը պաշտպանելը յուրաքանչյուրի պարտքն է:

Գրված է 2002թ. հունվար

Հիմա, երբ այս գրառումը կարդում եմ, հասկանում եմ, թե որքան պայծառ ու լուսավոր էին իմ պատկերացումները հայրենիքի ու հայկական բանակի մասին, որքան մաքուր ու ամեն օր լսվող «էստեղից գնալ է պետք»-ով չաղտոտված: Հիմա էլ առանձնապես գնալու ցանկությունից չեմ վառվում, բայց դե գիտակցում եմ, որ սա այն գնալը չէ, որ բոլորն են պատկերացնում ու նախանձնում` մտածելով, թե հավերժ մնալու եմ Հայաստանի սահմաններից դուրս, ապրեմ իրենց երևակայած ճոխության մեջ(գային տեսնեին էդ ճոխությունը):

Մեկ էլ շատ եմ նյարդայնանում, երբ լսում եմ` ում համար գնամ ծառայեմ ու հարկերը մուծեմ, ինչ ա արել էս երգիրը իմ համար վափշե (առանց խմբագրման): Ու շներին կապում, ինձ բաց են թողնում...

Դե հանգստանալուց հետո իհարկե մտածում ես` արժեր որ: Ասեիր` դու ինչ ես հայրենիքիդ համար ու քաշվեիր կողքի: Նման մտածելակերպի մարդիկ քանդում են մեր հասարակության հիմքերը, սխալ դաստիարակում երեխաներին, սերմանում նրանց մեջ արհամարհանք պետության նկատմամբ: Բայց ախր պետությունը անձ չէ, կուսակցություն չէ: Ազգերը դարերով պայքարում են պետականություն համար, իսկ մենք արհամարհում ենք, որովհետև չենք համակրում գործադիրին:

Իսկ վերջերս հայտնվել են խելոքներ, որոնք երազում են` ռուսը գար, թաթը դներ մեր վրա, հանգիստ ապրեինք էլի... Այ քեզ, դե արի ու մի ասա, դեբիլ մտածելակերպ: Այսինքն օտարը գա, նստի տանդ մեջ ու քեզ ասի ինչ անես, դու էլ հրամաններ կատարես ու երջանիկ ապրե՞ս:
Ինձ իրավունք չեմ վերապահում փիլիսոփայելու ստրկամիտ մտածելակերպի մասին: Երևի ավելի շուտ ռուսական թաթի մասին երազում են խորհրդային Հայաստանից ու ԽՍՀՄ-ից գոհ ու լավ դիվիդենտներ ստացած մարդիկ, ու պետք էլ չի իրենց մեղադրել. երևի դժվար է սովորել փոփոխություններին:

Շատ ժամանակ կպահանջվի մինչև մարդիկ կհասկանան ռուսական ստրկության և ռուսամետ քաղաքանության տարբերությունը կամ չեն էլ հասկանա:

Մարիա, Ուրբաթ կեսօր
--

No comments:

Post a Comment