Օրն ուրբաթ է, ինչպես կռահեցիք, արդեն իրիկուն, շատ իրիկուն, այնքան իրիկուն, որ արդեն լույս շաբաթ է։ Տանը ես ու Դավիթն ենք, Լիլիթ Պիպոյան ենք լսում. ինձ դուր է գալիս, Դավիթի՞ն՝ չեմ կարող երաշխավորել, նա դեռ «գժություններ» է անում ու այնքան է անելու, մինչև հոգնի ու քնի։ Ինչպես միշտ, հարցեր է տալիս ու հարցեր, որոնք մանկական են ու ոչ այնքան մանկական։ Մեծանում է Դավիթը, արագ է մեծանում, իսկ դեռ երեկ այնքան փոքր էր։
Մենք դեռ զրուցում ենք, Դավիթը հարցերի նոր շարան է հիշել ու երկար շարան։ Նա վերջերս սկսել է ամենուրեք «ընկերներ» փնտրել, ինչպես, օրինակ՝ կոշիկը փողոցի ընկերն է, տանձը՝ խնձորի, ավտոն՝ կալոսի, նոթբուքը՝ նեթբուքի, մարդը՝ չգիտեմ, մանկապարտեզը՝ դպրոցի, շալվարը՝ կոշիկի, հեծանիվը՝ ավտոյի, պապիկը՝ Գագոյի, անկողինը՝ տեղաշորի. կուխնին՝ խոհանոցի, երկուսը՝ երեքի, երեքը՝ չորսի, ռետուզը՝ նասկիի ... «լավ հերիք ա»։ Դավիթն ուզում է, որ սա ուղարկեմ ես Ձմեռ պապին։ Հուսամ Ձմեռ պապը երբևիցե կկարդա Դավիթի այս ցանկությունը, իսկ Դավիթը սպասում է, թե ինչ է իրեն գրելու Ձմեռ պապը ։)
Ահա այսպիսի նախաբան. շարունակությունը տոնայնությամբ էականորեն չի տարբերվելու կամ ես եմ ուզում ու հույս ունեմ որ չի տարբերվի։ Երաժշտությունը, ամեն դեպքում համապատասխան է։
Facebook-ում չեմ ասի պատահաբար, ակամա աչքիս ընկավ, ընկերներից շատերը նկարներ էին ավելացրել, թե ով որտեղ է անցկացրել վերջին տոները։ Աշխարհագրությունը բավականին լայն էր ու «տպավորիչ»՝ Հռոմ, Լոնդոն, Հավայան կղզիներ, Փարիզ ու այսպես շարունակ։ Բայց աշխարհի ամենալավ տեղ գիտե՞ք որտեղ է՝ այնտեղ որը դու ինքդ ամենալավն ես համարում։ Իմ դեպքում շատ երկար փնտրել պետք չէ ... ։) Կարոտս Բայրոյթում գիտեք ինչպե՞ս էի այդ վայրից առնում. նոթբուքում մի ծրագիր ունեի, որը ցույց էր տալիս երկինքն այն բնակավայրի վրա, որի կոորդինատները տալիս էիր։ Դե պարզ է արդեն, թե ես որ երկինքն էի նայում ։
Մտածում ես, ինչո՞ւ ես տանը քեզ զգում այնպես, ինչպես զգում ես, այսինքն՝ ՏԱՆԸ։
Դավիթը քնեց, «խռմփացնում» է ։) Ինչ արագ են մեծանում նրանք ...
Ինչու եմ գրում այս ամենը. վաղը վերադառնում եմ Երևան, որտեղ, կարծեք թե ես եմ սկսելու կառուցել իմ տունը. ոչ բնակարանը, բնակարանն ուրիշն է կառուցում, ես տան մասին եմ խոսում։ Ու մտածում եմ, արդյոք այն նույնպես այնպիսին կլինի, ինչպիսին իմ համար իմ տունն է հիմա, այս պահին, երբ գրում եմ այս տողերը։
Տանը գիտեք ինչն է ձգում՝ տանը քեզ զգում ես ինչպես երեխա։ Երեխայի պես հանգիստ ես ու անհոգ երեխայական հոգսերով՝ խաղամ թե զոռով խաղից կտրվեմ ու գնամ հաց ուտելու։ Իսկ շրջապատում այնքան տաք է, «պեճկը» տաքացնում է և մարմինը և հոգին։ Օրերը թռչում եմ, աննկարագրելի արագությամբ, իսկ ամեն ինչ այնպես խաղաղ է ու հանգիստ, իսկ դրսում՝ արևոտ ու սառը։ Ամեն ինչ համ ու հոտ ունի՝ պեճկի մեջ հենց նոր թխված տաք հացը, ու եղբորս՝ Վրաստանից բերած գինին, ու հարիսան՝ ընկերների ու հորս հետ։
Պարզ բաներ են ...
Ի՞նչ է պետք մարդուն, կարծում եմ՝ քիչ բան ... հա՝ մեկ էլ կոմպ ու Օրանժի ինտերնետ, որպեսզի կարողանաս գրել ու գրածը տեղադրել բլոգում ։)
Վաղը վերադառնում եմ Երևան։ Չեմ ուզում Երևանի մասին ինչ-որ բան գրել, բայց 16 տարուց հետո անգամ, ամեն անգամ Երևան մտնելուց նույնն եմ զգում. այն խորթ է ու խորթ։ Ոչ մի քաղաքում այդպիսի զգացում չեմ ունեցել։ Իհարկե նրանք հարազատ էլ չեն եղել, բայց, ամեն դեպքում, խորթ էլ չեն եղել։ Չնայած Բայրոյթում ծառուղիները լավն էին։ Իսկ վաղը վերադառնում եմ Երևան ։)
Հա ծառերը, ամռանը գիտեք ինչ սիրուն են խշշում դրանք, լսել է պետք միայն, եթե, իհարկե, փողոցի աղմուկը չի խանգարելու։ Բայրոյթում ծառերը շատ էին, բայց դրանք չէին խշշում՝ տերև չունեին, փշատերև էին դրանք ։) Կահիրեում, տարօրինակ ծառեր էին՝ արմավենիներ, ու զով էլ չէին անում ու առու էլ չկար (Նեղոսը հաշիվ չէ ։)
Պարզ բան է՝ ծառ, որը խշշում է ...
Ի՞նչ է պետք մարդուն, կարծում եմ՝ քիչ բան ... հա՝ մեկ էլ վճարել կոմպի ու Օրանժի ինտերնետի դիմաց, որոնք, գիտեք արդեն, ինչի համար են պետք։
Նկատել եք, ինչքան բարդ է մարդկանց աչքերի մեջ նայելը, հարազատ մարդկանց աչքերի մեջ նայելը ... միգուցե նկատել եք, միգուցե։ Ձեզ թվում է, թե հարազատների դեմքերը հիշում եք, ու նրանց հետ խոսելիս նրանց եք նայում։ Չէ երևի, չեք էլ նայում, դեմքերն էլ չեք հիշում։ Ամեն դեպքում, փորձեք, հազիվ թե նրանց միանգամից կկարողանաք արտաքինով նկարագրել։ Եվ եթե կարողանաք շատ արագ նկարագրել, ուրեմն երևի այդքան էլ հարազատ չեն ..., միգուցե, չգիտեմ։ Դժվար է հարազատի աչքերի մեջ նայելը, նրանք էլ են խուսափում, չգիտեմ ինչու, միգուցե գիտեմ ... կարևորը, որ նրանք կան ու նրանք քո կողքին են։ Մնացած ամեն ինչ այնքան մանրուք է։
Պարզ բան է՝ ֆիզիկական ներկայություն ...
Ի՞նչ է պետք մարդուն, կարծում եմ՝ քիչ բան ... հա՝ որ կոմպն ու Օրանժի ինտերնետը գերնպատակ չդառնան։
Կարոտն առնելու մասը հիշում եք, վերևում կամ վերոնշյալ ... երբևէ կարոտել եք հենց այն պահին, երբ կարոտելը պիտի որ անհնարին լինի։ Ասենք կարոտում եք մեկին, ով հենց այդ պահին քո կողքին է։ Երևի զգացումն է պատճառը, որ այդ պահը շատ երկար չի տևելու։ Իսկ հողի գույնին կարոտել եք։ Իսկ ինչպես առնել կարոտը, երբ հնարավոր չէ, ոչ մի կերպ հնարավոր չէ առնել կարոտը։ Իսկ ձեռքի ափը քարի վրա ձգել եք ու փորձել քարի տաքությունից կամ սառնությունից ու քարի ձևից ու հենց քարից առնել կարոտը։ Իսկ տեսել եք, ինչպես է ուրցն աճում մամռոտ քարի շուրջ ու ինչ հոտ ունի ու ինչու է ուրցը հենց այդտեղ աճում ...
Պարզ բաներ են՝ հող, քար ու ուրց ու կարոտ ...
Ինչ է պետք մարդուն, կարծում եմ՝ քիչ բան ...
Հոգնեցի, գնում եմ քնեմ, ավելի ճիշտ՝ շուռ գամ ու քնեմ. երեկ Սուրբ Ծնունդն էր ...
Ուրբաթ իրիկուն ու լույս շաբաթ գիշեր, Մարատ
--
Հանճարեղ է գրված. Ձեր ասած`պարզ, քիչ, բայց նաև էնքան, էնքան շատ, էնքան մարդկային, էնքան ծանոթ ու հարազատ զգացողություններով:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ReplyDeleteՇնորհակալ եմ արձագանքի համար. գրված է կոնկրետ զգացողության վրա՝ ամեն եկեղեցական տաղավար տոնին հաջորդում է, արդեն գիտեք, ինչ ... Ողջյուններ
ReplyDeleteՇնորհակալ եմ արձագանքի համար. գրված է կոնկրետ զգացողության վրա՝ ամեն եկեղեցական տաղավար տոնին հաջորդում է, արդեն գիտեք, ինչ ... Ողջյուններ
ReplyDelete