Tuesday, January 11, 2011

T' = 1/sqrt(1-v2/c2), կամ հոգու արագությունը

"Если в точке А находятся двое синхронно идущих часов и мы перемещаем одни из них по замкнутой кривой с постоянной скоростью до тех пор, пока они не вернутся в А (на что потребуется, скажем, t сек), то эти часы по прибытии в А будут отставать по сравнению с часами, остававшимися неподвижными…" А.Эйнштейн

Անցյալ գրառումս ինձ մոտ առաջացրեց անավարտության տարօրինակ զգացում ...

... քանի որ այն ընդամենը արտաքուստ էր առնչվում ամանորյա թեմային (փակագծերում նկատեմ, որ «ուտել, թե չուտել» հարցի քննարկումը նույնքան ձանձրալի է, որքան ինքը ուտելը, մանավանդ, որ ծաղրելով, փնթփնթալով հանդերձ, միևնույն է բոլորը տրվում են այդ ամենակուլ ամանորյա մոլուցքին, որը նույնքան հեռու է նոր տարվա հեքիաթից, որքան այն կենդանին, որի ազդրը սովորաբար «զարդարում» է այդ օրերին սեղանը, հայտնի մարզական սարքից)։ Իրականում այն նվիրված էր ժամանակին, ներքին մեր ժամանակին, որն ունի յուրահատուկ ընթացք, անհատական հաշվարկային համակարգ, երբեմն էլ այնքան տարբերվող օրացուցային միջինից, որ մարդիկ ասում են կարծես, այս աշխարհից չլինի։

Մեկի համար ժամանակը ավելի դանդաղ է հոսում, մյուսի համար՝ արագ։ Կա՞ զարմանալու բան։ Կարծում եմ, ոչ։ Հայտնի է, որ լույսի արագությանը մոտ արագությամբ շարժվող տիեզերանավը սեփական, ներքին ժամանակի 64 տարում կարող է հասնել 2,5 մլն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Անդրոմեդայի համաստեղությանը և վերադառնալ Երկիր, որի վրա այդ ընթացքում կանցնի մոտ 5 միլիոն տարի ժամանակ։ Հայտնի է, որովհետև հաշվարկված է բազմաթիվ բանաձևերով, ինչպես այս գրառման վերնագրում զետեղվածը, և ապացուցված լաբորատոր ճշգրիտ չափումներով։ Ընկալելի է նաև՝ որովհետև, ինչպես Արման Հակոբյանը ձևակերպեց այսօր, «человек есть инструмент самопознания Вселенной. Поэтому он так же бесконечен, как Вселенная и может поместить ее всю в своем сознании»։

Եվ եթե այդպես է՝ զարմանալի՞ է, արդյոք, որ ժամանակը՝ յուրաքանչյուրիս ներքին ժամանակը կարող հոսել մեկ արագ, մեկ դանդաղ՝ կախված այն բանից, թե որքա՛ն է մոտենում մեր հոգու շարժման ընթացքը այն բացարձակ արագությանը, երբ անշարժ մարմնի ժամացույցը, շարունակելով միապաղաղ ու ձանձրալի հաշվել երկրային վայրկյանները, անմիտ ու անխռով առաջ է շարժվում, իսկ անծայրածիր գալակտիկայում սավառնող հոգու համար ժամանակը դանդաղում և համարյա կանգ է առնում։ Որովհետև դա երկնային ժամանակ է, որը չի ենթարկվում միմյանցից ունայնության մրցավազքում առաջ վազող սլաքներին, և այդ ժամանակի մեկ վայրկյանում խտացված են երկրային հազարամյակներ։

Տիեզերանավերը դեռ չեն կարողանում հասնել նման արագությունների, քանի որ «երկաթ ու յուղ» ունեն, որը նրանց միս ու արյունն է, քանի որ զանգված ունեն և ենթարկվում են երկրային ձգողականության ուժին։

Հոգևոր նյութը կարողանում է երբեմն արագություն հավաքել և՝ ձերբազատվելով իրեն սարդոստայնի պես խճճած պայմանականություններից, վեր սլանալ, և այդժամ իր ժամանակը, դանդաղելով հավերժականի եթերում, հոսում է լույսի արագության կանոններով՝ մի քանի րոպեում հայտնվելով այնտեղ, որտեղ հասնելու համար հազարամյակների երկրային կյանք է հարկավոր։

Բայց հոգին էլ միս ու արյամբ է կալված, որոնք նույնպես զանգված ունեն և ճիշտ դասական մեխանիկայի օրենքներով ձգտում են բոլորիս դպրոցից հայտնի g=9,81 м/с² արագությամբ ընկնել և հայտնվել երկրի մակերեսին, որտեղ մեկը մյուսից առաջ անցնելով անհասկանալի մրցավազքի են բռնվել երկու սլաքները՝ ծերացնելով և ոչնչացնելով ամենը, թույլ չտալով մի պահ կանգ առնել և ընկալել հենց այդ պահի հավերժությունը...

Որովհետև երկրային ժամացույցով դա արագ վազող ժամանակի վատնում է միայն, ժամանակի կորուստ, սակայն տիեզերական ժամանակի տեսանկյունից՝ ընդամենը մի պահ՝ պահ, որում անսահմանությունն է տեղավորվում...

Իմ մանկության տարիներին հեռուստատեսային միակ ալիքով, որը սկսում էր աշխատել երեկոյան ժամը վեցին, ամեն օր, ժամը 6։05-ին մուլտֆիլմ էին ցույց տալիս։ Ընտրությունը շատ մեծ չէր, և շատ հաճախ կրկնում էին «Паровозик из Ромашково» մուլտֆիլմը, որի հերոս Շոգեքարշիկը միշտ ուշացումով էր գալիս կայարան։ Գրելուց հետո, այ հիմա, հենց հիմա, միայն հիմա, քառասունից ավել տարի անց, հասկացա, թե ի՛նչ ազդեցություն է թողել այն իմ հոգևոր աշխարհի ձևավորման վրա։ Հեշտությամբ գտա այն YouTube-ում և նորից նայեցի, ու հասկացա, թե ինչու եմ գրել։ Ու որոշեցի կցել այն այս գրառմանը ու խնդրել, որ նայեք, որովհետև այն, ինչ չկարողացա արտահայտել, այնտեղ ասված է հանճարեղության աստիճանի պարզ՝ «...если мы не увидим рассвет, то опоздаем на всю жизнь»...


Շնորհակալություն, որ լսեցիք, ավելի ստույգ՝ կարդացիք ։)

Երեքշաբթի իրիկուն, Սամվել Կարաբեկյան

Հ.Գ. Մոռացա ասել՝ մուլտֆիլմը դիտելու համար (այն երկար չէ՝ մոտ 9 երկրային րոպե) պետք է պարզապես սեղմել այստեղ՝ հեշտ է ու հարմարավետ, ինչպես ասում են։
--

3 comments:

  1. Աստված իմ օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը, օգնիր ինձ դետալների մեջ տեսնել ամբողջը, կենցաղի սովորական առօրյա գործերում, որ միապաղաղ ու ձանձրալի են բացահայտել հուզիչը...
    Այո, նախորդ գրառումը արհեստականորեն կապված էր ամանորյա թեմային, դրա համար էլ անավարտության զգացում կար: Այս մեկը կանգնեցրեց երկրային ժամանակի անողոք վազքը և հավերժության հետ միահյուսման զգացում պարգևեց, շնորհակալ եմ:

    ReplyDelete
  2. Respekt, Respekt und noch einmal Respekt !!!!

    ReplyDelete
  3. Samvel Karabekyan04 March, 2011 13:10

    Vielen Dank, lieber Marat!

    ReplyDelete