Thursday, January 20, 2011

Մնաք բարով կամ մոսկովյան կյանքին ընդառաջ

Երբեք չեմ մտածել, որ այսքան կարոտելու եմ Երևանը, Հայաստանը: Դեռ չգնացած` նեղվում եմ արդեն: Բայց դե ծառայությունը մնում է ծառայություն: Ընկերներս ասում են` միևնույնն է չենք հանդիպում, իսկ ինտերնետ Մոսկվայում էլ կա, բայց գիտեք որքան էլ ծիծաղելի լինի, միայն գիտակցությունը, որ ամեն վայրկյան կարող եմ տանից դուրս գալ ու ամենաշատը 40 րոպեից հանդիպել ընկերներիցս յուրաքանչյուրին, մի տեսակ ուժ է տալիս:
Մոսկվայում կյանքն ուիրշ է: Հիշում եմ, երբ վերջին անգամ գնացել էի, ոչ մի բանի ժամանակ չկար: Հասցնում էի միայն աշխատել ու քնել: Շաբաթ օրերին զբաղվում էի կենցաղային հարցերով, իսկ կիրակի փողոց էի դուրս գալիս, որ գոնե շնչեմ Մոսկվայի անտանելի օդը: Նույնիսկ նորմալ սպիտակել չէի հասցրել... Մոսկվայում կյանքը սկսվում է առավոտ 6.00-ին ու չի ավարտվում:

Մարդիկ գործուղման են գնում, վերադառնում են լիքը տպավորություններով, իսկ ես կաբինետից, զինվորական հագուստից, թղթերից ու կոլեգաներիս նամռոտ դեմքերից բացի բան չեմ հիշում: Նույնիսկ մետրո երկու անգամ եմ իջել: Երևի ես ուղղակի կարգին գործուղվել չգիտեմ:)

Մի տարի Երևանից ու Հայաստանից հեռու երբեք չեմ եղել: Չեմ էլ պատկերացնում ում եմ կարոտելու ու ինչքան: Համարյա դիտավորյալ ձգձգում եմ փաստաթղթերի հավաքումը, գնալս, բայց դա չի կարող հավերժ տևել:

Զգացե՞լ եք` երբ ինչ-որ բան շատ եք ուզում, շատ եք մտածում այդ մասին, որքան մոտենում է նպատակի իրականացումը, այնքան մեծանում է վախը: Ու չես էլ հասկանում ինչի վախն է` նպատակը կորցնելու, թե նոր զգացողությունների ու միջավայրի: Մի տեսակ անհանգստություն է մտնում սիրտդ, սկսում է կրծել ներսից, նյարդայնացնել: Մարդիկ ճանապարհորդություններից առաջ նյարդային են դառնում: Ես միշտ երկու շաբաթ առաջ սկսում եմ ճամպրուկս դասավորել: Դա մի հետաքրքիր ծես է: Երկու շաբաթվա ընթացքում ամենաքիչը քսան անգամ ճամպրուկը դատարկվում ու դասավորվում է` ըստ տվյալ պահի տրամադրության:

Բայց այն ունի մշտական ու անփոփոխ իրեր` մի 10 կգ մասնագիտական գրականություն` էլէկտրոնային ու թղթային տարբերակով, վկայական, անձնագիր և կախիչի վրա կախված համազգեստ: Մնացածն, ինչպես ասում են, տեղում հնարավոր է ձեռք բերել: Այս անգամ ինձ լրիվ խոպանչի եմ զգում: Պատճառը երևի վերադառնալուց հետո մեքենա գնելու նպատակս է:)

Ասել, որ կկարոտեմ, կնշանակի ոչինչ չասել: Չեմ էլ հասկանում` կոնկրետ ինչ եմ կարոտելու: Մարդկանց, քաղաքը, աղմուկը, երթուղայինները :))

Ինչևէ: Ինչ-որ լիրիկական հիմար բան ստացվեց: Խոստանում եմ մոտ օրերին նորմալ գրառում հրապարակել` վերլուծական-քաղաքական ժանրի:

Իսկ առայժմ` մնաք բարով:

Հինգշաբթի իրիկուն, Մարիա
--

3 comments:

  1. Ձեզ բարի ճանապարհ:

    ReplyDelete
  2. Hovhannisyan Mary04 March, 2011 13:20

    Շնորհակալ եմ

    ReplyDelete
  3. Lilit Khalatyan04 March, 2011 13:20

    Մի տարի... Երկար ժամանակ է... Քեզ բարի թռիչք Մար ջան:

    ReplyDelete