Այլ կերպ ասած, Տիգրան Կարապետյանը ոչնչով չէր տարբերվում Հայաստանի օդն աղտոտող բազում անձանցից, որոնք, «ԿԱՄԱԶ»-ի, «ԿՌԱԶ»-ի, «ՈՒԱԶ» -ի, բարձրատարողունակ այլ մեքենաների նստախցիկներում, Մալաթիայի առևտրային մեծածախ կետերում, գետնանցումների գինետներում կամ էլ նմանատիպ այլ հաստատություններում ժամանակ անցկացնելու փոխարեն բազմած են բարձր ու պատասխանատու պատվանդաններին։ Նույնիսկ եթե տարբերվում է, ապա միանշանակ դեպի վատը, քանի որ այդ անձինք, ի տարբերություն կարապետիչի, սթափ գնահատում են իրենց մտավոր կարողություններն ու հրապարակային ելույթներին նախընտրում խուլ լռությունը։ Իսկ Կարապետիչը ոչ միայն չի խուսափում, այլև նախանձելի ջանադրությամբ ի ցույց է դնում գանգատուփի ունայնությունը՝ պարբերաբար զարդարելով ԱԼՄ-ի «եթերը»։
Ինչևէ, սույն բակտերիայի հեռուստաալիքը շուրջ տասը տարի փչացրեց հայ ազգի գենը, ծառայեց բթամտության ու տգիտության աստծոն, խոնարհ անցավ վերջին երկու նախագահների սրի տակով և 2011 թ.-ին կնքեց իր անփառունակ գոյության այդքան սպասված վախճանը։
Սակայն, ինչպես ասում են բուդիստները, ամեն ինչի վախճանը մի նոր գոյության սկզիբ է։
ԱԼՄ-ի մահը նշանավորվեց ընդդիմադիր դաշտում մի նոր ուժի ծննդյամբ, որն իր գալստյան մասին շեփորահարեց հզորագույն հանրահավաքով։ Հասկանալի է, հանրահավաքի մեխը Տիգրան Կարապետիչն էր և նրա բացահայտումներն ու սպառնալիքները՝ ուղղված «իշխանությունը զավթած բորենիների արյունարբու ոհմակին»...
Դե իսկ պահանջներն ուղղակի ցնում էին իրենց մասշտաբայնությամբ, բազմազանությամբ, պոպուլիստական ոգով և, իհարկե, անիրականանելիությամբ... Կարելի է ավելին գրել Կարապետիչի ջեբկիր էության, ստախոս լեզվի և շահամոլ մտածողության դրսևորումների մասին, սակայն վստահ եմ, որ նրան էջի երկու/երրորդը նվիրելն էլ արդեն չափազանցություն է։ Փոխարենը արժե գրառման շարունակությունը նվիրել այնպիսի թեմաների, ինչպիսիք են ընդդիմադիր դաշտի շարունակական աղտոտումը, ընդդիմադրի բարձր կոչման ուզուրպացումը ոչ այնքան արժանավոր մարդկանց կողմից ու այս ամենի կործանարար արտագծումն օբյեկտիվ իրականությունում։
ԱՄՆ հիմնադիր հայրերից ամենակրթվածն ու լուսավորյալը՝ Բենջամին Ֆրանկլինը, որն իր մասոն զինակիցների հետ կարողացավ ստեղծել Հռոմից հետո մեծագույն կայսրության հիմքերը, Ամերիկայի ապագան կապում էր ոչ թե գյուղատնտեսության, ծանր կամ թեթև արդյունաբերության զարգացման, անխափան ռազմական մեքենայի ստեղծման կամ էլ նմանատիպ այլ մատերիաների, այլ քաղաքագիտության առաջընթացի և հասարակության տնտեսա-քաղաքական կազմակերպման կատարյալ մոդելի զտման ու բյուրեղացման հետ, որ ամերիկյան ազգին կհասցնի անհաս բարձունքների։ Կարելի է ասել, որ Ֆրանկլինի մարգարեությունն այսօր դարձել է իրականություն, քանի որ ԱՄՆ-ն այս կամ այն կերպ վերահսկում է ինֆորմացիոն, ֆինանսական, մարդկային, գիտական և հումքային ռեսուրսների համաշխարհային ողջ հոսքը։
Ամերիկյան ազգն իր վերելքի շեմին չուներ և կարելի է ասել, որ այդպես էլ չունեցավ նյուտոններ ու դեկարտներ, փիլիսոփայության դասական դպրոցներ, մոցարտներ ու բախեր։ Փոխարենը ամերիկացիներն ունեին (և իհարկե ունեն) ուրիշների ստեղծածն ու արարածը խորությամբ վերլուծելու, այնուհետ հաջողությամբ իրենց հայրենիքում պատվաստելու անփոխարինելի գիտելիք։
Այն ինչ ծնվել էր պրուսական կայսրության սահմաններում և ըստ էության պետք է ծառայեր եվրոպայի ազգությունների բարրօրությանը, շատ արագ տեղափոխվեց Արևմուտք՝ դառնալով ամերիկյան իրականության մաս։ Խոսքն ինչ-որ գիտական հայտնագործությունների կամ էլ արտադրական տեխնոլոգիաների մասին չէ։ Խոսքը փիլիսոփայական գիտելիքի մասին է՝ խոսքը դիալեկտիկայի օրենքների գիտության մասին է։
Թեզ, Հակաթեզ և Սինթեզ, Թեզ, Հակաթեզ և Սինթեզ, Թեզ, Հակաթեզ և Սինթեզ... Պարզ, տրամաբանական և անթերի մոդել, որ բացատրում է ողջ գոյի առաջացման ու հետագա զարգացման գործընթացը, դարձնում այն ըմբռնելի, հետևաբար նաև կառավարելի։
Միտքը, շարժումը, երևույթը, մի խոսքով գոյը, գալով աշխարհ դառնում է Թեզ։ Լինելով անկատար ու թերի, Թեզն ի սկզբանե սահմանափակ է, միակողմ, ենթակա փոփոխման, հետևաբար դրա ծնունդին անմիջապես հաջորդում է Հակաթեզի առաջացումը, որը, ըստ էության, Թեզի հերքումն է։ Թեզի ու Հակաթեզի հակադրության արդյունքում էլ աշխարհ է գալիս ՍԻՆԹԵԶԸ, որը դուրս է Թեզի և Հակաթեզի շրջանակներից, սակայն ամփոփում է դրանց բոլոր առավելություններն ու արժանիքները։ Սինթեզը, սակայն մի նոր դիալեկտիկական շրջանի սկիզբն է միայն, որովհետև այն իր անկատարության պատճառով առաջացման պահից արդեն պարունակում է իր իսկ հերքումը՝ Հակաթեզը։ Եվ դիալեկտիկական պարույրաձեև շղթան շարունակվում է անվերջ՝ մինչև կատարյալ ու անհերքելի, ունիվերսալ և բացարձակ Թեզի արտազտումը...
Փիլիսոփայությունը զուտ դատողությունների և աբստրակտ մատերիաների գիտություն է, որտեղ հասկացություններն ու սահմանումները վերացարկված են նյութական աշխարհից, զուրկ են որևէ բովանդակային իմաստից։ Հետևաբար, փիլիսոփայական գիտելիքն աբստրակցիա է, բացարձակ Ձև, ունիվերսալ կլիշե, որը կարելի է լցնել ցանկացած, այդ թվում նաև քաղաքագիտական բովանդակությամբ։
Ամերիկայում միանգամից հասկացան, որ ամենապրոդուկտիվ ու արդյունավետ քաղաքական համակարգն այն է, որտեղ կա թե Թեզ և թե Հակաթեզ, հետևաբար նաև մի նոր՝ որակական և քանակական հարթություններում մեկ աստիճան բարձր կանգնած Սինթեզ ստանալու հնարավորություն։ Դիալեկտիկայի էությունը՝ Հակադրությունների միասնությունը, ամփոփվեց քաղաքական երկկուսակցական համակարգում, որտեղ երկու հավերժական ախոյաններն ու անզիջում մրցակիցները՝ ընդդիմադիր ու կառավարող կուսակցությունները, մարմնավորեցին Թեզի և Հակաթեզի գաղափարները, իսկ նրանց հավերժական պայքարը դարձավ շարունակական Սինթեզման գրավական։
Արդյունքում, Ամերիկան դարձավ երկու հուժկու հսկաների մրցասպարեզ, որոնցից յուրաքանչյուրը, ներդնելով ողջ ջանքերն ու ավյունը, գործարկելով ահռելի ռեսուրսների անծայրածիր զինանոցը, անդադար ինքնակատարելագործման ու զարգացման ուղիով ձգտում էր (ինչպես նաև ձգտում է) տապալել ախոյանին, և ինքը դառնալ Թեզ։ Եվ ամեն անգամ շրջանը սկսվում էր (և սկսվում է) նորից...
Դեմոկրատական կուսակցության հաղթանակով սկսվում է Դիալեկտիկայի մի նոր փուլ, որտեղ Հակաթեզը՝ Հանրապետական կուսակցությունը, հարվածի ողջ ուժը կենտրոնացնում է Թեզի՝ Դեմոկրատական կուսակցության թույլ կողմերին, մղում նրան ինքնամաքրագործման։ Մեծ դիմակայությանը հաջորդում է Սինթեզման փուլը՝ հաջորդ ընտրությունները, երբ պայքարում կոփված ու թրծված կուսակցությունը (կապ չունի իշխող, թե ՝ ընդդիմադիր), հղկում է իր թերությունները, դասեր քաղում թե իր անհաջողություններից և թե հակառակորդի հաղթանակներից, հարստանում նոր արժանիքներով և ի վերջո տրանսֆորմացվում Սինթեզի։ Եվ շրջանը սկսվում է նորից...
Իսկ արդյունքում ստեղծվում է կայսրություններից հզորագույնը՝ նոր Հռոմը...
Իսկ մեր երկրում չեն հասկանում և դժվար էլ հասկանան, որ Հայաստանում տեղի են ունենում հակաբնական գործընթացներ, որ խախտվում է բնական և հասարակա-քաղաքական իրականության հիմնարար սկզբունքը՝ Հակադրությունների միասնության և պայքարի դիալեկտիկական օրենքը։
Հայաստանյան իշխանությունները չեն հասկանում, որ հանուն կարճաժամկետ հաջողությունների կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են, չեն հասկանում, որ առաջընթացի և զարգացման շարժիչը եղել է, կա և կլինի հենց դիմակայությունը, մրցակցությունը, երկու փոխբացասող, և միաժամանակ փոխլրացնող համակարգերի պայքարը։
Չեն հասկանում, որ բնության մեջ, սկսած ջրածնի պարզագույն ատոմից վերջացրած աշխարհի ամենաբարդ աշխարհաքաղաքական օրգանիզմներով, գոյություն չունի որևէ միաբևեռ մարմին, քանզի միաբևեռությունը լճացման ու կործանման սկզիբն է...
Չեն հասկանում, կամ էլ այնքան ագահ են ու կարճատես, որ հանուն վաղանցիկ ու ակնթարթային հաջողության փորձում են փոշիացնել ընդդիմությունը կամ էլ գոնե փոխարինել այն կառապետիչակերպ միջատներով՝ հաշվի չառնելով որ դրանով իսկ կործանման են դատապարտում թե իրենց և թե համայն հայությանը։
Չեն հասկանում, այլապես կշոյեին ու կփայփայեին ընդդիմությանը, ամենայն աչալրջությամբ կխնամեին այն, կախտահանեին տարաբնույթ բակտերիաներից։
Չեն հասկանում, այլապես Տիգրան Կարապետիչի նման բակտերիոզ արարածները իշխանական նախաձեռնությամբ չէին վարակի առանց այն էլ ախտահարված ընդդիմադիր օրգանիզմը։
Չեն հասկանում, այլապես կգիտակցեին, որ ուժեղ և հզոր լինելու համար պարտադիր չէ լինել իշխանության բուրգի վերևում ու տոտալ վերահսկողություն հաստատել ողջ երկրի վրա, Հակաթեզի դիրքը հաճախ շատ ավելի ձեռնտու է, քանի որ այն ավելի մոտ է Սինթեզին...
Այս պարզագույն բանը, ցավոք, չեն հասկանում, կամ էլ հասկանում, բայց անտեսում են, նաև ընդդիմությունում (խոսքն իրական ընդդիմության մասին է)։
Չեն հասկանում, հակառակ պարագայում 2008-ին իրենց շարքերը չէին ընդունի մինչև արմունկները արյան մեջ թաթախված, անցյալում իրենց մտավոր և մարդկային ունակությունները վարկաբեկած ինչ-որ կասկածելի անձանց, որոնց շարժող միակ մոտիվը մոտեցող իշխանափոխության ահն էր, մեկ էլ հավատարմության դիմաց լափելու հնարավորություն ստանալու հույսը։
Չեն հասկանում, որ իրենք են այս երկրի քիչ թե շատ նորմալ ապագայի հույսը, և աղտոտելով իրենց շարքերը, աղտոտում են նաև առանց այն էլ մռայլ ապագայի հեռանկարը։
Չեն հասկանում, որ այդ կերպ կրկնում են 90-ականների սխալները, երբ «մարտավարական նկատառումներով» իշխանությունները սկսեցին հարգալից վերաբերմունք ցուցաբերել զանազան «հերոսների», կրիմինալների ու նմանատիպ այլ աղտեղությունների նկատմամբ, և արդյունքում, այդ հակահիգիենիկ և հակասանիտարական խյուսը դարձավ հայ իրականության բովանդակային մասը։
Դժվար է ամփոփել այս գրառումը, մանավանդ որ արդեն մոռացել եմ թե ինչպես էր այն սկսվում։ Մտքիս եկան տողեր, որ կարդացել եմ Հենրի Քիսսինջերի մեմուարներում։
«Ամերիկյան բազեն» հեգնանքով շնորհակալություն էր հայտնում ԽՍՀՄ-ին (որի կործանմանը նվիրել է իր կյանքը), քանի որ դրա և Արևմուտքի դիմակայությամբ սկսված աննախադեպ մրցավազքը դարձավ երկու թշնամի ճամբարների հասարակա-քաղաքական ֆորմացիաների հղկման և տնտեսությունների մոդեռնիզացման գերարդյունավետ գործիք՝ առնվազն մի քանի տասնամյակ առաջ մղելով մարդկության զարգացման ընթացքը։ Հուսանք, որ մեր երկրում նույնպես կգիտակցեն սա։
Ուրբաթ մթնշաղ, Հայկ
--
No comments:
Post a Comment