Thursday, January 13, 2011

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՅՈՑ

Երևի երկու օր առաջ էր... Մի ֆիլմ էին ցուցադրում, որտեղ իրադարձությունները ծավալվում էին ոչ այնքան հեռավոր ապագայում, իսկ հերոսները, հասկանալի է, այդ ապագայի մարդիկ էին։ Ավելի ճիշտ, դժվար է նրանց մարդ համարել. ապրում էին առանց զգացմունքների ու հույզերի, առանց ցանկությունների և կրքերի՝ տրամաբանության ու սառը դատողության բռնապետության ներքո, իբր պատերազմները, եղեռները և մարդկային «բուռն» երևակայության երկնած մյուս արհավիրքները կանխելու վեհ ցանկությամբ։

Իսկ զգացմունքներն ու մարդկային բնազդները խեղդելու համար օգտագործում էին հատուկ դեղամիջոցներ, և նրանք, ովքեր հրաժարվում էին ապրել զուտ տրամաբանության աշխարհում, ոչնչացվում էին՝ որպես վտանգ հասարակությանը։

Հասկանալի է, մերժվում էր նաև արվեստը՝ որպես մարդկանց ոգեշնչող ու ամենազորեղ զգացմունքները ծնող սկզբնաղբյուր...

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ անողոք ու սառը ռազմիկ, ում մարտական ստորաբաժանումը «ՈՉ զգացմունքներին» ռեժիմի հիմնասյունն ու պահապանն էր, դեղամիջոցը մերժող ապստամբների դեմ գործողություններից մեկի ժամանակ պատահաբար հայտնվում է մի սենյակում, որը պահպանել էր մոռացության տրված մարդկային կյանքի ատրիբուտները՝ նկարներ, արձանիկներ, քանդակներ և արվեստի այլ նմուշներ, որոնց մեջ առանձնանում էր ահռելի գրամոֆոնը։ Ռազմիկը մոտենում է դրան, տեղադրում կողքին դրված ձայնասկավառակը և...

Եվ ձայնափողից հորդում է մետաֆիզիկական ձայների շիթ՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Անցնում է ընդամենը մի քանի ակնթարթ և կեղծ ներաշխարհը, որ ներծծված էր արտաքին ազդեցությամբ մարդկային ոգու խեղաթյուրման և դրա ամենավեհ հատկանիշի՝ գեղեկության հայեցման հերքման գաղափարախոսությամբ, հիմքից սասանվում է, դառնում փլատակ։

Տարիներով թրծված կարծրատիպերը, դեղի քիմիական ազդեցությամբ ստեղծված խորթ պատնեշները, որոնք կանխում էին քնած հրաբուխի ժայթքումը, փոշիացան, անէացան՝ այդպես էլ չկարողանալով ջնջել բնությունից մարդու մեջ դրված ծածկագիրը։ Ռազմիկը, որ երբևէ դեմքի մկան էլ չէր շարժել, ծնկաչոք սկսել լալ գրամոֆոնի առջև՝ պարուրված երաժշտության անտեանելի ալիքներով...

Դժվար է ասել, թե ինչ իմաստ էին ներդրել ֆիլմի ստեղծողներն այս դրվագում. ընդամենը հնարք, որպեսզի տպավորիչ վերարտադրեն հերոսի՝ չարուց բարի անցման որոշումը, թե ավելի բարդ, ավելի խոր, համամարդկային ու հավերժական գաղափար՝ արմատներով թափանցող դեպի անհիշելի անցյալը...

Մարդու գոյության, կեցության և առաքելության խնդիրը հուզել, հուզում. և կարծում եմ հավերժ կհուզի աշխարհի ամենազորեղ մետքրին։ Սրանից մոտ 1800 տարի առաջ Պլոտինը միախառնում է հունական իդեալիստական դասական դպրոցի և արևելյան միստիկական ուսմունքները՝ հիմնելով նեոպլատոնականությունը։

Պլոտինը պնդում էր, որ յուրաքանչյուր մարդու էությունը բաղկացած է երկու տարրից՝ մատերիա ու ոգի, որոնցից առաջինը զգայական է, հետևաբար փոփոխական և ենթարկվող խեղաթյուրման, իսկ ոգին, որը միասնական «Համշխարհային ոգու» արտահեղման արդյունքն է, իր մեջ պահպանում է երբեմնի երանելի ու բացարձակ գոյության հիշողությունը ու, հակադրվելով ապականված մատերիային, մարդուն անընդհատ մղում է վեր՝ դեպի «...մեկուսացում մարմնական բոլոր հաճույքներից, ոգու սլացք միայն առ Աստված»։

Այսինքն, ինչքան էլ աղճատվի անձի գիտակցությունը, որքան էլ այլանդակվի նրա ֆիզիկական կեցությունը, բանականության մի հեռավոր անկյունում մշտապես առկայծում է մի անեղծ լույս, որը մղում է մարդուն նույն ուղղությամբ՝ դեպի գեղեցիկն ու աստվածայինը, դեպի էսթետիկական, էթիկական ու ֆիզիկական մաքրազտումն ու տարրալուծումը Աստծո մեջ։

Միջնադարի տգիտության ու խավարին հաջորդեցին փիլիսոփայության եվրոպական դասական դպրոցները, որոնցով Պլոտինի գաղափարները վերաներթափանցեցին Եվրոպա։ Յենայի ռոմանտիկները, Շելլինգը և Հեգելը դարձան նեոպլատոնականության նոր վերարտադրողները, որոնք իդեալիստական ուսմունքը մաքրազտեցին միստիկական տարրերից՝ համապատասխանեցնելով այն ժամանակին։ Այն ինչ կոչվում էր Միասնական կամ Համաշխարհային Ոգի, Հեգելի մոտ ստացավ Բացարձակ ոգի անվանումը, իսկ մարդկային պատմությունը ամփոփվեց ոչ թե Ոգու աստիճանական մաքրագործման ու ամեն ինչի սկզբնաղբյուր Աստծո մեջ տարրալուծման միստիկ կատեգորիաների մեջ, այլ վերաձևակերպվեց որպես մարդկային ոգու՝ սեփական ազատության գիտակցման և օբյեկտիվ իրականությունում դրա ի կատար ածման գործընթաց։

Այլ կերպ ասած, պահպանելով փիլիսոփայական հայեցակարգի կմախքը, Հեգելը վերափոխեց դրա բովանդակությունը, մատերիայից ազատվելու և բացարձակ իդեաներով ապրելու առաքելությունը փոխարինելով ազատության և «բնական իրավունքների» ճանաչման (Հեգելի մոտ «battle for recognition») հավերժական պայքարով, որ ի սկզբանե հավերժապես ներդրված է յուրաքանչյուր անձի ներսում և ենթակա չէ ոչնչացման՝ անգամ արտաքին միջավայրի կործանարար ազդեցությամբ։

Ինչ-որ անըմբռնելի, անորսալի կապ կա ֆիլմի այն աննշան դրվագի ու մեծ փիլիսոփաների մտքերի միջև, որը, ճիշտ է, անհնար է միանգամից վերծանել, բայց ենթագիտակցորեն չզգալը նույնպես անհնար է։ Ավելին, խոհերից ու մտորումներից հետո այդ կապը ընդլայնվում է, հասնում մեր օրեր, ու տարօրինակորեն հատում հայաստանյան իրականությունը՝ մղելով նոր, ավելի խորքային ու ակտուալ մտորումների...

Թե Հեգելին, թե Պլոտինին, թե Նիցշին, թե Դարվինի և թե շատ այլ անձանց միավորում է մեկ բան. նրանք բոլորը վստահ էին, որ մարդ արարածի մեջ ի ծնե դրված է ինչ-որ հավերժական ու համընդհանուր «ծածկագիր», որն այս կամ այն կերպ կանխորոշում է մարդու վարքը ողջ կյանքի ընթացքում, ենթարկում բոլորին ինչ-որ համընդհանուր նպատակի։ Պլոտինի մոտ «ծածկագիրը» դեպի համաշխարհային սկզբնաղբյուր՝ Աստված վերադարձի ձգտումն էր, Դարվինի մոտ՝ «բնական ընտրության» պահանջները բավարարելու բնազդը, Նիցշեի մոտ՝ իշխելու և բոլորին սեփական կամքին ենթարկելու ցանկությունը, Հեգելի մոտ՝ ժամանակի ու տարածության մեջ ազատության ինքնադրսևորման անհաղթահարելի ձգտումը։

Այսինքն, յուրաքանչյուր անձ, անկախ ռասսայից և ազգությունից, անկախ սոցիալական կարգավիճակից ու մշակութային պատկանելիությունից, անկախ կրած զրկանքների ծանրությունից կամ նվաստացման աստիճանից, հոգու ամենախորին շերտերում կրում է ինչ-որ կայծ, որը հնարավոր է ճնշել, դարձնել գրեթե աննշան, բայց ոչ երբեք մարել։

Իսկ ֆիլմի դրվագը այդ գաղափարի վերարտադրումն էր,թե ինչպես է «ծածկագիրը»՝ տվյալ դեպքում գեղեցիկի հայեցման ու զգացմունքներ վերապրելու ցանկությունը, հաղթահարում արհեստական պատնեշները, մնում չդեֆորմացված ու անապական, և մի ակնթարթում կայծից վերածվում կայծակի...

Հայաստանյան իրականությունում կյանքն անասելի ծանր է՝ լի զրկանքներով և դժվարություններով։ Ընդ որում, ծանր է արդեն մի քանի տասնամյակ և ծանր այն աստիճան, որ «հազարամյա մշակույթի» տեր ժողովուրդը հանդուրժում է այնպիսի աննկարագրելի ստորացումներ, ինչպիսիք են իշխող կուսակցության կողմից «բարեգործական բուժօգնությունը» (ո՞վ է լսել, որ ՔԱՂԱՔԱԿԱՆ կուսակցությունները զբաղվեն ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ), այսինքն կարիքավոր կանանց կասկածելի որակի գինեկոլոգիական ծառայությունների մատուցում ու դրա հեռարձակում Հանրային հեռուստատեսությամբ, լժե-հերոս գեներալներ, որոնք պատերազմում գործած քաջագործությունների դիմաց իրենց իրավունք են վերապահել լափել ինչ տեսնում են և նվաստացնել ում ուզում են, երբ ուզում են և ինչքան ուզում են, կասկածելի անցյալով դեգենեռատ օլիգարխներ, որոնք շատ են սիրում զբաղվել օրենսդրական գործունեությամբ և ծծել սեփական հայրենակիցների արյունը, կրիմինալներ ու տավար-ախրանիկներ, որոնք չնայած կազմում են ազգի 1 տոկոսը, բայց կարողանում են մնացյալ 99-ին պարտադրել կեցության և բարոյականության իրենց նորմերը՝ սրբազան վախ ու ակնածանք ներշնչելով հասարակ քաղաքացիներին, և այլն և այլն...

Երբ վերլուծելով ներկան փորձում ես կանխատեսել ապագան, ապա հայ ժողովրդի առջևում միայն խավար է երևում, քանի որ դժվար է ինչ-որ զարթոնք սպասել տասնամյակներ շարունակ նվաստացումների և կենդանական վերաբերմունքի արժանացած ժողովրդից, որը, տրամաբանորեն, նյութական և հոգևոր զրկանքների ճնշմամբ պետք է վերջնականապես կորցրած լիներ ստրկամիտ հնազանդությունը հաղթահարելու և սեփական իրավունքները պաշտպանելու ունակությունը։

Սակայն հենց այս փակուղային ամփոփման եզրին էլ հանկարծակիորեն հատվում են Հայաստանի ապագայի ու անցյալից ժառանգություն մնացած մեծ մտքերի շուրջ խոհերը, իսկ դրանց կապը դառնում է ակներև, ցայտուն։

Թող որ այսօր ՀՀ քաղաքացիները ճնշող մեծամասնությունը ստրկամիտ է ու պատրաստ հանուն սեփական կաշվի հարաբերական անվտանգության հանդուրժել խղճուկ պատանդի կարգավիճակը, թող որ Հայաստանում հասարակական նորմեր ասվածը բավական հեղհեղուկ ու տարօրինակ արժեքեների ամբողջություն է, որը հանդուրժում է այնպիսի գարշելի երևույթներ, ինչպիսիք են ամենաբարձր մակարդակով իրականացվող կոռուպցիան ու գանձագողությունը, բայց խստագույնս դատապարտում հայկական գենի վեհությունն անտեսող «սրբապիղծներին» և համայն Թուրքիան չատող «վասակներին»։

Միևնույն է, յուրաքանչյուր հայի հոգու խորքում շարունակում մխալ մի փոքր ածուխ, որը չի կարելի հանգցնել ոչ զանազան գեներալներով, ոչ կրիմինալներով ու ախրանիկներով, ոչ շարունակական բնույթ կրող «բարեգործական» պրոցեդուրաներով և ոչ էլ անգամ «Հայլուրի» նման գերհզոր զենքով։ Եվ հայ ազգի յուրաքանչյուր գիտակից ներկայացուցչի մնում է սրտի թրթիռով ու ինքնամոռաց նվիրումով աղոթել Աստծոն, որ այդ «ածուխը» համընկնի մարդկային առաքելության և պատմության վերջնանպատակի հեգելյան մեկնաբանության՝ այսինքն սեփական ազատության գիտակցման և դրա ռեալիզացիայի բնածին ծրագրի հետ, որ առկա է յուրաքանչյուր անհատի՝ նունիսկ ժամանակակից հայի ներսում։

Եվ հայ ազգի քիչ թե շատ լուսավոր ապագայի հույսը, համենայնդեպս ես, կապում եմ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի անձի, Սերժ Սարգսյանի բարեփոխիչ լինելու մասին զրույցների, կամ էլ գոյություն չունեցող մետաֆիզիկական ինչ-որ քաղաքական երրորդ ուժի (սրանք բոլորն ընդամենը անհատներ են, որ ի վիճակի չեն ստեղծել պատմություն և միայն բացահայտում են անխուսափելի ապագան՝ արագացնելով դրա գալուստը), այլ յուրաքանչյուր անձի ներսում ամփոփված անբացատրելի ինչ-որ անլռելի հրաբուխով, որը, ինչպես ասում էր Չարենցը, «...ժայթքում է իր մեջ, մակածում, որ հետո ահավոր պարպի, խլացնի որոտներն ամպեղեն և ինչպես հրաբուխ պայթի, հուրհրա լավան հրեղեն»...

Չորեքշաբթի իրիկուն, Հայկ
--

4 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 13:11

    Մի շատ կարևոր, եթե ոչ գլխավոր հարց էլ կա, Հայկ ջան. "որ հետո ահավոր պարպի, խլացնի որոտներն ամպեղեն և ինչպես հրաբուխ պայթի, հուրհրա լավան հրեղեն", այ դրանից հետո ինչ է լինելու...

    ReplyDelete
  2. Pepanyan Artsrun04 March, 2011 13:11

    անկեղծ ասած լրիվ պատահական հայտնվեցի այստեղ, թեև լավ գիտեմ , որ պատահական ոչինչ չի լինում: ինչևէ, երկրի ապագայի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցելու համար առաջարկում եմ նայել ֆասեբւքի իմ էջը: հարգանքով ա. պեպանյան

    ReplyDelete
  3. Haik Zargaryan04 March, 2011 13:12

    Հարցը, պ-ն Կարաբեկյան, համ լավն ա, համ էլ կարևոր :)
    Ես դժվարանում եմ իմ պատասխանը տալ էդ հարցին, որովհետև իրականում դրան պատասխան չկա…
    Ուղղակի եթե հետ ես նայում պատմությանը, տեսնում ես որ նման դեպքերում շրջանը սկսվում ա կրկին, ուղղակի արդեն ուրվագծվում ա ավելի բարձր հարթության վրա։ Նույն ֆրանսիական հեղափոխությունը, Ամերիկյան անկախության պատերազմը, լատինական ամերիկայի ազատագրական պատերազմները, սրանք բոլորը հրաբուխներ են, որ ժայթքել են՝ կործանելով ճանապարհին ամեն ինչ։ Ցավն էլ հենց դա ա, որ հրաբուխը մենակ կործանում ա, իսկ ստեղծարար ուժ ընդհանրապես չկա։ Ավելի ճիշտ կա, դա լերդացած լավան ա, որ մնում ա ժայթքումից հետո, ու դա էլ երբեք թույլ չի տա, որ բռնապետությունն ու հակամարդկային կարգը նույն խորությամբ արմատներ գցեն։
    Այսինքն, եթե հրաբուխը դեռ երաշխիք չի, որ ազատություն ու համազգային արդարություն կստեղծվի, ապա գոնե թույլ չի տա որ կրկին նման խորը բռնապետություն հաստատվի։Շրջանը կսկվի նորից, մինչև լավայի շերտն էնքան հաստանա, որ մարդ հասնի «Բացարձակ ոգու» վերջնանպատակին :) բացարձակ ազատության երանելի վիճակին, երբ չկա այլևս ոչ մի պահանջ, հետևաբար չկա նաև շարժում։ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ։

    ReplyDelete
  4. Samvel Karabekyan04 March, 2011 13:13

    Դե հիմա լավ առիթ կա հետևելու "հետժայթքման" զարգացումներին Թունիսի "հասմիկյան հեղափոխության" օրինակով

    ReplyDelete