Wednesday, October 17, 2012

Թե ինչու չեմ ուզում Մարատին հիշե´լ

Վաղու՜ց, շատ վաղուց չեմ մտել «Ուրբաթ»` որպես հեղինակ: Պատճառներ չկան, կամ կան, բայց այնքան խորքային են, որ դրանց վերլուծությունը անխուսափելիորեն տանելու է ազգային մակարդակ, իսկ դրանից վաղուց արդեն խուսափում եմ: Խուսափում եմ, որովհետև, ըստ էության, վերլուծությունն արդեն վաղուց արված է` այն էլ բազմակողմանի, տարբեր գաղափարախոսությունների ոսպնյակով զննված, փորձարկված: Գոնե ես ինձ համար վերլուծել եմ: Ախտորոշումն էլ պարզ է` ախտանիշները այնքան ցցուն են. եթե «բարձրագույն» մակարդակում քննարկման է դրվում «երկիրդ երկիր չի» ասույթի խնդիրը և դրան «գաղափարախոսական հակահարված» է տրվում, դա ախտանիշ է, որովհետև նման բանաձևերը արմատախիլ են արվում ոչ թե գաղափարախոսական հակահարվածներով, այլ երկիրը գրագետ կառավարելով, նման կարծրատիպերի կենսունակության համար նպաստավոր միջավայրը վերացնելով: Ահա տեսեք` ճիշտ էի, որքան էլ խուսափեցի, բայց հենց խորքային պատճառներից խոսեցի, ինձ անմիջապես տարավ-հանեց ազգային մակարդակ :)

Tuesday, October 2, 2012

Մի քանի փոր հաց ու գրանիտ Պանթեոնում

Վրացական ընտրությունների մասին դեռ երկար կխոսեն։ Կարծիքների տարափ կտեղա, համեմատականների՝ ևս, նաև Հայաստանի հետ։ Ձեռքի հետ կհիշեն հայ-վրացական դարավոր բարեկամության կամ թշնամության կամ վրացիների ապերախտության կամ հայերի նվիրվածության մասին։ Շատ բան կհիշեն։ Բայց կարևորը սա չէ։ Կարևորն այն էր, ինչ ընտրատեղամասերին փակումից հետո գոնե Թբիլիսիի մայր պողոտայում էր ու Ազատության հրապարակում։ Վերջինը ծանոթ է չէ հնչո՞ւմ...

Friday, September 21, 2012

Շնորհավո՛ր տոնդ երկիր

Առավոտվանից էի փորձում ինչ-որ բան գրել։ Մի կես էջ ստացվեց անգամ, կիսահեգնական։ Բայց չշարունակվեց։ Իմաստ չուներ շարունակել, ջնջեցի։ Օրը տարօրինակ ստացվեց, ստիպում էր անընդհատ ամփոփելու, ինքդ քեզ հաշիվ տալու մասին մտածել։ Անկախ ապրելու իրավունք ու կյանքի ևս մեկ տարի։

Sunday, September 16, 2012

Կարկանդակներ։ Այսպիսի

Անում եմ ամեն ինչ, ինչ անիմաստ է ու անպետք։ Չնայած ով է գլուխ հանում, ինչն է իմաստով ու պետքական։ Կարկանդակներ։ Այսպիսի։ Ջա՜ն, Գլախո։ Ափսոս չեմ հասկանում։ Կարևոր չէ։ Մեկը լինի հարցնի՝ հասկացածներդ ի՞նչ ես անում։

Tuesday, August 21, 2012

Ի՞նչ տարբերություն— մի բան, էլի

Տեսնես վերջն ինչ է լինելու։ Վերջի մասին դեռ վաղ է խոսել, եթե խոսքը հենց սկզբում էլ մեկ մարդու երկրային կյանքի մասին է։ Երկնայինը դեռ ժամանակ կունենանք ստուգելու, եթե նման հնարավորություն նախատեսված է ի սկզբանե։ Տեսնես վերջն ի՞նչ է լինելու։

Wednesday, July 25, 2012

Կմնան միայն պաստառները

Վրաստանից դեպի Գյումրի տանող ճանապարհին՝ Մայիսյանի նորակառույց Մշակույթի տան ճակատին բավական մեծ պաստառ կա (մինչև անցած կիրակի կար)՝ ՀՀԿ-ի զինանշանով ու խորհրդարանական քարոզարշավի պաստառների գույների ու ոճի մեջ։ Փակցվել է բացման արարողության ժամանակ, վերջերս՝ գույները թարմ էին։ Բացմանն էլ հանրապետության նախագահն է մասնակցել, որովհետև պաստառն արձանագրում է՝ «Շնորհակա՛լ ենք, մեծարգո նախագահ»։

Wednesday, July 18, 2012

Թանձր օդի քուլաներ՝ վեր գալարվող

Չի գրվում, որովհետև չեմ ուզում։ Եթե գրվի, արդեն ինձ է նվնվոց հիշեցնելու։ Պոկվել է պետք դրանից։ Նոր հավակնություններ չկան, եթե ոչ միայն զուտ նյութական։ Դա էլ է կարևոր, երևի։ Իմաստ, բան՝ նորմալ է։ Ապագա, հեռանկարներ, բան՝ էլի նորմալ է։ Լրիվ նորմալ է։

Thursday, July 5, 2012

Գրել գրելու համար

Ժամանակ առ ժամանակ ինչ-որ նախադեպեր են հայտնվում, որոնք «ձգում» են հայկական success story-ների, ու տեղին անտեղին, պատեհ անպատեհ մեջբերվում են։ Որպես օրինակներ հեռուն գնացող մտահանգումների հիմք էլ են դառնում, ասենք՝ «Եթե վարորդներին ստիպեցինք ամրագոտիներ կապել, ուրեմն օլիգարխների դեմ պայքարում էլ նույն հաջողությունը կունենաք, եթե նույն վճռականությանը, միջոցներին, եղանակին դիմենք»։ Ու որպես կանոն քննարկումը, մտահոգությունները ավարտվում են՝ «քաղաքական կամք է հարկավոր»։

Friday, June 29, 2012

Քարը գենի մեջ է

Աշոտյանի ասուլիսի հետքերով

Ասուլիսի մանրամասները չեմ մեջբերի, մանավանդ որ մեջբերելու բան էլ չկա. նկատի ունեմ խելքին մոտ բան չկա։ Ռադիկալ չէ դիրքորոշումը, իրական է. ոչ մի նոր բան՝ Հայաստանում մնալու է հինգ հավատարմագրված բուհ, ամեն ինչ լավ է, ճիշտ ուղղությամբ ենք գնում, իհարկե, թերություններ, բացթողումներ կան, բայց ամեն ինչ «տոշնիյա»՝ լավ է լինելու, մենք գիտենք՝ ինչ ենք անում։

Wednesday, June 20, 2012

«Նրանց» անատոմիան

Խորհրդարանական ընտրություններից ու հին նոր կառավարության նշանակումից հետո իշխանությունների գործողությունները կա՛մ հնարավոր չէ մեկնաբանել, որովհետև մինչ մեկնաբանելը պիտի կարողանաս ընկալել դրանք, կա՛մ էլ միևնույն է՝ էլի հնարավոր չէ ընկալել, ու շատ թե քիչ միակ բանական մեկնաբանությունը՝ «սրանք ապուշ են, արա»։

Tuesday, June 19, 2012

Քանի դեռ խոսքը արժեք չունի

Ինչ-որ իրադարձություն ինչ-որ մեկը ինչ-որ պահի հանկարծ «թեժ»-ի կարգավիճակ է ստանում ու սկսում զբացեղնել շատերի միտքը։ Լրատվամիջոցներինը՝ հաստատ։ Հայտնվում են տասնյակ հրապարակումներ, ռեպորտաժներ։ Թեման տեղափոխվում է սոցցանցեր, երբեմն բլոգներ։ Հաստատ հայտնվում է խոհանոցներում, բակերում։ Մի խոսքով՝ ամենուր։ Վերջում, իհարկե, այնքան է կտրվում իրականությունից, որ մոռացվում ու գնում է։ Կարծես գոյություն չի էլ ունեցել։