Friday, June 29, 2012

Քարը գենի մեջ է

Աշոտյանի ասուլիսի հետքերով

Ասուլիսի մանրամասները չեմ մեջբերի, մանավանդ որ մեջբերելու բան էլ չկա. նկատի ունեմ խելքին մոտ բան չկա։ Ռադիկալ չէ դիրքորոշումը, իրական է. ոչ մի նոր բան՝ Հայաստանում մնալու է հինգ հավատարմագրված բուհ, ամեն ինչ լավ է, ճիշտ ուղղությամբ ենք գնում, իհարկե, թերություններ, բացթողումներ կան, բայց ամեն ինչ «տոշնիյա»՝ լավ է լինելու, մենք գիտենք՝ ինչ ենք անում։

Կրկնում եմ՝ չեմ ռադիկալացնում։ Սա է իրականությունը, ցինիզմը՝ իրականության մեջ։

Խնդիրը ասուլիսը չէ։ Խնդիրն անգամ նրանց ինքնավստահությունն ու ինքահավանությունը չէ, սրանք չափազանց բարդ կոնցեպտներ են նրանց համար։ Իրականում շատ ավելի պարզունակ է, որքան պարզունակ է «տոշնիյա» կոնցեպտը՝ լավ է լինելու, մենք գիտենք, մենք անում ենք, դուք էլ ուզեք, թե չուզեք, առաջիկա հինգ տարիներին պիտի ընդունեք այն, ինչ անում ենք։

Սա, ի դեպ, համարյա թե մեջբերում էր պրն Աշոտյանի ելույթից խորհրդարանում (կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ)։

Խնդիրը երևի հանդուրժողականությունն է, մեր հանդուրժողականությունը նրանց նկատմամբ։ Այստեղ արդեն ռադիկալացնում եմ, որովհետև հոգնել եմ ամեն անգամ ու հերթական անգամ հերթական լոլոներից։ Լոլոն քրդական պար է, պարել չեմ սիրում, շուրջպարեր էլ չեմ սիրում՝ այն էլ Արագածի շուրջ։ Արարատինը լիներ, միգուցե հասկանայինք, թե չէ Արագած։

Հեգնո՞ւմ եմ, իհարկե՛, հեգնում եմ։ Այլ կերպ հնարավոր չէ ընկալել նրանց։ Ընկալելու բան էլ չկա, չնայած կրկնում եմ՝ նրանք ապուշ չեն։

Հանդուրժում ենք։ Զարմանում եմ՝ ինչպես կարելի է հանդուրժել. հանդուրժել տոտալ շինարարությունը, ասենք, բարձրագույն կրթության ոլորտում։ Բնագավառում ուրիշ ոչ մի ուրիշ խնդիր չկա՝ գրադարանները ամենահարուստն են, ուսանողները՝ ամենագիտակիցը, դասախոսները՝ ամենամոտիվացվածն ու ամենագիտնականը, գիտությունը ամենա-ամենան է. միայն մասնաշենքերի խնդիրն է մնացել, ու մասնաշենքերը կառուցում ենք ու վերակառուցում ու էլի վերակառուցում ու էլի ու էլի։ Վե՞րջը։

Ռեկտորներին կարելի է ի սկզբանե «Շինարար» տիտղոսը պաշտոնապես շնորհել ու վերջ տալ։ Կամ էլ իրենք իրենց վերցնեն բուհական բոլոր մասնաշենքերի սեփականության իրավունքը, անհատույց, անժամկետ՝ մի պահ գուցե հագենան, կոկորդում էլ տեղ չլինի, ավելի շուտ՝ մասնաշենք չլինի։ Մենք էլ ձմռանը գրադարանների գրքերը վառենք ու գիտությամբ զբաղվենք։

Հանգի՛ստ թողեք, մասնաշե՛նք է, քա՛ր, մի երկու կտոր էլ հող։

Հետո զարմանում ենք՝ ինչու ենք քար սիրում. գենետիկ է փաստորեն։ Սերը առ ցեմենտը, գաջը, ամրանները միգուցե գենետիկ չէ, դրանք համեմատաբար նոր ժամանակների երևույթներ են, բայց սերը առ քարը, ոչ սեփական քրտինքով տաշած քարը ու ծուռ աչքով սերը, փաստորեն գենետիկ է։ Հայկական գենի մեջ է։

Հայկական գենի մասին պահը հաստատ նրանց դուրը կգա, չէ՞ որ հայկական գենը, գիտեք, չեմ հիշում քանի հազարամյակ շարունակ, հայկական աշխարհում, ծովից ծով՝ «վոբշեմ, տոշնիյա»։

Շինարար ենք, հո զոռով չէ, շինում ենք ու շինում, ինչ ձեռքներիս տակ ընկում է՝ շինում ենք։ Գլխավորը որ մերը չլինի՝ ուրիշինն ավելի լավ է շինվում։ Երբեմն այնքան ենք տարվում, որ շինելն ավելի կարևոր է դառնում, քան «մեր»-ի ու «ոչ մեր»-ի զգացումը։ Սահմանները լղոզվում են...

Կա՛նգ, Հայաստանը մերն է, մե՛րը՝ չմոռանանք...

civilnet.am-ի համար։

Հինգշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment