Wednesday, June 20, 2012

«Նրանց» անատոմիան

Խորհրդարանական ընտրություններից ու հին նոր կառավարության նշանակումից հետո իշխանությունների գործողությունները կա՛մ հնարավոր չէ մեկնաբանել, որովհետև մինչ մեկնաբանելը պիտի կարողանաս ընկալել դրանք, կա՛մ էլ միևնույն է՝ էլի հնարավոր չէ ընկալել, ու շատ թե քիչ միակ բանական մեկնաբանությունը՝ «սրանք ապուշ են, արա»։

«Ապուշ» են, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում, չեն հասկանում, թե ինչի հետ են խաղում, չեն հասկանում, որ իրականությունում չեն ապրում, չեն հասկանում, որ հեռանկար չունեն, չեն հասկանում, որ ուրիշների ապագայի հետ են խաղում, չեն հասկանում, որ…

Մեկնաբանությունը վատը չէ՝ «իրենք» ապուշներ են, «մենք»՝ ոչ, մենք ավելի խելացի ենք, հաստատ «իրենցից» խելացի։ Ուրեմն՝ «մենք» ենք հաղթելու։

Բայց մեկ խնդիր՝ «հեչ ապուշ չեն սրանք, արա, հեչ»։ Պետք չէ թերագնահատել «նրանց», պիտի կարողանալ իրականությունը տեսնել՝ նրանց աչքերով ու նրանց հոգեբանությամբ ու նրանց հաշվարկով ու նրանց իրականությունը։

«Նրանց» արտաքնապես քաոտիկ, ու թվում է՝ ոչ համակարգային ու փրփուրներից կառչող գործողությունները մեկ կարևոր հետևանքի են տանում՝ «նրանց» մասին հասարակության մեջ ոչ համարժեք ընկալում են ձևավորում, «նրանց» հեշտ հաղթահարելիության մասին միֆ ստեղծում։

Այստեղ գրոհում է նաև մերձհայլուրական «Տեսանկյունը» (18-ը հունիսի, 2012թ.). կառավարությունում էլ են սովորական մարդիկ, ինչպես մենք ու դուք, և եթե մենք ու դուք մտածում ենք, ինչպես «դաչա» տանել «Տարոն ջան, ապրես»-ի Երևանում տեղադրված նստարանները, ապա ինչու ենք այլ բան պահանջում կառավարությունից։ Ու եթե փոփոխություն ենք պահանջում կառավարությունից ու իշխանություններից, ապա պիտի նախ փոփոխություն պահանջենք մեզնից։

Տարօրինակ է չէ հնչում՝ դուք էլ, մենք էլ նույնն ենք։

Բայց չէ. մեջբերում կառավարության առաջին՝ արտահերթ նիստում Սերժ Սարգսյանի խոսքից. «Կառավարության կազմում մենք հեղափոխական փոփոխություններ չենք կատարել [իսկ մենք համարյա թե հավատացել էինք ու սպասում էինք – Մ.Յ.]։ …Սակայն սա չի նշանակում, որ մենք հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից»։

Ու բեմ են դուրս գալիս կոստյումներով ու «Տարոն ջան»-ի աթոռները «դաչա» տանելու մասին չմտածող, սափրված ու կիրթ մարդիկ՝ համարյա եվրոպացիներ, ու, գիտեք ինչ, ծանր ժառանգություն ենք ստացել, մշտապես կեղծված ընտրություններ, ի վերջո՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Բայց միակ եվրոպացիներս բարեփոխումները կշարունակենք՝ ի հեճուկս ամեն ինչի։ Բայց թե մեր առանձնահատկություններն էլ հաշվի առեք, ժողովրդի մյուս մասը մտածում է «Տարոն ջան»-ի նստարանները «դաչա» տանելու մասին, մեզ էլ հասկացեք…

Ու, չգիտես ինչու, հանկարծ սկսում ես մտածել. միգուցե «նրանք»-ը պարզապես պիտակ է, միգուցե «նրանք» գոյություն էլ չունեն, միգուցե «նրանք»-ը մտացածին է, միգուցե ես էլ եմ հոգուս խորքում մտածում նստարանների ու դաչայի մասին …

Ինձ նույնպես այս բացատրությունը դուր չի գալիս, ընդհանրապես դուր չի գալիս։ Ուրիշն առաջարկեք, խնդրեմ, բայց միայն ոչ՝ «ապուշ են սրանք, արա»։

civinet.am-ի համար։

Մարատ, երեքշաբթի
--

No comments:

Post a Comment