Friday, June 15, 2012

Նման եք, լուռ

Տարօրինակ վայր է գերեզմանը։ Այն սարի կամ բարձրունքի վրա է, կանաչի մեջ, ուրց է միշտ այնտեղ աճում, դաղձ էլ, ծաղիկներ՝ ինչքան ուզեք։ Խոտ, քարեր, քամի՝ չգիտես ինչու միշտ սառը, րոպեներ, որոնք այլ ընթացք են ստանում։ Րոպեներ, որոնք կյանքին էլ են այլ ընթացք հաղորդում, չնայած կյանքն է այնտեղ այլ ընթացք ընտրում։

Քայլում են, երբեմն լուռ, երբեմն՝ ոչ այնքան։ Շարքերով, մեկը մյուսի հետևից։ Շարքեր՝ քարերի արանքով։ Քարեր՝ հին, հողի մեջ մխրճված, խոտերով ծածկված։ Գունավոր՝ երբեմն կարմիր, հիմնականում՝ կարմիր։ Մեկ-մեկ՝ սև։ Քարաքոս է՝ փափուկ, քարին ամուր կպած։

Խոտը տրորված է. իզեր են, որոնցով անցել են շարքերը։ Լուռ է, մտքում հաստատ լուռ է։ Քամի է ու րոպեների տարօրինակ ընթացք։ Ու հող, խոնավ, որը հետո թմբի է վերածվում ու չորանում։--- Մարդիկ, որոնք կրկին լուռ են, մտքում՝ հաստատ լուռ։ Մտածո՞ւմ են, հիշո՞ւմ, պատմո՞ւմ՝ չգիտեմ։ Եթե մտածում էլ են, կրկին լուռ են։ Հաստատ լուռ են։ Րոպերներն այստեղ ուրիշ են՝ երևի դանդաղ, չգիտեմ, ամեն դեպքում քամու հետ օրորվում են, ընթացքը փոխում, գնում ու գալիս։ Ինչպես խոտի ու քարերի հոտն է գնում ու գալիս։

Մարդիկ էլ են գնում։ Հետ են գնում նույն իզերով, որոնցով եկել էին։ Ու էլի լուռ են՝ մտքում։ Դու էլ ես գնում, լուռ ես։ Լուռ ես, որ քամու ու խոտերի հետ րոպեներն ես շնչում։ Քայլում ես իզերով, որոնք դու չես գցել, նրանք են գցել։

Իզերի սկզբում հայրդ է ու հորեղբայրդ՝ ցածրահասակ ու մի փոքր էլ կորացած։ Երկուսն էլ լուռ են՝ մտքում։ Դու նրանց թիկունքում ես գնում։ Խաղաղ է քո հոգում, անխռով, հոգի չկա՝ թեթև է, շատ թեթև։ Դու նրանց թիկունքում ես։ Իզերով նրանք ենք գնում, դու միայն հետևում ես։ Ուր ես գնում, ինչու։ Գնում ես։ Գլխավորը նրանց թիկունքում ես։ Իզերի սկզբում նրանք են։ Նրանք գիտեն։ Դու ոչ մի բան չես ուզում՝ քայլել ու քայլել։ Լուռ եք։ Բոլորով։ Ոչ մի բան պետք չէ։ Ամեն ինչ պարզ է, հասարակ։ Րոպեներ են, որոնք քամու ու խոտի հոտի հետ գնում են ու գալիս։

Կորացած են. դեմքները չես տեսնում, բայց գիտես ինչպիսին են։ Նման են։ Նման եք։ Աչքերը մի փոքր կկոցած, այտերի մոտ մի փոքր վերև ձգված, ունքերը ներքև, որից ճակատները հարթվում են՝ խոժոռության ու խեղճության տարօրինակ ընկալում է։ Խոժոռ, որը հոգուց չի գալիս։ Խեղճ, որը չգիտես որտեղից է գալիս։ Երևի այն կողմից, երևի անցյալից։ Չնայած՝ ապագայից։ Հաստատ ապագայից։ Գլուխները կախ չեն, բայց ոչ բարձր, ոչ էլ ուղիղ։ Հայացքներն էլ միմյանց վրա չեն, ոչ մի տեղ էլ չեն, չգիտես էլ ուր են, չնայած հիմնականում գետնին են։ Հայացքներ, որոնք չեն տեսնում, զգում են։ Գնում եք՝ սկզբում նրանք, թիկունքում՝ դու։ Նման եք։ Ոչ մի բան պետք չէ։ Մարդիկ են, իզեր, լուռ՝ մտքում ու քամի՝ չգիտես ինչու միշտ սառը։

Երեկ, Մարատ
--

No comments:

Post a Comment