Ինչ-որ իրադարձություն ինչ-որ մեկը ինչ-որ պահի հանկարծ «թեժ»-ի կարգավիճակ է ստանում ու սկսում զբացեղնել շատերի միտքը։ Լրատվամիջոցներինը՝ հաստատ։ Հայտնվում են տասնյակ հրապարակումներ, ռեպորտաժներ։ Թեման տեղափոխվում է սոցցանցեր, երբեմն բլոգներ։ Հաստատ հայտնվում է խոհանոցներում, բակերում։ Մի խոսքով՝ ամենուր։ Վերջում, իհարկե, այնքան է կտրվում իրականությունից, որ մոռացվում ու գնում է։ Կարծես գոյություն չի էլ ունեցել։
Այս ամենը երբեմն «հասարակական հնչեղություն» է անվանվում։ Երբեմն իրոք այն հասարակական հնչեղություն էլ ստանում է, երբեմն արհեստականորեն է այդպիսին դառնում։ Վերջինիս դեպքում բոլորը հանկարծ սկսում են հիշել խոսքի, հիմա արդեն տպագիր կամ հեռարձակվող խոսքի, ուժի ու ազդեցության մասին։ Շատ արագ իրերի դրությունը հայտնվում է կառավարվող կամ կարգավորվող կամ վերահսկվող ընթացքում։
Լրատվամիջոցները դերը այսքանով, համարվում է փակված։ Նրանք սկսում են ընկալվել կամ որպես մանկլավիկներ կամ էլ որպես թշնամիներ՝ լավագույն դեպքում։ Վատագույնի դեպքում նրանք ընդհանրապես գոյություն չունեն։ Չկան՝ փուչ տեղ է։
Նույնը նաև յուրաքանչյուր մեկի հանդեպ, ով խոսք է ստեղծում (ամենալայն իմաստով՝ միտք, գաղափար, կտավ, բանաստեղծությունների ժողովածու, քանդակ ու դասախոսություն ինչ-որ համալսարանում)։
Ու խզվում է կապը իրականության ու խոսքի միջև, որը պիտի արտացոլեր այդ իրականությունը։ Ու ստեղծվում են զուգահեռ իրականություններ։ Իրական՝ «ստացվեց ինչպես միշտ», ու խոսքային՝ «մանկլավիկ vs. թշնամի vs. փուչ»։
Նրանք անջատ են միմյանցից, ամեն մեկն իր աշխարհում է ապրում։
Իսկ խոսքը չի հարթվում, չի հղկվում, չի զարգանում, «հասարակական հնչեղությունից» չի վերածվում գաղափարի ու չի դառնում նույն այդ հասարակության սեփականությունը։ Աշխարհներից յուրաքանչյուրը շարունակում է ինքն իր մեջ ապրել ու ոչ մի քննարկում էլ չի ծավալվում։
Խոսքը ներփակվում է ինքն իր մեջ ու սկսում է կորցնել արժեքը։
Իսկ սա վտանգավոր է, քանի որ ապագա խոսքը նույնպես արժանահավատ չի հնչելու, որովհետև հասարակության գիտակցության մեջ այն շարունակելու մնալ կամ որպես կառավարվող, կարգավորվող, վերահսկվող կամ էլ որպես ներփակ։
Հայաստանյան իրականության մեջ քանի-քանի հազար անգամներ եք լսել «երրորդ ուժ» կամ «այլընտրանք» ձևակերպումները։ Շատ-շատ, ենթադրում եմ։ Չեմ էլ ուզում հարցնել, թե քանի անգամ եք այդպիսին տեսել։ Այն հնարավոր էլ չէ տեսնել. որովհետև ներփակ է նաև գործը, քանի որ ներփակ է գործի հետևում կանգնած խոսքը։
Մարատ, ուրբաթ
..
No comments:
Post a Comment