Thursday, July 5, 2012

Գրել գրելու համար

Ժամանակ առ ժամանակ ինչ-որ նախադեպեր են հայտնվում, որոնք «ձգում» են հայկական success story-ների, ու տեղին անտեղին, պատեհ անպատեհ մեջբերվում են։ Որպես օրինակներ հեռուն գնացող մտահանգումների հիմք էլ են դառնում, ասենք՝ «Եթե վարորդներին ստիպեցինք ամրագոտիներ կապել, ուրեմն օլիգարխների դեմ պայքարում էլ նույն հաջողությունը կունենաք, եթե նույն վճռականությանը, միջոցներին, եղանակին դիմենք»։ Ու որպես կանոն քննարկումը, մտահոգությունները ավարտվում են՝ «քաղաքական կամք է հարկավոր»։

Դե հարկավոր է. ոչ ոք չի ժխտում։ Պետությունը նրա համար էլ է, որ կամք էլ ունենա։ Իշխանությունները կարող են և չունենալ, իսկ պետությունը պետք է ունենա։ 

Հիմա էլ «Հարսնաքարի» դեպքը, Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումն ու ոչ միանշանակ զգացում առաջացնող նրա հայտարարությունը։

Ու նորից օլիգարխների դեմ պայքարն ու խմբագրական տարբեր դիրքորոշումներ տարբեր լրատվամիջոցներում։ Հիմնականում երկիմաստ, սեփական շահը փնտրող, զգուշավոր, լղոզված։ Բայց թե՝ օբյեկտի՛վ, ազա՛տ...

Խմբագրականներն էլ նույն մեսիջն ունեն՝ նույն անորոշ քաղաքական կամքը։ Չնայած ավելացել է նաև «հասարակության կամքի» մասին թեզը («Մեդիամաքսի» խմբագրի հոդվածում), վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցներից մեջբերումներով՝ թե ինչպես է վարչապետը հասարակությանը կոչ անում ավելի մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա ու իր հետ պայքարել օլիգարխների դեմ։


Պատասխանատվությունից խուսափելու լավագույն տարբերակը այն ուրիշների վրա «ցրելն» է, պարզ է չէ՞։ Բայց թե գլխավորը մտահոգ դեմքով հայտարարելն է՝ եկեք, օգնեք, իրար հետ պայքարենք։


Իսկ խմբագրի հոդվածի վերջում քաղաքական շոուի հորդոր է՝ «ա լա պուտին», թե սանձերներդ քաշելու եմ։ Իհարկե չի էլ քաշելու, բայց շոուն լավ է, նայվում է։ Մերոնք տեսնես ինչո՞ւ չեն ֆահմում, նկարեն, Հանրայինով ցույց տան։


Հասարակական քննարկումները, խմբագրականները, իհարկե, ողջունելի են, բայց եթե դրանք իրոք քննարկումներ են, պարզապես «գրոցի» չէ՝ գրելու համար՝ բա թե մենք էլ այդ թեմային անդրադարձանք, մենք էլ մեր հեղինակավոր կարծիքը հնչեցրեցինք, մենք էլ ենք հասարակական կարծիք ձևավորում կամ նվազագույնը կարծիքի վրա ազդեցության մեր չափը ունենք։ Ու գնա՜ց ֆեյսբուքահայության մեջ՝ քլնգոցը, լայքերը։

Իսկ ժողովուրդն իր դարդ ու ցավի հետ է, ու դեռ իշխանություններից է քաղաքական կամք սպասում։ Պետք չէ՞ր իշխանություններից քաղաքական կամք սպասել։ Բայց թե ժողովուրդն իր դարդ ու ցավի հետ է՝ դաշտը մնացել է, բերքը հավաքել է պետք։ Գործ կա անելու։

Մի՞թե իր իրավունքների ու անարդարության դեմ պայքարը գործ չէ։ Իհարկե, գործ է, բայց թե այդ գործի համար էլ մարդիկ կան, նույն վարչապետը, օրինակ, նույն ոստիկանապետը, նույն դատախազությունը, նույն դատարանները, նույն մարդու իրավունքների պաշտպանը, նույն լրատվամիջոցները, նույն հասարակական կազմակերպությունները, նույն նախագահը …։

Բայց թե նրանք էլ են գործով զբաղված՝ նրանք պատասխանատվությունն են կիսում հասարակության հետ (այդ հասարակությունում իրենք տեսնես կա՞ն) ու մեկ-մեկ էլ շոու են անում կամ էլ շոուի հորդոր։

civilnet.am-ի համար։

Մարատ, չորեքշաբթի
--

1 comment: