Wednesday, July 25, 2012

Կմնան միայն պաստառները

Վրաստանից դեպի Գյումրի տանող ճանապարհին՝ Մայիսյանի նորակառույց Մշակույթի տան ճակատին բավական մեծ պաստառ կա (մինչև անցած կիրակի կար)՝ ՀՀԿ-ի զինանշանով ու խորհրդարանական քարոզարշավի պաստառների գույների ու ոճի մեջ։ Փակցվել է բացման արարողության ժամանակ, վերջերս՝ գույները թարմ էին։ Բացմանն էլ հանրապետության նախագահն է մասնակցել, որովհետև պաստառն արձանագրում է՝ «Շնորհակա՛լ ենք, մեծարգո նախագահ»։

Ինչո՞ւ են շնորհակալ մեծարգո նախագահին, ինչո՞ւ է պաստառը ՀՀԿ-ի զինանշանով, չէ՞ որ այն պետբյուջեի հաշվին է կառուցվել (մասամբ էլ՝ Վահրամաբերդի Մշակույթի տան համար նախատեսվող անցած տարվա գումարների հաշվին)։

Հազիվ թե մայիսյանցիները երախտագիտության նման միահամուռ զգացումով համակված լինեին դեպի նախագահը, թեկուզև արդեն Մշակույթի տուն ունեն։ Մշակույթի տուն է, ի վերջո ոսկու հանք չէ։ Հանրապետական տեղական ակտիվը, տեղական իշխանությունները՝ չեմ բացառում, որ նրան իրոք շնորհակալ են։ Չէ՞ որ հանրապետականությունը վաղուց արդեն մարդու տեսակ է, որին պարզապես խեղդում է դեպի նախագահը երախտագիտության նման զգացումը։

Հայաստանում ձևավորվում է հանդուրժողականության յուրահատուկ մշակույթ։ Քաղաքական մեծամասնության հանդուրժողականություն այն կարելի է անվանել։ Հետաքրքիր մեկ առանձնահատկությամբ՝ պիտի հանդուրժել հենց մեծամասնությանը։ Նրանք հանդուրժելու խնդիր չունեն, նրանք պահանջում են ընդունել, որ իրենք են իշխելու (ո՛չ կառավարելու) ու հաշտվել իրենց իշխանության հետ (կամ օրոք, կամ տակ՝ ճաշակի հարց է) ապրելու մտքին։

Հանդուրժելը կարելի է հանդուրժել, առավելևս, որ հանդուրժում ենք, բայց գոնե իշխեին, կառավարելը գրողի ծոցը, իշխել էլ չեն կարողանում, մանր-մունր բաներով են զբաղված։ Մի երկու շենք-մենք, մի երկու կիլոմետր ասֆալտ, մի քանի գծամետր «բորդյուրի» քար, մի քանի փոքր հէկ, մի երկու ընտրություն ու գյուղապետ, մի քանի միլիոն (կամ միլիարդ, ո՞վ է տարբերություն դնում) պարտք, մի քանի շրջանի վերադարձ, մի երկու արձանագրություն, մի քանի տոկոս տնտեսական աճ։ Վերջին երեքը «քրիստոնեաբար» (հստակեցնեմ նժդեհական-ազգայնականների համար՝ Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեաբար դավանանքով նկատի ունեմ) խելքի բերել էլ չեն կարողանում։

Ռուսաստանում հակաիշխանական ալիքը սկսվեց «Գողերի ու ժուլիկների կուսակցության դեմ» պայքարի կոչով։ Դե Ռուսաստանում գողանալու բան կա, նավթահորեր կան, նավթամուղ, գազ, ալմաստ, ի վերջո՝ Մենդելեևի ողջ աղյուսակն ու երկրագնդի մեկչգիտեմորերորդը մասը։

Ռուսաստանի համար նորմալ ձևակերպում է։ Բայց թե մենք Ռուսաստանի հետ հո չե՞նք համեմատվի։ Ու մնում է ժուլիկությունը՝ քաղաքական ժուլիկությունը՝ հիմնված պարզ համառոտ (լավ՝ երբեմն ընդարձակ) նախադասությունների շրջանակում ամրագրվող դատողությունների վրա։

Մի օրինակ բերեմ, ասենք՝ «մինչև 2017թ. պետք է ունենանք միջազգային հավատարմագրում անցած հինգ բուհ»։ Իհարկե, կունենանք (մի քանի տարի կամ բուհ՝ այսկողմ, այնկողմ, ո՞վ է հաշվի առնելու)։ Ամենավերջին պահին ցուցակ դեմ կտանք եվրոպացիներին, դե նրանք էլ մի ամբողջ երկիր հո առանց հավատարմագրված բուհի չե՞ն թողնելու։ Թուղթ է, կստորագրեն՝ կգնա։ Մենք էլ կոգևորվենք, հայտարարութուններ կանենք՝ շնորհակալ կլինենք նախագահին ու նրա նախընտրական ծրագրին (արդեն ձեռքի հետ՝ սովորույթի ուժով)։

Իսկ կրթության որակը կփոխվի՞ դրանից (հաշվի առեք՝ հարցը հռետորական չէ)։

Բայց թե ո՞վ է հաշվի առնելու։ Կարևորը՝ կհանդուրժենք, որ միջազգային մակարդակի կրթություն ունենք։ Ինքնահրճվանքի, ինքնախրախճանքի ու ինքնաբավարարվածության պահին էլ կմոռանանք ժուլիկության մասին և կմնան միայն պաստառները …

civilnet.am-ի համար։

Մարատ, երեքշաբթի։
--

No comments:

Post a Comment