Saturday, March 13, 2010

Մարդկանց, սպառման, ծննդավայրի ու ընկերների մասին


Իմ մոտ վերջին տարիներին չափազանց հետաքրքիր, նաև ու առաջին հերթին իմ համար հետաքրքիր, մոտեցում կա շրջապատի նկատմամբ։ Ընդ որում, տարբերություն չկա, մոտեցումներում տարբերություն չկա, արդյոք այդ շրջապատը սոցիալական է, այսինքն բաղկացած անհատներից, թե իրեր են։ Երկու դեպքում էլ մոտեցումը սպառողական է։ Ինչ նկատի ունեմ սպառողական ասելով։ Վերջին տարիներին, իսկ միտումը կարծում եմ Արևմուտքում շատ ավելի վաղուց է գալիս, ամեն դեպքում 1970-ականների հասարակական գիտություններին այս կամ այն կերպ առնչվող գրքերում շատ հաճախ խոսվում է այդ մասին, ընդհանրապես հայ հասարակության վերաբերմունքն է շրջապատի նկատմամբ սպառողական։ Բոլորը ձգտում են ինչ որ բան վերցնել, դրա դիմաց շատ չնչին բան առաջարկելով։ Սա միգուցե և ռեսուրսների սղությունից է գալիս, քանի որ տալու բան չկա, կամ միգուցե եղած ռեսուրսները խնայելու անհրաժեշտությունից, որովհետև ապագան է անկանխատեսելի ու անորոշ, միգուցե և մարդիկ են փոխվել միմյանց ու շրջապատի նկատմամբ իրենց վերաբերմունքում։ Միտումը վտանգավոր է, վտանգավոր է, երբ նյութական արժեքների տիրույթից տեղափոխվում է հոգևոր արժեքների աշխարհ։

Wednesday, March 10, 2010

Համալսարանն ու էլեկտրոնային կառավարումը

Այսօր կեսօրին, ինչպես միշտ, շտապում էի համալսարան. չորրորդ կուրսեցիների մոտ արաբերեն ունեի։ Ամբիոնը ինչ որ տարօրինակ դատարկ էր, այդ ժամին, սովորաբար, կանգնելու տեղ անգամ չէր լինում։ Հետո հանկարծ աչքիս ընկավ մի հայտարարություն. ժամը 13-ին ֆակուլտետի նիստ, կամ ինչ որ նման մի բան։ Ամեն դեպքում հավաքվել էին ֆակուլտետի բոլոր դասախոսներն ու ինչ որ բան էին քննարկում։ Թե ինչ էին քննարկում, այդպես էլ պարզ չդարձավ. ես ներս մտա, երբ արդեն նիստը ավարտվելու վրա էր։

Saturday, March 6, 2010

Մամուլի ու խոսքի ազատության մասին

Խմբագրությունում մի լրագրող է աշխատում, Արփին, որը հարցազրույցների շատ հետաքրքիր մի շարք ունի հայ մտավորականների հետ, տարբեր թեմաների շուրջ՝ հասարակություն, խոսքի ազատություն, իշխանությունների նկատմամբ հասարակության ու անհատների վերաբերմունք, այսօրվա իրականությունը հասկանալու մտավորական բաղադրատոմսեր և այլն։ Հարցազրույցները հետաքրքր են նախ նրանով, որ հետաքրքրի է Արփիի իրականության ընկալումը. նպատակադիր էությունն ու հարակությունը ինչ որ կերպ փոխելու նրա ցանկությունն անմիջապես դրոշմվում է հարցազրույցների վրա։ Ու ով մի փոքր կիսում է այս լավատեսությունն ու նույնպես փոքրիկ մի ցանկություն ունի ինչ որ կերպ փոխել այսօր իշխող անտարբերության, ամեն ինչի վրա «թքած ունենալու» տրամադրությունները, Արփիի հետ նույն բանակում է։

Wednesday, March 3, 2010

Աշխատանքային ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին

Առավոտյան ուզում էի այս թեմայի շուրջ երկար ու շատ երկար փիլիսոփայել, բայց այնպես ստացվեց, որ մինչև ազատ ժամանակ կլիներ փիլիսոփայելու, դուրս եկա։ Մինչև նորից մոտեցա համակարգչին, միտքս արդեն փոխել էի։ Հայկական ասացվածքը, որը, ի դեպ իր մեջ ներառում է հայկական հասարակության գոյության դարավոր փորձն ու իմաստությունը, ասում է. «Լեզու ունես, քաշիր հետևդ»։ Մեկ այլ ասացվածք ևս. «Խոսացողի գլուխը ծակ է», էլ չեմ ասում «գլուխը քոր գալու» մասին։
Այնպես, որ։)) Բայց թե խնդիրը հո չի վերանում, այն մնում է, փոխվում է միայն վերաբերմունքը դրա նկատմամբ ու խնդրի ընկալման դիտանկյունը։
Մարատ

Tuesday, March 2, 2010

Տաղաչափությունն ու տղաս` Դավիթը

Ընտանիքիս մասին դեռ առիթներ կունենամ գրելու ու առանձին շարքով: Բայց հիմա մի փոքր, թե ինչքան հետաքրքիր է փոքրերի հետ։ Տղաս, Դավիթը, որը դեռ 5 տարեկան էլ չկա, երկու քառատող էր սովորում, մանկապարտեզում էին տվել ինչ-որ գարնան տոնին նվիրված հանդեսին պատրաստվելու համար։ Քառատողերը մեծ չէին, յուրաքանչյուր տողում երկու բառ, այսինքն ընդհանուր առմամբ 16 բառանոց բանաստեղծություն էր։ Տղաս շատ արագ երեկոյան սովորեց, չափազանց պարտաճանաչ է նա, գերմանական կարգապահությամբ։
Առավոտյան, երբ արնթացանք, նա, իր իսկ նախաձեռնությամբ նորից ստիպեց մեզ ստուգել, թե արդյոք ճիշտ է հիշում ամեն ինչ։ Իսկ երբ սկսեց արտասանել, միջամտեց կինս, թե ո՞նց ես արտասանում, առանց առոգանության։ Ու սկսել առոգանություն մտցնել Դավիթի միատոն բառաշարքում։

Monday, March 1, 2010

Ինչ կապ ունեն կոշիկները բանկերի հետ

Առավոտյան գործի գնալիս ավտոբուսի կանգառն այնպիսին է, որ իջնում եմ խմբագրությունից մի փոքր հեռու ու քայլում դեպի խմբագրություն։ Ճանապարհը Հայաստանում ճանաչված բանկերից մեկի նորաբաց գրասենյակի մոտով է։ Իսկ քանի որ այդ ամենը տեղի է ունենում առավոտյան, ապա բանկի մուտքի մոտ սովորաբար հավաքված են աշխատակիցներն ու առավոտյան սուրճն են վայելում, ծխախոտի հետ։ Պարզ է, որ բացառապես տղամարդիկ են։ Անկախ քեզանից ուշադրություն ես դարձնում նրանց վրա, բազմամարդությունն աչքի է ընկնում։

«Գյալաջին» ու արաբագիտությունը

Այս շաբաթ օրն էլ էր աշխատանքային, կրկին համալսարանում։ Աշխատանքային էր ու արդյունավետ. արդյունավետ, որովհետև ստացվեց ավարտել այն, ինչ նախատեսել էի ավարտել այդ օրվա ընթացքում։ Իհարկե, որակի մասին չեմ խոսում, որակի մասին կխոսեմ որոշ ժամանակ անց, երբ ստանամ արձագանքները։ Արդյունավետ էր նաև նրա համար, որ հաջողվեց մի փոքր «գյալաջի» անել (տերմինը իմը չէ)։ «Գյալաջին» արաբագետների մոտ ընդունված սովորական աշխատանքային իրավիճակ է, ու շատ հետաքրքիր, քանի որ աշխատանքային ու ստեղծագործական իրական բավարարվածություն է պարգևում։

Saturday, February 27, 2010

-ություն, -ույթ, -ակ կամ -ակ, -ույթ, -ություն

Ես մի ուսուցիչ ունեմ, և ոչ միայն համալսարանական,  որին շատ բաներում եմ պարտական, բայց ամենակարևորը, իր իսկ ձևակերպմամբ՝ դեմոկրատիկ մտածելակերպով։ Նա նույնպես մի ուսուցիչ ուներ, որի հանդեպ նրա ակնածանքը նույքան մեծ է, որքան իմը նրա հանդեպ, որը չափազանց հետաքրիքր մոտեցում ուներ այլ գիտությունների նկատմամբ իր վերաբերմունքում։ Հիմա հաստատ իմ ուսուցչի ուսուցչի խոսքերը բառացիորեն չեմ փոխանցի, բայց միտքը մոտավորապես այսպիսին է. «Նրանց էլ թվում է, թե գիտությամբ են զբաղվում»։ Խոսքը բացի (արաբական) լեզվաբանությունից, արաբագիտությանն առնչվող մյուս բոլոր գիտությունների կամ ոլորտների մասին է։
Ես այս միտքը մի փոքր վերաձևակերպում եմ՝ լեզվաբանությունն ուրիշ գիտությունն է, իսկ խմբագրությունում գործընկերներից ու ընկերիցս մեկի հետ, որը նույնպես մասնագիտությամբ լեզվաբանան է, միշտ կատակում եմ՝ դե գիտես ինչ գիտություն է լեզվաբանությունը։
Ուրեմն՝ դե գիտեք ինչ գիտություն է լեզվաբանությունը։
Մարատ

Արաբագիտությունն ու Հայաստանը

Այն գործերը, որոնք հնարավոր չի լինում ավարտել աշխատանքային շաբաթվա ընթացքում, իսկ պետք է դրանք անպայման ավարտել, մնում են ոչ աշխատանքային օրերի համար, օրինակ շաբաթ կամ կիրակի օրվա համար։ Մոտավորապես նույն պատկերն է, հայտնի անեկդոտից. «Հրեային հարցնում են՝ ի՞նչքան ես աշխատում օրվա ընթացքում։ Պատասխանում է՝ 24 ժամ։ Հարցնում են. Իսկ ի՞նչ ես անում, երբ ժամանակը չի հերիքում։ Պատասխանում է՝ մի ժամ շուտ եմ արթնանում»։ Այսպիսին է մոտավորապես նաև մեր իրականությունը, երբ աշխատում ես մի տեղ, վաստակում՝ մեկ այլ տեղ (համեմատությունը իմը չէ), իսկ շաբաթ օրերին համալսարանում լրացնում ես այն, ինչ չես հասցրել շաբաթվա ընթացքում։

Friday, February 19, 2010

Կաշառքի, կոռուպցիայի ու ազգային հոգեկերտվածքի մասին

ԵՊՀ-ից բացի, ես նաև «Կապիտալ» օրաթերթում եմ, շատերը Հայաստանում ճանաչում են այդ օրաթերթը կամ կրպակներին մի փոքր ավելի ուշադիր նայելիս հաստատ տեսած կլինեն, վարդագույն, բայց դա հիմա կարևոր չէ։ Հիմա, ամեն օր, գործի բերումով թերթում հրապարակվող յուրաքանչյուր հոդվածի համար առանձին գլխաբառեր եմ ընտրում, որոնց բազմությունը պիտի ապահովի ամբողջ հոդվածի էությունը, որպեսզի հետո հոդվածները հնարավոր լինի միավորել թեմատիկ խմբերում։
Բայց դա էլ կարևոր չէ, կարևորն այս դեպքում մի հոդված էր (http://www.cdaily.am/home/paper/2010_02_19/news/17594/), որտեղ ոլորտի պատասխանատուն, որը, ի դեպ, հաստատ շատ լավ է վարձատրվում այդ ոլորտից գլուխ հանելու համար (ուրիշի փողերը հաշվելու հայկական ավանդույթից շատ եմ հեռու, պարզապես այս պահին ինձ ավելի շատ աշխատաշուկայի ոչ որակյալությունն է հետաքրքրում), խոսում է կոռուպցիայից ու կաշառքից հայաստանյան իրականության մեջ։

Tuesday, February 16, 2010

Ինչպիսին է իմ համալսարանական շրջապատը

Դե կարծում եմ բոլորն են ճանաչելու ինձ, ովքեր երբևիցե որոշեն այցելել այս էջը, ուստի անակնկալ չի լինի, եթե «ուղերձների» մի մասը լինի համալսարանական կամ գիտա-կրթական ոլորտից։
Սովորաբար ինչ որ մի բան պարզապես զրոյից չի գրվում, այն իր հիմքում ինչ-որ խթան կամ գործոն ունի։ Իսկ գործոնը մագիստրանտների հետ, որոնք այս դեպքում թերևս հաջողվածներից էին, կիսամյակի վերջին քննարկումն էր, թե ինչպիսին պետք է լինի առաջադիմության գնահատման համակարգն ու դասավանդման ընթացքը. առավելագույն արդյունավետություն ապահովելու համար։
Ինչպես և սպասում էի, պատկերացումները տարբեր էին իմ և նրանց մոտ։ Ընդ որում, հիմնավորված երկու դեպքում էլ։ Բայց այլ են այդ պատկերացումների հետևում դրվող խնդիրները։