Saturday, March 13, 2010

Մարդկանց, սպառման, ծննդավայրի ու ընկերների մասին


Իմ մոտ վերջին տարիներին չափազանց հետաքրքիր, նաև ու առաջին հերթին իմ համար հետաքրքիր, մոտեցում կա շրջապատի նկատմամբ։ Ընդ որում, տարբերություն չկա, մոտեցումներում տարբերություն չկա, արդյոք այդ շրջապատը սոցիալական է, այսինքն բաղկացած անհատներից, թե իրեր են։ Երկու դեպքում էլ մոտեցումը սպառողական է։ Ինչ նկատի ունեմ սպառողական ասելով։ Վերջին տարիներին, իսկ միտումը կարծում եմ Արևմուտքում շատ ավելի վաղուց է գալիս, ամեն դեպքում 1970-ականների հասարակական գիտություններին այս կամ այն կերպ առնչվող գրքերում շատ հաճախ խոսվում է այդ մասին, ընդհանրապես հայ հասարակության վերաբերմունքն է շրջապատի նկատմամբ սպառողական։ Բոլորը ձգտում են ինչ որ բան վերցնել, դրա դիմաց շատ չնչին բան առաջարկելով։ Սա միգուցե և ռեսուրսների սղությունից է գալիս, քանի որ տալու բան չկա, կամ միգուցե եղած ռեսուրսները խնայելու անհրաժեշտությունից, որովհետև ապագան է անկանխատեսելի ու անորոշ, միգուցե և մարդիկ են փոխվել միմյանց ու շրջապատի նկատմամբ իրենց վերաբերմունքում։ Միտումը վտանգավոր է, վտանգավոր է, երբ նյութական արժեքների տիրույթից տեղափոխվում է հոգևոր արժեքների աշխարհ։Նյութական դեպքում ամեն ինչ շատ հեշտ ու բոլորի համար այս կամ այն չափով ընդունի կամ էլ ոչ, կարգավորվում է տնտեսագիտության մեջ նկարագրված ու նկարագրվող օրենքներով։ Կարևոր դեր ունի այստեղ համարժեք փոխհատուցման մեխանիզմը, կամ փողը։ Վերջինս միջոց է, որը թույլ է տալիս այս կամ այն չափով բավարարել սպառման մոլուցքը։ Հոգևորի դեպքում փոխհատուցման մեխանիզմները շատ ավելի բարդ են թե իրենց կառուցվածքով, թե բնույթով, թե նշանակությամբ։

Միգուցե այստեղ իմաստ էլ չունի խոսել փոխհատուցման մասին, կամ այն պարզ փոխհատուցում չէ։ Սա խնդրի մեկ այլ կողմն է։ Ինձ հուզում է այն, որ սպառողական մոտեցումը ինձ մակաբուծության կամ պարազիտների պես մի բան է հիշեցնում։ Արժեքը ստեղծում է ինչ որ մեկ ուրիշը, դու գնահատում ես այն ու ամեն կերպ փորձում ունենալ այդ արժեքը։ Սկսվում է վազք, ով ինչքան շատ արժեքներ կկարողանա ունենալ։ Վազքում մեծ է վտանգը, որ նպատակը կարող է արդարացնել միջոցները։ Սա իր հերթին այդ վազքը շատ ավելի կեղտոտ է դարձնում։

Սա էլ դեռ խնդրի ոչ այնքան կարևոր կողմն է։ Շատ ավելի կարևոր է, որ արժեք ստեղծելը, հոգևոր արժեքի մասին է խոսքը, նույնքան կարևոր չի դառնում հասարակության համար, որքան սպառումը։ Քեզ սկսում են գնահատել ոչ թե ըստ ստեղծված արժեքի քանակի, կարևորության կամ այլ բանի, այս ըստ սպառված արժեքի։ Սա ընդհանուր ֆոնն էր։)

Ինքս էլ եմ զարմանում իմ վրա, բայց ես էլ եմ դարձել այս ամենի մի մասնիկը, ինչի մասին վերևում ոչ այնքան մեծ հարգանքով գրում էի։ Դե ես ինքս գիտակցում էի, որ ես այդպիսին եմ, չեմ ասի որ փորձում էին թաքցնել, բայց գոնե անկեղծ հավատացած է, որ այս հատկանիշը իմ մոտ տոկոսային շատ ավելի փոքր հարաբերակցությամբ է, քան մյուսների։ Դե դա բացատրում էի նրանով, որ ինքս միայն վերջին 15 տարիներին եմ ապրում այսպիսի միջավայրում, իսկ մինչ այդ բոլորովին այլ էր միջավայրը, մարդիկ։ Կարճ ասած, գյուղում, թեև դժվար է իմ ծննդավայրը գյուղ անվանել, դասական այն պատկերացմամբ, ինչպես գյուղը ընկալվում է Երևանում, շատ ավելի ուրիշ է ամեն ինչ, քան քաղաքում։ Սա էլ է պարզ, նորություն չէ։

Ստացվեց այնպես, որ ես իմ երկու ընկերների հետ Հայաստանից դուրս էի, մի շաբաթով, մեզ բոլորիս համար բավականին բարդ, ոչ դժվարին, պարզապես ոչ սովորական ու դրա համար էլ բարդ իրավիճակում։ Ընկերներից երկուսն էլ իմ ծննդավայրից են ու դեռ ապրում են այնտեղ։ Ինչ որ մի իրիկուն, լավ ուտելուց, չէինք խմել, որովհետև հավես չկար, բայց լավ կերել էինք, որովհետև ամբողջ օրը սոված քարշ էինք եկել։ Այնքան էինք կերել, որ խմելու պես արդեն սկսում էինք փիլիսոփայել։ Այսինքն հարբել էինք ուտոլւց ու այդքան չլվելուց հետո, ահավոր հոգնած, աշխարհից զզված, մոտավորապես մի այսպիսի իրավիճակ էր։ Խոսում էինք, տարբեր թեմաներից, հետո խոսակցությունը տաքացավ, ես ինչ որ մի բան ասեցի, որին ընկերս ահավոր դիպուկ ու տեղին, որից հետո ես սթափվեցի, ասաց. «Ըսոնք որ երեվանի ջուր կխմեն, մարդկությունը կմոռանան»։ Իմ համար միանգամից պարզ դարձավ, որ իմ նկարագրած սպառողական մոլուցքով տարված մարդկանցից մեկն եմ, նույնքան օտար իմ ընկերների համար, որքան ինձ համար օտար էր Երևանը 1995-ին։

Ես չեմ մեղադրում թե, մարդիկ այստեղ լավն են, այնտեղ վատը, կամ չար կամ բարի։ Խնդիրը դա չէ, դա կարևոր չէ, մարդիկ տարբեր են տարբեր տեղերում, խնդիրն այն է, որ իրավիճակն ու շրջապատը փոխում է մարդկանց, ու շատ քչերին է հաջողվում դիմակայել իրավիճակին, շատ քչերին է հաջողվում հարազատ մնալ սեփական սկզբունքներին, թեև սկզբունքներն էլ քարացած չպիտի լինեն, պիտի իրավիճակին արձագանքեն։ Բայց իմ դեպքում ու իմ համար խորթ էր այն, որ ներքին մի զգացում ունեի և միգուցե և ունեմ, ու չգիտեմ ինչ զգացում, որ մարդ ինքն իրեն չպետք է դավաճանի։ Չեմ ասում դավաճանի սկզբունքներին, այլ ինչ որ ներքին մի բան կա, ներքին ժամացույցի պես, որը քեզ թույլ չի տալիս հակաճառել ասենք տարիքն առած մարդուն, եթե անգամ նա հայհոյում է քեզ։ Այ նման մի բան ինձ միշտ ասում է, որ անկախ ամեն ինչից, պիտի ինքդ քեզ հետ խաղաղ ապրես, ոչ թե ցանկանաս մի բան, բայց գիտակցաբար անես մեկ այլ բան։

Հիմա երկար բարակ այս փիլիսոփայությունը մի փոքրիկ իրավիճակ ու մի մարդ նկարագրելու համար էր, որին ես ճանաչում եմ 2007-ից ու աշխատում նրա հետ։ Չեմ ասի, թե ընկերներ ենք, որովհետև տարբեր են ընկերության մասին պատկերացումները Երևանում, իմ մոտ, նրա մոտ։ Բայց միմյանց վստահելու զգացում կա։ Զգացում կա, որ այդ մարդու ազնվության մասին պատկերացումները երբեք թույլ չեն տա անցնել վտանգավոր սահմանը։ Ես մարդկանցից շատ գլուխ չեմ հանում, որովհետև չեմ ուզում գլուխ հանել։ Շատ բարդ է դա ու վտանգավոր խաղ է, արագ վերածվում ես ինտրիգանտի։ Իմ համար միշտ էլ կարևոր է եղել այն, թե ինչպիսին է իմ վերաբերմունքը ուրիշների հանդեպ, և ոչ թե նրանց փոխադարձ արձագանքը։ Չնայած ոչ համարժեք կամ զրպարտիչ փոխադարձ արձագանքը ամենազզվելի զգացումն է, որը ես ունեցել եմ իմ կյանքում, իհարկե հարազատ մարդանց կորցնելու ցավի զգացումից հետո։ Ինձ միշտ այդ տղայի մոտ զարմացրել է մի բան, նա ազնվության մասին սեփական պատկերացումներն ունի ու ազնիվ պատկերացումներ։ Հետո հավատ ունի այլ մարդկանց նկատմամբ ու ազնիվ հավատ։ Ու վերջում միշտ պատրաստակամ է օգնելու։ Իհարկե, այս ամենի մեջ կա սեփական եսի գիտակցումը, բայց զարմանալի է, որ այդ եսը երբեմն հավասարակշռված է, երբեմն ճնշված։ Սա տեսակ է, որն արժանի է հարգանքի։ Հարգանք, տղամարդավարի, ոչ սեղանի ու կենացի շուրջ ու առանց բարձրաձայնելու ու առանց հատուկ կերպ այդ հարգանքը ցուցադրելու ու շեշտադրելու։ Այս զուտ հարգանք, որը չի արտահայտվում, առանց խոսքերի, առանց զգացումների, սուս ու փուս հարգանք։

Քիչ մարդկանց եմ ես ճանաչում, որոնք այդպիսին են։ Միգուցե պատճառն այն է, որ ես ընդհանրապես քիչ մարդկանց եմ ճանաչում, բայց հենց հայտնվում եմ իմ ծննդավայրում, ինձ թվում է, որ ոչ թե մարդիկ են այդպես, այլ շրջապատը՝ իմ ծննդավայրի սակավաթիվ ծառերից սկսած մինչև բազմաթիվ սարերն ու ինչ որ շատ հետաքրքիր գույնի հողը ու արևից վառված կանաչը ու նաև դրա հոտը։ Միգուցե դա է պատճառը, որ ծննդավայրն այդքան հարազատ է, ու միշտ ուզում ես այնտեղ լինել, հարազատ մարդկանց հետ։

Երբ վերջացրեցի, հասկացա, որ այն չէր, ինչ ուզում էի գրել, բայց մոտ էր, մի քիչ։)))

Մարատ

No comments:

Post a Comment